Jump to content

Իսպանիայի ազգային օր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսպանիայի ազգային օր

«Կոլումբոսին առաջին հարգանքի տուրքը»
(1492 թվականի հոկտեմբերի 12)
գեղանկար՝ Խոսե Գարնելո Ալդա (1892)
(Մադրիդի ռազմածովային թանգարան)
Տեսակազգային տոն
ԱմսաթիվՀոկտեմբերի 12
Տոնվում է Իսպանիա
Ի հիշատակԱմերիկայի հայտնագործում

Իսպանիայի ազգային օր (իսպ.՝ Fiesta Nacional de España), ազգային տոն Իսպանիայում, որը նշվում է ամեն տարի հոկտեմբերի 12-ին։ Այն ավանդաբար անվանում են նաև Իսպանիդադի օր (իսպ.՝ Día de la Hispanidad, «Իսպանականության ոգու օր»)[1], որով մեծարվում է իսպանական մշակութային ժառանգությունն ամբողջ աշխարհում, հատկապես՝ Իսպանական Ամերիկայում[2]։

Իսպանիայի ազգային օրը խորհրդանշում է երկրի պատմական ուղու վերարժևորումը, ձեռքբերումների գնահատումն ու ազգի ապագայի հանդեպ նվիրվածության վերահաստատումը։ Այս տոնը կոչված է ընդգծելու ժողովրդի միասնությունն ու եղբայրությունը, ինչպես նաև վերստին արժևորելու Իսպանիայի սերտ կապերը միջազգային հանրության հետ[3][4][5][2]։

Իսպանիայի օրենքը հայտարարում է․

Ընտրված ամսաթիվը՝ հոկտեմբերի 12-ը, խորհրդանշում է այն պատմական տարեդարձը, որով Իսպանիան, պատրաստվելով ավարտել մեր մշակութային և քաղաքական բազմազանության վրա հիմնված պետության կառուցման, ինչպես նաև Իսպանիայի թագավորությունները միևնույն միապետության մեջ ինտեգրելու գործընթացը, սկսում է լեզվական և մշակութային պրոյեկցիայի (տարածման) մի շրջան Եվրոպայի սահմաններից դուրս[6]։

Իսպանիայի ազգային օրով նշվում է 1492 թվականի հոկտեմբերի 12-ին, այն օրը, երբ Քրիստափոր Քրիստափոր Կոլումբոսը Իսպանիայի անվամբ հայտնագործել է Ամերիկան։ Այս ամսաթիվը շրջադարձային է Իսպանիայի արտասահմանյան ազդեցության և աշխարհին, հատկապես՝ Ամերիկային թողած նրա պատմական ժառանգության համատեքստում։ Այն խորհրդանշում է Իսպանիայի և ժամանակակից ամերիկյան այն երկրների ընդհանուր հսկայական ժառանգությունը, որոնք նախկինում կազմել են Իսպանական կայսրությունը՝ համաշխարհային պատմության մեջ առաջին գլոբալ գերտերությունը[7]։

Հոկտեմբերի 12-ը նաև իսպաներեն լեզվի պաշտոնական օրն է, Սուրբ Կույս Պիլարի (իսպ.՝ Nuestra Señora del Pilar) և Սուրբ Կույս Սապոպանի տոները[8], ինչպես նաև Իսպանիայի զինված ուժերի օրը[9]։

Բացի այդ, հոկտեմբերի 12-ը պաշտոնական տոն է Իսպանական Ամերիկայի մեծ մասում, թեև տարբեր անվանումներով (Կոլումբոսի օր, Իսպանիդադի օր, օրինակ՝ Մեքսիկայում, այն կոչվում է Ռասայի օր (Día de la Raza), իսկ վերջին տարիներին վերանվանվել է՝ Բնիկ ժողովուրդների դիմադրության օր[10], Արգենտինայում՝ Մշակութային բազմազանության հարգանքի օր[11][12], Դոմինիկյան Հանրապետությունում՝ Ինքնության և մշակութային բազմազանության օր (Día de la Identidad y Diversidad Cultural)[13] և այլն)[14]։ Տարբեր աստիճաններով այս տոները նշում են Իսպանական Ամերիկայի երկրների միջև պատմական ու մշակութային կապերը, նրանց և Իսպանիայի միջև առկա հարաբերությունները, ինչպես նաև նրանց ընդհանուր իսպանական ու մինչկոլումբոսյան (բնիկ ամերիկյան) ժառանգությունը։ Ավելին, հոկտեմբերի երկրորդ երկուշաբթի օրը Ամերիկայի Միացյալ Նահանգները նշում է Կոլումբոսի օրը / Բնիկ ժողովուրդների օրը[15][16]։

Իսպանիայի ռազմաօդային ուժերի «Պատրուլլա Ագուիլան» (Արծիվների պարեկախումբ) օդային ցուցադրություն է կատարում՝ ծխով ձևավորելով Իսպանիայի դրոշը Զինված ուժերի շքերթի ժամանակ

