Իրանի աշխարհագրություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրանի աշխարհագրություն
ՄայրցամաքԱսիա
տարածաշրջանՀարավարևմտյան Ասիա
Կոորդինատներ32°00′հյ. 53°00′արևելք
Տարածք
 • Ընդհանուր1 648 000
 • ցամաք99.28%
 • ջուր0.72%
Սահման5 191 կմ
Բարձրագույն կետ5 607 մետր (Դեմավենդ)
Ցածրագույն կետԿասպից ծով (-28 մետր)
Ամենաերկար գետՔարուն (950 կմ)
Ամենամեծ լիճՈւրմիո լիճ (5 200 կմ²)

Իրանի աշխարհագրություն, Հարավարևմտյան Ասիայի խոշորագույն երկրի՝ Իրանի լեռնագրության, ջրագրության, կլիմայի, բուսական ու կենդանական աշխարհի և օգտակար հանածոների ուսումնասիրություն։ Իրանը հյուսիսից եզերում է Արաքս գետը (Հայաստան, Արցախ, Ադրբեջան), Կասպից ծովը և Աթրեք գետը (Թուրքմենստան), հարավից՝ Պարսից և Օմանի ծովածոցերը, արևմուտքից՝ Զագրոսի (Թուրքիա, Իրաք), արևելքից՝ արևելաիրանական լեռնային համակարգերի (Աֆղանստան, Պակիստան) հողմահայաց ստորոտները[1]։ Իրանը Կասպից ծովի ջրային ավազանը կիսում է իր հարևանների, ինչպես նաև Ռուսաստանի և Ղազախստանի հետ, Պարսից ծոցը՝ Քուվեյթի, Սաուդյան Արաբիայի, Կատարի, Բահրեյնի և ԱՄԷ-ի հետ, իսկ Օմանի ծոցը՝ համանուն երկրի հետ։

Տարածքի մեծությամբ (1 648 000 կմ²) Իրանն աշխարհում զբաղեցնում է 17-րդ հորիզոնականը։ Իրանը երկու անգամ մեծ է Թուրքիայից. նրա տարածքում Հայաստանն ու Արցախը կտեղավորվեն 40 անգամ։ Բացի Գիլանից, Մազանդարանից, Գոլեսթանից (հյուսիս), Խուզեսթանից ու Բուշեհրի ափամերձ հատվածներից՝ երկրի մեծագույն մասը գտնվում է ծովի մակերևույթից 900 մետր բարձրության վրա։ Հյուսիսից հարավ՝ արևմտյան սահմանի երկայնքով, ձգվում է Զագրոսի լեռնային համակարգը, իսկ Կասպից ծովի հարավային ափերին վեր են բարձրանում Ալբորզի (Էլբուրսի) լեռները։

Չոր կլիմայի և լեռնային ռելիեֆի հետևայքով պետությունը չունի ջրային հարուստ ռեսուրսներ։ Իրանում կա ընդամենը մեկ նավարկելի գետ՝ Քարունը (950 կմ)։ Խոշորագույն լիճը Կապուտանն է (Ուրմիա)՝ Հայկական լեռնաշխարհի հետ սահմանին, խոշորագույն անապատները՝ Դաշթե Քևիրը և Դաշթե Լութը՝ երկրի ներսում։ Իրանը հարուստ է իր օգտակար հանածոներով, հատկապես՝ ածխաջրածիններով. նավթահանությամբ այն երրորդ, իսկ բնական գազի պաշարներով՝ երկրորդ հորիզոնականում է։

Ռելիեֆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տեսարան Էլբրուսից դեպի Կասպիծ ծով

Պետության տարածքի գրեթե ամբողջ մասը գտնվում է Իրանական լեռնաշխարհում, տարածքի մեծ մասը ծածկված է լեռներով։ Գլխավոր լեռնային համակարգը Զագրոսի լեռներն են, որոնք ծգվում են հյուսիսից-արևմուտք 1500 կմ երկարությամբ։ Զագրոսի լեռների առավելագույն բարձրությունը 3000 մետր է, իսկ բարձրալեռնային շրջաններում առավելագույն բարձրությունը հասնում է 4000 մետրի։ Երկրորդ խոշորագույն գագաթը՝ Էլբրուսն է։ Էլբրուս լեռան վրա է գտնվում Իրանի ամենաբարձր կետը՝ Դեմավենդ հրաբուխը (ծովի մակերևույթից բարձրությունը՝ 5610 մետր)։

