Իսրայելա-իրանյան հարաբերություններ
Իսրայել |
Իրան |
Իսրայելա-իրանյան հարաբերություններ, Իսրայելի և Իրանի հարաբերություններ։ 1940-ական թվականներից անցել են մի քանի փուլ.
- Իրանի հակազդեցությունը Պաղեստինի բաժանման նախագծի և Իսրայելին ՄԱԿ ընդունելու կապակցությամբ։
- Հարաբերությունների որոշակի բարելավում՝ ներառյալ Իսրայելի դեֆակտո ճանաչումը և տնտեսական ու ռազմական հարաբերությունների կարգավորումը շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի օրոք։
- «Սառը խաղաղություն» Իրանի իսլամական հեղափոխության առաջին տասնամյակում, որի ժամանակ խզվել են դիվանագիտական հարաբերությունները, և Իրանի ռազմատենչ հռետորաբանությունը Իսրայելի նկատմամբ ուղեկցվել է կուլիսների հետևում շփումներով և ընդհանուր թշնամու դեմ պայքարով՝ ի դեմս Բաասյան Իրաքի։
- Կոնֆլիկտի հետագա սրացում 1990 թվականից հետո, որը պայմանավորված է եղել համաշխարհային աշխարհա-քաղաքական իրավիճակով, իսլամական և արևմտյան աշխարհների խորացող հակասությամբ, Իսրայելի և արաբական հարևան երկրների խաղաղ գործընթացի սկսմամբ և Իրանի՝ միջուկային սեփական զենքն ունենալու մտադրության իրականացմամբ։
Բացի Իրանի և Իսրայելի անուղղակի հարաբերություններից՝ այդ երկու երկրների հարաբերություններն ամբողջանում են նաև նրանց ներքին ու արտաքին թշնամիների հարաբերություններով, որոնք օգտագործում է մյուս կողմը։ Իսրայելի համար դա իսլամիստական «Համաս» (Գազայի հատվածում և Հորդանան գետի արևմտյան ափին) և «Հեզբոլլահ» կազմակերպություններն են, Իրանի համար՝ սուննիական «Ջունդալա» և ձախռադիկալ «Իրանյան ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը»։
Համեմատական բնութագիր
[խմբագրել | խմբագրել կոդը]Իսրայել | Իրան | |
---|---|---|
Բնակչություն (հազ.) | 8425 | 83 025 |
Մակերես (կմ²) | 21 937 | 1 648 195 |
Բնակչության խտություն (1 կմ²) | 384 | 50 |
Մայրաքաղաք | Երուսաղեմ | Թեհրան |
Խոշորագույն քաղաք | Երուսաղեմ | Թեհրան |
Պետական կառուցվածք | խորհրդարանական ժողովրդավարություն | իսլամական հանրապետություն |
Պետական լեզուներ | եբրայերեն | պարսկերեն |
Հիմնական դավանանք | հուդայականություն 74,7 %, իսլամ 17,7 %, քրիստոնեություն 2 %, դրուզներ 1,6 % |
իսլամ 99,4 % (շիա իսլամ 90—95 %, սուննի իսլամ 5—10 %) |
ՀՆԱ (ԱՄՆ դոլար) | 317 մլրդ (36 400 մեկ շնչի հաշվով) |
1,64 տրլն (20 100 մեկ շնչի հաշվով) |
Պատմական հարաբերություններ մինչ Իսրայել պետության ստեղծումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Պարսկաստանի ժողովուրդների հետ հրեաների պատմական կապերը գոյություն են ունեցել աստվածաշնչյան ժամանականերից։ Ընդունված է համարել, որ Բաբելոնի թագավորության կողմից հրեական թագավորության կործանումից հետո պարսկական իշխանությունները մեղմացրել են կայսերական քաղաքականությունը իրեն ենթակա ժողովուրդների նկատմամբ։ Հրեաները պահպանել են Կյուրոս Մեծի հովանավորության մասին հիշատակը նաև այն բանից հետո, երբ նրա փեսա Դարեհ I Մեծ-ը Երուսաղեմի տաճարում ամենօրյա զոհաբերություն է կազմակերպել Հուդայի թագավորության հպատակների բարօրության համար։ Այս ծիսակարգը շարունակվել է երկար դարեր՝ ընդհուպ 66 թվականի Հրեական պատերազմի սկիզբը[1]։ Հրեական կրոնական կանոնում կարևոր դեր են խաղում Եսթերի գիրքը, որ նկարագրում է Պարսկաստանի հրեաների հարաբերությունները իշաանությունների հետ Արտաքսերքսես I-ի կառավարման տարիներին, և դրա հետ կապված Պուրիմ տոնը, որը նշվում էր ամենակալ արքայի մեքենայություններից հրեաներին ոչնչացումից փրկության առթիվ։ Սակայն ժամանակակից հետազոտողները կասկածի տակ են դնում Եսթերի գրքի պատմական ճշմարտացիությունը[2]։
Իշխանությունների բարեհաճ վերաբերմունքը Պարսկաստանի հրեական համայնքի նկատմամբ պահպանվել է հետագա մի քանի դարերում։ Կրոնական հանդուրժողականությունը, որը հաստատվել էր կայսրությունում Կյուրոս Մեծի ժամանակաշրջանից, հանգեցրել է այն բանին, որ Աքեմենյանների ժամանակ զգալի թվով հպատակներ ընդունել են հուդայականություն կամ մասամբ յուրացրել են հրեական սովորույթներ, այդ թվում՝ պահպանել են շաբաթը (դրա վկայությունն է Պարսկաստանի ոչ հրեական բնակչության շրջանում Շաբթայ անվան տարածումը)[3]։ Պարսկաստանի հրեաների շարքից պետական ազդեցիկ գործիչներ են ծնվել, իսկ Երուսաղեմի և Պարսկաստանի հրեաների միջև պահպանվել են սերտ կապեր ինչպես Աքեմենյանների, այնպես էլ Սելևկյանների և Պարթև Արշակունիների դինաստիաների միջև[3]։ Չնայած այն բանին, որ այս դինաստիաների օրոք գոյություն ունեցած հրեական մշակութային և հավանաբար նաև իրավաբանական ինքնավարությանը վերջ է դրվել Սասանյանների օրոք, նրանց իշխանության ժամանակ Պարսկաստանը դարձել է Հռոմեական կայսրությունից հալածված շատ հրեաների ապաստանը[3][4]։ Հրեական մշակույթն իր վրա է կրել զրադաշտական դուալիզմի ազդեցությունը, ինչն արտացոլվել է մասնավորապես բարի և չար ոգիների մասին ունեցած հավատքում։
Պարսկական ազդեցությունը նկատելի է տարբեր ժամանակաշրջանների հրեական կրոնական ու հոգևոր տրակտատներում՝ սկսած Դանիել մարգարեի գրքից մինչև Սասանյանների ժամանակաշրջանի Բաբելոնական Թալմուդը[1]։ Հրեաները, որոնք տարբեր ժամանակներում տարբեր կերպ են վերաբերվել կայսրության իշխանություններին՝ կախված իրենց նկատմամբ վարվող քաղաքականությունից, առօրյա կյանքում խաղաղ գոյատևել են այլ հավատ ունեցող հարևանների հետ, այդ պատճառով էլ բաբելոնյան ռավինները զգալի ջանքեր են ներդրել «հավատի մաքրությունը» պահպանելու համար։ Ոչ մի վկայություն չկա այն մասին, որ զրադաշտական Բաբելոնի թագավորության ժողովրդական զանգվածներում այդ ժամանակներում գոյություն են ունեցել հակահրեական տրամադրություններ (ի տարբերություն, օրինակ, գերազանցապես քրիստոնեական Եդեսիայի)[4]։
Արաբների կողմից Սասանյան տերության նվաճումից հետո, ինչպես մուսուլմանական մնացած աշխարհում, հրեաների վրա տարածվել են զիմմի օրենքները։ Հողի բարձր հարկը կտրուկ նվազեցրել է հողատեր հրեաների թվաքանակը, և հրեական համայնքի հիմնական զբաղմունքը Պարսկաստանում դարձել են արհեստներն ու առևտուրը։ 10-րդ դարից սկսած՝ աճել է հրեական կապիտալի ազդեցությունը (սկզբում առևտրական, ապա նաև բանկային) Աբբասյան խալիֆայությունում, որի մեջ է ներգրավված եղել նաև Պարսկաստանը. հրեաները դարձել են խալիֆների ու վեզիրների անձնական բանկիրները։ Երբ խալիֆայությունը նվաճվել է մոնղոլների կողմից, և հաստատվել է Հուլավուների դինաստիան, մուսուլմաններն իրենց իրավունքներով հավասարեցվել են այլ կրոն դավանողներին, ինչը դարձյալ հանգեցրել է հրեաների տարածմանը և պարսկա-հրեական մշակույթի զարգացմանը։ Սակայն շիա Սեֆյանների դինաստիայի օրոք հրեաները դարձյալ հայտնվել են հալածվող փոքրամասնությունների կարգավիճակում։ Սեֆյանների տերությունում հրեաները պարտավոր էին կրել հատուկ գլխանոցներ, արգելվել է հրեական հոգևոր գրականությունը, փակվել են սինագոգները, իսկ Շահ Աբաս-ի օրոք սկսվել է Իրանի հրեա բնակչության բռնի իսլամացումը։ Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում գրված է. «Իրանում ոչ մի այլ դինաստիա չի առանձնացել հրեաների նկատմամբ տածած այդպիսի ատելությամբ» (իմիջիայլոց, շիա կրոնապետության այս ժամանակաշրջանում հալածանքների են ենթարկվել ոչ միայն հրեաները, այլև հայերը, զրադաշտի և սուֆիզմի հետևորդները[5])[1]: Պարսկաստանի հրեաները այս ժամանակաշրջանում օգտվել են արտագաղթելու ամեն հնարավորությունից՝ տեղափոխվելով Կենտրոնական Ասիայի, Կովկասի այլ երկրներ, Եգիպտոս ու Հնդկաստան։ Հալածանքները կարճ ժամանակով ընդհատվել են 17-18-րդ դարերի առանձին կառավարիչների շրջանում, սակայն վերսկսվել են Ղաջարիների դինաստիայի կառավարման օրոք՝ գագաթնակետին հասնելով 1839 թվականին, երբ բռնի իսլամացման է ենթարկվել Մաշհադի հրեական համայնքը[1]։ Այս շրջանում հուդայականությունը իշխող ուժի կողմից դիտարկվել է որպես Աստծո խոսքից շեղվող ուսմունք, ռավինների մեղքով իսկական պատգամների աղավաղում։ Սեֆյանների և Ղաջարիների կողմից աստիճանաբար ուժեղացվել է հրեաների մեկուսացումը կայսրության մյուս հպատակներից, և խոշոր շատ քաղաքներում հրեական համայնքները կենտրոնացել են առանձին թաղամասերում կամ մահալներում։ Պատմական փաստաթղթերը ցույց են տալիս, որ պարբերաբար կազմակերպվել են հրեական բնակչության սպանդներ, իսկ 18-րդ դարի վերջին և 19-րդ դարի առաջին կեսին՝ արյան զրպարտանքներ[6]։ Չնայած իշխանությունների և էթնիկ այլ խմբերի վերաբերմունքը հրեաների հանդեպ վատացել է, սակայն այդ փուլում, ինչպես նախորդ փուլերում, նկատվել է իշխող ուժի և հրեական մշակույթի որոշակի փոխազդեցություն։ Հայտնի են եբրայերենով ավելի քան տասնյակ ձեռագրեր, որոնք ստեղծվել են Իրանում՝ իրենց վրա կրելով պարսկական ավանդական նկարազարդումների ազդեցությունը։ Դրանց մեծ մասը մուսուլման հեղինակների հայտնի գործերի ներկայացումն է եբրայերենով։ Դրանցից են «Հովսեփ և Զուլեյխա» ստեղծագործությունը, ինչպես նաև Շահինի և Իմրանի՝ պարսիկ և հրեա հեղինակների էպոսները։ Վերջին դեպքում նկարազարդումների ոճը հիշեցնում է «Շահնամեի» ձևավորումը[5]։ Մյուս կողմից, հրեաները հավանաբար զգալի ներդրում են ունեցել երկրի երաժշտական մշակույթում։ Ժամանակի արհեստավարժ երաժիշտների շրջանում հրեաների մեծ թվաքանակը հավանաբար պայմանավորված է եղել շիա մուսուլմանների համար այս մասնագիտության արգելանքով, ինչի մասին մասնավորապես վկայում են վարչական գրությունները, որոնց համաձայն հրեական համույթներն ապահովել են հրապարակային մահապատիժների երաժշտությունը[7]։