Իսպանիայի ազգային օրը համապետական տոն է, ուստի այդ օրը փակ են կենտրոնական (ազգային) կառավարության և ինքնավար համայնքների (նահանգային) բոլոր հաստատություններն ու վարչական գրասենյակները, ինչպես նաև բանկերն ու խանութները։ Ազգային օրն Իսպանիայում նշվում է բազմաթիվ հանրային և մասնավոր միջոցառումներով, որոնք կազմակերպվում են ողջ երկրում՝ մեծարելու ազգի ժառանգությունը, պատմությունը, հասարակությունն ու ժողովրդին։ Տոնը նշվում են նաև աշխարհասփյուռ իսպանական համայնքներում։

Իսպանիայի տարբեր վայրերում և արտերկրում տեղի են ունենում պետական դրոշի մեծարման հանդիսավոր արարողություններ։ Դրանցից ամենակարևորը, անշուշտ, մայրաքաղաք Մադրիդում անցկացվող միջոցառումն է՝ Զինված ուժերի շքերթի հետ մեկտեղ։ Բացի այդ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից Իսպանիայի ողջ տարածքում կազմակերպվում են մեծարման այլ հանդիսություններ, ինչպես նաև մշակութային, կրոնական ու իրավապաշտպան (պահանջատիրական) շքերթներ ու ցույցեր[17]։

Ծագում և զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի զինանշանը պատկերում է ինչպես միջնադարյան, այնպես էլ ժամանակակից Իսպանիայի խորհրդանիշներ, ինչպես նաև դրանց միջև ընկած կարևորագույն անցումային շրջանը՝ Նոր Աշխարհի հայտնագործումը։ Սա արտահայտվում է «PLUS ULTRA» («ավելի այն կողմ») կարգախոսով, որը փոխարինել է նախկին «NON PLUS ULTRA»-ին («ոչինչ այն կողմ»)՝ կապված Հերկուլեսի սյուների՝ այսօրվա Ջիբրալթարի նեղուցի հետ, որը հնագույն ժամանակներից ի վեր համարվել է հայտնի աշխարհի եզրը։
Սուրբ Կույս Պիլարի (Մատուռի Սուրբ Կույսի) թափորը ժամանում է Սարագոսա՝ Արագոնի մայրաքաղաք

Տոնի հեռավոր արմատները հասնում են հռոմեացի կաթոլիկ այն ավանդությանը, ըստ որի՝ մ․թ․ 40 թվականին Կեսարաուգուստայում (Սարագոսայի անվանումը Հռոմեական կայսրության ժամանակաշրջանում) Մարիամ Աստվածածինը «մարմնով և արյամբ» հայտնվել է Հակոբոս Մեծ առաքյալին։ Այդ վայրում՝ Էբրո գետի ափին, կառուցվել է տաճար, որն աշխարհում առաջինն էր՝ նվիրված Սուրբ Մարիամի պաշտամունքին։ Դեպի Սարագոսա ուխտագնացությունները՝ մեծարելու Սուրբ Կույս Պիլարին (Մատուռի Սուրբ Կույսին), սկսվել են 8-րդ դարի սկզբին։ Կոմպոստելայում գտնվող Սուրբ Հակոբոսի սրբավայրի հետ մեկտեղ, Պիրենեյան թերակղզու քրիստոնյաների հոգևոր կյանքը դարեր շարունակ կենտրոնացած է եղել հենց Սուրբ Կույս Պիլարի պաշտամունքի շուրջ[18]։

1642 թվականի մայիսի 27-ին Սարագոսա քաղաքը Սուրբ Կույս Պիլարին հռչակել է Իսպանիդադի (Hispanidad) խորհրդանիշ, և այդ ամսաթիվը դարձել է տոնախմբության օր՝ ի հիշատակ քաղաքում Սուրբ Կույս Պիլարի (La Virgen del Pilar) հայտնության[19]։ 1730 թվականին Կղեմես XII պապը թույլատրել է, որպեսզի այդուհետ Սուրբ Կույս Պիլարի տոնը նշվի ողջ Իսպանական կայսրությունում[3]։

1892 թվականի սեպտեմբերի 23-ին Սան Սեբաստիանում Իսպանիայի խնամակալ թագուհի Մարիա Քրիստինա Ավստրիացին, վարչապետ Անտոնիո Կանովաս դել Կաստիլյոյի առաջարկով, հրապարակել է Թագավորական դեկրետ, որով 1892 թվականի հոկտեմբերի 12-ը հռչակվել է ազգային օր՝ ի հիշատակ Ամերիկայի հայտնագործման 400-ամյակի[3][20]։ Այդ դեկրետի նախաբանում նշվում է, որ կառավարությունը «նպատակահարմար է համարել պարզել ամերիկյան բոլոր երկրների, ինչպես նաև Իտալիայի՝ որպես Կոլումբոսի հայրենիքի դիրքորոշումը՝ տեսնելու համար, թե արդյոք համատեղ համաձայնությամբ հնարավոր է այդ տոնակատարությանն ավելի մեծ կարևորություն հաղորդել»[21]։

