Jump to content

Իսպանիայի կաթոլիկ միապետներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կաթոլիկ միապետներ
Կաստիլիայի թագուհի Իզաբելլա I-ի և Արագոնի թագավոր Ֆերդինանդ II-ի տիտղոս Խմբագրել Wikidata
զինանշան Խմբագրել Wikidata
ամուսնական զույգ, զույգ Խմբագրել Wikidata
Նշանաբանի նկարագիրըTanto monta Խմբագրել Wikidata
ԵրկիրԿաստիլիա և Լեոն, Արագոնյան թագ Խմբագրել Wikidata
Նշանակալից իրադարձությունdynastic union of Aragon and Castile, Royal Wedding of Isabella of Castile and Ferdinand of Aragon Խմբագրել Wikidata
ՊարգևներRex Catholicismus Խմբագրել Wikidata
Զինանշանի նկարագրումcoat of arms of the Catholic Monarchs Խմբագրել Wikidata
Կազմված էԻզաբելա I, Ֆերդինանդ II Արագոնացի Խմբագրել Wikidata
 Իսպանիայի պատմություն

Վաղ պատմություն
Նախապատմական Իբերիա * Կարթագենական Իսպանիա (մ.թ.ա. 575–206)
Հռոմեական Հիսպանիա (մ.թ.ա. 218–մ.թ. 472)
Միջնադարյան Իսպանիա
Վեստգոթական թագավորություն (418–721)
Աստուրիայի թագավորություն
թագավորություն
Բյուզանդական Իսպանիա (552–624) * Մուսուլմանական նվաճում (711–716)
Ալ-Անդալուս (711–1492)
Ռեկոնկիստա (711–1492) * Իսպանիդադ
Իսպանիայի թագավորություն
Իսպանիայի կաթոլիկ միապետներ (1479–1516) * Գրանադայի պատերազմ (1482–1492) * Կոնկիստա (1492–1898) * Հաբսբուրգներ (1516–1700) * Ոսկեդար (1556–1659) * Իսպանական ժառանգության համար պատերազմ (1701–1714) * Նուևա Պլանտա հրամանագրեր (1707–1716) * Իսպանա-ամերիկյան պատերազմ (1898) * Ռիֆի պատերազմ (–1927)
Լուսավորության ժամանակաշրջան
Հանրապետություն
Հավազդում և Հեղափոխություն
Առաջին Հանրապետություն
Վերածնունդ
Երկրորդ Հանրապետություն * Հեղափոխություն և աստուրիական հանքագործների գործադուլ (1934)
Ֆրանցիսկո Ֆրանկո․ Ֆրանկիստական Իսպանիա
Քաղաքացիական պատերազմ (1936–1939) * Իսպանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ (1939–1945) * Կապույտ դիվիզիա (1941–1944)
Իսպանական պետականություն
Ժամանակակից Իսպանիա
Անցում դեմի ժողովրդավարություն (1975–1978) * Իսպանիայի Սահմանադրություն (1978) * Հեղաշրջման փորձ, 1981 * Ֆինանսատնտեսական ճգնաժամ (2008-2015) * Բարսելոնայի ահաբեկչություն (2017) * Կատալոնիայի անկախության հռչակագիր (2017)
Թեմաներ
Իսպանական մշակույթ * Կրոնն Իսպանիայում
Տնտեսական պատմություն
Ռազմական պատմություն

Իսպանիայի պորտալ

Իսպանիայի կաթոլիկ միապետներ (իսպ.՝ Los Reyes Católicos)[Ն 1][Ն 2], Կաստիլիայի թագուհի Իզաբելա I (կառավարում՝ 1474-1504)[1] և Արագոնի թագավոր Ֆերդինանդ II (կառավարում՝ 1479-1516), որոնց ամուսնությունը և համատեղ կառավարումը նշանավորել են Իսպանիայի փաստացի միավորումը[2]։

Երկու միապետերն էլ սերել են Տրաստամարա թագավորական տնից․ լինելով Կաստիլիայի թագավոր Խուան I-ի թոռները՝ երկուսն էլ երկրորդ կարգի զարմիկներ են եղել (հորեղբոր որդիների երեխաներ)։ Կանոնական իրավունքով արգելված այս արյունակցական կապի պատճառով նրանց ամուսնության խոչընդոտը վերացնելու համար Սիքստոս IV պապը հատուկ կոնդակ՝ պապական թույլտվություն է շնորհել։ Նրանք ամուսնացել են 1469 թվականի հոկտեմբերի 19-ին Վալյադոլիդ քաղաքում․ այդ ժամանակ Իզաբելան 18 տարեկան էր, իսկ Ֆերդինանդը՝ մեկ տարով փոքր։ Պատմաբան Պրեսկոտն այս համատեղ գահակալությունն անվանել է «Իսպանիայի տարեգրքերի ամենափառահեղ դարաշրջանը»[3]:

Այս կաթոլիկ միապետերի իշխանության շրջանում Իսպանիան ձևավորվել է որպես երկու գահերի դինաստիական միություն, այլ ոչ թե ունիտար պետություն, քանի որ Կաստիլիան և Արագոնը մնացել են առանձին թագավորություններ ընդհուպ մինչև 1707-1716 թվականների Նոր Պլանտայի հրամանագրեր ընդունելը։ Ֆերդինանդի և Իզաբելայի արքունիքն անընդհատ տեղաշարժվել է երկրի տարածքով՝ տեղական ֆեոդալների աջակցությունը թագի նկատմամբ ամրապնդելու համար։

«Ռեյես Կաթոլիկոս» (իսպ.՝ Reyes Católicos) տիտղոսը, որը սովորաբար թարգմանվում է որպես «Կաթոլիկ միապետներ» (կամ «Կաթոլիկ թագավոր և թագուհի»), 1494 թվականին նրանց պաշտոնապես շնորհել է Հռոմի պապ Ալեքսանդր VI-ը[4]՝ ի նշան իրենց թագավորություններում կաթոլիկ հավատքի պաշտպանության։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆերդինանդը և Իզաբելան իրենց հպատակների հետ

