Իսլանդական շուն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Իսլանդական շուն
Ulfur.jpg
Տեսակշան ցեղատեսակ
ԲնաշխարհFlag of Iceland.svg Իսլանդիա
Առանձնահատկություններ
Դասակարգում և տեսականմուշ
Շուն (Canis lupus familiaris)

Իսլանդական շուն[1] կամ իսլանդական հովվաշուն[2] (իսլ.՝ Íslenskur fjárhundur), հովվաշան տեսակ, որը նախատեսված է Իսլանդիայի արոտավայրերի և կենդանիների պաշտպանության, ինչպես նաև կորած ոչխարների որոնման համար[3]։ Ունի արտաքին նմանություն ֆիննական շպիցի և նորվեգական բուխունդի հետ։ Հայրենիքում հայտնի է որպես ուղեկից[1][4]։

Ցեղատեսակի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդական շունն ազգային ցեղատեսակ է, և նրա նախնիները Սկանդինավյան թերակղզի են բերվել առաջին վիկինգների հետ 874-ից մինչև 930 թվականներն ընկած ժամանակահատվածում։ Տարիներ շարունակ այլ ցեղատեսակների ներկայացուցիչները շատ սահմանափակ քանակությամբ են հայտնվել երկրում, իսկ 1901 թվականից դրանց ներմուծումը լիովին արգելված է եղել, ինչը թույլ է տվել իսլանդական հովվաշներին պահպանվել գրեթե անփոփոխ վիճակում սկսած IX դարից, հատկապես հեռավոր դժվարամատչելի շրջաններում։ Երկար ժամանակ շունն ադապտացվել է կլիմային, տեղի բնակչության կենսամակարդակին և իր գոյատևման համար ծանր բազմադարյա պայքարին[5][6]։

1950-ական թվականներին անգլիացի Մարկ Ուոթսոնը, որը բազմիցս այցելել է Իսլանդիա, հետագա բուծման համար Կալիֆոռնիա է տարել շների մի քանի լավագույն նմուշներ, որը իսլանդացիների մոտ անհանգստություն է առաջացրել, ինչից հետո նրանք սկսել են իսլանդական հովվաշան նպատակաուղղված ընտրասերումը՝ խնամքով ընտրված առանձնյակների օգտագործմամբ[5]։

Իսլանդական շան պահպանման նպատակով 1969 թվականին հիմնվել է Շնաբուծության ազգային ակումբ, իսկ ցեղատեսակը հայտարարվել է Իսլանդիայի մշակութային ժառանգության մաս[5]։

1972 թվականին ցեղատեսակը ճանաչվել է Կինոլոգիական միջազգային ֆեդերացիայի կողմից (FCI) և դասվել է շպիցների ու պարզունակ տիպի ցեղատեսակների խմբում՝ հյուսիսային պահակային և հովտային շների սեկցիայում[7]։ 1996 թվականին գրանցվել է Շնաբուծության միացյալ ակումբի (AKC), իսկ 2010 թվականին՝ Շնաբուծության ամերիկյան ակումբի (AKC) կողմից[4][8]։

2018 թվականի հունվարի 30-ի դրությամբ միջազգային կազմակերպության ռեեստրում, որը հիմնադրվել է 1996 թվականին և զբաղվում է իսլանդական հովվաշների բուծմամբ (Icelandic Sheepdog International Cooperation), գրանցվել է 15 949 շուն աշխարհի 12 երկրներում, որոնց գրեթե կեսը ծնվել է 2000 թվականից հետո։ Դրանց ամենամեծ թիվը գրանցվել է Դանիայում (4035), Իսլանդիայում (3052) և Շվեդիայում (2333)[9]։

Ցեղատեսակը նախկինի պես մեծաթիվ չէ, սակայն անհետացման վտանգի ենթակա չի համարվում[6];

Արտաքին տեսք[խմբագրել | խմբագրել կոդը]

Շպիցանման շունն ունի մի փոքր ձգված չափեր, միջին հասակից փոքր-ինչ ցածր է, ունի սրածայր ականջներ, պոչը փաթաթված է մեջքի վրա, գեղեցիկ է և խելացի։ Հանդիպում են և՛ երկար, և՛ կարճ մազածածկույթով շներ։ Սեռական դիմորֆիզմը (արուներ և էգերի տարբերությունը) վառ արտահայտված է. արուների վզակոթի իդեալական բարձրությունը 46 սանտիմետր է, էգերինը՝ 42 սանտիմետր, արուների քաշը կազմում է մոտ 14 կիլոգրամ, իսկ էգերինը՝ մոտ 11 կիլոգրամ[6][8]։