Նախաբանում այնուհետև նշվում է, որ «Ամերիկայի կառավարությունների մեծ մասն արդեն իսկ սկզբունքորեն հարել է այս գաղափարին, ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները, այնպես էլ Իսպանական Ամերիկայի հանրապետությունները (ի տարբերություն Լատինական Ամերիկայի, սա վերաբերում է բացառապես իսպանախոս երկրներին)՝ մի քանի բացառություններով, որոնք թերևս պայմանավորված են ժամանակավոր հանգամանքներով և, ամենայն հավանականությամբ, չեն խոչընդոտի միահամուռ որոշման կայացմանը. իր հերթին, Նորին Մեծություն Իտալիայի թագավորի կառավարությունը նույնպես ամենաջերմ ու գոհացուցիչ կերպով է ընդունել հրավերը»։ Ավելին, տեքստում ընդգծվում է այդ հիշատակումը որպես Իսպանիայի ազգային օր «հավերժացնելու» հնարավորությունը[22]։

Իսպանականության օրը վերստին սկսել են նշել Իսպանիայում 1935 թվականից, երբ Մադրիդում անցկացվել է առաջին փառատոնը[23]։ Այդ օրը հայտնի էր որպես Día de la Hispanidad («Իսպանիդադի օր»), ինչն ընդգծել է Իսպանիայի կապը միջազգային իսպանախոս համայնքի հետ[24][3][20]։

Իսպանականության (Hispanicity)[Ն 1] կապը Սուրբ Կույս Պիլարի տաճար-բազիլիկի հետ՝ որպես պատմական հիմք և Իսպանիայի ազգային օրվա խորհրդանիշ, լավագույնս արտահայտված է արգենտինացի բարերար դոնյա Սոլեդադ Ալոնսո դե Դրայսդեյլի (Doña Soledad Alonso de Drysdale)՝ 1939 թվականին Իսպանիայի կառավարությանն ուղղված նամակում: Այն վերաբերում էր դրամահավաքին, որի նպատակն էր ավարտին հասցնել Պիլարի տաճարի չորս աշտարակներից վերջին երկուսի կառուցումը[19].

Իսպանիայի Սարագոսա քաղաքում գտնվող Սուրբ Աստվածածնի տաճար-բազիլիկան
Եթե, իրոք, ֆինանսավորումը ստացվի Իսպանական Ամերիկայից, ապա այս երկու աշտարակները կդառնան Իսպանականության (Hispanicity) նախանձելի խորհրդանիշ՝ վեր խոյացած այն թագավորության մայրաքաղաքում, որը տրամադրել է Նոր Աշխարհի հայտնագործման համար օգտագործված գումարը (...)։ [1492 թվականի] հունվարի 2-ին՝ Սարագոսայում Մարիամ Աստվածածնի մահկանացու մարմնով Հայտնության տոնին, Գրանադան հանձնվեց Կաթոլիկ թագավորներին[Ն 2] և Իզաբելան ու Ֆերդինանդն արդեն կարող էին ժամանակ և միտք նվիրել մեծ ծովագնացի կողմից իրենց առաջարկված ձեռնարկին։ Նույն տարվա հոկտեմբերի 12-ին՝ Սուրբ Կույս Պիլարի տոնի օրը, երեք անմահ կարավելլաները հասան ամերիկյան առաջին հողերին[Ն 3]։ (...) Եթե տաճարի ճարտարապետությունն ավարտվի և իր կատարելությանը հասնի օվկիանոսից այն կողմ ստացված միջոցներով, ապա Սուրբ Մետրոպոլիտենյան տաճարի խորհրդանշական արժեքը՝ որպես Իսպանականության սրբավայր, ամբողջովին կվերահաստատվի։
- Արգենտինացի բարերար դոնյա Սոլեդադ Ալոնսո դե Դրայսդեյլի 1939 թվականին Իսպանիայի կառավարությանն ուղղված նամակից հատված

Հետևաբար, ըստ հեղինակ՝ Սարագոսայի տաճարի աշտարակների կառուցումը Լատինական Ամերիկայի փողերով կլիներ այդ պատմական ու հոգևոր շղթայի կատարյալ, խորհրդանշական ավարտը։

1978 թվականի Իսպանիայի Սահմանադրության առաջին էջը, որը իսպանական սահմանադրականության պատմության մեջ իններորդ հիմնարար օրենքն է 1812 թվականի Իսպանիայի Սահմանադրությունից ի վեր։

1981 թվականին՝ 1978 թվականի Իսպանիայի Սահմանադրության ընդունումից անմիջապես հետո, Թագավորական դեկրետով ազգային տոնը վերանվանվել է «Իսպանիայի ազգային տոն և Իսպանիդադի օր» (Fiesta Nacional de España y Día de la Hispanidad)[24][26]։ 1987 թվականի հոկտեմբերի 7-ին «Իսպանիդադի» հիշատակումը հանվել է, և անվանումը կրկին փոխվել է՝ դառնալով պարզապես «Ազգային տոն» (Fiesta Nacional)[6]։ Այսպիսով, հոկտեմբերի 12-ը դարձել է երկու համապետական տոներից մեկը՝ դեկտեմբերի 6-ին նշվող Սահմանադրության օրվա հետ մեկտեղ[9][24]։