1469 թվականի հոկտեմբերի 19-ին՝ իրենց ամուսնության պահին տասնութ տարեկան Իզաբելան Կաստիլիայի թագի ենթադրյալ ժառանգորդն է եղել, իսկ տասնյոթամյա Ֆերդինանդը՝ Արագոնի թագի ենթադրյալ ժառանգորդը։ Նրանք առաջին անգամ հանդիպել են Վալյադոլիդում 1469 թվականին և ամուսնացել մեկ շաբաթվա անց։ Ի սկզբանե նրանք ջերմ հարաբերություններ են ունեցել և սերտորեն համագործակցել են միմյանց հետ։ Երկուսն էլ հստակ գիտակցել են, որ Կաստիլիայի գահը նրանց միասնական խաղի գլխավոր «մրցանակն է»[Ն 3]։ Այսպիսով, նրանց միությունը վճռորոշ քայլ է դարձել Պիրենեյան թերակղզու հողերի միավորման ճանապարհին, ինչն էլ, ի վերջո, հանգեցրել է Իսպանիայի ստեղծմանը։

Որպես հորեղբոր որդիների երեխաներ (երկրորդ կարգի զարմիկներ), նրանց արգելված էր ամուսնանալ։ Ամուսնության համար անհրաժեշտ էր Հռոմի պապի թույլտվությունը։ Սակայն Պողոս II պապը, իտալացի պապ, որը դեմ էր Միջերկրական ծովում Արագոնի ազդեցության ուժեղացմանը և Հռոմին մարտահրավեր նետող հզոր միապետությունների ձևավորմանը, հրաժարվել է տրամադրել այն[5]։ Արդյունքում, այդ ամուսնության կողմնակիցները կեղծել են պապական կոնդակը (բուլլան)։ Թեև փաստաթղթի կեղծ լինելն ապացուցված է, դրա իրական հեղինակի անունը դեռևս վիճելի է. աղբյուրների մի մասը մատնանշում է Տոլեդոյի արքեպիսկոպոս Ալֆոնսո Կարիլյո դե Ակունյային, իսկ որոշ գիտնականներ՝ Անտոնիո Վեներիսին[6][7]։

Ամուսնացած Իզաբելայի դիրքերը Կաստիլիայում խոցելի են եղել, քանի որ Ֆերդինանդի հետ ամուսնությունը զայրացրել էր նրա հորական կողմով խորթ եղբորը՝ Կաստիլիայի թագավոր Հենրի (Էնրիկե) IV-ին։ Վերջինս հրաժարվել է Իզաբելային ճանաչել որպես գահի օրինական ժառանգորդ, թեև այդ կարգավիճակն ավելի վաղ ամրագրվել էր «Գիզանդոյի ցուլերի» պայմանագրով[Ն 4]։ Հենրին փոխարենը ժառանգորդ է հռչակել իր դուստր Խուանային (կոչված՝ լա Բելտրանեխա)։ Վերջինս ծնվել էր Պորտուգալիայի արքայադուստր Խուանայի հետ ամուսնությունից, սակայն նրա հայրությունը կասկածի տակ էր, քանի որ լուրեր էին շրջանառվում թագավորի անպտղության (իմպոտենցիայի) մասին։ 1474 թվականին՝ Հենրի IV-ի մահից հետո, Իզաբելան հայտարարել է գահի նկատմամբ իր իրավունքների մասին, ինչը վիճարկել է 13-ամյա Խուանան։ Խուանան օգնության խնդրանքով դիմել է իր ամուսնուն (որը նաև իր հորեղբայրն էր)՝ Պորտուգալիայի թագավոր Աֆոնսու V-ին։ Գահի երկու հավակնորդների միջև այս հակամարտությունը հանգեցրել է 1475-1479 թվականներին Կաստիլյան ժառանգության պատերազմին։ Իզաբելան աջակցություն է խնդրել Արագոնից, որտեղ նրան սատարել են ամուսինը՝ գահաժառանգ Ֆերդինանդը, և սկեսրայրը՝ Արագոնի թագավոր Խուան II-ը։ Թեև Արագոնն օգնել է Իզաբելային և ճանաչել նրան որպես Կաստիլիայի միակ թագուհի[8], արագոնյան կողմը զգալի քաղաքական զիջումներ է կորզել։ 1479 թվականի հունվարին Խուան II-ը մահացել է, և նույն թվականի հունվարին Ֆերդինանդը բազմել է Արագոնի գահին։

1479 թվականի սեպտեմբերին Պորտուգալիան և Արագոնի ու Կաստիլիայի կաթոլիկ միապետները Ալկասովասի պայմանագրով կարգավորել են իրենց միջև եղած առանցքային տարաձայնությունները, այդ թվում՝ Կաստիլիայի գահի նկատմամբ Իզաբելայի իրավունքների հարցը։ Սերտ համագործակցության շնորհիվ թագավորական զույգին հաջողվել է ամրապնդել քաղաքական իշխանությունը Պիրենեյան թերակղզում։ Ֆերդինանդի հայրը զույգին խորհուրդ է տվել նշել, որ «ոչ մեկը հզոր չէ առանց մյուսի»[9]։ Թեև նրանց ամուսնությունը միավորել է երկու թագավորությունները՝ հանգեցնելով ժամանակակից Իսպանիայի ստեղծմանը, նրանք կառավարել են անկախ, և նրանց պետությունները հաջորդ երկու դարերի ընթացքում պահպանել են իրենց սեփական տարածաշրջանային օրենքների և կառավարման համակարգը[Ն 5]։

Թագավորական կարգախոս և խորհրդանիշներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կաթոլիկ միապետների զինանշանը նախագծել է Անտոնիո դե Նեբրիխան՝ տարրերով, որոնք ցույց են տալիս նրանց համագործակցությունը և համատեղ աշխատանքը[10]։ Նրանց ընդհանուր թագավորական կարգախոսը՝ Tanto monta («մեկը նույնքան, որքան մյուսը»), սկսել է նշանակել նրանց համագործակցությունը[11]։ «Սկզբում այս կարգախոսը Ֆերդինանդն օգտագործել է որպես Գորդյան հանգույցի ակնարկ՝ Tanto monta, monta tanto, cortar como desatar («Նույնն է, կտրելը կամ արձակելը»), բայց հետագայում այն ընդունվել է որպես միապետների հավասարության արտահայտություն՝ Tanto monta, monta tanto, Isabel como Fernando («Նույնն է, Իզաբելան նույնն է, ինչ Ֆերդինանդը»)[12]։