Զագրոսի լեռների և Էլբրուսի միջև ընկած տարածքը Կենտրոնական սարահարթն է, որը ծովի մակերևույթից գտնվում է 900 մետր բարձրության վրա։ Սարահարթի արևելյան մասը ծածկված է երկու խոշոր անապատներով՝ Դաշթե Քևիր և Դաշթե Լութ։

Իրանում միայն երկու ցածրավայրեր կան՝ Խուզեսթանյան հարթավայրը՝ հարավ-արևմուտքում և մերձկասպյան ափամերձ ցածրավայրը՝ հյուսիսում։ Առաջինը համարվում է Մեսոպոտամյան հարթավայրի շարունակությունը և իրանական տարածք խորանում է 120-160 կմ-ով, որտեղ էլ ընդհատվում է Զագրոսի լեռնաշղթայով։ Հարթավայրի ողջ տարածքում բարձրությունը չի գերազանցում ծովի մակարդակից 3-5 մետրը։ Մերձկասպյան ցածրավայրը տարածվում է ծովի ափի՝ 640 կմ երկայնքով, սակայն լայնությունը չի գերազանցում 40 կմ-ը։ Որոշ վայրերում ափագիծը Էլբրուսի հովտից առանձնացած է 2 կմ-ով։ Պարսից և Օմայնի ծոցերի ափերի մեծ մասի երկայնքով հարթավայրեր, որպես այդպիսիք, չկան, քանի որ Զագրոսը ուղղակիորեն հասնում է մինչը ափագիծը։

Ամենաբարձր լեռներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դեմավենդ (5610 մետր)
  2. Ալամ Կուխ (4850 մետր)
  3. Սեբելան (4811 մետր)
  4. Դենա (4450 մետր)
  5. Զարդ Կուխ (4250 մետր)
  6. Շիր Կուխ (4050 մետր)
  7. Տեֆտան (4025 մետր)
  8. Տոչալ (3964 մետր)
  9. Նեզվա (3810 մետր)
  10. Սահանդ (3700 մետր)

Ջրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արաքս: Տեսարանը Իրանի կողմից: Ձախ մասում Երևան-Բաքու երկաթուղին է:

Իրանում չկան շատ գետեր, միակ նավարկելի գետը Քարունն է։ Այն սկզիբ է առնում Զագրոսի լեռներից և հոսում է Խուզեսթանի տարածքով դեպի հարավ արևմուտք՝ թափվելով Եփրատի ու Տիգրիսի ձևավորած Շատ ալ-Արաբ գետը։ Գետային տրանսպորտը անցնում է Ահվազ և Խորեմշահր քաղաքների միջով։ Գետերի ընդհանուր երկարությունը 950 կիլմոտր է։ Այլ հայտնի գետերից են Քարհեն, Դեզը և Զայանդեն։ Մի շարք փոքր և կարճ գետեր գտնվում են պետության հյուսիսային մասում, հիմնականում՝ Մազանդարանում։ Նրանք բոլորը սկիզբ են առնում Ալբորզի լեռներից և թափվում են Կասպից ծով։ Իրանի կենտրոնում գտնվող գետերը ձնհալների շնորհիվ վարարում են, սակայն տարվա մեծ մասին՝ չորանում։

Գործում են մի քանի ջրամբարներ, որոնք երբեք չեն չորանում, դրանցից է Իրանական Ադրբեջանում գտնվող Ուրմիա լիճը։ Ի դեպ, լճի աղիության հետևանքով այն չունի ո՛չ կենդանական, ո՛չ բուսական աշխարհ։ Այլ խոշոր լերից են Բահտանգը, Գավհունին, Նեյրազը, Փարիշան, Նեորը, Սավեն։ Փոքրիկ լճերի մի խումբ տեղակայված է պետության արևելյան մասում՝ Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանամերձ շրջաններում։

Նավահանգիստներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գետային։

Աբադան, Ահվազ, Հորեմշեհր.