Պարսկական իշխանությունների կողմից հրեաների հանդեպ իրականացվող հալածանքները, որոշակի ժամանակից սկսած, առաջացրել են Եվրոպայի հրեաների բողոքը, որոնց քաղաքացիական իրավունքները զգալիորեն բարելավվել էին, սակայն այդ դժգոհությունները չեն հանգեցրել ռեալ արդյունքի։ Այս շրջանում դարձյալ բացվել են հրեական դպրոցներ, իսկ 1906 թվականին Իրանի սահմանադրական հեղափոխության արդյունքում Պարսկաստանում պաշտոնապես երաշխավորվել են հրեաների քաղաքացիական և տնտեսական իրավունքները։ Օրենքի համաձայն՝ մեջլիս (Պարսկաստանի խորհրդարան) է անցել հրեական համայնքը ներկայացնող մեկ պատգամավոր, սակայն ընդհանուր առմամբ, հրեական բնակչությունը քիչ է հետաքրքրվել քաղաքականությամբ, իսկ հրեական համայնքի քաղաքապես ակտիվ ներկայացուցիչները տեղափոխվել են Պաղեստին[1]։ Հրեական արտագաղթը ոչ միայն սիոնիստական քարոզիչների գործունեության արդյունքն էր, այլև Իրանի հրեաների ծանր վիճակը, որը շարունակվում էր այդպիսին մնալ՝ չնայած սահմանադրական առաջընթացին։ Դրա առավել վառ արտահայտություններից են Քերմանշահի և Շիրազի կոտորածները 20-րդ դարի առաջին տասնամյակին և Թեհրանի սպանդը 1922 թվականին[6]։
Իրանի հրեաների դրությունը դանդաղ բարելավվել է Փահլավիների դինաստիայի կառավարման շրջանում, որի շահերը հրեաներին բավական բարեհաճությամբ են վերաբերվել։ Իրանում փոփոխվել են բոլոր օրենքները, որոնք նախկինում խտրություն էին դնում հրեաների համար, վերջ է դրվել մահալներում հրեական բնակչության կենտրոնացմանը, հրեական դպրոցները ներառվել են կրթության պետական համակարգում[8]։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ իրանցի դիվանագետները, այդ թվում՝ Փարիզում Իրանի դեսպան Աբդուլ Հուսեյն Սարդարին, ոչնչացումից փրկել են եվրոպաբնակ շատ հրեաների[9][10]։
Դրա հետ մեկտեղ, Փահլավիների հակախտրական քաղաքականությունն ընթացել է հրեական ազգային ինքնագիտակցության զարգացման հետևողական հակազդեցությանը զուգընթաց։ Ռեզա Փահլավի շահը, որ ձգտում էր ազգային ու գաղափարական միասնության, իր երկրի տարածքում արգելել է սիոնիստական (ճիշտ այնպես, ինչպես կոմունիստական) գործունեությունը։ 1926 թվականին բրիտանացիների օգտին լրտեսության մեղադրանքով ձերբակալվել և հինգ տարի անց գնդակահարվել է հրեական համայնքի ղեկավարներից մեկը՝ մեջլիսի՝ սիոնիստական իր հայացքներով հայտնի պատգամավոր Շմուել Խաիմը։ Ազգային քարոզչությունը մասնավորապես հանրահռչակել է արիական ցեղի գերազանցությունը, որը 30-ական թվականներին նացիստական Գերմանիայի հետ համագործակցության հետ հանգեցրել է այն բանին, որ իրանական մտավորական շրջանակներում նորաձև է դարձել սեմիտների նկատմամբ արհամարհական վերաբերմունքը (այն հավասար կերպով տարածվում էր նաև հրեաների ու արաբների վրա)[8]։ Հետևողականորեն բացասական է եղել նաև սիոնիզմի նկատմամբ վերաբերմունքը, որի գաղափարներից էր Պաղեստինում հրեաների տուն ունենալու միտքը[11]։
1947 թվականին Իրանի ներկայացուցիչը մտել է Պաղեստինի իրավիճակի գնահատման ՄԱԿ-ի հանձնաժողովի մեջ։ Երբ հանձնաժողովը մշակել է Պաղեստինի բաժանման պլանը, Իրանի ներկայացուցիչը եղել է երեք անդամներից մեկը, որ քվեարկել է նրա բաժանման դեմ և համադաշնության այլընտրանքային ծրագրին կողմ։ 1947 թվականի նոյեմբերի 29-ին, երբ ՄԱԿ-ը բանաձև է ընդունել Պաղեստինի բաժանման վերաբերյալ, Իրանը մուսուլմանական այլ երկրների հետ դարձյալ դեմ է քվեարկել, իսկ 1949 թվականի մայիսի 11-ին մուսուլմանական բլոկի կազմում հանդես է եկել Իսրայելի՝ ՄԱԿ-ի կազմում ընդգրկվելուն դեմ։ Արաբա-իսրայելական պատերազմի օրերին Իրանը նյութական օգնություն է ցուցաբերել արաբական դաշինքին՝ զերծ մնալով, սակայն, ռազմական գործողությունների ուղղակի մասնակցությունից։ Արաբական կողմը իր տրամադրության տակ ունեցել է միայն այաթոլլա Աբոլ Քասեմ Քաշանիի կամավորական ջոկատը[11]։
Շահի կառավարման ժամանակաշրջան։ Իրանի և Իսրայելի տնտեսական ու քաղաքական միություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած արաբական գործի թույլ սատարմանը՝ իրանյան իշխանությունները սկսել են հրեական երիտասարդ պետության հետ հետկուլիսային հարաբերություններ հաստատել։ Մասնավորապես, Իրանը միջանցիկ կետ է ծառայել Իրաքի հրեաների համար, որոնք փախչում էին այդ երկրից արաբա-իսրայելական պատերազմից հետո։ Արդեն 1949 թվականի մայիսին Իրանի էմիսար Աբաս Սայկալը ուղարկվել էր Իսրայել, որպեսզի կարգավորի պատերազմի ժամանակ Պաղեստինից փախած իրանցիների գույքի խնդիրը։ Իսրայելի փոխադարձ պատասխանի և ոչ պաշտոնական ներկայացուցչի՝ Իրան ուղարկելու փորձը, սակայն, մերժվել է։ Հարաբերությունների հաստատումը կատարվում էր ԱՄՆ-ի միջոցով։ Իսրայելի ճանաչման հարցը քննարկվել է շահի՝ 1949 թվականի վերջին Վաշինգտոն կատարած այցի ժամանակ[11].:
Այն բանից հետո, երբ 1949 թվականի սեպտեմբերին Թուրքիան պաշտոնապես ճանաչել է Իսրայելը, իրանյան իշխանությունները արդեն կարող էին չզգուշանալ այն մեղադրանքներից, որ իրենք առաջինն են խախտել «սինոիստական կազմավորման» մուսուլմանական բլոկադան, և 1950 թվականի մարտի 6-ին, մինչ մեջլիսը գտնվում էր ամանորյա արձակուրդում, Իրանի կառավարությունը դե ֆակտո ճանաչել է Իսրայելը[11]։ Բենինգթոնի քոլեջի պրոֆեսոր Մանսուր Ֆարհանգը, հղում անելով ամերիկյան անանուն հետախույզի, պնդել է, որ այդ քայլը կատարվել է առնվազն 400.000 դոլար կաշառքի դիմաց, որ ստացել են իրանցի մի քանի նախարարներ, այդ թվում՝ վարչապետ Մոհամեդ Սաեդը[12]։ Արդեն մարտի 26-ին Իրանի հատուկ պատվիրակ ռեզա Սաֆինը Իսրայելի նախագահին է հանձնել իր հավատարմագրերը[11]։ Երեք ամիս անց Սաֆինը դարձել է օտարերկրյա առաջին դիվանագետը, որը Երուսաղեմում պաշտոնական ընդունելության է արժանացել այն բանից հետո, երբ քաղաքը հռչակվել է Իսրայելի մայրաքաղաք[13]։ 1951-1953 թվականներին, երբ Իրանում իշխանության էր գտնվում Մոհամմադ Մոսադեղի կառավարությունը, Իրանի ներկայացուցչությունը Երուսաղեմում փակ էր, սակայն Մոսադեղը չի գնացել հարաբերությունների ամբողջական խզման, և տնտեսական կապերը շարունակվել են։ Իրանը Իսրայել է արտահանել գյուղատնտեսական ապրանքներ՝ դրանք փոխանակելով արդյունաբերական ապրանքների, բժշկական սարքավորումների և տեխնիկական օգնության հետ, իսկ 1953 թվականի հունիսին երկու երկրների ազգային բանկերը համաձայնագիր են ստորագրել վարկային գծի բացման մասին[11]։ Իսրայելի առաջին մշտական ներկայացուցիչները Իրանում հայտնվել են 1950-ական թվականների վերջին։ Նրանցից առավել նշանավոր երկու անձինք՝ Մեիր Էզրին և Յակով Նիմրոդին, ծագումով եղել են Իրանից[14]։
1952 թվականին Եգիպտոսում տեղի ունեցած քաղաքական հեղաշրջումը և այդ երկրում ԽՍՀՄ-ի հետ համագործակցելու միտված ռեժիմի հաստատումը փոխել են իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ Իրանին մղելով ԱՄՆ-ի հետ համագործակցությանը։ 1955 թվականին Իրանը միացել է արևմտամետ Բաղդադի պակտին։ Այդպիսով, Իրանն ու Իսրայելը հայտնվել են աշխարհաքաղաքական միևնույն դաշտում։ Իրանի իշխանությունները Իսրայելը դիտարկել են Մերձավոր Արևելքում արաբական սոցիալիզմին հակազդող ուժ։ Այս տեսակետը հաջողություն է ամրագրել Իսրայելի համար 1956 թվականին Եգիպտոսի դեմ մղված ռազմական գործողություններում։ Բացի այդ՝ երբ այս պատերազմի հետևանքով նավագնացության համար բացվել է Էտ Տիրանի նեղուցը, իսրայելական Էյլաթ նավահանգիստը դարձել է պարսկական նավթը Եվրոպա մղելու կարևոր հանգույց։ Իրանցի շատ մասնագետներ տեխնիկական պատրաստություն են անցել իսրայելական բուհերում, իսկ իսրայելական շատ ընկերություններ շինարարական մասշտաբային աշխատանքներ են իրականացրել Իրանում՝ ներառյալ 1960 և 1962 թվականների երկրաշարժներից տուժած շրջանների վերականգնողական աշխատանքները[1]։ Իսրայելցիները ամբողջական թաղամասեր են կառուցել Իրանի այլ շրջաններում ևս։ Այսպես, 1970-ական թվականներին Իրանի նավահանգստային Բանդար Աբբաս և Բուշեհր քաղաքներում, ինչպես նաև Հարկ կղզում իսրայելական ՌԱՍՍԿՕ ընկերությունը ծրագիր է իրականացրել իրանական ռազմածովային ուժերի պատվերով։ Շինարարությունն ընթացել է իսրայելցի ճարտարապետ Դան Էյթանի նախագծով և ներառել է 12.000 միավոր կացարան՝ իր ենթակառուցվածքներով[15]։ Թեհրանի արվարձանում բացվել է «Իսրայելական ձեռքբերումների կենտրոնը», որտեղ իսրայելցի բժիշկները սովորեցրել են տեղացիներին, իսկ իսրայելցի ատամնաբույժ Էֆրաիմ Շակին Շիրազում հիմնադրել է ատամնաբուժական կենտրոն (այն հետագայում հանդիսացել է ատամի հիվանդությունների համալսարանական առաջին կլինիկայի բազան)[16]։ Շահի կարգադրությամբ իրանական գյուղատնտեսական վարչությունները վարձել են իսրայելցի խորհրդատուների՝ երբեմն նույնիսկ ուղղակի փոխադարձ կապերն ամրապնդելու համար[17]։
Իսրայելի պետական «Էլ Ալ» ավիաընկերությունը սկսել է կանոնավոր չվերթեր իրականացնել Թեհրան։ Կողմերը փոխանցել են հետախուզական տվյալներ։ 1960 թվականին Իրանի շահը հրապարակայնորեն պնդել է իր երկրի կողմից Իսրայելի ճանաչումը, ինչին ի պատասխան Եգիպտոսը խզել է դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ. դրանք վերականգնվել են միայն տասը տարի անց։ 1961 թվականին Իրան է այցելել Իսրայելի վարչապետ Դավիդ բեն Գուրիոնը, որը Իրանը դիտարկել է որպես մերձավորարևելյան ոչ արաբական երկրների կոալիցիայի բաղկացուցիչ կարևոր մաս։ Իսկ կոալիցիայում բացի Իսրայելից ընդգրկված էին Իրանը, Թուրքիան, Եթովպիան (վերջին երեք պետությունները դոկտրինում ստացել են «շրջագծի երկրներ» անվանումը)։ Կա նաև տեղեկություն, որ իսրայելցիներն օգնել են շահի Իրանին միջուկային ծրագրի զարգացման գործում, որն այն ժամանակ դիտարկվում էր հարևան Իրաքի վրա ազդելու գործիք[13][16][18]։