20-րդ դարի ընթացքում՝ վարչակարգերի տարբեր փոփոխությունների ժամանակ, Իսպանիայի «ազգային օրվա» ամսաթիվը մի քանի անգամ փոփոխվել է։ Տոնի հաստատումը հենց Ամերիկայի հայտնագործման միջազգային տոնակատարության օրը փոխզիջում է եղել պահպանողականների (ովքեր ցանկանում էին ընդգծել միապետության դերն ու Իսպանիայի պատմությունը) և ձախակողմյան կուսակցությունների միջև (ովքեր ցանկանում էին պաշտոնական տոնով հիշատակել Իսպանիայի զարգացող ժողովրդավարությունը)[9]։ Թեև Իսպանական Ամերիկայի հետ Իսպանիայի ակնհայտ կապերը կասկածի տակ չեն դրվում, ազգային տոնի անվանումից «Իսպանականություն» բառի հեռացման նպատակն է խուսափել կայսերական ժամանակաշրջանում Իսպանիայի կողմից Ամերիկայի նվաճման, ազդեցության և տիրապետության վերաբերյալ ցանկացած հնարավոր տարաձայնությունից (կոնտրովերսիայից)[27]։

Ազգային օրվա տոնակատարություններին Իսպանիայի Զինված ուժերի մասնակցությունը սահմանվել է 1997 թվականին՝ Թագավորական դեկրետով, որը կարգավորում է Ազգային օրը Զինված ուժերի կողմից իրականացվող հիշատակման և մեծարման հանդիսավոր միջոցառումները։ Այս դեկրետով, ըստ էության, հոկտեմբերի 12-ին են փոխանցված Զինված ուժերի օրվա առանցքային միջոցառումները, որոնք ավանդաբար առանձին նշվում էին գարնանը։ Այս քայլով, մի կողմից, մեկ միասնական տոնի մեջ են ինտեգրվել իսպանական ազգի պատմական ու մշակութային բոլոր տարրերը, և մյուս կողմից՝ ամրապնդվել է Զինված ուժերի կապն ու նույնացումը իսպանական հասարակության հետ, որին նրանք ծառայում են։ Հոկտեմբերի 12-ի շրջանակներում կազմակերպվում են նաև քաղաքացիական-զինվորական այլ միջոցառումներ, այդ թվում՝ ռազմական ցուցադրություններ, մշակութային ու մարզական իրադարձություններ, որոնց նպատակն է քաղաքացիներին հնարավորություն տալ ավելի մոտիկից ճանաչել Զինված ուժերը[17]։

Տոնակատարություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Իսպանիայի Գրանադա քաղաքում Իսպանացիների օրվան նվիրված շքերթը հոկտեմբերի 12-ին

Ազգային օրվա շրջանակներում հանրային և քաղաքացիական հասարակության մակարդակով կազմակերպվում են բազմաթիվ տոնակատարություններ։ Իսպանիայի տարբեր վայրերում տեղի են ունենում պետական դրոշի մեծարման հանդիսավոր արարողություններ։ Դրանցից ամենակարևորն ավանդաբար անցկացվում է մայրաքաղաք Մադրիդում՝ Զինված ուժերի և Պետական անվտանգության ուժերի շքերթի հետ մեկտեղ[28]։ Բացի այդ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների կողմից Իսպանիայի ողջ տարածքում կազմակերպվում են պահանջատիրական այլ շքերթներ ու ցույցեր։

Թեև «Իսպանիդադ» (իսպ.՝ Hispanidad) բառը հանվել է տոնի պաշտոնական անվանումից, այս երևույթը որևէ կերպ նշելու ավանդույթը պահպանվում է Իսպանիայում, ինչպես որ այն նշվում է աշխարհասփյուռ իսպանախոս ժողովուրդների կողմից։ Ավանդաբար անցկացվում են տոնակատարություններ, որոնք ընդգծում են Ամերիկայի հայտնագործումը, ինչպես նաև դարերի ընթացքում Իսպանիայի առաջամարտիկ ջանքերն ու ներդրումն Ամերիկայում և ողջ աշխարհում՝ սկսած աշխարհագրական բացահայտումներից մինչև իսպանական ազդեցությունն ու Իսպանական Ամերիկայի հասարակությունների ձևավորումը[29][3][20][30][31]։

Թեև «Իսպանադադի օրը» պաշտոնապես նշվել է մինչև 1987 թվականը, իսպանացիները շարունակում են այն ինքնաբուխ կերպով տոնել՝ պահպանելով թե՛ մշակութային, թե՛ կրոնական արժեքները։ Այն փառաբանում է իսպանախոս աշխարհի բազմազանությունը, եղբայրությունը, ընդհանուր ժառանգությունն ու մշակութային կապերը իսպանախոս երկրների միջև։