Ծովային։

Իրանի կենդանական աշխարհ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի կենդանական աշխարհը հարուստ է։ Դրա տեսակային բազմազանության պահպանման նպատակով ստեղծվել են մոտ 30 արգելոցներ։ Լայնորեն տարածված են սմբակավորները։ Վերջիններիս մեջ հատկապես առանձնանում են ջեյրանը, քարայծը, իրանական եղնիկը, լեռնային ուրիալ ոչխարը, մորուքավոր այծը, մուֆլոնը, կուլանը, սովորական վիթը, վարազը։ Լեռներում հանդիպում են գորշ և սպիտակակուրծք արջեր։ Բնորոծ են այնպիսի գիշատիչներ, ինչպիսիք են ընձառյուծը, եղեգնակատուն, տափաստանային կատուն, շնագայլը, գայլը, բծավոր բորենին, կարակալը, հանդիպում են հեպարդը, սովորական մանգուստը։ Բազմաթիվ են կրծողներն ու թռչունները (կաքավ, չիլ կաքավ, մեծ արոս-գեղեցկուհի, կասպյան ուլար, թուրաջ, գորշ թուրաջ, քարակաքավ, լալկան բազե, սպիտակ արագիլ, գորշ կռունկ, արոս և այլն)։ Շատ թռչուններ բնավորվում և ձմեռում են Իրանում։ Հատկապես հարուստ է Կասպից ծովի և Պարսից ծոցի ափամերձ օրնիտոֆաունան (ֆլամինգո, հավալուսն, կտցար, սագ, բադ, մարմարե բադիկ և այլն)։ Հարուստ է սողունների աշխարհը։ Բելուջիստանում, Սերբազ գետի հովտում ապրում է ճահճային կոկորդիլոսը։ Պարսից ծոցի ափամերձ ջրերում ապրում են կանաչ ծովային կրիաներ։ Կասպից ծովի և Պարսից ծոցի ջրերը հարուստ են արդյունագործական ձկներով (մասնավորապես՝թառափով)։

Կաթնասունները, որպիսիք են գայլը, շնագայլը, վարազը, բորենին, գորշ արջը և լուսանը տարածված են Մազանդարանի շրջանի չյուրացված անտառներում։ Անապատներում և լեռնային շրջաններում կարելի է հանդիպել պարսկական սկյուռի, մանգուստի, պարսկական վիթի, վայրի խոզի, փորսուղի և վայրի էշի իրանական բազմատեսակությանը։ Ալբորցում ապրում են կաթնասունների երկու տեսակներ, որոնց դուք այլևս ոչ մի տեղ չեք հանդիպի. դրանք պտուտակաեղջյուր շիկակարմիր սևամորուս և սպիտակամորուս խոյերն են։

Օգտակար հանածոներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանը հարուստ է հետևյալ բնական ռեսուրսներով՝ նավթ, բնական գազ, ածուխ, քրոմ, պղինձ, երկաթ, անագ, մանգան, ցինկ, ծծումբ։ 1998 թվականի դրությամբ վարելահողերը կազմում էին երկրի 10 %-ը, բազմամյա մշակույթները՝ 1 %, արոտատեղիները՝ 27 %, անտառները՝ 13 %: Ընդհանուր առմամբ ոռոգվել է շուրջ 94,000 կմ² տարածք (1993)։

Իրանի կլիման[խմբագրել | խմբագրել կոդը]