Իրանի և Իսրայելի քաղաքական ու տնտեսական կապերը շարունակել են զարգանալ ընդհուպ շահի ռեժիմի վերջին օրերը։ Իրանը գործուն մասնակցություն է ունեցել Էյլաթ-Աշկելոն նավթատարի շինարարության մեջ, որը կոչված էր դառնալու իրանյան նավթի արտահանման այլընտրանային ճանապարհը Սուեզի ջրանցքի վնասման դեպքում։ 8 դյույմ տրամաչափով նավթատարը, որն իրանյան նավթը մղելու էր Արևմուտք՝ շրջանցելով Սուեզի ջրանցքը (այդ ժամանակ իրանյան ղեկավարության կողմից համարվում էր ռազմավարական տեսանկյունից ոչ անվտանգ), կառուցվել է 1957 թվականին ռեկորդային կարճ ժամանակահատվածում (100 օր), իսկ արդեն հաջորդ տարի խողովակաշարի տրամագիծը մեծացվել է՝ հասցվելով 42 դյույմի (107 սմ)[19]։ 1970 թվականին խողովակաշարով մղվել է տարեկան 10 միլիոն տոննա նավթ։ Հետագայում խողովակաշարը սկսել է օգտագործել նաև ամերիկյան «Standard Oil» էներգետիկ ընկերությունը։ Այն զգալի եկամուտ է բերել ինչպես Իրանին, այնպես էլ Իսրայելին մինչև 1975 թվականը, երբ Սուեզի ջրանցքով վերականգնվել է տանկերների շարժը, իսկ երկու տարի անց համանման խողովակաշար է բացվել Եգիպտոսի տարածքով[20]։ Վեցօրյա պատերազմից հետո Իրանը իսրայելամետ դիրքորոշում է դրսևորել արաբա-իսրայելական հակամարտության մեջ՝ մերժելով արաբական երկրների՝ Իսրայելին գազ մատակարարելու դադարեցման պահանջը, իսկ Ահեղ դատաստանի պատերազմում Իրանը հրեական կողմին նույնիսկ 25 McDonnell Douglas F-4 Phantom II ինքնաթիռ է տրամադրել (իմիջիայլոց, Մոհամմադ Ռեզա Փահլավի շահը, որը չէր ցանկանում արաբա-իսրայելական հակամարտության մեջ ամբողջովին մի կողմին սատարել, պատերազմի առաջին օրերին հրամայել է Եգիպտոսին նավթ մատակարարել)[16][21]։ Այս պատերազմից հետո Փահլավին իր ծառայություններն է առաջարկել որպես խաղաղության միջնորդ Հորդանանի ու Եգիպտոսի մեջ, քանի որ նա վայելել է Եգիպտոսի նորընտիր նախագահ Անվար Սադաթի վստահությունը։ Իսրայելական արտահանման ծավալները Իրան միայն 1970-1977 թվականներին 22.3 միլիոն դոլարից աճել են մինչև 103.2 միլիոն դոլար, որը գերազանցել է Իսրայելի արտահանման ծավալները Թուրքիա կամ Ճապոնիա[11]։
1965-1975 թվականներին Իսրայելն ու Իրանը նաև համագործակցել են Իրաքի քուրդ անջատողականների հետ՝ սատարելով նրանց պայքարը երկրի բաասիստական իշխանության դեմ։ Իսրայելցի և իրանցի մասնագետները օգնել են ստեղծելու քրդական «Պարաստին» հատուկ ծառայությունը։ 1970-ական թվականների առաջին կեսին, երբ իրաքյան կառավարությունը, չկարողանալով ճնշել քուրդ ապստամբներին, փորձել է նրանց առաջարկել փոխզիջում, որը ներառում էր Իրաքի հյուսիսում էթնիկ ինքնավարությունը, տեղեր խորհրդարանում և քրդերենի հաստատումը որպես պետական լեզու, հենց անջատողականների իսրայելցի ու իրանցի հովանավորներն են համոզել նրանց առանորդ Մուստաֆա Բարզանիին, իրենց իսկ խոսքերով, հաշտություն կնքել կենտրոնական իշխանությունների հետ[22]։ Իրանա-իսրայելական ռազմական համագործակցության շրջանակներում 1977 թվականին պայմանագրերի մի շարք է ընդունվել՝ «Զենքի փոխանակում նավթով», որոնցից մեկը նախատեսում էր իսրայելական Gabriel հականավային համակարգերի մոդեռնիզացումը ամերիկյան մասերով։ Դա թույլ կտար այս համակարգերի ներմուծումը Իրան՝ առանց խախտելու արտահանվող զենքի մասին ամերիկյան օրենքները[23]։ 1977 թվականին շահի հաստատած մեկ այլ գաղտնի ծրագրով, որը ստացել էր «Ցուր» («Քար») անվանումը հաստատվում էր Իրանի ֆինանսավորումը իսրայելական զենքի վեց նոր համակարգերի՝ ընդհանուր առմամբ 1-1.2 միլիարդ դոլար արժողությամբ[14][24]։
Չնայած համագործակցության զարգացմանը և նրա ոչ պաշտոնական համբավին՝ շահի պաշտոնական կառավարությունը գերադասում էր չհրապարակայնացնել դրանք, որպեսզի բացահայտ չփչացնի արաբական աշաարհի հետ ունեցած առանց այն էլ փրրուն հարաբերությունները (այս իրավիճակը ժամանակի իրանյան գործիչներից մեկը բնութագրել է «սիրային հարաբերություններ՝ առանց ամուսնության վկայականի»[25]): Իրանի ներկայացուցիչները Իսրայել են մեկնել Թուրքիայի տարածքով, և իրենց անձնագրերում չի նշվել հրեական պետությունում գտնված լինելու հանգամանքը։ Իսրայելում իրանյան ներկայացուցչության վեց դիվանագետներ պաշտոնապես համարվում էին Շվեյցարիայում (Իրանի ԱԳՆ-ում Իսրայելը նշվում էր «Բեռն-2»)։ Գաղտնի էին պահվում նաև Իսրայելի ղեկավարների՝ Թեհրան կատարած այցերը, իսկ 1971 թվականին իսրայելցի ներկայացուցիչներին մերժել են հրավիրել Պարսկական կայսրության 2.500-ամյակի տոնակատարությանը, քանի որ նրանց ներկայության պատճառով միջոցառումը բոյկոտի կենթարկեին արաբական աշխարհի պետությունները։ Իրանի խուսափողական քաղաքականությունը հարուցում էր իսրայելական կողմի զայրույթը. իսլամական աշխարհի ազդեցիկ երկրի՝ Իրանի կողմից Իսրայելի իրավաբանական ճանաչումը կարող էր նկատելիորեն ուժեղացնել Իսրայելի դիրքերը արաբական աշխարհում[26]։
Իրանյան ղեկավարությունն ուներ Իսրայելի հետ բարեկամական հարաբերությունները չընդգծելու ևս մեկ պատճառ. այն ժամանակ, երբ շահի արևմտամետ վարչակարգն ամեն կերպ ամրապնդում էր հարաբերությունները Իսրայելի հետ, ժողովրդական զանգվածներում այդ հարցին վերաբերվում էին առանց ոգևորության։ Մասնավորապես, իսրայելցիների շրջանում համակրանք չէր ներշնչում իրանյան ռեժիմի պետանվտանգության մարմնի՝ ՍԱՎԱԿ-ի սերտ կապերը իսրայելյան հատուկ ծառայությունների հետ[13]։ Սակայն հատկապես բացասական էին տրամադրված ծառայողների մուսուլմանական շրջանակը, որի առաջնորդը այաթոլա Ռուհոլլահ Խոմեյնին էր։ Արդեն 1863 թվականին Խոմեյնին հայտարարել էր, որ Իսրայելը ձգտում է նվաճել Իրանի տնտեսությունը, ավերել գյուղտնտեսությունն ու առևտուրը և տիրել նրա բոլոր հարստություններին, և որ Ղոմի մեդրեսեի պայթյունն իրագործել են Իսրայելի չարաբաստիկ գործակալները[27]։ 1971 թվականին նա իր քարոզում Իսրայելն անվանել է «իսլամի ու մուսուլմանության համաշխարհային ճանաչված թշնամի», որ մխրճվել է Իրանի քաղաքականության մեջ՝ այդ երկիրը վերածելով սեփական ու ամերիկյան բազայի[11]։
Արդեն 1977 թվականին իսրայելցի վերլուծաբան Ռուեվեն Մերհավը ղեկավարությանն զգուշացրել է Իրանի անառողջ մթնոլորտի մասին՝ կապված Փահլավիի կառավարման ավտորիտար ոճի հետ։ Մերհավը զգուշանում էր, որ Իրանում հեղաշրջման դեպքում իսրայելական զինամթերքը կհայտնվի թշնամական տարրերի ձեռքում, սակայն երկրի բարձրագույն ղեկավարությունը չէր ցանկանում հրաժարվել իրանյան ֆինանսական ներարկումներից։ Հեգնվել ու անտեսվել են Իրանում դիվանագիտական առաքելությունն իրականացնող Ուրի Լուբրանիի նախազգուշացումները, որը կիսում էր Մերհավի մտավախությունը, քանի որ Իսրայելի վարչապետ Մենաեմ Բեգինը և պաշտպանության նախարար Մոշե Դայանը մեծ նշանակություն են տվել զենքի մշակմանը «Ցուր» նախագծի շրջանակներում։ Ամեն դեպքում, նույն թվականի երկրորդ կեսին սկսվել է իսրայելցի բնակիչների տարհանումը Իրանից, և դադարեցվել է երկարաժամկետ նոր պայմանագրերի ստորագրումը։ Երբ տարեվերջին շահի վարչակարգի ներկայացուցիչները դիմել են իսրայելցիներին՝ կոչ անելով «ինչ-որ բան անել» Խոմեյնիի հետ, նրանց հասկացրել են, որ Մոսադը վարձու սպանությունների գրասենյակ չէ[14]։
Շահի ռեժիմի անկման ժամանակ՝ 1979 թվականի փետրվարին, Թեհրանում մնացել էր 35 իսրայելցի, այդ թվում՝ դիավանագետներ, «Էլ Ալ» ընկերության աշխատակիցներ, թիկնապահներ, մնացածն արդեն տարհանվել էին։ Վերջին իսրայելցիները երկիրը լքել են ԱՄՆ-ի օգնությամբ փետրվարի 18-ին՝ դրանով փակելով Իրանի և Իսրայելի բարեկամական հարաբերությունները[14]։
Երկրների հարաբերությունները Իսլամական հեղափոխությանը հաջորդած առաջին տարիներին
[խմբագրել | խմբագրել կոդը]Իրանի և Իսրայելի հարաբերություններում որոշակի սառնություն է նկատվել դեռևս Փահլավիի կառավարման տարիներին։ Դրա պատճառը հանդիսացել է այն հանգամանքը, որ շահը սկսել է տարածաշրջանում պակաս բարձր գնահատել Իսրայելի (մասնավորապես, Ահեղ դատաստանի պատերազմի ոչ միանշանակ արդյունքներից հետո) և համաշխարհային հրեության ազդեցությունն ընդհանրապես։ Միևնույն ժամանակ Իրանը, ընդհակառակը, մեծ կշիռ է ձեռք բերել համաշխարհային քաղաքականության մեջ՝ Մերձավոր Արևելքում դառնալով ԱՄՆ-ի հիմնական դաշնակիցը[28]։ Իրանի միապետը հեռացել է Իսրայելից, որպեսզի բարելավի հարաբերություններն արաբական աշխարհի երկրների հետ[11]։ 1975 թվականին Փահլավին արաբական լրագրողին տված իր հարցազրույցում հայտարարել է, որ Իրանը Իսրայելի հետ հարաբերություններում մտադիր է վերանայել «իմ թշնամու թշնամին իմ բարեկամն է» կարգախոսը՝ ակնարկելով, որ հարկ է՝ Իսրայելը ինտեգրվի մուսուլմանական ենթակառուցվածքներին։ Բացի այդ՝ Իրանը հետաքրքրված է եղել Վեցօրյա պատերազմից հետո ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած №242 բանաձևի կատարմամբ, որը հռչակում էր ռազմական ճանապարհով որևէ տարածքի միացման ապօրինությունը. նման բանաձև կարող էր ընդունվել արաբական կամ խորհրդային հարձակումների արդյունքում Իրանի տարածքների կորստի դեպքում։ Այդ պատճառով Իրանի իշխանությունները դատապարտել են այն հանգամանքը, որ պատերազմի արդյունքում ձեռք բերված Հորդանան գետի արևմտյան ափը և Գազայի հատվածը Իսրայելը չի պատրաստվում վերադարձնել[29]։ 1975 թվականին Իրանի ներկայացուցիչը ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկել է №3379 բանաձևի օգտին, որով սիոնիզմը ռասիզմի դրսևորում էր համարվում։ Այս փաստը հարուցել է իսրայելցիների զայրույթը[21]։ Ամեն դեպքում, արաբական հարևանների թշնամությունը Իրանի հանդեպ պահպանվել է՝ չնայած այն բանին, որ Փահլավին զգալի զիջումների է գնացել 1975 թվականին Իրաքի հետ կնքած համաձայնագրից՝ հրաժարվելով Իսրայելի հետ Իրաքում քուրդ անջատողականների սատարումից[21]։ Խորհրդային Միության կողմից վտանգը նույնպես չէր անհետացել, և ընդհանուր թշնամիների առկայությունը կանխորոշել է Իսրայելի հետ համագործակցության շարունակության հնարավորությունը մինչև միապետության վերջին օրերը։ Իրանի իսլամական հեղափոխությունից հետո երկրի նոր իշխանությունների համար աշխարհաքաղաքական վտանգը չի փոփոխվել. նոր իշխանությունն ատում էր ԽՍՀՄ-ը, իսկ հարևան Իրաքի օրեցօր ուժեղացումը 1980-ական թվականներին լուրջ վտանգ էր ներկայացնում, ինչը շուտով վերածվել է իրան-իրաքյան պատերազմի։ Ավելին, եթե շահի օրոք արաբական աշխարհն Իրանին թերահավատությամբ էր վերաբերվում, ապա Խոմեյնիի հեղափոխական ծրագրերը ղեկավարությանը սարսափի մեջ էին գցում, և Իրանի մեկուսացումն արաբական աշխարհից միայն ուժեղանում էր[11]։