Հարգանքի տուրք դրոշին և զինվորական շքերթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հոկտեմբերի 12-ի ռազմական շքերթը Մադրիդում, որին մասնակցում են տարբեր զորքերի և անվտանգության ուժերի ստորաբաժանումներ, այդ թվում՝ Քաղաքացիական գվարդիան

Տոնակատարությունն ավանդաբար ներառում է Իսպանիայի զինված ուժերի (բանակի) և ազգային ոստիկանական ուժերի շքերթը, որը սովորաբար անցկացվում է Մադրիդում։ Շքերթին մասնակցում են բարձրաստիճան պետական և քաղաքական ներկայացուցիչներ, այդ թվում՝ Միապետը (որը պետության ղեկավարն ու Զինված ուժերի գլխավոր հրամանատարն է)՝ Թագավորական ընտանիքի հետ մեկտեղ, Վարչապետը, Գլխավոր կորտեսների (Cortes Generales՝ խորհրդարանի) նախագահներն ու դրա պալատների խմբակցությունների ղեկավարները, Սահմանադրական դատարանի նախագահը, ինչպես նաև Գերագույն դատարանի և Դատական իշխանության գլխավոր խորհրդի նախագահը, Նախարարների խորհրդի անդամները, պատգամավորները և կենտրոնական, տարածքային ու տեղական կառավարությունների այլ ներկայացուցիչներ։ Միջոցառմանը ներկա են գտնվում նաև քաղաքական և պետական պատվիրակություններ այլ հյուրընկալված երկրներից, այդ թվում՝ շքերթին մասնակցող օտարերկրյա զինվորական ստորաբաժանումներ։ Շքերթն արտահայտում է Զինված ուժերի և ոստիկանական կառույցների նվիրվածությունը հասարակությանը և նրանց ներդրումը լայն միջազգային համայնքում[32]։ Շքերթն անցկացվում է մայրաքաղաքի մեծ հրապարակներից մեկում․ վերջին տարիների շքերթների ժամանակ քայլերթի անձնակազմերի համար որպես երթուղի է սահմանվել Պասեո դե լա Կաստելյանա (Paseo de la Castellana) պողոտան։

Թագավոր Ֆելիպե VI-ը և Աստուրիայի արքայադուստր Լեոնորը հարգանքի տուրք են մատուցում Իսպանիայի համար ընկածներին

Ամենակարևոր դերը սովորաբար վերապահված է Իսպանիայի դրոշին։ Արդեն մի քանի տարի անընդմեջ Իսպանիայի ռազմաօդային ուժերի պարաշյուտային ակրոբատիկայի (աերոբատիկայի) ցուցադրական ստորաբաժանումն իրականացնում է թռիչք՝ իր հետ բերելով Իսպանիայի հսկայական դրոշը, և վայրէջք է կատարում թագավորական հարթակի առջև, որտեղ գտնվում են Միապետը, Թագավորական ընտանիքը, Պաշտպանության նախարարն ու Պաշտպանության շտաբի պետը։ Դրանից հետո հաջորդում է պետական դրոշի մեծարման արարողությունը. այն բարձրացվում է Իսպանիայի օրհներգի՝ «Marcha Real»-ի (Արքայական քայլերթ) հնչյունների ներքո։ Այնուհետև հարգանքի տուրք է մատուցվում հանուն Իսպանիայի իրենց կյանքը զոհաբերած զինվորների հիշատակին, որին հաջորդում է քաղաքացիական-զինվորական շքերթը՝ ռազմական տեխնիկայի սյունախմբի և ավիացիոն ցուցադրության (թռիչքային հատվածի) ներառմամբ, ինչը սովորաբար ուղեկցվում է Իսպանիայի ռազմաօդային ուժերի «Patrulla Águila» (Արծվի պարեկ) բարձրագույն պիլոտաժի խմբի ելույթով

2020 թվականի զինված ուժերի շքերթը չեղարկվել է երկրում COVID-19 համավարակի պատճառով և փոխարինվեց քաղաքացիական-ռազմական ինստիտուցիոնալ ակտով Թագավորական պալատի բակում, որտեղ կարող էին հարգանքի տուրք մատուցել իսպանական դրոշին, որին հաջորդել է կարճ շքերթ և հարգանքի տուրք համավարակի դեմ ակտիվորեն պայքարող բոլոր մարդկանց։

Շքերթը հեռարձակվում է Իսպանիայի հանրային հեռուստատեսությամբ ​​և ուղիղ հեռարձակվում է առցանց

Իսպանական մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռազմական շքերթ Մադրիդում՝ Իսպանիայի ազգային օրվա առթիվ

