Իրանական գորգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Իրանական գորգ (փահլ. bōb պարս. فرش‎; կամ قالی qāli), աշխարհահռչակ ձեռագործ գորգի տեսակ, որը նաև համարվում է Իրանի պետության ու մշակույթի խորհրդանիշը։

Իրանական գորգի ստեղծման ճշգրիտ թվականը հայտնի չէ։ Առաջին պահպանված նախաիսլամական շրջանի արևելյան գորգը "Փազիրիք" անվամբ, Աքեմենյան ժամանակաշրջանի հասակակիցն է և գործվել է մ.թ.ա V դարում։ Այն հայտնաբերվել է 1949 թ. ռուս հնագետների կողմից։ Սառնամանիքի շնորհիվ գորգը պահպանել է համարյա իր նախնական տեսքը։ Տեքստիլի տեխնիկան, որ օգտագործվել է այս գորգը գործելիս, ապացուցում է, որ տվյալ տարածքում գորգագործությունը եղել է զարգացած ու հնամենի արվեստ։ Իրանական գորգի մասին գոյություն ունեն բազմաթիվ գրական վկայություններ։ Կան տվյալներ, որ Պասարգադում գտնվող Կյուրոս Բ Մեծի պալատը զարդարված է եղել հիասքանչ գորգերով, իսկ Ալեքսանդր Մակեդոնացին տպավորվել է Կյուրոս Մեծի գերեզմանի մոտ տանող գորգերի գեղեցկությամբ։

Դարեր շարունակ գորգը և հատկապես իրանական գորգը մշտապես կազմել են արևելյան մշակույթի անբաժան մասը։ Իսկ հատկապես իրանական գորգը աշխարհին ներկայացել և շարունակում է ներկայանալ իր բարձր որակով ու անկրկնելի դասական նախշերով։ Իրանական գորգն այսօր դարձել է Իրանի ամենագեղեցիկ այցեքարտերից մեկը։ Իրանն աշխարհի առաջատար երկրներից է գորգերի արտադրության ոլորտում։

Ինչպես հին ժամանակներում, այնպես էլ այսօր, գորգագործությունն Իրանում ամենատարածված արհեստներց մեկն է։ Եվ ամենակարևորը, որ այն շարունակում է պահել իր որակը։ Իրանի ամենահայտնի գորգագործական կենտրոններն են Թավրիզը, Սպահանը, Քաշանը և Քերմանը։ Այս շրջանների գորգերն առանձնանում են իրենց գունային գամմայով ու նախշերով։

Իրանական գորգի մասին առաջին հիշատակումները վերաբերում են մ.թ.ա. 3-րդ հազարամյակին։ Իսկ մինչև մեր օրերը հասած իրանական գորգերը գործվել են մոտավորապես մ.թ.ա. 2400-2500 թթ։ Հատկանշական է, որ նախնական շրջանում գորգերը գործվում էին տնային պայմաններում։ Եվ դրանք նախատեսված էին միայն որպես նվեր տալու համար։ Սակայն ավելի ուշ բացվեցին գորգագործական արհեստանոցներ, որտեղ գործված գորգերն արդեն հանվում էին վաճառքի։

Իրանական առաջին ամենամեծ գորգի շուրջ գոյություն ունի մի ողջ ավանդություն, որի համաձայն` Արաբական թերակղզին գրավելուց հետո, Սասանյան Խոսրով Ա թագավորը պատվիրում է գործել իր տեսակի մեջ նմանը չունեցող մի գորգ։ Այն կոչվել է Բահարեստան և գործվել է Կթեսիֆոնում գտնվող Սասանյանների պալատի գլխավոր սրահը զարդարելու համար։ Այս գորգը պատմության մեջ ամենաթանկարժեք գորգն է, որն ունեցել է հսկայական չափեր`122 մ երկարությոն և 30 մ լայնություն։ Այն կշռել է մի քանի տոննա։ Գորգագործներն այն գործելիս օգտվել են ոսկյա և արծաթե թելերից ու թանկարժեք քարերից։ Ըստ մեզ հասած արաբական աղբյուրների, Բահարեստան գորգի վրա պատկերված է եղել մի մեծ այգի։ Գորգը ցավոք սրտի չի պահպանվել, քանի որ XII դարի կեսին Իրանի վրա հարձակվեցին արաբները և զինվորները կտրատեցին գորգը, իրենց հետ մաս-մաս տանելով որպես ավար։

Իրանական գորգը իրանական մշակույթի ու արվեստի անբաժանելի մասն է։ Այն մշտապես գովերգվել է պոետների ու գրողների կողմից, պատկերվել է գեղանկարիչների կողմից։ Իր պատմության ընթացքում իրանական գորգն անցել է տարբեր փուլեր։ Օրինակ Իսլամական շրջանում գորգագործները տարբեր նշաններով գորգերի վրա փորձում էին ներկայացնել Ղուրանը։

Երբ Սեֆյանների ժամանակ Իրանի մայրաքաղաքը հռչակվեց Սպահանը, այստեղ բացվեցին մեծ թվով գորգագործական արհեստանոցներ։ Այստեղ գործված հոյակապ գորգերը սկսեցին արտահանել դեպի Ռուսաստան և Եվրոպա։ Իրանի տարբեր շրջաններում գործվող գորգերը տարբերվում են իրենց գույներով ու նախշերով։ Եվ դրանիցի որևէ մեկը հնարավոր չէ համեմատել մյուսի հետ։ Դրանք բոլորն ունեն իրենց յուրահատկությունները։