Այդ պատճառով Խոմեյնին և նրա համակիրները, գալով իշխանության, ստիպված էին երկակի խաղ խաղալ։ Մի կողմից, Իսրայելի հետ պաշտոնական ու տնտեսական կապերը 1980 թվականին արդեն խզված էին, իշխանափոխությունից ընդամենը վեց օր անց Իրանում Իսրայելի ներկայացուցչության շենքը փոխանցվել է Պաղեստինի ազտատության կազմակերպությանը, իսկ փողոցը, որտեղ գտնվում էր շենքը, անվանակոչել է Յասեր Արաֆաթի անունով։ 1979 թվականի օգոստոսի 17-ին (այդ թվականին Ռամադանին նախորդող վերջին հինգշաբթի օրը) Իրանում հայտարարվել է Երուսաղեմի օր՝ ի նշան Պաղեստինի մուսուլմանների հետ համերաշխության։ Երկրում սկսվել է հալածանքը այլահավատների՝ օրինակ բահայիականների ու հրեաների հանդեպ։ Արդեն 1979 թվականին Իսրայելի հետ կապ ունենալու մեղադրանքով գլխատվել է Իրանի հրեական համայնքի ղեկավարը, ևս 10 առաջնորդներ մահապատժի են ենթարկվել մինչև 1983 թվականը։ 1980 թվականին փոփոխվել է օրենքը, որով նախատեսվում էր մեջլիսում իրանյան հրեաների ներկայացուցիչ ունենալը։ Մահապատիժներն ու գույքի բռնագրավումը հանգեցրել են իրանյան հրեաների մեծ արտագաղթին. 1979-1984 թվականներին 80 հազարանոց համայնքից երկիրը լքել է մոտ 55.000 հրեա, որոնց կեսը բնակություն է հաստատել Իսրայելում։
Սակայն երկրի ներսում բռնաճնշումներին ու Խոմեյնիի մամուլում հակաիսրայելյան հռետորաբանությանը զուգընթաց՝ նոր դրույթ էր մշակվում, որի համաձայն իսրայելա-պաղեստինյան հակամարտությունն առաջին հերթին Պաղեստինի ժողովրդի, ապա արաբական աշխարհի և հետո միայն իսլամական ողջ աշխարհի ներքին գործն էր համարվում։ Այս դրույթի համաձայն՝ Իրանը չէր դիտարկվում այնպիսի երկիր, որը պետք է լիներ հակաիսրայելյան պայքարի առաջնագծում։ Այդ պատճառով Լիբանանյան պատերազմի ժամանակ (1982) Խոմեյնին անձամբ է խոչընդոտել իր կառավարության առավել արմատական տարրերին, որոնք ցանկանում էին Լիբանան ուղարկել 10.000-ոց բանակ Իսրայելի պաշտպանության բանակի դեմ պայքարելու համար՝ հայտարարելով, որ իր երկրի համար Իրաքի հարցն ավելի կարևոր է (բառացիորեն՝ «Երուսաղեմ տանող ճանապարհն անցնում է Քարբալայի միջով»)։
Իրանի իսլամական հեղափոխությանը հաջորդած հետագա տարիներին Իսրայելը շարունակել է ցուցաբերել Իրանի նոր վարչակարգի հետ հարաբերությունները բարելավելու պատրաստակամություն՝ այդ մասին հռչակելով Իրանում 1979 թվականի մարտի հանրաքվեից անմիջապես հետո[16]։ Իսրայելը շարունակում էր նոր ռեժիմին մատակարարել ապրանք, այդ թվում՝ ռազմական տեխնիկայի մասեր, ռազմամթերք՝ դա փոխանակելով արդեն ոչ թե նավթի, այլ տեղի հրեաների՝ Իրանից անվտանգ տեղափոխվելու հնարավորության հետ[31]։ Իրան-իրաքյան պատերազմի սկսվելուց հետո Իսրայելն Իրանին պետք է եղել ԱՄՆ-ի հետ միջնորդության դերում, որի ռազմական տեխնիկան կազմում էր Իրանի բանակի հիմքը։ Իսրայելն իր հերթին, վախենալով Իրաքի ռազմական հզորությունից և փորձելով պահպանել հակաարաբական միությունը, Վաշինգտոնում զբաղված էր ընդդեմ Սադամ Հուսեյնի պատերազմում Իրանին զենք մատակարարելու լոբբինգով և ուղղակիորեն զինում էր Իրանին պատերազմի վաղ փուլում։ Իրանցի զինավաճառ Այման Հայդարիի խոսքերով, պատերազմի սկսվելուց անմիջապես հետո Իրանի ձեռք բերած զենքի 80 %-ը եկել է Իսրայելից։ Իրանիկա հանրագիտարանը, հղում անելով ոչ պաշտոնական աղբյուրներին, նույնիսկ նշում է, որ իսրայելցի մասնագետներն այդ ժամանակ այցելել են պատերազմի առաջնագիծ, որպեսզի գնահատեն Իրանի զենքի կարիքը[11]։ Թել Ավիվի Ազգային անվտանգության հետազոտության ինստիտուտի տվյալներով պատերազմի միայն առաջին երեք տարիներին Իսրայելն Իրանին վաճառել է կես միլիարդ դոլարի զինամթերք[32], իսկ Մանսուր Ֆարհանգը 1989 թվականին պատերազմի ժամանակ զինամթերքի ընդհանուր վաճառքի ծավալը գնահատել է մոտ երեք միլիարդ դոլար։ Զենքի գնման բոլոր գործարքները կատարվել են երրորդ կողմի միջոցով։ Ֆարհանգի խոսքերով, դա այդպես է կատարվել, որպեսզի ապահովվի Խոմեյնիի գործակալների՝ «փոքր սատանայի» հետ (այսպես էր պաշտոնական Իրանի մամուլը ներկայացնում Իսրայելին) գործարք ունենալու ժխտումը[12]։ Իսրայելն իր հերթին նույնպես ստիպված էր սկզբնական շրջանում գաղտնի պահել ամերիկյան արտադրության դետալների ու զենքի վաճառքի փաստը, քանի որ այն հակասում էր ԱՄՆ-ի՝ Իրանի նկատմամբ զենքի էմբարգոյին, որը գործելու էր այնքան, մինչև Իրանի իշխանությունները ազատ կարձակեին 1979 թվականից պատանդ պահվող ամերիկացիներին[33]։
Ավելի ուշ իսրայելական հատուկ ծառայությունները ոչ անմիջական մասնակցություն են ունեցել «Իրան կոնտրաս» գործարքի իրականացմանը, որի շրջանակներում Իրանը ստացել է ամերիկյան զենք։ Գործարքի արդյունքում Իրանը ստացել է ավելի քան 2.000 BGM-71 TOW հակատանկային հրթիռներ, հրթիռային 18 MIM-23 Hawk համակարգ և դրանց մոտ 300 բաղկացուցիչ մաս՝ փոխարենն ազատելով երեք պատանդի։ Մատակարարված յոթ խմբաքանակից առաջին երեքը Իրանն ուղղակիորեն ստացել է Իսրայելից, որին ԱՄՆ-ը խոստացել էր մատակարարել ավելի նոր զենք, սակայն Hawk համակարգերից ծագած խնդրի պատճառով մատակարարումներն ամերիկացիներն իրագործել են անձամբ՝ առանց Իսրայելի միջնորդության[34]։ Այս գործողության կենտրոնական դեմքերից մեկի՝ իսրայելցի հետախույզ, դիվանագետ Դավիթ Կիմխիի խոսքերով, Իսրայելն այս փուլում հետաքրքրված էր Իրանի և Իրաքի պատերազմի առավելագույն շարունակականությամբ, ինչը կարող էր չեզոքացնել այս երկու երկրների կողմից սպասվող սպառնալիքը։ Արդյունքում, սակայն, Իրաքը պատերազմում միանշանակ հաղթանակ չի գրանցել. նա այն ավարտել է որպես մերձավորարևելյան հիմնական ռազմական ուժ և Իսրայելի անվտանգության սպառնալիք[11]։
1990-ական թվականներ և 21-րդ դարի սկիզբ։ Հարաբերությունների հետագա վատթարացում
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականների սկզբին մի շարք իրադարձություններ փոխել են Մերձավոր Արևելքի աշխարհաքաղաքական իրավիճակը։ Դրանցից են ԽՍՀՄ փլուզումը և «Փոթորիկ անապատում» գործողությունը, որը կոտրեց Իրաքի ռազմական հզորությունը։ Իրանը Իրաքի դեմ ամերիկամետ կոալիցիայում պահպանել է բարեկամական չեզոքությունը և ռազմական գործողությունների արդյունքում նրա ղեկավարությունը համապատասխան վերաբերմունք է ակնկալել ԱՄՆ-ից, որը, սակայն, չի իրականացել. Ջորջ Բուշի վարչակարգը գերադասել է Սադամ Հուսեյնի անկման գործընթացն ավարտին հասցնել՝ որպես հակաշիռ պահելով շիաական Իրանի ազդեցությունը։ Իրանի ներկայացուցիչները չեն հրավիրվել 1991 թվականի Մադրիդյան կոնֆերանսին՝ իրանյան իշխանությունների մոտ տպավորություն թողնելով, որ ամերիկացիները նախկինի պես շահագրգռված են նրա մեկուսացմամբ։ Ի դեպ, իրանյան իշխանություններն իրենց կողմից արել են հնարավոր ամեն բան, որպեսզի այդպիսի հրավեր չիրականանա՝ Մադրիդյան կոնֆերանսին զուգահեռ կազմակերպելով համաժողով Թեհրանում, որի նպատակն է եղել արաբների և Իսրայելի հաշտությանը դեմ ուժերի համախմբումը։ Մադրիդյան կոնֆերանսը հայտարարվել է Իսրայելի ուժեղացման միջոց, որի փոխարեն արաբները ոչինչ չեն ստանում՝ բացի ամոթից ու արհամարհանքից[35]։
Իսրայելի առաջնորդներն այդ նույն ժամանակ, երբ փլուզվում էր երկբևեռ աշխարհն ու ԽՍՀՄ-ն անհետանում էր որպես ուժ, որը սատարում էր արաբական բլոկը, մտավախություն ունեին, որ ԱՄՆ-ը քայլեր կձեռնարկի արաբական աշխարհի երկրներին մերձենալու՝ ի վնաս Իսրայելի հետաքրքրությունների։ Այդպիսի առաջին քայլերից էին նրանք դիտարկում Մադրիդյան կոնֆերանսին մասնակցելու պարտադրանքը։ Այդ պատճառով 1992 թվականին իշխանության եկած Իցհակ Ռաբինի կառավարությունը սկսել է ինքնուրույն ուղիներ որոնել իր համար բարենպաստ պայմաններում առանձին-առանձին խոսելու արաբական հարևանների հետ։ Դա հանգեցրել է Պաղեստինի ազատության կազմակերպության հետ գաղտնի բանակցությունների, որն ավարտվել է Օսլոյի համաձայնագրով։ Համաձայնությունների ժողովրդականացումը հանգեցրել է Իրանի առաջնորդների դիրքորոշման վերջնական փոփոխությանը Յասեր Արաֆաթի հանդեպ, որն Իրանի բարեկամից վերածվում էր «տխրահռչակ, ամոթահար անձնավորության», որին, այաթոլլա Ալի Խամենեիի խոսքերով, հայտնի չէ, թե ով վստահեց բանակցել Պաղեստինի ժողովրդի անունից[36]։
Ռաբինը (դեռևս 1987 թվականին «Իսրայելի լավագույն բարեկամ» էր համարում շիաական Իրանին), Շիմոն Պերեսը և Ավոդայի այլ առաջնորդներ հասկանում էին, որ արաբների հետ բանակցություններում զիջումները արդարացված կլինեն, եթե հասարակությունը հասկանա, որ Իսրայելի համար կա արաբական վտանգից ավելի սարսափելի վտանգ։ Նրանց հետաքրքրությունների մեջ էր մտնում արաբական աշխարհի ռեժիմների վախն ուժեղացնելը Իրանի Իսլամական Հանրապետության հանդեպ։ Այն թեզը, որ Իրանի ղեկավարությունն «իռացիոնալ» է, և նրա հետ հնարավոր չի լինի բանակցել, հասցեագրվում էր նաև արևմտյան երկրներին, առաջին հերթին՝ ԱՄՆ-ին[37]։ Իսրայելական ԶԼՄ-ներում և տեղի քաղաքական գործիչների խոսքում ավելի հաճախ են սկսել շրջանառվել արմատական իսլամի վտանգները, որի մարմնավորում էր համարվում Իրանը[38]): Այս նույն հռետորաբանությունը, որը փոխադարձ մեղադրանքների հայելային արտացոլումն էր, որսացին և ԱՄՆ-ի ԶԼՄ-ները, իսկ 1994 թվականի վերջին՝ նաև պաշտոնական Վաշինգտոնը[39]։ Իսրայելական մամուլում Իրանի համար ստեղծվում էր ահաբեկչական պետության հեղինակություն, ընդ որում դա հասնում էր այն աստիճանի, որ այդ տարիներին աշխարհի ցանկացած անկյունում իրագործվող ահաբեկչությունները մեխանիկորեն կապվում էին «իրանյան վտանգի» հետ[11]։