Տոնակատարությունների մշակութային առանձնահատկությունները ներառում են ավանդական տարածաշրջանային կամ պատմական տարազներով մարդիկ, ինչպես նաև ժողովրդական, դասական և ժամանակակից երաժշտության համերգներ և փողոցային ներկայացումներ։ Իսպանիայում իսպանա-ամերիկյան համայնքները նույնպես մասնակցում են շքերթներին՝ ցուցադրելով իրենց ազգային գույները և երկրների բնորոշ հագուստները՝ երթով անցնելով իրենց համապատասխան ժողովրդական երգերի ներքո[33]։

2010 թվականից ի վեր մի քանի տարի շարունակ Իսպաներենի օրը սկսվել է նշվել նաև Միավորված Ազգերի Կազմակերպության կողմից հոկտեմբերի 12-ին, սակայն հետագայում այն տեղափոխվել է ապրիլի 23-ը՝ այդ օրը Միգել դե Սերվանտեսի մահվան տարելիցը նշելու համար։

Կրոնական բաղադրիչ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսպանական ժառանգությունն ունի ուժեղ կրոնական բաղադրիչ, որն արտահայտվում է Սուրբ Կույս Պիլարի՝ «Իսպանախոս ժողովուրդների տիրամոր» տոնի ավանդական նշումով, ինչը չափազանց տարածված է Իսպանիայում, և Գվադելուպյան Սուրբ Աստվածածնի՝ «Իսպանիդադի թագուհու» տոնով, որը մեծ ժողովրդականություն է վայելում Իսպանական Ամերիկայում։ Այս երկու տոնակատարություններն էլ նույնպես անցկացվում են հոկտեմբերի 12-ին[34][35]։

Սուրբ Կույս Պիլարը (la Virgen del Pilar) թե՛ Արագոն ինքնավար համայնքի և դրա մայրաքաղաք Սարագոսայի, թե՛ Քաղաքացիական գվարդիայի ու Իսպանիայի ռազմածովային ուժերի սուզանավային նավատորմի (ի թիվս այլ կառույցների) հովանավոր սուրբն է։ Տոնով հիշատակվում է մ․թ․ 40 թվականին Մարիամ Աստվածածնի գալուստը Սարագոսա, ինչն, ըստ ավանդության, նրա միակ հայտնությունն է երկրային կյանքի օրոք և առաջինը՝ իսպանախոս ժողովրդին։ Քանի որ կրոնական տոնի օրը համընկնում է Ամերիկայի հայտնագործման տարեթվի հետ (1492 թվականի հոկտեմբերի 12), Հովհաննես Պողոս II պապը Սուրբ Կույս Պիլարի տաճար-բազիլիկ կատարած իր երկու այցելությունների ժամանակ էլ մեծարել է Սուրբ Կույս Պիլարին որպես «Իսպանախոս ժողովուրդների մայր»[36][37]։

Հոկտեմբերի 12-ը, որը Իսպանիայում հայտնի է նաև որպես «Դիա դել Պիլար» (Սյան օր), Իսպանիայի այլ շրջաններից շատ մարդկանց է գրավում Սարագոսա, որտեղ ամբողջ օրվա ընթացքում տեղի է ունենում ավանդական «Ծաղիկների նվիրաբերում Կույս Մարիամին» (Ofrenda de flores a la Virgen) զանգվածային շքերթ՝ լայն հասարակության մասնակցությամբ, այդ թվում՝ լատինոամերիկյան համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ։ Իսպանական գաղութային ծագում ունեցող յուրաքանչյուր ազգ ազգային թիկնոց է նվիրաբերել տասնհինգերորդ դարի Աստվածածնի արձանին, որը պահվում է տաճարի մատուռում[38]։

Իսպանացիների օրվա տոնակատարություն Էքստրեմադուրայի Գվադալուպյան Տիրամոր տաճար-բազիլիկայում, որը Իսպանիայի ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված 48 վայրերից մեկն է։

Գվադալուպյան Սուրբ Աստվածածնի պաշտամունքը իսպանական ժառանգության կարևորագույն խորհրդանիշներից է, որը նշվում է Էքստրեմադուրայում՝ ամեն տարի հոկտեմբերի 12-ին, Իսպանիդադի օրը, քանի որ նա 1928 թվականից ի վեր կրում է Իսպանիդադի թագուհի տիտղոսը: Այս կրոնական ավանդույթը հիմնված է 14-րդ դարի լեգենդի վրա, ըստ որի՝ Սուրբ Աստվածածինը հովվին հայտնել է Ղուկաս ավետարանիչի կողմից քանդակված և մավրիտանական զավթիչներից թաքցված արձանի տեղը, որի վրա հետագայում կառուցված վանքը դարձել է Կաստիլիայի նշանավոր ու հարուստ ուխտատեղին[39][40]։