Նրանց խորհրդանիշները կամ հերալդիկ նշանները՝ լուծ (yugo ) և նետերի խուրձ (haz de flechas ), զինանշանի ներքևի մասում են։ Y-ն ու F-ն Իսաբելի (այդ ժամանակվա ուղղագրությունը) և Ֆեռնանդոյի անվան սկզբնատառերն են։ Եզների խումբը կրում է կրկնակի լուծ՝ ընդգծելով զույգի համագործակցությունը։ Իզաբելայի նետերի խորհրդանիշը ցույց էր տալիս թագի զինված ուժը՝ «զգուշացում կաստիլացիներին, ովքեր չեն ճանաչում թագավորական իշխանության ազդեցությունը կամ թագավորական այդ մեծագույն գործառույթը՝ արդարադատությունը բռնության ուժով իրականացնելու իրենց իրավունքը»[11]: Թագավորական զինանշանի պատկերագրությունը լայնորեն վերարտադրվել է և հայտնաբերվել է արվեստի տարբեր ստեղծագործությունների վրա: Այս նշանները հետագայում օգտագործվել են ֆաշիստական քաղաքական կուսակցության՝ Իսպանական ավանդապաշտական ֆալանգ և ազգային-սինդիկալիստական հարձակման միությունների (FET y de las JONS) կողմից, որը Ֆրանկիստական Իսպանիայի (1939-1975) պաշտոնական կուսակցությունն էր, որը պնդում էր, որ ներկայացնում է կաթոլիկ միապետների ժառանգած փառքն ու իդեալները[13]:

Թագավորական խորհուրդներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իզաբելան Կաստիլիայի գահին է միացել 1474 թվականին, երբ Ֆերդինանդը դեռևս Արագոնի ժառանգորդն էր, և Արագոնի օգնությամբ Իզաբելան ապահովել է գահի նկատմամբ իր իրավունքը։ Քանի որ Իզաբելայի ամուսինը ամուսնությամբ Կաստիլիայի թագավոր էր, իսկ հայրը դեռևս կառավարում էր Արագոնում, Ֆերդինանդը իրենց ամուսնության սկզբում ավելի շատ ժամանակ է անցկացրել Կաստիլիայում, քան Արագոնում։ Նրա Կաստիլիայում բնակության ոճը շարունակվել է նույնիսկ 1479 թվականին գահ բարձրանալուց հետո, և բացակայությունները խնդիրներ են առաջացրել Արագոնի համար։ Այս հարցերը մասամբ լուծվել են 1494 թվականին Արագոնի ժողովի ստեղծմամբ, որը միացել է 1480 թվականին ստեղծված Կաստիլիայի ժողովին։ Կաստիլիայի խորհուրդը նախատեսված էր «լինելու Կաստիլիայի կենտրոնական կառավարման մարմինը և նրանց կառավարման համակարգի հենասյունը»՝ լայն լիազորություններով և թագավորական պաշտոնյաներով, որոնք հավատարիմ կլինեին նրանց և կհեռացնեին հին ազնվականությանը իշխանություն իրականացնելուց[14]։

Միապետները 1478 թվականին հիմնադրել են Իսպանական ինկվիզիցիան՝ նպատակ ունենալով հետևել, որ քրիստոնեություն ընդունած անհատները չվերադառնան իրենց հին հավատքին կամ գաղտնի չշարունակեն դավանել այն։ Նրանց կառավարման շրջանում է ստեղծվել նաև Խաչակրաց խորհուրդը (Consejo de Cruzada)[15], որը տնօրինում էր Սուրբ Աթոռի թույլտվությամբ խաչակրաց կոնդակների (բուլլաների) վաճառքից ստացված միջոցները։ 1498 թվականին, երբ Ֆերդինանդը վերահսկողություն է հաստատել իսպանական հարուստ և հզոր ռազմական միաբանությունների եկամուտների նկատմամբ, դրանց կառավարման համար ստեղծել է Ռազմական միաբանությունների խորհուրդը[16]։ Կառավարման այս խորհրդակցական մոդելը հետագայում ավելի ընդլայնվել է․ նրանց թոռը՝ Սրբազան Հռոմեական կայսր Կառլոս V-ը, նույն սկզբունքով հիմնադրել է Հնդկաստանների խորհուրդը[Ն 6], Ֆինանսների խորհուրդը և Պետական խորհուրդը[Ն 7]։

Ներքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Եվրոպայում կաթոլիկ միապետների թագերն ու թագավորությունները (մետ 1500)

Կաթոլիկ միապետները նպատակ են հետապնդել վերականգնել թագավորական իշխանությունը Իսպանիայում։ Իրենց նպատակին հասնելու համար նրանք նախ ստեղծել են «Սուրբ Եղբայրություն» (իսպ.՝ Santa Hermandad, Սանտա Հերմանդադ) կոչվող կառույցը, որի անդամներն իրականացնում էին դատական ոստիկանական գործառույթներ Կաստիլիայում և սանձում տեղի ազնվականներին կամայականությունները։ Առավել միատարր դատական համակարգ հաստատելու համար կաթոլիկ միապետները վերակազմավորել Թագավորական խորհուրդը (լատիներեն՝ Curia Regis, կուրիա ռեգիս) և նշանակել հատուկ կառավարիչներ (մագիստրոսներ կամ կորեխիդորներ)՝ քաղաքներն ու գյուղերը վերահսկելու համար։ Թագավորական իշխանության այս հաստատումը հայտնի է որպես «Կաստիլիայի խաղաղեցում» և համարվում է Եվրոպայի առաջին ուժեղ ազգային պետություններից մեկի ստեղծման ուղղությամբ արված վճռորոշ քայլերից մեկը։