Իրանի ղեկավարությունը, գիտակցելով, որ «Նոր Մերձավոր Արևելք» դրույթը նշանակում է շրջանում Իրանի լիակատար մեկուսացում, իր կողմից ոչ միայն ուժեղացրել է հակաամերիկյան քարոզչությունը, այլև սկսել է այդ դրույթին հետևել իր արտաքին քաղաքականության մեջ։ Եթե նախկինում Թեհրանի օգնությունը շիա արմատական «Հեզբոլլահ» կազմակերպությանը, որ Լիբանանում պատերազմ էր մղում Իսրայելի ու նրա դաշնակիցների դեմ, խորհրդանշական էր, ապա 90-ական թվականներին սկսվել է կազմակերպության վճռական զինումը։ Արդեն 1994 թվականին հետևել են պայթյուններ իսրայելական դեսպանությունում և Արգենտինայի հրեական համայնքի կենտրոնում, որոնց հետևում, ըստ ավարտին չհասցված հետաքննության, կանգնած է եղել «Հեզբոլլահը» (Իրանի ուղղակի մասնակցությունը, սակայն, չի ապացուցվել)[40]։ Միաժամանակ Իրանն առաջին անգամ սկսել է Հորդանանի արևմտյան ափին և Գազայի հատվածում (այս տարածքների նկատմամբ վերահսկողությունը Իսրայելը ձեռք էր բերել 1967 թվականից) որոնել սուննի իսլամական խմբավորումներին մերձեցման ուղիներ։ Արդեն 1992 թվականին նմանատիպ խոշոր կազմակերպություններից մեկի՝ Համասի ներկայացուցիչ Մուսա Աբու Մարզուկը եղել է Թեհրանում և իրանյան իշխանությունների կողմից ստացել ֆինանսական խոշոր օգնության (տարեկան 30 միլիոն դոլար), զենքի ու վարժանքի ճամբարների օժանդակության խոստումներ[41]։
Պարադոքսային եղանակով Իրանի հետ հնարավոր հաշտության ազդանշաններ են սկսել գալ Իսրայելի կողմից, երբ 1996 թվականին իշխանության է եկել աջ ազգայնական կառավարությունը՝ Բենյամին Նեթանյահուի գլխավորությամբ։ Վերջինս, չթաքցնելով իր բացասական վերաբերմունքը Օսլոյի գործընթացի և պաղեստինյան ղեկավարության հանդեպ, պատրաստ է եղել համագործակցելու Իրանի հետ, որտեղ այդ ժամանակ իշխանության էր եկել հարաբերականորեն լիբերալ կառավարություն՝ Մոհամմադ Խաթամիի ղեկավարությամբ։ Խաթամին իր ելույթներում քննադատել է հակասեմականությունը և ընդգծել. «Մենք բարդություններ չունենք հրեաների հետ, սակայն մենք դեմ ենք սիոնիզմին, որը ֆաշիզմի տարատեսակ է»[1]։ 1998 թվականին Խաթամին հնարավոր է համարել հրաժարվել մերձավորարևելյան խաղաղ գործընթացի հանդեպ անհաշտ դիրքորոշումից՝ հայտարարելով, որ ցանկացած համաձայնագիր, որը կբավարարի պաղեստինցիներին, կբավարարի և Իրանին։ Այս հայտարարությունը, սակայն, արվել է արդեն այն օրերին, երբ խաղաղ բանակցությունները մտել են փակուղի, և հակամարտության լուծում այլևս չի նախատեսվել[42]։ Նեթանյահուն իր կողմից ժամանակավորապես դադարեցրել է Իրանի հրեշացումը իսրայելցի պաշտոնատար անձանց միջոցով և սկսել է որոնել Թեհրանի քաղաքական ղեկավարության հետ նոր մոտեցումներ Իրանի հրեաների միջոցով[11]։
Սակայն նոր մերձեցումն այդպես էլ չի կայացել։ 1997 թվականին Իրանն անցկացրել է Շահաբ-3 բալիստիկ նոր հրթիռների փորձարկում, որն ունեցել է մինչև Իսրայելի տարածք հասնելու հնարավորություն (դրանից քիչ անց Իսրայելում հայտարարվել է, որ Իրանը գտնվում է իսրայելական օդուժի խոցման տրամագծում, քանի որ ձեռք էին բերվել F-15 կործանիչներ)[38]։ Նույն ժամանակ պարզ է դարձել, որ Իրանում աշխատում են սեփական միջուկային զենք ստեղծելու ուղղությամբ[43][44]։ Իսրայելցիների համար դա «իրանյան վտանգի» ռեալ դրսևորում էր, որի մասին պնդում էր 90-ական թվականների քարոզչությունը[11]։ Չնայած Խաթամիի վստահեցումներին՝ Իրանում սկսվել է հրեաների նկատմամբ վերաբերմունքի վատթարացում. 1999 թվականի Իսրայելի համար լրտեսության մեղադրանքով ձերբակալվել է 16 հրեա, որոնցից 10-ը, չնայած ապացույցների բացակայությանը, դատապարտվել են բանտարկության։ Երկրում ԶԼՄ-ների քարոզչության արդյունքում սկսվել են հրեական ջարդեր։ 2000 թվականին Իրանի բարձրագույն ղեկավար այաթոլլա Խամենեին իր ճառում Իսրայելն անվանել է «քաղցկեղային ուռուցք», որը պետք է դուրս մղվի տարածաշրջանից[45]։ Շարունակվել է հրեաների արտագաղթն Իրանից, և արդեն 2002 թվականի վերջին երկրում հաշվվում էր ոչ ավել քան 11.000 հրեա[1]։ Իրանում մնացած հրեաների այդ հատվածն աշխատում էր հնարավորինս հեռու մնալ Իսրայելից՝ քննադատելով սիոնիզմի գաղափարախոսությունը Իրանի հոգևոր առաջնորդների հովանավորությունը շահելու համար[46]։
Իսրայելն իր հերթին պայքար էր մղում Իրանին զենքի և ռազմական տեխնոլոգիաների մատակարարման դեմ։ 1998 թվականի 16 տարվա ազատազրկումից հետո դատապարտվել է իսրայելցի գործարար Նախում Մանբարը, որը կազմակերպել էր իսրայելական ռազմական էլեկտրոնիկայի վաճառքը Իրանին զարին և իպրիտ պատրաստելու նպատակով։ Մանբարի խոսքերով, Իրանի հետ շփման սանկցիաները նա ստացել է իսրայելական հատուկ ծառայություններից, որի փոխարեն նա տեղեկություն է տրամադրել Թեհրանի իր գործընկերներից[47][48]։ Նյու Յորք Թայմս թերթի լրագրող Սթենլի Վեյսը նշում է, որ Իսրայելում այդ նույն ժամանակ շարունակել են փնտրել Իրանին նավթի պարտքի վճարման ուղիները (պարտքը մնացել էր դեռևս շահի կառավարման շրջանից), որոնցից մեկն էլ եվրոպական միջնորդների միջոցով Իրանին գյուղատնտեսական սարքավորումներ մատակարարելն էր (ըստ Վեյսի՝ մոտ 300 միլիոն դոլարի)[9]։
Իրանի և Իսրայելի միջև թշնամության հետագա ուժեղացման հիմք են հանդիսացել 21-րդ դարի սկզբների իրադարձությունները, երբ Իրանը, չնայած Ալ-Կաիդայի և Թալիբանի դեմ պայքարի համար ցուցաբերված օգնությանը, նախագահ Ջորջ Բուշի կողմից ընդգրկվել է «չարի առանցքի» երկրների կազմում 2002 թվականի հունվարին Կոնգրեսին ուղղված իր դիմումում[11]։ Վաշինգտոնը նաև չեղարկել է 2003 թվականի իրանյան հուշագիրը, որով նախատեսվում էր Իրանի կողմից Իսրայելի ճանաչումը, Հեզբոլլահին զինելուց հրաժարումը և Բեյրութի հռչակագրին միանալը, որը հայտնի է նաև արաբական խաղաղ նախաձեռնություն՝ փոխարենը ստանալով ԱՄՆ-ի հակաիրանյան քարոզչության դադարեցում և այդ երկրի՝ որպես տարածաշրջանի գերտերության ճանաչումը[49]։ Բանակցություններից հրաժարման պատճառները կարճ բնորոշել է Լոուրենս Ուիլքերսոնը՝ այդ ժամանակ ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Քոլին Փաուելի աշխատակազմի ղեկավարը։ Նրա բառերով, Բուշի վարչակարգում բանակցությունների կողմնակիցների շրջանում իշխում էր այն դիրքորոշումը, որ «իրենք բանակցություններ չեն վարում չարի հետ»։ Ամերիկյան ղեկավարությունը, ամենայն հավանականությամբ, իրանյան նախաձեռնությունը դիտարկում էր որպես թուլության նշան։ Ստույգ հայտնի չէ, թե արդյոք 2003 թվականի նախաձեռնությունը ընդառաջ կատարված իրական քա՞յլ էր, թե՞ դիվանագիտական խաղ, սակայն իրանցի դիվանագետները, որոնք հանդես էին գալիս ԱՄՆ-ին փոխզիջումների օգտին, հեռացվել են հայեցակարգի անհաջողությունից հետո[50]։ Իրաքում Սադամ Հուսեյնի ռեժիմի տապալումից հետո Իրանը հայտնվել է Իսրայելի հանդեպ պոտենցիալ վտանգի ունեցողների առաջնագծում[51]։
Ուժեղացող հակաամերիկյան և հակաարևմտյան տրմադրությունները Իրանում հանգեցրել են նրան, որ 2005 թվականին Իրանի նախագահի պաշտոնն է զբաղեցրել Մահմուդ Ահմադինեջադը[11]։ Նրա կառավարման օրոք Իրանը դարձել է Հոլոքստի ժխտման համաշխարհային կենտրոն։ Իրանում Հոլոքոստը համարում էին առասպել, որ ստեղծել է սիոնիստական քարոզչությունը, չնայած տեղի թերթերում («Թեհրան Թայմս», «Ջումխուրիե իսլամի») այսպիսի տրմադրություններ հանդիպում էին դեռևս 90-ական թվականներին։ Ահմադինեջադն ինքը բազմիցս հրապարակայնորեն ազդարարել է Իսրայելի մոտակա կործանման մասին[52][53]։ Եթե նույնիսկ Հոլոքոստն իրականում տեղի է ունեցել, Ահմադինեջադի խոսքերով դրա պատասխանատվությունն ընկնում է Արևմուտքի վրա, այդ պատճառով էլ հրեական պետությանը տարածք պետք է տրամադրեին Եվրոպան, ԱՄՆ-ը և Կանադան[54]։ Ահմադինեջադի հայտարարություններն Իսրայելի ու Հոլոքոստի վերաբերյալ հասարակական քննադատության են արժանացել ոչ միայն Իսրայելում ու Արևմուտքում, այլև իրանյան հրեական համայնքի ղեկավարության շրջանում[55]։ Հակասեմական քարոզչության շրջանակներում Իրանը կազմակերպել է «Սիոնի իմաստունների արձանագրությունները» շարքի հրատարակումը, որն ի հայտ է եկել 2005 թվականին Ֆրանկֆուրտի գրքի տոնավաճառի՝ Իրանի ցուցասրահում[56]։ Հենց այդ նույն տարիներին, երբ Ահմադինեջադը զբաղեցնում էր նախագահի պաշտոնը, Իրանում էկրան է բարձրացել «Շրջադարձ զրո աստիճանով» մինի սերիալը, որը պատմում էր Ֆրանսիայում Հոլոքոստի և Աբդուլ Հուսեյն Սարդարիի մասին, որը փրկում էր հրեաներին ուսանող պարսիկի ու ֆրանսիական հրեուհու սիրո պատմության ֆոնին։ Ֆիլմում տարվում էր ժամանակակից Իրանին բնորոշ բաժանումը «լավ հրեայի» ու «վատ սիոնիստի» միջև[10]։
Իրանը միաժամանակ շարունակում էր աճեցնել Լիբանանում Հեզբոլլահի ռազմական ուժը, մի գործընթաց, որի մասշտաբները պարզ են դարձել 2006 թվականին միայն՝ Երկրորդ լիբանանյան պատերազմի ժամանակ։ Այս պատերազմի ընթացքում Իսրայելը, որը սովոր էր պայքարելու ընդհատակյա փոքր միավորումների դեմ, հայտնաբերել է, որ իր դեմ կանգնած է լավ զինված բանակ, որի նպատակն է լավ կազմակերպված պարտիզանական պատերազմի վարելը։ Հեզբոլլահի զինանոցում հայտնաբերվել են զենք ու հրթիռներ, որոնց տրամագիծը հասել է Հայֆային, չինական արտադրության YJ-83 հականավային հրթիռներ, որոնցից մեկը վնասվել է իսրայելական հակածովային ուժերի կողմից[11]։ Պատերազմի ընթացքում Իսրայելին չի հաջողվել արդյունավետ չեզոքացնել «Հեզբոլլահի» կողմից սպառնացող վտանգը. ինչպես նաև Իրանի միջուկային սպառնալիքը, այն վտանգ էր ներկայացնում Իսրայելի անվտանգությանը նույնիսկ նրա չափավոր շրջանակներում։ Արդեն Երկրորդ լիբանանյան պատերազմից հետո իսրայելական նավատորմը Միջերկրական ծովում առգրավել է իրանական արտադրության զենքերով բարձված նավեր, որոնք, ամենայն հավանականությամբ, նախատեսված էին «Հեզբոլլահին» (2009 թվական) և «Համասին» (2014 թվական) զինելու համար։ Իրանից հնչել են Գազայի շրջափակված հատվածի բեռնատար նավերի զինված պահպանությունը կազմակերպելու պատրաստակամության մասին հայտարարություններ, ինչը կկանխեր 2010 թվականին իսրայելական հատուկ ծառայությունների կողմից նավերի գրավման համանման սցենարը։ Իրանին սահմանակից Ադրբեջանի անվտանգության մարմինների տվյալներով Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապ ունեցող տարրերը մասնակցել են այդ երկրում իսրայելական դեսպանատան և հրեական մշակութային օբյեկտների վրա կատարված հարձակումներին[57]։ Բացի այդ, 2012 թվականին այլ երկրներում (Հնդկաստան, Վրաստան, Թայլանդ) գրանցվել են մի շարք ահաբեկչություններ՝ ուղղված հրեա դիվանագետների դեմ, որոնք միջազգային հետաքննության մարմինները ևս կապել են Իրանի հետ[58]։