1492 թվականի հունիսին Կաթոլիկ թագավորները վանքում հանդիպել են Քրիստափոր Կոլումբոսի հետ, ինչից հետո միապետները պաշտոնապես արտոնել են արշավախմբի մեկնումը: 1493 թվականին վերադառնալով իր առաջին հաջող նավարկությունից՝ Կոլումբոսն այցելել է վանք՝ երախտագիտություն հայտնելու Գվադալուպյան Սուրբ Աստվածածնին, իսկ երկրորդ ճանապարհորդության ընթացքում նորահայտ կղզիներից մեկն անվանել է Գվադալուպե: Այս հանգամանքները, զուգորդված Էքստրեմադուրայից ժամանած նվաճողների և Կաստիլիայում Գվադելուպյան Տիրամոր մեծ հռչակի հետ, նպաստել են պաշտամունքի տարածմանը Ամերիկայում և վերջինիս հռչակմանը որպես Իսպանականության թագուհի[41][42]։

  1. ↑ Իսպանականությունը (Hispanicity) Իսպանիդադն է Ամերիկյան/անգլոսաքսոնական տեսանկյունից, որը բնորոշում է անհատի կամ խմբի պատկանելությունը իսպանական (իսպանալեզու) էթնիկ խմբին (օրինակ՝ ԱՄՆ-ում բնակվող մեքսիկացիների, պուերտոռիկացիների մշակութային ինքնությունը)։
  2. ↑ 1492 հունվարի 2-ին (Հայտնության տոն) ազատագրվել է Գրանադան, և Իսպանիան միավորվել է։
  3. ↑ 1492 թվականի հոկտեմբերի 12-ին (Սուրբ Կույս Պիլարի հիմնական տոն) Կոլումբոսը հասել է Ամերիկա, և սկսվել է Իսպանականության (Hispanidad) դարաշրջանը։
  4. ↑ Ավանդական ձեռքհամբույրի արարողությունը արարողությունն անցկացվում է Մադրիդի Թագավորական պալատի գլխավոր Գահասրահում՝ զինվորական շքերթի ավարտից անմիջապես հետո։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ «"hispanidad"». Collins Spanish-English Dictionary.
  2. 1 2 Paloma Aguilar, Carsten Humlebæk, "Collective Memory and National Identity in the Spanish Democracy: The Legacies of Francoism and the Civil War", History & Memory, April 1, 2002, pag. 121–164
  3. 1 2 3 4 5 David MARCILHACY «América como factor de regeneración y cohesión para una España plural: "la Raza" y el 12 de octubre, cimientos de una identidad compuesta», Hispania (Madrid), vol. LXXIII, no. 244 (mayo-ag. 2013), p. 501-524
  4. ↑ David Marcilhacy "LA PÉNINSULE IBÉRIQUE ET LE MARE NOSTRUM ATLANTIQUE: IBÉRISME, HISPANISME ET AMÉRICANISME SOUS LE RÈGNE D'ALPHONSE XIII DE BOURBON" Revista de História das Ideias, Vol. 31 (2010), pags. 121–154
  5. ↑ «Día de la Fiesta Nacional | 12 de octubre | Ministerio de Defensa».
  6. 1 2 Ley 18/1987, de 7 de octubre, que establece el día de la Fiesta Nacional de España en el 12 de octubre boe.es
  7. ↑ Thomas, Hugh (11 August 2015). World Without End: Spain, Philip II, and the First Global Empire. Random House. pp. 496 pages. 0-8129-9811-1
  8. ↑ Enciclopedia de los Municipipos de México Estado de Jalisco Zapopan․ (in Spanish). Mexico
  9. 1 2 3 Molina A. de Cienfuegos, Ignacio; Martínez Bárcena, Jorge; Fuller, Linda K. (Ed.) (2004). «Spain: National Days throughout the History and the Geography of Spain». National Days/National Ways: Historical, Political, and Religious Celebrations Around the World: 253. ISBN 978-0-275-97270-7.
  10. ↑ «Consulate General and Promotion Center in Mumbai | October 12: Day of Respect for Cultural Diversity». cgmum.cancilleria.gob.ar. Վերցված է 2026-08-29-ին.
  11. ↑ «Day of respect for cultural diversity in Argentina in 2026». Office Holidays (անգլերեն). Վերցված է 2026-08-29-ին.
  12. ↑ Mirzaliyeva, Maysara (2022-09-06). «Day of Respect For Cultural Diversity — October 12, 2026». National Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-08-29-ին.
  13. ↑ «We celebrate Costa Rican multiculturalism - Visit Costa Rica». www.visitcostarica.com (բրիտանական անգլերեն). Վերցված է 2026-08-29-ին.
  14. ↑ «How October 12 Is Celebrated Around the World | donQuijote». www.donquijote.org (անգլերեն). Վերցված է 2026-08-29-ին.
  15. ↑ Congress, The Library of; Administration, National Archives and Records; Humanities, National Endowment for the; Art, National Gallery of; Service, National Park; Institution, US Smithsonian; Museum, US Holocaust Memorial. «National Hispanic American Heritage Month 2021». www.hispanicheritagemonth.gov.
  16. ↑ «Hispanic History Milestones: Timeline». 2023 թ․ սեպտեմբերի 15.
  17. 1 2 «REAL DECRETO 862-1997, de 6 de Junio, por el que se regulan los actos conmemorativos del Dia de la Fiesta nacional de España, en el ambito del Ministerio de defensa». vLex (իսպաներեն). Վերցված է 2026-08-29-ին.