Իզաբելան նաև տարբեր եղանակներ է փնտրել Կաստիլիայում Գեներալ Կորտեսների (խորհրդարանի) ազդեցությունը նվազեցնելու համար; Սակայն Ֆերդինանդը, լինելով չափազանց զգուշավոր արագոնացի, խուսափել է նման քայլեր ձեռնարկել Արագոնի գահին ենթակա համանման համակարգերի դեմ։ Նույնիսկ կաթոլիկ միապետների մահից և մեկ միապետի ներքո երկու գահերի միավորումից հետո, արագոնյան, կատալոնական և վալենսիական խորհրդարանները պահպանել են զգալի իշխանություն իրենց համապատասխան տարածաշրջաններում։ Ավելին, միապետները շարունակել են կառավարել միջնադարյան պայմանագրային մոդելով, ինչը նրանց իշխանությունը որոշ առումներով դարձնում էր նախաժամանակակից (պրոտոմոդեռն)։ Այսպես, վարչական մեկ միասնական կենտրոն ունենալու փոխարեն, նրանք արքունիքով հանդերձ ճանապարհորդում էին քաղաքից քաղաք՝ հպատակների հավատարմությունըն անձամբ խթանելու համար։ Բացի այդ, յուրաքանչյուր համայնք և տարածաշրջան պետությանը կապված էր ոչ թե բյուրոկրատական ապարատի, այլ ամնիջականորեն միապետի գահին ընծայված հավատարմության ուխտի միջոցով[Ն 8]։

Կրոնական քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կաթոլիկ միապետների Կույսը (մոտ 1491-1493 )
Մարիամը՝ Հիսուսի մայրը (կենտրոնում), Թովմա Աքվինացու հետ, որը խորհրդանշորեն բռնել է կաթոլիկ եկեղեցին, և Դոմինգո դե Գուզմանը ՝ դոմինիկյանների իսպանացի հիմնադիրը, ձեռքին գիրք և սպիտակ շուշան։ Ֆերդինանդը Աստուրիայի արքայազնի և ինկվիզիտորի հետ է, իսկ Իզաբելան՝ նրանց դստեր՝ Իզաբել դե Արագոնացու հետ։

Կաթոլիկ միապետների՝ իրենց տիրապետությունը Պիրենեյան թերակղզու բոլոր թագավորությունների վրա տարածելու ցանկությանը զուգընթաց, նրանց գահակալությունը բնութագրվում է թերակղզու կրոնական միավորմամբ՝ ռազմատենչ կաթոլիկության միջոցով։ 1478 թվականին Հռոմի պապ Սիքստոս IV-ը, ընդառաջելով միապետների խնդրանքին, հրովարտակ (բուլլա) է արձակել Կաստիլիայում Ինկվիզիցիայի սուրբ գրասենյակ հիմնելու մասին։ Սա նպատակ ուներ ապահովել, որ քրիստոնեություն ընդունած հրեաներն ու մուսուլմանները չվերադառնան իրենց նախկին հավատքներին։

Պապական բուլլան միապետներին լայն լիազորություններով է օժտել ինկվիզիտորներ առաջադրելու համար, սակայն Սուրբ Աթոռը պահպանել է թագավորական թեկնածուներին պաշտոնապես հաստատելու իր իրավունքը։ Ինկվիզիցիան չէր տարածվում այն հրեաների և մուսուլմանների նկատմամբ, ովքեր չէին դավանափոխվել։ Քանի որ Արագոնում տեղական ինկվիզիցիան գոյություն ուներ դեռևս 1248 թվականից, նորաստեղծ Իսպանական ինկվիզիցիան դարձել է երկու թագավորությունների համար գործող միակ ընդհանուր պետական ինստիտուտը։

Հռոմի պապ Իննովկենտիոս VIII-ը Դոմինիկյան միաբանության հոգևորական, Իզաբելայի խոստովանահայր Թոմաս դե Տորկեմադային նշանակել է Իսպանիայի մեծ ինկվիզիտոր՝ շարունակելով Արագոնում դոմինիկյան ինկվիզիտորների ավանդույթը։ Տորկեմադան ագրեսիվ քաղաքականություն է վարել դավանափոխ հրեաների (կոնվերսոների) և մուսուլման մորիսկների նկատմամբ։ Հռոմի պապը նաև կաթոլիկ միապետներին շնորհել է թագավորական հովանավորության (Patronato Real) իրավունքը Գրանադայի և Կանարյան կղզիների եկեղեցական կառույցների նկատմամբ, այդպիսով պետությանը տալով լիակատար վերահսկողություն կրոնական գործերի նկատմամբ[Ն 9]։

Միապետները նախաձեռնել են մի շարք արշավանքներ, որոնք պատմության մեջ հայտնի են որպես Գրանադայի պատերազմ (1482-1492)։ Այս պատերազմին սատար է կանգնել Հռոմի պապ Սիքստոս IV-ը՝ նվիրատվություններ կատարելով իր սահմանած եկեղեցական տասանորդի եկամուտներից, նաև սահմանել է հատուկ խաչակրաց արշավանքի հարկ՝ ռազմական գործողությունները ֆինանսավորելու համար։ Տասը տարի տևած արյունահեղ մարտերից հետո Գրանադայի պատերազմն ավարտվել է 1492 թվականին, երբ մավրերի վերջին էմիր Բոաբդիլը Գրանադայի Ալհամբրա պալատի բանալիները հանձնել է կաստիլացի հրամանատարներին։ 1492 թվականի հունվարին Գրանադայի անկմամբ վերջ է դրվել Ռեկոնկիստային, ինչից հետո Իզաբելան և Ֆերդինանդը շարունակել են իրենց թագավորությունների կրոնական միավորման քաղաքականությունը, մասնավորապես՝ վտարել են բոլոր այն հրեաներին, ովքեր հրաժարվում էին ընդունել քրիստոնեություն։

1492 թվականին Ֆերդինանդը և Իզաբելան հրապարակել են Ալհամբրայի հրամանագիրը, որով Իսպանիայի տիրապետության տակ գտնվող բոլոր հրեաներին ընդամենը չորս ամիս ժամանակ էր տրվում կամ կաթոլիկություն ընդունելու, կամ երկիրը լքելու համար։ Տասնյակ հազարավոր հրեաներ գաղթել են այլ երկրներ, ինչպիսիք են Պորտուգալիայի թագավորություն, Հյուսիսային Աֆրիկա, Նիդերլանդներ (Ցածրադիր երկրներ), Իտալիայի տարբեր պետությունները և, հատկապես, Օսմանյան կայսրություն[17][18]։ Կաթոլիկություն ընդունած անձիք չեն արտաքսվել, սակայն 1480-1492 թվականներին հարյուրավոր կոնվերսոներ և մորիսկներ մեղադրվել են իրենց նախկին կրոնը (գաղտնի հուդայականություն կամ գաղտնի իսլամ) գաղտնի դավանելու մեջ։ Նրանք ձերբակալվել են, բանտարկվել, հարցաքննվել խոշտանգումների ներքո, իսկ որոշ դեպքերում՝ խարույկի վրա այրվել (աուտոդաֆե), թե՛ Կաստիլիայում, թե՛ Արագոնում։