Իրանական միջուկային ծրագիրը և նրա հետ կապված պոտենցիալ վտանգը մնում են իսրայելական մամուլի և քաղաքական գործիչների ելույթների մշտական թեման։ 2012 թվականին անցկացված հասարակական հարցումների տվյալներով իսրայելցիների գրեթե երկու երրորդը հավատում է, որ Իրանը, միջուկային զենք ստանալով, այն կօգտագործի իրենց երկրի դեմ, իսկ հարցվածների երեք քառորդը կարծում է, որ իրանյան քաղաքականությունը Իսրայելի գոյության վտանգն է[59]։ 2006 թվականից Իսրայելի թիկունքի հրամանատարությունը ներառում է թունելի օգտագործում, որը փորված է Երուսաղեմի լեռնային զանգվածներում և նախատեսված է միջուկային հարձակման դեպքում իսրայելական ղեկավարության փրկության և ռազմական հետագա գործողությունների ղեկավարման համար[60]։ Չնայած մասնագետները քիչ հավանական են համարում Իսրայելին միջուկային հարված հասցնելը, սակայն պահպանվում է հավանականությունը, որ այդպիսի հարձակման առիթ կարող է դառնալ տարածաշրջանում իրավիճակի սրացումը[44]։ Բազմիցս բարձրացվել է Իրանի միջուկային օբյեկտներին հարված հասցնելու հարցը, ինչպես 1981 թվականին իսրայելական օդուժը հարված է հասցրել Իրաքի «Օսիրակ» ռեակտորին[61]։ 21-րդ դարի առաջին տասնամյակի վերջին և երկրորդ տասնամյակի սկզբին, սակայն, ռազմական մասնագետները կասկածի տակ են դնում նման հարվածի արդյունավետությունը, եթե նույնիսկ այն տեղի ունենա՝ մատնանշելով իրանյան միջուկային ծրագրի օբյեկտների լավ պաշտպանվածությունը (այս օբյեկտների պաշտպանությունը բարձրացնելու նպատակով Իրանը 2007 թվականից բանակցում է Ռուսաստանի հետ Ս-300 «Ֆավորիտ» զենիթային հրթիռային համակարգեր ձեռք բերելու համար)[62]։ Հնարավոր է, որ Իսրայելը, այս օբյեկտների մի մասին մեկանգամյա հարված հասցնելու հնարավորություն ունի, ինչը կդանդաղեցնի Իրանի միջուկային զենքի ստացումը մի քանի ամսով կամ մի քանի տարով, սակայն նա պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի, որն անխուսափելի կդառնա նման հարված հասցնելուց հետո[44][63][64]։ Միջուկային օբյեկտների վրա հարձակման դեպքում Իրանի թերթերն ու պաշտոնատար անձինք իրենց հերթին սպառնում են Իսրայելի ամբողջական ոչնչացմամբ, ինչպես նաև Հորմուզի նեղուցի ծածկումով, որով անցնում է համաշխարհային նավթամթերքի մատակարարման 20 %-ից մինչև երկու երրորդը[65]։
ԱՄՆ-ի վարչակարգը հետևողականորեն հանդես է գալիս Իսրայելի կողմից ընդդեմ Իրանի միջուկային զենքի մշակման ռազմական ուժի կիրառման դեմ։ 2015 թվականի փետրվարի վերջին և մարտի սկզբին տարբեր երկրների ԶԼՄ-ները տարածել են Քուվեյթի «Ալ Ջարիդա» թերթի հրապարակումն այն մասին, որ նախագահ Բարաք Օբաման սպառնացել է հարվածել իսրայելական ռազմական ինքնաթիռներին, եթե նրանք ուղղվել Իրանի կողմը[66]։ Այս հաղորդագրությունն անմիջապես ժխտվել է վաշինգտոնյան պաշտոնատար անձանց կողմից[67], սակայն ամերիկյան ղեկավարությունը, այդ թվում նախագահն և պաշտպանության նախարարը վճռական ժխտման չեն արժանացել ճգնաժամի լուծման ռազմական տարբերակը, ինչը նախկինում հնչեցվել է բազմիցս[18][68]։ Իսրայելը հարցի ռազմական լուծման ռեալ հնարավորության բացակայության պայմաններում ջանքեր է գործադրում ուժեղացնելու քաղաքական ու տնտեսական միջազգային ճնշումն Իրանի վրա՝ կոչ անելով այդ երկրին դադարեցնել կամ գոնե սառեցնել միջուկային ծրագիրը։ Իսրայելի պաշտոնատար անձինք փորձում են համոզել ինչպես ԱՄՆ-ին, այնպես էլ միջազգային հանրությանը, որ Իրանի միջուկային ծրագիրը սպառնալիք է ինչպես հրեական, այնպես էլ այլ պետությունների համար[18]։ 2015 թվականի հուլիսին ձեռնարկված «Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագիրը», որով նախատեսվում է դադարեցնել Իրանի դեմ սանկցիաները՝ ի հաշիվ նրա միջուկային ծրագրի միջազգային վերահսկողության, Իսրայելի նախագահ Նաթանյահուն անվանել է ոչ բավարար[69]։
Կարծիքներ են հայտնվել այն մասին, որ այս իրողությունների լույսի տակ Իսրայելը կարող է սկսել Իրանի դեմ նոր դաշնակիցների որոնումը մերձավորարևելյան շրջանում։ Այսպես, Իսրայելի արտաքին գործերի նախարարության գլխավոր տնօրեն Դորի Գոլդն ակնարկել է Թուրքիայի հետ հնարավոր մերձեցման ուղղությամբ քայլերի մասին, որի դերակատարման ուժեղացմամբ տարածաշրջանում Իրանը կհայտնվի վտանգի առաջ[70]։ Որպես իրանյան ազդեցության դեմ ուղղված համատեղ ճակատի ստեղծման քայլ դիտարկվում է Իսրայելի և Արաբական Միացյալ Էմիրությունների հարաբերությունների լիակատար կարգավորումը, որի մասին հայտարարվել է 2020 թվականի օգոստոսին (ընդ որում, ԱՄԷ-ում հերքում են այդպիսի նպատակադրումը[71])[72]:
Իսրայելի հատուկ ծառայությունների հետ են նաև կապվում իրանյան համակարգչային ցանցում Սթաքսնեթ վիրուսի ներդրումը, որը միառժամանակ պարալիզացրել էր իրանյան ցենտրիֆուգի աշխատանքը, և իրանցի միջուկային գիտնականների սպանությունների շարքը[73]։ Առնվազն հինգ գիտնական է սպանվել ավտոմեքենաներում տեղադրված ռումբերի պայթյուններից, սակայն այդ դեպքերից և ոչ մեկում հնարավոր չի եղել հայտնաբերել «իսրայելական հետքը»։ Ամեն դեպքում, համաշխարհային մամուլում ձևավորվել է համոզմունք, որ այդ սպանությունների հետևում կանգնած է Իսրայելը, իսկ Բարաք Օբամայի վարչակարգն ուժեղացրել է ճնշումը իսրայելական ղեկավարության նկատմամբ՝ նպատակ ունենալով դադարեցնել սպանությունները («Bulletin of the Atomic Scientists» հրատարակչությունում կարծիք է հայտնվել, որ այդ սպանություններից գոնե մի քանիսի հետևում կարող է կանգնած լինել Իրանի ղեկավարությունը՝ վախենալով միջուկագետ գիտնականների՝ Եվրոպա փախուստից[74])[75]:
Իրանական աղբյուրների համաձայն՝ Իսրայելի հատուկ ծառայությունները գործում են ընդդեմ այս երկրի իր հյուսիսային հարևան Ադրբեջանի տարածքից[57]։ 2012 թվականին NBC հեռուստատեսային ցանցը, հղում անելով ամերիկյան պետական ծառայողների, հայտնել է, որ իրանցի գիտնականների սպանությունն իրականացնում է ձախ արմատական «Իրանյան ժողովրդի մոջահեդների կազմակերպությունը», որի գրոհայիններին ֆինանսավորում ու պատրաստում են իսրայելցիները։ NBC-ի տվյալներով ամերիկյան ղեկավարությանը հայտնի է այս համագործակցության մասին, չնայած նա անմիջականորեն չի մասնակցում դրան[76]։ «Իրանյան ժողովրդի մոջահեդների կազմակերպության» ներկայացուցիչները հերքել են այս մեղադրանքը, մինչդեռ իսրայելական իշխանությունները հրաժարվել են այս հարցի պարզաբանումից[77]։ Իրանն ավանդաբար մեղադրում է Իսրայելին, ինչպես նաև ԱՄՆ-ին՝ կազմակերպությանը սատարելու համար, որը 1986 թվականից գործում է Իրաքի տարածքից։ Ընդհանուր առմամբ, պաշտոնական Իրանը համակարգված օգտագործում է սիոնիստական թշնամու կերպարը իր ընդդիմադիրներին վարկաբեկելու նպատակով։ Այսպես, 2009 թվականի, երբ Ահմադինեժադի սկանդալային ընտրությունից հետո ձևավորվեց ընդդիմադիր «Կանաչների շարժումը», իրանյան աղբյուրներում մեղադրանքներ են առաջ քաշվել Իսրայելի դեմ շարժումը ֆինանսավորելու ու սատարելու համար՝ չնայած ապացույցների բացակայությանը[78]։ Մինչ այդ, երբ 2006 թվականին ադրբեջանական ռասիստական մի հրատարակում իրենց կենտրոնական թերթում հանգեցրել է Իրանական Ադրբեջանի բնակիչների զանգվածային ցույցերի, նրանց կազմակերպության մեջ ևս տեսել են «Իսրայելի ձեռքը»[57]։ Ամերիկյան և իրանյան ԶԼՄ-ները նույնպես հաղորդում են Իսրայելի և ահաբեկչական մեկ այլ կազմակերպության՝ «Ջունդալա»-ի համագործակցության մասին։ Իրանական մամուլը կանոնավոր ձևով մեղադրում է Իսրայելին (ինչպես նաև ԱՄՆ-ին ու Մեծ Բրիտանիային) «Ջունդալա»-ին գաղտնի աջակցության համար, որը բացահայտ օժանդակություն է ստանում Պակիստանի կողմից[79], իսկ 2012 թվականին ամերիկյան Foreign Policy ամսագիրը հրատարակել է մի հոդված Մոսադի գործակալների ընտրության մասին դրանից հինգ տարի առաջ[80]։ Ահաբեկիչների ևս մեկ այլ խումբ, որի հետ համագործակցության մեջ Իրանի իշխանությունները կասկածում են ԱՄՆ-ին ու Իսրայելին, «Քրդստանի ազատ կյանք» կուսակցությունն է[78]։
Սիրիայի քաղաքացիական պատերազմի ընթացքում Իրանն ուժեղացրել է իր ազդեցությունն այդ երկրում ինչպես Հեզբոլլահի միջոցով, այնպես էլ ուղղակիորեն (հաղորդվում է Սիրիայի տարածքում իրանյան ռազմաբազաների գոյության մասին)[81]։ Սրա հետ կապված՝ Իսրայելը մտահոգություն է արտահայտել, որ պատերազմում Բաշշար ալ-Ասադին հակադիր ուժերի լիակատար պարտությունը կարող է հանգեցնել Գոլանի բարձունքների սահմանագծում Հեզբոլլահի կամ իրանյան ուղղակի զորքի տեղակայմանը[82]։ Այս կանխատեսումները սկսել են իրականանալ 2018 թվականին ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի պլանների ֆոնին, որ մտադիր էր խզել ԱՄՆ-ի մասնակցությունը Իրանի միջուկային զենքի վերահսկմանը և վերսկսել այս երկրի նկատմամբ տնտեսական նոր պատժամիջոցները։ Փետրվարին Իսրայելի վրա որսացել են ԱԹՍ, որն իսրայելական կողմի պնդմամբ իրանական է։ Դրան ի պատասխան՝ ավիահարված է հասցվել Սիրիայի տարածքում գտնվող օբյեկտների (իսրայելական ինքնաթիռներից մեկն այդ ընթացքում խոցվել է)։ Ապրիլին սիրիական օդանավակայաններից մեկի վրա իսրայելական գրոհի ժամանակ մահացել է յոթ իրանցի։ Մայիսին Գոլանի բարձունքի իսրայելական օբյեկտները ենթարկվել են Սիրիայի տարածքից հրթիռակոծման, որը Իսրայելի կարծիքով կազմակերպվել է Ղոդս ուժերի կողմից։ Ընդհանուր առմամբ, բաց է թողնվել Գրադ տեսակի 20 հրթիռ, որից 16-ը հասել են Իսրայելի տարածքին, իսկ մնացածը խոցվել են երկաթե գմբեթներով։ Իսրայելը պատասխանել է Սիրիայում իրանյան ենթակառուցվածքների վրա ավիահարձակումներով, որից տուժել են մոտ 50 ռազմական օբյեկտ և պահեստարան։ Այս հարվածներից մահացել է 20 մարդ[83][84]։