Իրանական կերպարվեստն ու մշակույթը նույնպես մեծ ազդեցություն են թողել իրանական գորգագործության վրա։ Իրանում կերպարվեստն ու մշակույթը զարգացման փուլ թևակոխեցին XV-XVIII դարերում։ Եվ այդ ընթացքն ազդեց նաև գորգագործության վրա։ Ներկայումս տարբեր թանգարաններում պահվող մոտ 1500 գորգերը վերաբերում են հենց այս ժամանակաշրջանին։ Ընդհանրապես ընդունված է համարել, որ XV-XVIII դարերը համարվում են իրանական գորգագործության ծաղկման ժամանակաշրջանը։ Այս ընթացքում զարգացան գորգագործության տեխնիկան, ինչպես նաև նախշերի սկզբունքները։ Եվ արդյունքում այսօր, նայելով իրանական գորգի նախշին, կարելի է առանց սխալվելու ասել, թե այն որ շրջանում կամ քաղաքում է գործվել։ Որոշ դեպքերում հնարավոր է որոշել նույնիսկ արհեստանոցը, որում այն գործվել է։

Սեֆյանների ժամանակաշրջանում Իրանում արտադրվում էին հսկայական գորգեր, որոնց մակերեսը երբեմն հասնում էր 60 քմ-ի։ Արհեստավորները հաճախ օգտագործում էին ճարտարապետական նախշեր, գործում էին առասպելական այգիներ։ "Չահար բաղ" կոչվող գորգերը բաժանվում են չորս մասի` չորս դրախտային գետերով, կենտրոնում պատկերված է ջրամբար, որը հիշեցնում է Սեֆյանների ժամանակաշրջանի մզկիթներում ծիսական լվացման համար նախատեսված ջրավազան։ Այս շրջանի գորգերը պահպանում են դասական մեդալյոնային սխեման, սակայն որպես հիմնական զարդ պատկերված են բույսեր։ Այդ պատճառով այս գորգերն անվանում են «ծաղկային»։ Բուսական մոտիվները տարածված են հատկապես Թավրիզի խալիներում։ Այս ժամանակաշրջանի խալիներում առանձնացվում են գորգեր, որ գործվել են Սպահանում։ Դրանցում հաճախ օգտագործվել են ոսկե և արծաթե թելեր։ Նման գորգերը նախատեսված էին արտասահմանյան դեսպանատներին նվիրելու համար։ Հատուկ տեղ էին զբաղեցնում մետաքսե գորգերը, որոնք գործվում էին Իրանի մերձկասպյան Գիլան նահանգում։ 1514 թ Իրանի Թավրիզ քաղաքը գրավելուց հետո, օսմանյան զորքերը իրենց հետ գերի տարան գորգագործներին ու խեցեգործներին և հետագայում այդ արհեստները տարածվեցին նաև Փոքր Ասիայում։

Հետաքրքիր է, որ վերջրես, ԱՄԷ-ի պատվերով, Իրանում գործվեց գորգ, որն ունի 800 երանգ։

XVI դարի վերջին և XVIII դարի սկզբին, Հերաթ քաղաքում ստեղծվեցին համանուն գորգերը։ Այդ գորգերի պատկերները կան շատ գեղանկարիչների գործերում, այդ թվում Ռուբենսի և Վան Դեյքի։ XVIII դարում հայտնվեցին գորգեր, որոնց վրա պատկերված էին ծաղկամաններ։ Այդ գորգերը գործվում էին Քերմանում։ Դրանց յուրահատկությունը շատ երկար ու նեղ տեսքն է։ Որպես գլխավոր մոտիվ ծառայում է ծաղկամանը որի մեջ կան ծաղիկներ։ XIX դարում Ղաջարիների դինաստիայի կառավարման օրոք, (1779—1925) խալիները սկսում են արտահանել նախ Իրանի հարևան, այնուհետև եվրոպական երկրներ։ Մուսուլմանական երկրներում ամենատարածվածը եղել և մնում է նամազի համար նախատեսված գորգը ։ Դա ոչ շատ մեծ, մոտավորապես մեկ մետր երկարությամբ խալի է, որի վրա որպես կանոն պատկերված է մեհրաբ։ Աղոթքի ժամանակ խալին փռում են այնպես, որպեսզի կամարի կենտրոնը համընկնի ղեբլեի հետ և ուղղված լինի դեպի Մեքքայում գտնվող Քաաբան` Աստծո տունը։

Մեզ հասած իրանական անտիկ խալիների թվաքանակը շատ քիչ է և դրանց մեծ մասն այսօր պահվում են թանգարաններում։ Այսօր տարածված են նաինից գորգերը, որոնց վրա արված են միջին ու մանր չափսերի նախշեր։ Գույնը հիմնականում կարմիր է։ Մեդալիոնը զետեղված է կենտրոնում գտնվող օվալի մեջ։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իրանական գորգ» հոդվածին։