Այն հրեաները, որոնց նախնիները ենթարկվել են այս արտաքսմանը, ինչպես նաև հետագայում Պորտուգալիայի Մանուել I-ի կողմից իրականացված հալածանքներին, հայտնի են որպես սեֆարդյան հրեաներ։ Նրանք պատմականորեն բաժանվում են երկու խմբի՝ Արևմտյան Եվրոպայի իսպանացի և պորտուգալացի հրեաների և Միջերկրական ծովի ավազանում հաստատված արևելյան սեֆարդների։

Ինկվիզիցիան ստեղծվել է տասներկուերորդ դարում Հռոմի պապ Լուկիոս III-ի կողմից՝ ներկայիս Ֆրանսիայի հարավում հերետիկոսության դեմ պայքարելու համար, և հետագայում այն հաստատվել է մի շարք եվրոպական թագավորություններում։ Կաթոլիկ միապետները որոշել են Ինկվիզիցիան ներմուծել Կաստիլիա և այդ նպատակով խնդրել են Հռոմի պապի համաձայնությունը։ 1478 թվականի նոյեմբերի 1-ին Հռոմի պապ Սիքստոս IV-ը հրապարակել է «Exigit Sinceras Devotionis Affectus» պապական կոնդակը (բուլլան), որով Կաստիլիայի թագավորությունում հիմնադրվել է ինկվիզիցիոն դատարանը, որն էլ հետագայում տարածվել է ամբողջ Իսպանիայում։ Այս հրովարտակը միապետներին բացառիկ իրավունքով է օժտել՝ ինքնուրույն նշանակել ինկվիզիտորներին[19]։

Կաթոլիկ միապետների գահակալության տարիներին և դրանից երկար ժամանակ անց Ինկվիզիցիան ակտիվորեն հետապնդել է մարդկանց կաթոլիկ դոգմաների և օրենքների խախտումների, այդ թվում՝ կրիպտոհուդականության (գաղտնի հուդայականություն), հերետիկոսության, բողոքականության, սրբապղծության (հայհոյանքի) և երկամուսնության համար։ Գաղտնի հուդայականության մեղադրանքով ինվիզիցիայի վերջին դատավարությունը տեղի է ունեցել 1818 թվականին[Ն 10][21]։

Արտաքին քաղաքականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած կաթոլիկ միապետները շատ հարցերում գործընկերության են ձգտել, իրենց համապատասխան թագավորությունների պատմության պատճառով նրանք միշտ չէ, որ միասնական տեսակետ են ունեցել արտաքին քաղաքականության հարցում։ Այնուամենայնիվ, նրանք հաջողակ էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականություն են վարել մի շարք գործոնների շնորհիվ։ Գրանադայում մուսուլմանների նկատմամբ տարած հաղթանակը թույլ է տվել Ֆերդինանդին ներգրավվել Պիրենեյան թերակղզուց դուրս քաղաքականության մեջ[22]։

Ֆերդինանդ թագավորի դիվանագիտական նախաձեռնությունը շարունակել է Արագոնի գահի պատմական քաղաքականությունը։ Մասնավորապես, նրա շահերը կենտրոնացել են Միջերկրական ծովի, ինչպես նաև Իտալիայի վրա և ձգտել է նվաճումներ իրականացնել Հյուսիսային Աֆրիկայում։ Արագոնը պատմականորեն մրցակցել է Ֆրանսիայի հետ, որը Կաստիլիայի պատմական դաշնակիցն էր։ Կաստիլիայի արտաքին շահերը կենտրոնացել են Ատլանտյան օվկիանոսի վրա, ինչը Կաստիլիայի կողմից Կոլումբոսի ճանապարհորդության ֆինանսավորումը դարձնում էր արդեն իսկ գոյություն ունեցող շահերի ընդլայնում[22]։

Կաստիլիան պատմականորեն լավ հարաբերություններ է ունեցել հարևան Պորտուգալիայի թագավորության հետ, և Կաստիլիայի ժառանգության համար պատերազմում պորտուգալացիների պարտությունից հետո Կաստիլիան և Պորտուգալիան կնքել են Ալկասովասի պայմանագիրը։ Պայմանագիրը սահմանել է արտասահմանյան ընդլայնման սահմաններ, որոնք այդ ժամանակ անբարենպաստ էին Կաստիլիայի համար, սակայն պայմանագիրը լուծել է պորտուգալացիների հետագա պահանջները Կաստիլիայի գահի նկատմամբ։ Պորտուգալիան չի օգտվել Կաստիլիայի և Արագոնի Գրանադայի վերանվաճման վրա կենտրոնանալուց։ Լավ հարաբերությունների վերականգնումից հետո կաթոլիկ միապետները երկու ռազմավարական ամուսնություն են կնքել պորտուգալական թագավորական ընտանիքի հետ։

Միապետների ամուսնական քաղաքականության նպատակն իրենց հինգ զավակների համար շահավետ ամուսնություններ կազմակերպելն էր՝ կերտելով թագավորական այնպիսի դաշինքներ, որոնք կծառայեին Իսպանիայի երկարաժամկետ շահերին։ Նրանց անդրանիկ դուստրը՝ Իզաբելան, ամուսնացել է Պորտուգալիայի Աֆոնսոյի հետ՝ ամրապնդելով երկու հարևան թագավորությունների միկապերը, ինչը հանգեցրել է երկարատև խաղաղության և ապագա միության։ Նրանց երկրորդ դուստրը՝ Խուանան, ամուսնացել է Ֆիլիպ Սիրունատեսի՝ Սրբազան Հռոմեական կայսր Մաքսիմիլիան I-ի որդու հետ։ Սա ապահովել է դաշինք Սրբազան Հռոմեական կայսրության հետ, որը հզոր, լայնածավալ եվրոպական տերություն էր և երաշխավորում էր Իսպանիայի ապագա քաղաքական անվտանգությունը։