ԶԼՄ-ների և պաշտոնական մակարդակով առճակատման, ինչպես նաև Իսրայելի գոյաբանական վտանգի պատճառներով 2012 թվականին Facebook սոցկայքում մեկնարկել է «Իսրայելը սիրում է Իրանին» ծրագիրը, որի նախաձեռնողներն էին իսրայելցիներ Ռոնի Էդրին ու Միխալ Թամիրը։ Ծրագիրը, որի մասնակիցները իրանցիներին հավատացնում են, որ իսրայելցիները խաղաղասեր են, հասարակական աջակցություն է ստացել, իսկ հակառակ կողմից սկսվել է նույնանման ծրագիր՝ «Իրանը սիրում է Իսրայելին»[85]։ Իրանում 2014 թվականին ծավալվել է Էդրիին և Թամիրին Խաղաղության Նոբելյան մրցանակի ներկայացնելու արշավը[86]։
Իսրայելի ձախ ճամբարի քաղաքական գործիչները, մասնավորապես նախկին արտգործնախարար Շլոմո Բեն Ամին, կոչ են արել մտածել ոչ թե այն մասին, թե ինչպես կանխել Իրանի միջուկային ծրագիրը, այլ Իրանին տարածաշրջանի ապահովության մեջ ընդգրկելու մասին[11]։ Իրանական ծագմամբ շատ իսրայելցիներ, որոնք Իսրայել էին արտագաղթել տնտեսական նկատառումներով, շարունակում են համակրանքով վերաբերվել իրանց ծագման երկրին, չնայած նրանց մեջ կան նաև Իրանի նկատմամբ վատ տրամադրված քաղաքական գործիչներ։ Վերջիններից են Իսրայելի պաշտպանության նախկին նախարար Շաուլ Մոֆազը և Իսրայելի պաշտպանության բանակի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Դան Խալուցը, սակայն այն հարցը, թե Իսրայելը ինչքան հեռու կգնա իրանյան միջուկային ծրագիրը կասեցնելու գործում, պարզորոշ չէ[87]։ Իրանական կողմից նույնպես լսվում են առանձին ձայներ, որոնք Իսրայելին հարգանքով են վերաբերվում՝ կասկածի տակ դնելով նրա վերացման անհրաժեշտությունը, որը պաշտոնական հայեցակարգի մի մասն է դարձել 1979 թվականի Իրանի իսլամական հեղափոխությունից հետո։ Այս տեսակետները հիմնականում հնչեցվում են Իրանի ակադեմիական շրջանակներում (օրինակ՝ Թեհրանի համալսարանի պրոֆեսորներ Ֆարհանգ Ռազաիին և Ահմադ Նակիբզադեն), սակայն ազգային մակարդակի գործիչները նման տեսակետ դեռևս չեն հնչեցնում[88]։ 2012 թվականին անցկացված հարցման համաձայն, որ կազմակերպել էր Հերցլիահի Միջկանոնադրական կենտրոնը Իրանի բնակիչների շրջանում, ցույց է տվել, որ իրանցիների 40 %-ը պատրաստ է շարունակելու խաղաղ բանակցություններն Իսրայելի հետ, եթե դրան կնախորդի Իսրայելի և Պաղեստինի միջև խաղաղության հաստատումը և Իսրայելի հեռացումը բռնազավթված տարածքներից[89]։
Հակամարտության հիմնական թեմաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնատար մարդկանց ելույթներում և ԶԼՄ-ների հրապարակումներում երկու երկրներն էլ մշտապես շոշափում են հարցերի նույն շրջանակը, որոնց շուրջ ձևավորվել են փոխադարձ թշնամական դիրքորոշումները։ Իրանական կողմից մեղադրանքներ են հնչում Իսրայելի՝ որպես պետության ոչ լեգալ լինելը, որի իրավունքը, իրանական պաշտոնական կողմի համաձայն, հրեաները չեն ունեցել, քանի որ նրանք ժողովուրդ չեն համարվում, այլ կրոնադավանական միավոր։ Իրանյան կողմը մերժում է հերքումն այն մասին, որ Պաղեստինը հրեաների հայրենիքն է (այս գաղափարն ընկած է սիոնիզմի հիմքում)։ Վարկածներից մեկի համաձայն՝ ժամանակակից հրեաները, ի տարբերություն արաբների, չեն համարվում Աբրահամի ժառանգները, իսկ մեկ այլ վարկածի համաձայն՝ նրանք Ավետյաց երկրում ապրել են միայն Դավիթի ու Սողոմոնի ժամանակաշրջանում, մինչդեռ արաբների ներկայությունը այս տարածքում չի ընդհատվել ավելի քան 2.500 տարի[90]։ Իսրայելի ստեղծումը կարող է դիտարկվել որպես Արևմուտքի իմպերիալիստական վերաբերմունքի դրսևորում Արևելքի նկատմամբ կամ Խաչակրաց արշավանքների քաղաքականության շարունակություն կամ էլ Հոլոքոստի նենգափոխում[1]։
Իրանի պաշտոնատար անձինք և մամուլը Իսրայելի դեմ մշտապես մուսուլմանական սրբավայրերը ոչնչացնելու մեղադրանքներ են ներկայացնում։ Իրանը երկար ժամանակ մեղադրում էր սիոնիստներին 1969 թվականին Ալ-Ակսա մզկիթի հրդեհի համար (իրականում մզկիթը հրկիզել էր ավստրալիացի մի քրիստոնյա՝ Մայքլ Դենիս Ռոգանը, որ դատարանի կողմից ճանաչվել էր հոգեկան հիվանդ[91]): Երբ 1996 թվականի սեպտեմբերին զբոսաշրջիկների համար բացվել էր Տաճարի լեռան հիմքի մոտ տանող թունելը, ինչը զանգվածային անկարգությունների պատճառ է դարձել պաղեստինցիների շրջանում, Իրանի արտգործնախարարության խոսնակը թունելն անվանել է «մուսուլմանական սրբավայրերի պղծում» և «Երուսաղեմում իսլամի համար կարևոր տեղերի ավերման նախաբան»։ Համանման մեղադրանքներ են հնչել խորհրդարանի պատգամավոր Էբրահիմ Բայսալամիի և արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթիի կողմից. վերջինս այն հնչեցրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում[92]։ Իրանի ղեկավարությունը և մամուլը Իսրայելին նաև մեղադրում են այն բանի համար, որ ԱՄՆ-ը հակաիրանյան կոշտ քաղաքականություն է վարում, այդ թվում՝ միջուկային ծրագրի առումով, հենց Իսրայելի և հրեական լոբբիի ազդեցությամբ (ժամանակին հրեական ազդեցության մասին նման կարծիք էր հայտնում և Փահլավի Ռեզան)[93][94]։ Իրանի մամուլում ավանդական են դարձել նաև հրեաների կողմից ամբողջ աշխարհի ստվերային կառավարման թեման[1]։ Մասնավորապես, հրեական դավադրության տեսությամբ է բացատրվում մարքսիզմի առաջացումը, Սալման Ռուշդիի «Սատանայական բանաստեղծություններ» գրքի հրատարակումը և Հոլոքոստի մասին հոլիվուդյան ֆիլմերի թողարկումը[95]։
Իսրայելի աղբյուրները, իրենց հերթին, խոսում են իրանական նվաճողականության, ահաբեկչական կազմակերպություններին աջակցելու և միջուկային ծրագիր նախաձեռնելու մասին։ Հաշտեցման ցանկացած դրսևորում իրանյան իշխանությունների կողմից մնում են անտեսված կամ դիտարկվում են որպես տակտիկայի զգոնությունը բթացնելու փորձ[96]։ Բացի Իրանի կողմից միջուկային զենքի անմիջական վտանգից՝ Իսրայելում նաև զգուշանում են, որ այն կհանգեցնի նման զենքի արագ ու անվերահսկելի տարածմանը Իսրայելին թշնամաբար տրամադրված մերձավորարևելյան շրջանում։ Իսրայելի հասարակության մեջ թշնամանքի համար առանձին առիթ է Իրանի Իսլամական Հանրապետության ղեկավարության կողմից Հոլոքստի ժխտման կուրսը։ Այսպես, Իրանի նոր նախագահ Հասան Ռոհանին վճռականորեն դատապարտել է մարդկության դեմ նացիստական ցանկացած դրսևորում, լինի դա հրեաների թե մեկ այլ ազգի նկատմամբ[18]։ CNN-ին տված հարցազրույցում, սակայն, Իրանի տեղեկատվական գործակալությունը հայտարարել է, որ CNN-ը անգլերեն սխալ է թարգմանել Իրանի նախագահի տեքստը[97]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 Иран՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ Эсфирь՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
- ↑ 3,0 3,1 3,2 Կաղապար:Из
- ↑ 4,0 4,1 Կաղապար:Из
- ↑ 5,0 5,1 Կաղապար:Из
- ↑ 6,0 6,1 Կաղապար:Из
- ↑ Laurence D. Loeb. The Jewish Musician and the Music of Fars // Asian Music. — 1972. — Vol. 4. — № 1. — P. 3-14.
- ↑ 8,0 8,1 Կաղապար:Из
- ↑ 9,0 9,1 Stanley A. Weiss. (2006 թ․ հուլիսի 10). «Israel and Iran: The bonds that tie Persians and Jews - Editorials & Commentary - International Herald Tribune». The New York Times. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ 10,0 10,1 Леся Боброва. (19 января 2012). «Иранский Шиндлер, или Парижский детектив». Booknik.ru. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
- ↑ 11,00 11,01 11,02 11,03 11,04 11,05 11,06 11,07 11,08 11,09 11,10 11,11 11,12 11,13 11,14 11,15 11,16 11,17 11,18 Կաղապար:Из
- ↑ 12,0 12,1 Mansour Farhang. The Iran-Israel Connection // Arab Studies Quarterly. — 1989. — Vol. 11. — № 1. — P. 85—98.
- ↑ 13,0 13,1 13,2 Raphael Ahren. (2013 թ․ նոյեմբերի 1). «Did Israel, under the shah, help start Iran's nuclear program?». The Times of Israel. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ 14,0 14,1 14,2 14,3 Uri Bar-Joseph. Forecasting a Hurricane: Israeli and American Estimations of the Khomeini Revolution // Journal of Strategic Studies. — 2013. — Vol. 36. — № 5. — P. 718—742. —
- ↑ Neta Feniger & Rachel Kallus. Building a 'new Middle East': Israeli architects in Iran in the 1970s // The Journal of Architecture. — 2013. — Vol. 18. — № 3. — P. 381—401. —
- ↑ 16,0 16,1 16,2 16,3 В. И. Месамед. (3 ноября 2007). «Ирано-израильские отношения: от партнерства к конфронтации». Институт Ближнего Востока. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Parsi, 2007, էջ 24
- ↑ 18,0 18,1 18,2 18,3 Звягельская И. Д., Морозов В. М. Израиль-Иран: Балансирование на грани? // Вестник МГИМО университета. — 2010. — В. 5. — С. 182—187.
- ↑ Parsi, 2007, էջ 23
- ↑ Uri Bialer. Fuel bridge across the Middle East — Israel, Iran, and the Eilat-Ashkelon oil pipeline // Israel Studies. — 2007. — Vol. 12. — № 3. — P. 29—67. —
- ↑ 21,0 21,1 21,2 Trita Parsi. Israel and the Origins of Iran's Arab Option: Dissection of a Strategy Misunderstood // Middle East Journal. — 2006. — Vol. 60. — № 3. — P. 493—512.
- ↑ Rachelle Marshall. The Kurds' Suffering is Rooted in Past Betrayals // Washington Report on Middle East Affairs. — May/June 1991. — P. 8.