  18. ↑ «Nuestra Senora del Pilar (Our Lady of the Pillar)». Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 12-ին.
  19. 1 2 Cenarro, Ángela (1997). «La Reina de la Hispanidad: Fascismo y Nacionalcatolicismo en Zaragoza. 1939–1945» (PDF). Revista de historia Jerónimo Zurita. Institución Fernando el Católico. 72: 91–102. ISSN 0044-5517.
  20. 1 2 3 David MARCILHACY «Las fiestas del 12 de octubre y las conmemoraciones americanistas bajo la Restauración borbónica: España ante su pasado colonial », Revista de Historia Jerónimo Zurita (Zaragoza), n°86 (2011), p. 131-147
  21. ↑ «NAVSUP FLC Sigonella In The News – Issue #3 – January 2022 by NAVSUP FLC Sigonella – Issuu». issuu.com. 2022 թ․ հունվարի 20. Արխիվացված է օրիգինալից 2024-03-16-ին. Վերցված է 2022-10-12-ին.
  22. ↑ Gaceta de Madrid
  23. ↑ «"Día de la Hispanidad"/"Fiesta de la Hispanidad"». filosofia.org (իսպաներեն). 2004. Վերցված է 2011 թ․ սեպտեմբերի 11-ին.
  24. 1 2 3 Prakke, L.; C. A. J. M. Kortmann; J. C. E. van den Brandhof (2004). Constitutional Law of 15 EU Member States. Kluwer. էջ 748. ISBN 90-13-01255-8. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 30-ին.
  25. ↑ Heraldo de Aragón, 25-5-1939 y 26-5-1939, a free translation
  26. ↑ «Real Decreto 3217/1981, de 27 de noviembre, por el que se establecen normas para la celebración del 12 de octubre, Fiesta Nacional de España y Día de la Hispanidad» (PDF). boe.es (իսպաներեն). Վերցված է 2023 թ․ հուլիսի 1-ին.
  27. ↑ Encarnación, Omar Guillermo (2008). Spanish Politics: Democracy after Dictatorship. Polity. էջ 43. ISBN 978-0-7456-3992-5. Վերցված է 2011 թ․ ապրիլի 19-ին.
  28. ↑ Marcin Suszycki, Andrzej (2021). Nationalism in Contemporary Europe – Concept, Boundaries and Forms (English). Zurich: LIT VERLAG GmbH & Co. էջ 134. ISBN 978-3-643-91102-5. «on Spain's National Day and the Day of the Armed Forced on 12 October, celebrated each year with a military parade presided by the Spanish King. These celebrations intend to impressively demonstrate the determination of the Spanish Royal House to guard the political and territorial unity of the country (see also Humlebaek 2015: 117–136).»{{cite book}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  29. ↑ «Desde cuándo el 12 de octubre es Fiesta Nacional y qué se celebra en España». 2020 թ․ հոկտեմբերի 10.
  30. ↑ Charles F. Lummis (1936). The Spanish Pioneers. A. C. McClurg & Co.
  31. ↑ Gustavo Bueno, "España no es un mito. Claves para una defensa razonada" Temas de Hoy, Madrid 2005, 84-8460-495-0
  32. ↑ «The 12th of October Parade». Turismo Madrid.
  33. ↑ «Art and culture in Spain | spain.info in english».
  34. ↑ (2011-10-12). "At the centre of Marian faith: Spain's National Holiday and the Feast of the Virgin of Pilar" Արխիվացված 13 Հունիս 2013 Wayback Machine. Custodia Terræ Sanctæ. Retrieved on 25 February 2013.
  35. ↑ «Our Lady of the Pillar». 2008 թ․ դեկտեմբերի 3.
  36. ↑ (2011-10-12). "At the centre of Marian faith: Spain's National Holiday and the Feast of the Virgin of Pilar" Արխիվացված 13 Հունիս 2013 Wayback Machine. Custodia Terræ Sanctæ. Retrieved on 25 February 2013.
  37. ↑ «Our Lady of the Pillar». 2008 թ․ դեկտեմբերի 3.
  38. ↑ «Our Lady of the Pillar :: Catholic News Agency (CNA)». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 18-ին.
  39. ↑ «Our Lady of Guadalupe in Spain». Our Lady in the Old World and New. Medieval Southwest, Texas Tech University.
  40. ↑ Richard C. Trexler, Religion in Social Context in Europe and America 1200–1700 (Tempe, Arizona: Arizona Center for Medieval and Renaissance Studies, 2002)
  41. ↑ «Our Lady of Guadalupe in Spain». Our Lady in the Old World and New. Medieval Southwest, Texas Tech University.
  42. ↑ Richard C. Trexler, Religion in Social Context in Europe and America 1200–1700 (Tempe, Arizona: Arizona Center for Medieval and Renaissance Studies, 2002)

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսպանիայի ազգային օր» հոդվածին։