Միապետների միակ որդին՝ Խուանը, ամուսնացել է Ավստրիայի Մարգարիտայի հետ՝ նպատակ ունենալով ավելի սերտացնել կապերը Հաբսբուրգների հզոր դինաստիայի հետ, որից Իսպանիան մեծապես կախված էր։ Նրանց չորրորդ զավակը՝ Մարիան, ամուսնացել է Պորտուգալիայի Մանուել I թագավորի հետ՝ վերահաստատելով Իզաբելայի ավագ քրոջ մահից հետո թուլացած պորտուգալական կապերը։ Նրանց հինգերորդ զավակը՝ Եկատերինան (Քեթրինը), 1501 թվականին ամուսնացել է Անգլիայի գահաժառանգի՝ Ուելսի արքայազն Արթուրի հետ։ Վերջինս ամուսնությունից ընդամենը ամիսներ անց 15 տարեկանու մահացել է, իսկ Քեթրինն ամուսնացել է նրա կրտսեր եղբոր հետ, որը 1509 թվականին դարձել է Անգլիայի Հենրի VIII թագավոր։

Այս դաշինքները, սակայն, երկարատև չեն եղել. նրանց միակ որդին և գահաժառանգ Խուանը մահացել է երիտասարդ տարիքում, Եկատերինայից ամուսնալուծվել է Հենրի VIII-ը՝ սկանդալով, իսկ Խուանայի ամուսինը՝ Ֆիլիպը, մահացել է երիտասարդ տարիքում, իսկ այրիացած Խուանան ճանաչվել է հոգեպես անկարողունակ (հայտնի՝ Խուանա Խենթ անվամբ) և զրկվել կառավարելու իրավունքից։

Կաթոլիկ միապետների օրոք ստեղծվել է գահին հավատարիմ մարտունակ բանակ, որը գլխավորում էր կաստիլացի Գոնսալո Ֆերնանդես դե Կորդոբան, որը հայտնի էր որպես Մեծ Կապիտան (իսպ.՝ El Gran Capitán)։ Ֆերնանդես դե Կորդոբան վերակազմավորել է զորքը՝ հիմք դնելով նոր ռազմական ստորաբաժանումների՝ թագավորական տերցիաների (tercios reales) ստեղծմանը։ Սա նշանավորել է ազնվականության հավակնություններից անկախ և անմիջապես թագից կախված առաջին ժամանակակից բանակի ձևավորումը[23]։

Քրիստափոր Կոլումբոսի ճանապարհորդություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոլումբոսի հուշարձանի արևմտյան կողմը (1881-1885)․ Իզաբելան կենտրոնում է, Կոլումբոսը՝ ձախ կողմում (Պլասա դե Կոլոն, Մադրիդ)

Սանտա Ֆեի կապիտուլյացիաների (համաձայնագրերի) միջոցով ծովագնաց Քրիստափոր Կոլումբոսը ֆինանսավորում է ստացել և լիազորվել է նավարկել դեպի արևմուտք՝ Իսպանիայի համար հողեր նվաճելու։ Միապետները նրան շնորհել են Օվկիանոսի ծովային ադմիրալի տիտղոսը և լայն արտոնություններ։ Նրա դեպի արևմուտք կատարած ճանապարհորդությունը սկիզբ է դրել Ամերիկայի եվրոպական գաղութացմանը և Եվրոպա է բերել գիտելիքներ այդ մայրցամաքի գոյության մասին։

Կոլումբոսի առաջին արշավախումբը, որը նպատակ ուներ հասնել Հնդկաստան, 1492 թվականի հոկտեմբերի 12-ին իրականում ափ է իջել Բահամյան կղզիներում։ Քանի որ թագուհի Իզաբելան էր տրամադրել ճանապարհորդության ֆինանսավորումը և թույլտվությունը, դրա տնտեսական ու քաղաքական բոլոր օգուտները անցել են Կաստիլիայի թագավորությանը։ «Չնայած Արագոնի գահի հպատակները նույնպես որոշակի դեր են խաղացել Նոր Աշխարհի հայտնաբերման և գաղութացման գործում, հայտնաբերված տարածքները պաշտոնապես միացվել է ոչ թե միասնական Իսպանիային, այլ անմիջապես Կաստիլիայի թագին»[24]:

Կոլումբոսն առաջինն ափ է իջել Գուանահանի կղզում և այն անվանել է Սան Սալվադոր։ Այնուհետև շարունակել է իր ճանապարհը դեպի Կուբա, որին տվել է Խուանա անունը, և իր նավարկությունն ավարտել է Դոմինիկյան Հանրապետության և Հայիթիի միջև ընկած կղզում՝ անվանելով այն Հիսպանիոլա կամ Լա Իսլա Էսպանիոլա («իսպանական [կղզի]» կաստիլիերենով)[25][26]։

Իր երկրորդ ճանապարհորդության ժամանակ, որը սկսվել էր 1493 թվականին, նա հայտնաբերել է Կարիբյան ավազանի ավելի շատ կղզիներ, այդ թվում՝ Պուերտո Ռիկոն։ Նրա գլխավոր նպատակն էր գաղութացնել արդեն հայտնաբերած տարածքները՝ այն 1500 տղամարդկանց ուժերով, որոնց երկրորդ անգամ իր հետ բերել էր։ Կոլումբոսն իր երրոր արշավախումբն իրականացրել է 1498 թվականին, որի ժամանակ հայտնաբերել է Տրինիդադ կղզին և ժամանակակից Վենեսուելայի ափերը (հասնելով մայրցամաքային Ամերիկա։։ Կոլումբոսի հիմնադրած գաղութները և հաջորդ տասնամյակներում Ամերիկա մայրցամաքում կատարած նվաճումները հարստության հսկայական հոսք են ապահովել դեպի Իսպանիայի նոր միասնական պետություն։ Դրա շնորհիվ երկիրը վերածվեց Եվրոպայի հզորագույն տերության 15-րդ դարի վերջից մինչև 17-րդ դարի կեսերը և պահպանեց աշխարհի խոշորագույն կայսրություններից մեկի կարգավիճակը ընդհուպ մինչև 1810-ական թվականների անկախության պատերազմները[27][28][29]։