Դունչը մի փոքր ավելի կարճ է, քան գանգի մասը, քթի թիկնակը ուղիղ է։ Այտոսկրերը արտահայտված չեն։ Ճակատից մինչև դունչ հատվածը հստակ նշված է, բայց ոչ շատ կտրուկ և ոչ խորը։ Քիթը սև է, որոշ շագանակագույն և մաշկագույն գունավորում ունեցող շների մոտ այն մուգ շագանակագույն է։ Կծվածքը մկրատանման է։ Աչքերը միջին չափի են և նուշանման, սովորաբար մուգ շագանակագույն։ Ականջներ եռանկյունաձեև են, բարձրացրած, միջին չափի, բավականին շարժական, ծայրերը փոքր-ինչ կլորացված են. զգայուն կերպով արձագանքում են շրջապատող հնչյուններին, ցույց են տալիս շան տրամադրությունը[6]։

Pierwsza polska para hodowlana psów islandzkich..jpg

Պարանոցը մկանոտ է։ Իրանը ուղղանկյուն է և հավաք։ Կրծքավանդակի խորությունը հավասար է դիմային վերջույթներից մինչև արմունկների երկարությանը, կողոսկրերը բավականին կոր են, որովայնը՝ փոքր-ինչ ձգված։ Պոչը բարձր տնկված է և շրջանաձև ոլորված, հպվում է մեջքին[6]։ Վերջույթները ուզիղ են, զուգահեռ և ուժեղ, ինչպես նաև ճիշտ անկյուններում հոդակապավոր։ Ձվաձև թաթերը, ամփոփված, հավաքված են գնդաձև, խիտ առաձգական բարձերով։ Առջևի թաթերի օգնող մատերը կարող են կրկնակի լինել։ Հետևի թաթերի վրա ցանկալի են լավ զարգացած կրկնակի օգտակար մատները[6]։

Մազածածկույթը կրկնակի է, հաստ, բավականին կոպիտ, լավ պաշտպանում է շանը վատ եղանակներից։ Լինում է երկու տեսակ՝ կարճ և երկար։ Կարճ մազերով շների մազածածկույթը հաստ է՝ միջին երկարությամբ և փափուկ աղվամազերով։ Առավել կարճ են մազերը առջևի վերջույթների ու դնչի վրա, գլխի վերին մասում և ականջներում։ Առավել երկար են՝ պարանոցի, կրծքավանդակի և հետևի վերջույթների ետևի կողմում։ Պոչի բրդի երկարությունը հավասար է բրդի ընդհանուր երկարությանը։ Երկար մազածածկույթով շները ունեն ավելի խիտ և փափուկ աղվամազեր, որոնք առավել կարճ են դնչի վրա, գլխի վերին մասում, ականջների առջևի կողմում և վերջույթների առջևի մասում, առավել երկար՝ ականջների հետևի կողմում, պարանոցի, կրծքավանդակի, առջևի և հետևի վերջույթների վրա։ Պոչի մազածածկույթը շատ հաստ է, և նրա երկարությունը համամասնական է մազածածկույթի ընդհանուր երկարությանը[6]։

Գունավորումը շիկակարմիր է (ունի տարբեր երանգներ՝ մաշկագույնից մինչև կարմրավուն շագանակագույն), շոկոլադե դարչնագույն, մոխրագույն և սև։ Գերակշռող գույնը միշտ ուղեկցվում է սպիտակ նշագծերով, որոնք հաճախ գտնվում են գանգի կամ դնչի վրա, կրծքավանդակի և պոչի ծայրի վրա, ինչպես նաև ձևավորում են սպիտակ օձիք և տարբեր երկարության սպիտակ «գուլպաներ»։ Իրանի ներքևի մասում՝ կոկորդից մինչև պոչը, մազածածկույթը առավել բաց երանգներ ունի։ Կարմիր և մոխրագույն շները կարող են ունենալ սև «դիմակ», մազածածկույթի սև եզրեր և հազվադեպ՝ սև մազիկներ։ Սև (իրականում եռագույն) շների մոտ առկա են սպիտակ նշագծեր և ավանդական կարմրագույն բծեր այտերին, աչքերի և ոտքերի վրա [6]։

Խառնվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Դիմացկուն, ոչ ագրեսիվ, մարդամոտ, խելացի, հետաքրքիր, ուրախ, զգոն և արագաշարժ հովվաշներ են՝ թույլ զարգացած որսորդական բնազդով։ Իր գործառույթների ժամանակ օգտագործում է ձայնը, ինչը չափազանց օգտակար է դառնում լեռնային արոտավայրերում անասունների և մոլորված ոչխարների որոնման ժամանակ։ Լավ հարաբերություններ ունեն փոքր երեխաների հետ՝ հանդես գալով դայակի դերում[3][4][6]։

Իսլանդական շան ձագուկ

Կարող է լինել լավ պահակ, որն իր հնչեղ տագնապալի հաչոցով կտեղեկացնի անծանոթի մոտենալու մասին և կգործի որպես կենդանի ցանկապատ իր ընտանիքին պատկանող տարածքի շուրջ։ Իսլանդական հովվաշունը միշտ ձգտում է պաշտպանել ընտանի կենդանիների ձագերին, մասնավորապես գիշատիչ թռչունների հարձակումից, ուստի նա միշտ հետևում է և հաչում է այն ամենի վրա, ինչ մոտենում է վերևից․ դա նրան բնորոշ առանձնահատկությունն է[10]։

Առողջություն, սնունդ և խնամք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլանդական շունը պատկանում է առողջ ցեղատեսակների թվին, հազվադեպ կարող են նկատվել ծնկոսկրերի հոդախախտում, ազդրերի և արմնկահոդերի հոդախախտումներ[11]։ Կյանքի միջին տևողությունը կազմում է 12-ից մինչև 14 տարի[8]։

Այս շները պահանջում են ընդարձակ տարածք, ուստի իսլանդական հովվաշներին քաղաքային բնակարաններում գրեթե չեն պահում։ Բավարարվում են փոքր քանակությամբ սննդով և շատ են սիրում ձուկ։ Երկար զբոսանքի հետ մեկտեղ անհրաժեշտ են Ֆիզիկական վարժություններ։ Խնամքի մեջ են մտնում սանրով կամ խոզանակով մազածածկույթի շաբաթական սանրելը և հաճախակի լողացնելը։ Բացի այդ, պետք է պարբերաբար կտրել ճանկերը՝ ընդարձակումից, ճեղքումներից և ճաքճքելուց խուսափելու համար։ Պետք է նաև մաքրել շան ատամները և ստուգել ականջներում կեղտի առկայությունը, որը կարող է հանգեցնել վարակի[2][3][11]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Животные в доме: энциклопедия / Ред. коллегия: В. Г. Гребцова, М. Г. Таршис, Г. И. Фоменко. — М.: Большая Российская энциклопедия, 1994. — С. 102. — 304 с. — ISBN 5-85270-118-1
  2. 2,0 2,1 Круковер Собаки. Самая полная энциклопедия. — М.: Эксмо, 2013. — С. 250. — 464 с. — ISBN 978-5-699-59539-6
  3. 3,0 3,1 3,2 Энциклопедия пород собак. — СПб.: СЗКЭО «Кристалл», 2006. Архивировано из первоисточника 1 Դեկտեմբերի 2017.
  4. 4,0 4,1 4,2 «Icelandic Sheepdog. Official UKC Breed Standard» (անգլերեն)։ United Kennel Club։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին։ Վերցված է 2017-11-19 
  5. 5,0 5,1 5,2 «History of the Iselandic Sheepdog» (անգլերեն)։ Iselandic Sheepdog International Cooperation։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-19 
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 6,5 6,6 6,7 6,8 «ICELANDIC SHEEPDOG. FCI-Standard № 289» (անգլերեն)։ Federation Cynologique Internationale։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-19 
  7. «FCI breeds nomenclature. ISLENSKUR FJÁRHUNDUR (289)» (անգլերեն)։ Federation Cynologique Internationale։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-19 
  8. 8,0 8,1 8,2 «Icelandic Sheepdog» (անգլերեն)։ American Kennel Club։ Արխիվացված է օրիգինալից 2017-09-16-ին։ Վերցված է 2017-11-19 
  9. «The ISIC database» (անգլերեն)։ Icelandic Sheepdog International Cooperation։ Արխիվացված է օրիգինալից 2018-01-30-ին։ Վերցված է 2017-11-19 
  10. «A general description of the Icelandic Sheepdog» (անգլերեն)։ Icelandic Sheepdog International Cooperation։ Արխիվացված է օրիգինալից 2018-02-15-ին։ Վերցված է 2017-11-19 
  11. 11,0 11,1 «Icelandic Sheepdog Care» (անգլերեն)։ American Kennel Club։ Արխիվացված է օրիգինալից 2017-12-01-ին։ Վերցված է 2017-11-19 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]