Сергей Минасян. Израильско-курдские отношения в контексте политических процессов на Ближнем и Среднем Востоке // 21-й век. — 2007. — № 2. — С. 88—108. - ↑ «Country profiles: Iran». Nuclear Threat Initiative. 2014 թ․ հուլիս. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ հուլիսի 28-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Kenneth R. Timmerman. (2000 թ․ սեպտեմբերի 26). «Secret spy deal: U.S., Iran, Israel». WorldNetDaily. Վերցված է 2015 թ․ մարտի 3-ին.
- ↑ Menashri, 2001, էջ 261
- ↑ Parsi, 2007, էջեր 26, 32
- ↑ Menashri, 2001, էջ 269
- ↑ Parsi, 2007, էջեր 36-37
- ↑ Parsi, 2007, էջեր 31, 59
- ↑ Parsi, 2007, էջ 119
- ↑ Parsi, 2007, էջ 95
- ↑ Thomas Latschan. (17 February, 2014). «Iran und Israel: The best of enemies». Deutsche Welle. Վերցված է 2014 թ․ դեկտեմբերի 15-ին.
- ↑ Kaye, Nader & Roshan, 2011, էջ 14
- ↑ Կաղապար:Из
- ↑ Menashri, 2001, էջեր 283—284
- ↑ Menashri, 2001, էջ 285
- ↑ Parsi, 2007, էջեր 2—3
- ↑ 38,0 38,1 Menashri, 2001, էջ 295
- ↑ Parsi, 2007, էջ 185
- ↑ Alexei Barrionuevo. (2009 թ․ հուլիսի 17). «Inquiry on 1994 Blast at Argentina Jewish Center Gets New Life». The New York Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
- ↑ Gary C. Gambill. Sponsoring Terrorism: Syria and Hamas // Middle East Intelligence Bulletin. — 2002. — Vol. 4. — № 10. Архивировано из первоисточника 5 Դեկտեմբերի 2019.
- ↑ Trita Parsi. Israeli-Iranian relation assessed: Strategic competition from the power cycle perspective // Iran in the 21st Century: Politics, Economics & Conflict / Homa Katouzian, Hossein Shahidi (Eds.). — Routledge, 2008. — P. 136—157. — ISBN 0-203-93977-8
- ↑ Barbara Slavin. Bitter Friends, Bosom Enemies: Iran, the U.S., and the Twisted Path to Confrontation. — New York, NY: St. Martin's Press, 2007. — P. 33—34. — ISBN 0-312-36825-9
- ↑ 44,0 44,1 44,2 W. Andrew Terrill. Deterrence in the Israeli-Iranian strategic standoff // Parameters. — 2009. — Vol. 39. — № 1. — P. 81—94.(չաշխատող հղում)
- ↑ Joshua Teitelbaum. What Iranian Leaders Really Say About Doing Away With Israel. — Jerusalem Center for Public Affairs, 2008. — P. 15. — ISBN 978-965-218-065-0
- ↑ Parsi, 2007, էջ 8
- ↑ «Israel gripped by swirl surrounding treason trial». CNN. 1998 թ․ հուլիսի 16. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Steve Rodan. (1998 թ․ հուլիսի 17). «Manbar wasn't alone». The Jerusalem Post. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Gareth Porter. (2006 թ․ մայիսի 26). «Iran offered 'to make peace with Israel'». Asia Times. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ սեպտեմբերի 22-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 14-ին.
- ↑ Graeme A. M. Davies. Coercive Diplomacy Meets Diversionary Incentives: The Impact of US and Iranian Domestic Politics during the Bush and Obama Presidencies // Foreign Policy Analysis. — 2012. — Vol. 8. — № 3. — P. 313—331. — Архивировано из первоисточника 7 Մարտի 2016.
- ↑ Kaye, Nader & Roshan, 2011, էջ 23
- ↑ Вячеслав Юрин. (11 декабря 2006). «В Иране пересматривают Холокост». Deutsche Welle. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
В. И. Месамед. (3 июля 2012). «Правда о Холокосте на персидском языке». Институт Ближнего Востока. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին. - ↑ Василий Сергеев. (27 октября 2005). «Президент Ирана стер Израиль». Газета.Ru. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
«Ахмадинежад: «Израиль — режим, основанный на зле»». Regnum. 11 мая 2006. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին.
«Махмуд Ахмадинежад: «Израиль скоро прекратит своe существование»». Первый канал. 3 июня 2008. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 12-ին. - ↑ «Iranian leader denies Holocaust». BBC. 2005 թ․ դեկտեմբերի 14. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ Parsi, 2007, էջ 9
- ↑ Matthias Küntzel. (2007 թ․ փետրվարի 19). «Iran's Obsession with the Jews». The Weekly Standard. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ սեպտեմբերի 19-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 4-ին.
- ↑ 57,0 57,1 57,2 Emil Souleimanov, Maya Ehrmann & Huseyn Aliyev. Focused on Iran? Exploring the rationale behind the strategic relationship between Azerbaijan and Israel // Southeast European and Black Sea Studies. — 2014. — Vol. 14. — № 4. — P. 471—488. —
- ↑ Jason Burke. (2012 թ․ հունիսի 17). «Iran was behind bomb plot against Israeli diplomats, investigators find». The Guardian. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ «Poll: 77 Percent of Israelis See Iran Nukes as Existential Threat». Jerusalem Centre for Public Affairs. 2012 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 5-ին.
- ↑ Nadav Morag. The strategic impact of an Iranian nuclear weapons capability on Israel // Nuclear Threats and Security Challenges / Samuel Apikyan, David Diamond (Eds.). — Springer, 2015. — P. 135—145. — ISBN 978-94-017-9894-5.
- ↑ Маркус Беккер. (16 февраля 2012). «Иранская атомная программа: расчеты Израиля по поводу войны». InoPressa (по материалам Der Spiegel). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
Джордж Фридман. (12 сентября 2012). «Война и блеф: Иран, Израиль и США». inoСМИ.Ru (по материалам Stratfor). Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին. - ↑ «Iran, Russia Reach Agreement on Delivery of S-300 Missile Systems». Military.com. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
Ariel Ben Solomon (2015 թ․ օգոստոսի 27). «Report: Russia-Iran disagreement holding up S-300 deal». The Jerusalem Post. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին. - ↑ Raas, W., and Long, A. Osirak redux? Assessing Israeli capabilities to destroy Iranian nuclear facilities // International Security. — 2007. — Vol. 31, № 4. — P. 7—33. Արխիվացված 2012-07-06 Wayback Machine
- ↑ Kaye, Nader & Roshan, 2011, էջ 42
- ↑ Marianne Lavelle. (2012 թ․ փետրվարի 6). «Iran's Undisputed Weapon: Power to Block the Strait of Hormuz». National Geographic. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
«Iran Says Will Hit Hormuz, U.S. Bases, Israel If Attacked». Defense News. 2012 թ․ սեպտեմբերի 16. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 13-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
«Иран угрожает ответить на агрессию Израиля третьей мировой войной». Росбалт. 13 апреля 2013. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին. - ↑ «Обама угрожал сбивать израильские самолеты в случае атаки на Иран». Cursorinfo.co.il. 28 февраля 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
«Обама заявил, что готов сбивать израильские истребители». Правда.ru. 3 марта 2015. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
Philip Bump. (2015 թ․ մարտի 2). «How a rumor about shooting down Israeli jets caught fire in conservative media». The Washington Post. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին. - ↑ Jeffrey Scott Shapiro. (2015 թ․ մարտի 1). «Administration denies Obama threatened to shoot down Israeli warplanes». The Washington Times. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
- ↑ Adam Entous, Julian E. Barnes and Jay Solomon. (2012 թ․ հունվարի 14). «U.S. Warns Israel on Strike». The Wall Street Journal. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
Nahum Barnea and Shimon Shiffer. (2012 թ․ օգոստոսի 13). «Israel's Top Brass Torn Over Possible Iran Attack». Al-Monitor. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին. - ↑ Louise Ireland. (2015 թ․ օգոստոսի 4). «Israel's Netanyahu asks U.S. Jews to oppose Iran nuclear deal». Reuters. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ Андрей Исаев. (31 июля 2015). «Иран «возвращается»». Международная жизнь. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 29-ին.
- ↑ «UAE says agreement with Israel is 'not directed at Iran'». Al Jazeera (անգլերեն). 2020 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Farnaz Fassihi and David D. Kirkpatrick (2020 թ․ օգոստոսի 16). «The Israel-U.A.E. Deal and the Beirut Blast Both Box in Iran». The New York Times (անգլերեն). Վերցված է 2020 թ․ օգոստոսի 18-ին.
- ↑ Дмитрий Целиков. (17 января 2011). «За червём Stuxnet и впрямь стояли израильские спецслужбы». Компьюлента. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 24-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 25-ին.
- ↑ Siegfried S. Hecker, Abbas Milani. Ending the assassination and oppression of Iranian nuclear scientists // Bulletin of the Atomic Scientists. — 2015. — Vol. 71, № 1. — P. 46—52.(չաշխատող հղում)
- ↑ Julian Borger. (2012 թ․ հուլիսի 11). «New book claims Mossad assassination unit killed Iranian nuclear scientists». The Guardian. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
Dan Raviv. (2014 թ․ մարտի 1). «U.S. pushing Israel to stop assassinating Iranian nuclear scientists». CBS News. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին. - ↑ Richard Engel and Robert Windrem. (2012 թ․ փետրվարի 9). «Israel teams with terror group to kill Iran's nuclear scientists, U.S. officials tell NBC News». NBC News. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ «Mossad training terrorists to kill Iran's nuclear scientists, U.S. officials claim... but is Israel's real target Obama?». Daily Mail. 2012 թ․ փետրվարի 10. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ 78,0 78,1 Kaye, Nader & Roshan, 2011, էջեր 61—62
- ↑ Richard Spencer, Andrew Osborn and Bruno Waterfield. (2010 թ․ փետրվարի 23). «Iran arrests most wanted man after police board civilian flight». The Telegraph. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
William Young and Robert F. Worth. (2010 թ․ հուլիսի 16). «Toll Rises From Twin Suicide Bombings at Iranian Mosque». The New York Times. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին. - ↑ Barak Ravid. (2012 թ․ հունվարի 13). «'Israeli Mossad agents posed as CIA spies to recruit terrorists to fight against Iran'». Ha'Aretz. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 13-ին.
- ↑ Tom O'Connor. (2017 թ․ հուլիսի 18). «U.S., Russia and Iran battle to build bases in Syria as ISIS falls». Newsweek. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Shmuel Rosner (2017 թ․ հուլիսի 19). «Why Israel Can't Support a Cease-Fire in Syria». The New York Times. Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Raf Sanchez. (2018 թ․ մայիսի 11). «Israel strikes back against Syrian targets and threatens 'storm' on Iran after Golan Heights attack». The Telegraph. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Иван Жуковский. (2018 թ․ մայիսի 10). ««Самая масштабная атака Израиля с 1974 года»». Газета.Ru. Վերցված է 2018 թ․ մայիսի 11-ին.
- ↑ Oded Yaron. (2012 թ․ մարտի 19). «Iranians respond to Israeli Facebook initiative: Israel, we love you too». Ha'Aretz. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
- ↑ Dudi Cohen. (2012 թ․ մայիսի 6). «'Couple behind Israel Loves Iran campaign deserves Nobel'». Ynet. Վերցված է 2015 թ․ մարտի 23-ին.
- ↑ Parsi, 2007, էջեր 8—10
- ↑ Menashri, 2001, էջեր 288—292
- ↑ Raz Zimmt. Iranians against the "Other": Iranian identity in the social media era // Identities in Crisis in Iran: Politics, Culture, and Religion / Ronen A. Cohen (Ed.). — Lanham, MD : Lexington Books, 2015. — P. 131—151.
- ↑ Menashri, 2001, էջ 265—267
- ↑ Alan Balfour. The Burning of Al-Aqsa Mosque // Solomon's Temple: Myth, Conflict, and Faith. — Wiley-Blackwell, 2012. — ISBN 9781118275108
- ↑ Menashri, 2001, էջ 268
- ↑ Kaye, Nader & Roshan, 2011, էջեր 59—60
- ↑ Parsi, 2007, էջ 32
- ↑ Menashri, 2001, էջեր 277—278
- ↑ Parsi, 2007, էջ 282
- ↑ Iranian press accuses CNN of 'fabricating' Rouhani Holocaust remarks //Jerusalem Post 09/26/2013 17:35
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Иран՝ հոդվածը Հրեական էլեկտրոնային հանրագիտարանում
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Dalia Dassa Kaye, Alireza Nader and Parisa Roshan. Israel and Iran: A Dangerous Rivalry. — National Defence Research Institute, 2011. — P. 14. — ISBN 978-0-8330-5860-7
- David Menashri. Israel: 'The Enemy of Iran and Islam' // Post-revolutionary Politics in Iran: Religion, Society, and Power. — Frank Cass Publishers, 2001. — P. 261-304. — ISBN 0-7146-8121-0
- Trita Parsi. Treacherous alliance: The secret dealings of Israel, Iran, and the United States. — Yale University, 2007. — ISBN 978-0-300-12057-8
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսրայելա-իրանյան հարաբերություններ» հոդվածին։ |
|