Կաթոլիկ միապետների դագաղները Կապիլլա Ռեալում, Գրանադա, Իսպանիա

1504 թվականին Իզաբելլայի մահով ավարտվել է նրանց ուշագրավ հաջող քաղաքական գործընկերությունը և անձնական միությունը։ 1505 թվականին Ֆերդինանդը ամուսնացել Ժերմեն Ֆուացու հետ, սակայն նրանք կենդանի ժառանգ չեն ունեցե։ Կաթոլիկ միապետների դուստր Խուանան ժառանգել է Կաստիլիայի գահը, սակայն ճանաչվել է կառավարելու համար անկարողունակ։ Ամուսնու՝ Ֆիլիպ Սիրունատեսի մահից հետո, Ֆերդինանդը պահպանել է իշխանությունը Կաստիլիայում որպես խնամակալ ընդհուպ մինչև իր մահը՝ Խուանայի պահելով մեկուսացման մեջ։ Նա մահացավ 1516 թվականին և թաղված է իր առաջին կնոջ՝ Իզաբելլայի կողքին Գրանադայում՝ 1492 թվականին նրանց մեծ հաղթանակի վայրում։ Խուանայի որդին՝ Իսպանիայի Կառլոս I-ը (նույն ինքը՝ Սրբազան Հռոմեական կայսր Կառլոս V-ը), ժամանել է Իսպանիա և, մոր՝ Տորդեսիլյասում մեկուսացված լինելու պատճառով, մինչև նրա կյանքի վերջը դարձել է Կաստիլիայի և Արագոնի անվանական համագահակալը։ Այնուհետև Կառլոսը ժառանգել է իր պապի ու տատի կուտակած բոլոր տիրույթները՝ Եվրոպայում գտնվող Հաբսբուրգների տարածքները միավորելով ընդարձակվող Իսպանական կայսրությանը։