Իրանի կլիման խիստ բազմազան է, և այդ բազմազանությունն ակներև է դառնում երկրի տարբեր շրջանների կլիման համեմատելիս։ Դրանում մեծ դեր ունեն հյուսիսը, արևմուտքը, հարավը բոլորող լեռները, որոնք կանխում են Կասպից և Միջերկրական ծովերից, Պարսից ծոցից փչող խոնավ քամիների հոսքը դեպի Իրանի շրջաններ։ Այդ պատճառով կլիման արտաքին լեռնալանջերում խոնավ է, ներքին լանջերում՝ չոր։ Կասպից ծովի հարավային ափերին կլիման բարեխառն է, և տեղումների ընդհանուր քանակը, հատկապես Գիլանի արևմտյան ափամերձ հատվածում, ավելի բարձր է, քան երկրի մյուս կետերում։ Այդ շրջանի տարեկան միջին ջերմաստիճանը հասնում է 18 °C-ի։ Արևմտյան հատվածի կլիման միջերկրածովյան է, հարավային շրջաններում՝ տաք կիսաանապատային, որտեղ ամռանը հովիտներում սաստիկ շոգ, լեռնային շրջաններում բարեխառն եղանակ է լինում, ձմռանը հովիտներում բարեխառն եղանակ, լեռներում սաստիկ ցուրտ է տիրում։ Հարավային շրջաններում, չնայած ծայրից ծայր իշխող խոնավ եղանակի առկայությանը, ջերմաստիճանը բարձր է, առավելագույնը Խուզեստանում է՝ 54 °C: Այս շրջանին բնորոշ են տաք ամառներն ու բարեխառն ձմեռները, և տարվա տարբեր եղանակների, գիշերվա ու ցերեկվա օդի ջերմաստիճանի տարբերությունը մեծ չէ։ Հյուսիսում Էլբուրսի լեռների և արևմուտքում Զագրոսի լեռնաշղթայի առկայությամբ պայմանավորված, ինչպես արդեն նշվեց, Իրանական բարձրավանդակի ներքին շրջանների կլիման չոր ու անապատային է։ Հարավային և արևմտյան նախալեռներում կից բարեխառն կլիմայական գոտուց ազդեցություն կա, և որքան  արևմուտքից արևելք, հյուսիսից հարավ ենք գնում, այնքան խոնավաբեր քամիների ազդեցությունը պակասում է, օդի ջերմաստիճանն էլ բարձրանում։ Իրանի հարավարևելյան, արևելյան և կենտրոնական հատվածներում անապատային եղանակ է տիրում։ Այդ շրջաններին բնորոշ են սաստիկ ցուրտ ձմեռն ու տոթակեզ ամառը և գիշերային ու ցերեկային ժամերի ջերմաստիճանի հսկայական տարբերությունը։ Իրանում նկատվում է առավել անապատային կլիմա[2]։ Ձմռանը երկրի հյուսիսային շրջաններում օդի ջերմաստիճանը հաճախ իջնում է 0°-ից, իսկ ամառները, հատպակես հունիս ամսին՝ հասնում մինչև 30°: Արևմտյան շրջաններում տարեկան միջին տեղումների քանակը կազմում է 1700 մմ, իսկ արևելքում մինչև 680 մմ։ Ամռանը անապատներում ջերմաստիճանը կարող է բարձրանալ մինչև 40°: Իրանի արևմտյան մասում՝ Զագրոսի լեռներում, ջեմաստիճանը 0°-ից ցածր է, բնորոշ են ձյան առատ տեղումներ և ուժեղ քամի։ Պարսից և Օմանի ծովածոցերի ափերին բնորոշ է շոգ եւ խոնավ արևադարձային կլիմայի։ Ձմռանը ջերմաստիճանը +16-18°С է, ամռանը՝ +24-30°С:

Տարածք և հեռավորություն հարևաններից[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Տարածք[3]:
    • ընդհանուր: 1 648 հազար կմ²
    • ցամաք: 1 636 հազար կմ²
    • ջուր: 12 000 կմ²
  • Ցամաքային սահմաններ:
    • ընդհանուր երկարություն՝ 5 440 կմ
    • սահմանամերձ պետություններ
      • Աֆղանստան՝ 936 կմ,
      • Հայաստան՝ 35 կմ,
      • Ադրբեջան՝ 611 կմ
      • Նախիջևան՝ 179 կմ,
      • Իրաք՝ 1 458 կմ,
      • Պակիստան՝ 909 կմ,
      • Թուրքիա՝ 499 կմ,
      • Թուրքմենստան՝ 992 կմ
  • Ջրափնյա գիծ: 2 440 կմ
  • Կասպից ծով՝ 740 կմ։
  • Տարածքային գիծ:
    • Ծովային մերձափնյա շրջաններ՝ 24 ծովային շրջան (44 կմ)

Նախկին կետ՝ Կասպից ծով՝28 մետր

Բարձր կետ՝ Դեմավենդ՝ 5 610 մետր

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Armenian Highland». Վերցված է 2015 թ․ փետրվարի 28-ին.
  2. تنش آبی چهارده سال دیگر می‌رسد-دنیای اقتصاد پنج شنبه بیست آبان ۸۹
  3. http://data.worldbank.org/indicator/AG.LND.TOTL.K2