  1. ↑ Իրենց մայրենի լեզուներով՝
  2. ↑ «Reyes Católicos», «Reis Catòlics» կամ «Reis Catolicos» բառերը բառացիորեն նշանակում են «կաթոլիկ թագավորներ», այլ ոչ թե «միապետներ», և երբեմն սխալմամբ են այդպես թարգմանվում։ Սակայն կաստիլերենում (իսպաներեն), արագոներենում և կատալոներենում արական սեռի հոգնակի թիվը սովորաբար օգտագործվում է սեռի նկատմամբ անտարբեր ձևով, օրինակ՝ մեկ անձի կամ զույգի երեխաներին կարելի է անվանել «hijos», «fills» կամ «fillos», բառացիորեն՝ որդիներ, անկախ իրական սեռից, մինչդեռ անգլերենում «sons» և «kings» բառերը բացառապես արական սեռի են, ինչպես հայերենում՝ որդի, թագավոր։
  3. ↑ Կաստիլիան տնտեսապես և ժողովրդագրությամբ շատ ավելի մեծ ու հարուստ է եղել, քան Արագոնը, և Ֆերդինանդի հայրը (Արագոնի թագավորը) բոլոր հնարավոր միջոցներով ձգտել է, որ իր որդին ամուսնանա հենց Իզաբելլայի հետ՝ Կաստիլիայի նկատմամբ ազդեցություն ստանալու համար: Զույգը գիտակցել է իրավիճակը ու թեև նրանց կենդանության օրոք թագավորությունները պահպանել են իրենց օրենքներն ու սահմանները, հենց նրանց ամուսնությամբ է ստեղծվել այն հիմքը, որի վրա հետագա դարերում ձևավորվել է միասնական Իսպանիան։
  4. ↑ Իսպաներենում պայմանագիրը կոչվում է Tratado de los Toros de Guisando։ Toros բառը իսպաներեն նշանակում է ցուլեր։ Այնտեղ իրականում գտնվում են մ.թ.ա. II դարի կելտիբերական չորս հնագույն քարե քանդակներ, որոնք պատկերում են արու անասունների (ցուլերի)։ Հենց այդ քանդակների մոտ էլ ստորագրվել է Գիզանդոյի պատմական պայմանագիրը։
  5. ↑ Իզաբելայի և Ֆերդինանդի միությունը «դինաստիական միություն» է եղել, այլ ոչ թե տարածքային միավորում: Կաստիլիան և Արագոնը պահպանել են իրենց առանձին խորհրդարանները (Կորտեսները), դրամական համակարգերը, օրենքները և նույնիսկ մաքսակետերը միմյանց միջև: Այս ինքնավարությունը պահպանվել է ընդհուպ մինչև 18-րդ դարի սկիզբը (Ֆիլիպ V թագավորի Նոր Պլանտայի հրամանագրերը)։
  6. ↑ Հնդկաստանների խորհուրդը (Consejo de Indias)՝ Ամերիկա մայրցամաքի գաղութները կառավարելու համար․ Հյուսիսային և Հարավային Ամերիկաներն այն ժամանակ կոչում էին Արևմտյան Հնդկաստաններ։
  7. ↑ Կաթոլիկ միապետները հայտնի են նրանով, որ Իսպանիայում ներդրել են կառավարման բազմախորհուրդ համակարգը (իսպ.՝ Régimen polisinodial)։ Յուրաքանչյուր ոլորտի կամ տարածքի համար ստեղծվում էր առանձին մասնագիտացված խորհուրդ (Consejo)։ Նրանց թոռը՝ Կառլոս V-ը, և ծոռը՝ Փիլիպոս II-ը, զարգացրել են այս մոդելը՝ ստեղծելով Պետական, Ֆինանսների, Պատերազմական և գաղութների կառավարման (Հնդկաստանների) խորհուրդները։
  8. ↑ Ալեքսանդրա և Նոբլ Կուկերի «Բարի կամք և անկեղծ տգիտություն» (անգլ.՝ Good Faith and Truthful Ignorance) գիրքը լավագույն օրինակն է այն բանի, թե ինչպես էր այդ դարաշրջանում թագին հավատարմությունը շատ ավելի կարևոր համարվում, քան կառավարման կոնկրետ վարչական համակարգը։
  9. ↑ Patronato Real (Թագավորական պատրոնատ) համակարգը Հռոմի պապերի կողմից իսպանական գահին տրված ամենամեծ զիջումներից է։ Այն միապետներին իրավունք էր տալիս նոր գրավված տարածքներում (Գրանադա, Կանարյան կղզիներ, իսկ ավելի ուշ՝ Ամերիկա) ինքնուրույն հիմնել թեմեր, կառուցել եկեղեցիներ և նշանակել եպիսկոպոսների՝ կաթոլիկ եկեղեցին փաստացի դարձնելով պետական ապարատի մի մաս։
  10. ↑ Իսպանական ինկվիզիցիայի կողմից կրիպտոհուդայականության (գաղտնի հուդայականության) մեջ մեղադրվող վերջին անձը եղել է Մանուել Սանտիագո Վիվարը (Manuel Santiago Vivar), ում դատավարությունը տեղի է ունեցել 1818 թվականին Կորդովա քաղաքում[20]։ Դրանից մի քանի տարի անց՝ 1834 թվականին, Իսպանական ինկվիզիցիան պաշտոնապես և վերջնականապես լուծարվեց։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «Catholic Encyclopedia: Isabella I». Newadvent.org. 1910-10-01. Վերցված է 2014-03-01-ին.
  2. ↑ Bethany Aram, "Monarchs of Spain" in Iberia and the Americas, vol. 2, p. 725. Santa Barbara: ABC Clio 2006.
  3. ↑ Elliott, J. H. (2002). Imperial Spain 1469-1716. Penguin UK. էջ 146. ISBN 978-0-14-192557-8.
  4. ↑ Kamen, H. (2005). Spain 1469–1714: A Society of Conflict. Routledge:Oxford. էջ 37.
  5. ↑ Los Reyes Católicos: la conquista del trono. Madrid: Rialp, 1989. 84-321-2476-1. "La llegada al trono"
  6. ↑ Edwards, John. Isabel la Católica, edad y fama. Madrid: Marcial Pons, 2004
  7. ↑ Prescott, William Hickling (1852). History of the reign of Ferdinand and Isabella, the Catholic (անգլերեն) (10th ed.). New York, NY, US: Harper & Brothers. էջ 111. OCLC 68780126. Վերցված է 2024-12-30-ին. «The nuptials were solemnized in the presence of Ferdinand's grandfather, the admiral of Castile, of the archbishop of Toledo, and a multitude of persons of rank, as well as of inferior condition, amounting in all to no less than two thousand.»
  8. ↑ Peggy K. Liss, "Isabel and Fernando" in The Christopher Columbus Encyclopedia, Simon and Schuster 1992, p. 379.
  9. ↑ Liss, "Isabel and Fernando" p. 379.
  10. ↑ Weissberger, Barbara F. (2003). Isabel Rules: Constructing Queenship, Wielding Power. University of Minnesota Press. էջեր 47–51, 227.
  11. 1 2 Liss, "Isabel and Fernando", p. 380.
  12. ↑ Tarver, H. Michael; Slape, Emily (2016). The Spanish Empire: A Historical Encyclopedia. Santa Barbara, CA: ABC-CLIO. էջեր 159. ISBN 9781610694216.
  13. ↑ Moreno-Luzón, Javier; Núñez Seixas, Xosé M. (2017). Metaphors of Spain : representations of Spanish national identity in the twentieth century. New York: Berghahn Books. էջ 46. ISBN 9781785334665.
  14. ↑ Elliott, J.H. Imperial Spain. New York: New American Library 1963, pp. 88–89.
  15. ↑ Llamazares, José Fernández (1859). Historia de la Bula de la Santa Cruzada (իսպաներեն). Eusebio Aguado.
  16. ↑ Página web oficial de las cuatro Órdenes militares españolas. / Իսպանական չորս ռազմական շքանշանների պաշտոնական կայք
  17. ↑ Haim Beinart (2002). The Expulsion of the Jews from Spain. Littman Library of Jewish Civilization. էջեր 32, 280. ISBN 978-1-874774-41-9.
  18. ↑ Joseph Pérez (2007). History of a Tragedy: The Expulsion of the Jews from Spain. University of Illinois Press. էջ 117. ISBN 978-0-252-03141-0.
  19. ↑ Thomsett, Michael (2011). Heresy in the Roman Catholic Church : a history. Jefferson, N.C: McFarland. էջ 139. ISBN 9780786444489.
  20. ↑ Kamen, Henry (2014). The Spanish Inquisition: A Historical Revision. New Haven: Yale University Press. ISBN 978-0-300-18051-0. Kamen has published 4 editions under 3 titles: "First edition published 1965 ... as The Spanish Inquisition. Second edition published 1985 ... as Inquisition and Society in Spain. Third edition published 1998 ... as The Spanish Inquisition: A Historical Revision. Fourth edition 2014."
  21. ↑ «Spanish Inquisition | Definition, History, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). Վերցված է 2026-08-29-ին.
  22. 1 2 Edwards, The Spain of the Catholic Monarchs, p. 241
  23. ↑ Crónicas del Gran Capitán (1908), by Antonio Rodríguez Villa.
  24. ↑ Elliott, J.H. Imperial Spain 1479–1716. New York: New American Library 1963.
  25. ↑ McIntosh, Gregory C (2000). The Piri Reis Map of 1513. University of Georgia Press. էջ 88. ISBN 978-0-8203-2157-8.
  26. ↑ «Columbus's voyages | History | Research Starters | EBSCO Research». EBSCO (անգլերեն). Վերցված է 2026-08-29-ին.
  27. ↑ «Christopher Columbus | Biography, Nationality, Voyages, Ships, Route, & Facts | Britannica». www.britannica.com (անգլերեն). 2026-08-20. Վերցված է 2026-08-29-ին.
  28. ↑ «chronology․ Native Bound Unbound». nativeboundunbound.org. Վերցված է 2026-08-29-ին.
  29. ↑ «Christopher Columbus - Exploration, Caribbean, Americas | Britannica». www.britannica.com (անգլերեն). 2026-08-20. Վերցված է 2026-08-29-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Elliott, J.H., Imperial Spain, 1469–1716 (1963; Pelican 1970)
  • Edwards, John. Ferdinand and Isabella: Profiles in Power. Pearson Education. New York, New York. 2005. 0-582-21816-0.
  • Edwards, John. The Spain of the Catholic Monarchs. Blackwell Publishers. Massachusetts, 2000. 0-631-22143-3.
  • Kamen, Henry. Spain: 1469–1714 A Society of Conflict. Taylor & Francis. New York & London. 2014. 978-1408271933 1408271931.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի կաթոլիկ միապետներ» հոդվածին։