Jump to content

Իսլամը և երեխաները

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ղուրան ընթերցող շիա մուսուլման աղջիկները Ռամադանի ժամանակ, Ղոմ, Իրան:

Իսլամը և երեխաները թեման ներառում է Իսլամում երեխաների զարգացման սկզբունքները, երեխաների իրավունքները, երեխաների պարտականությունները ծնողների նկատմամբ, ինչպես նաև ծնողների իրավունքները իրենց երեխաների նկատմամբ՝ լինի դա կենսաբանական, թե որդեգրված երեխա։

Իսլամը տարբերակում է երեխաների զարգացման երեք հիմնական փուլ, որոնցից յուրաքանչյուրն ընդգրկում է յոթական տարի՝ 0-ից 21 տարեկան։ Ամեն փուլում կան հստակ ցուցումներ՝ թե ինչ պետք է սովորի երեխան և ինչպես պետք է կառուցվի նրա հարաբերությունը ծնողների հետ։

Մուսուլմանները իրավասու են ունենալ ամուսնություն, որը կարող է կազմակերպվել ծնողների կողմից, երբ հասնում են համապատասխան տարիքի, թեև Ղուրանում հստակ նշված չէ այդ տարիքը։ Տարբեր ավանդույթներում և երկրներում տարբեր պատկերացումներ կան ամուսնության վերաբերյալ։

Խնամակալությունը խրախուսվում է իսլամում, սակայն երեխային որդեգրելն ու սեփական երեխայի նման վերաբերվելն անընդունելի է համարվում։ Փոխարենը, երեխային պետք է հնարավորություն տրվի պահպանել իր բնածին ինքնությունը։

Մուհամմադի շփումը երեխաների հետ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամմադն ուներ յոթ երեխա՝ երեք որդի և չորս դուստր։ Նրա բոլոր որդիները, ներառյալ Իբրահիմ իբն Մուհամմադը, մահացել են մանուկ հասակում։ Այդ պատճառով Մուհամմադի հայրական փորձառությունը երբեմն նկարագրվում է որպես «վշտալի»[1]։ Մուհամմադն ուներ նաև որդեգրված որդի՝ Զեյդ անունով, ում իսլամական աղբյուրները նկարագրում են որպես Մարգարեի հիացմունքի և ծնողական սիրո առարկա։ Մուհամմադն ուներ նաև երկու թոռ՝ Հասանբ և Հուսեյնը, ինչպես նաև երեք թոռնուհի՝ Ումմ Քուլսում, Զեյնաբ և Ումամա[1]։ Մի իսլամական ավանդության համաձայն՝ Մուհամմադը վազել է Հուսեյնի հետևից խաղի ժամանակ, մինչև նրան բռնել է։ Մարդիկ նաև պատմում են, որ Մարգարեն Ումամային աղոթքի ժամանակ նստեցնում էր իր ուսերին։ Երբ մեկը զարմանք է հայտնել, որ Մարգարեն համբուրում է իր թոռանը, նա պատասխանել է. «Ի՞նչ կարող եմ անել, եթե Աստված զրկել է քո սիրտը մարդկային բոլոր զգացմունքներից»[2]։

Մուհամմադը համարվել է երեխաների նկատմամբ առանձնահատուկ սեր ունեցող մարդ։ Ուոթը դա վերագրում է նրան, որ Մուհամմադը մեծ կարոտ է ունեցել երեխաների հանդեպ, քանի որ իր զավակներից շատերը մահացել են[3]։ Նա մխիթարել է մի երեխայի, որի հարավային սոխակը մահացել էր[2]։ Նա խաղեր է խաղացել երեխաների հետ, կատակել և ընկերություն արել նրանց հետ[3]։ Մուհամմադն իր սիրալիրությունը դրսևորել է նաև այլ կրոնների երեխաների նկատմամբ։ Մեկ անգամ նա այցելել է իր հրեա հարևանի որդուն, երբ երեխան հիվանդ էր[4]։

Մի անգամ, երբ Մուհամմադը երեխայի էր գրկել, երեխան միզել է նրա վրա։ Երեխայի հայրը շփոթվել է և հանդիմանել նրան։ Մուհամմադը կանգնեցրել է հորը և խորհուրդ տվել․ «Սա մեծ բան չէ։ Իմ հագուստը կարելի է լվանալ։ Բայց զգույշ եղիր՝ ինչպես ես վերաբերվում երեխային։ Ինչպե՞ս կարող է վերականգնվել նրա ինքնագնահատականը, եթե դու այսպես հրապարակայնորեն բարկանում ես նրա վրա»[5]։

Երեխաների զարգացում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հադիսի համաձայն՝ Մուհամմադը սահմանել է երեխաների զարգացման երեք փուլ՝ յուրաքանչյուրը յոթական տարի։ Նրա խոսքով՝[6]

  • Առաջին յոթ տարիների ընթացքում երեխային պետք է հնարավորություն տալ ազատորեն ուսումնասիրելու իր հետաքրքրությունները, դիտելու և փորձարկելու իր շուրջը եղած բաները՝ առանց ծնողական խիստ միջամտության։ Այս փուլում հիմնական դերը վերապահվում է մայրերին, ովքեր պատասխանատու են երեխայի հետ առողջ և հուզական կապ կառուցելու ու նրանց խնամելու համար։
  • Երկրորդ յոթ տարիների ընթացքում երեխային պետք է սովորեցնել՝ ինչն է ճիշտ, և ինչն է սխալ, և անհրաժեշտության դեպքում՝ պատժել կամ ուղղել։ Այս շրջանում ծնողները պետք է ձևավորեն երեխայի մեջ աղոթքի և Ղուրանի ընթերցանության սովորույթ։ Հայրերն այստեղ հիմնական դեր են ստանձնում՝ երեխայի դաստիարակության գործում առաջնորդություն ցուցաբերելով։
  • Երրորդ յոթ տարիների ընթացքում երեխան պետք է ավելի ընկերական և համագործակցային հարաբերություններ ունենա ծնողների հետ։

Երեխաների իրավունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Մուսուլման ամուսիննեը և նրանց նորածինը, Ալ-Հարամ մզկիթ, Մեքքա, Սաուդյան Արաբիա

Մուհամմադն ասել է․ «Ձեզանից յուրաքանչյուրը պատասխանատու է իր հսկողության տակ եղածի համար։ Ամուսինն իր ընտանիքի անդամների խնամակալն է և պատասխանատու է նրանց հանդեպ, ովքեր վստահված են նրան»(Սահիհ ալ-Բուխարի)[7]։

Երեխաների իրավունքներից մեկը այն է, որ երբ նրանք հասնում են համապատասխան տարիքի, ծնողները պարտավոր են հնարավորության սահմաններում ապահովել նրանց ամուսնությունը՝ առանց անհարկի ձգձգման[8]։

Երեխաները նաև իրավունք ունեն հավասար վերաբերմունքի իրենց եղբայրների և քույրերի նկատմամբ, հատկապես նյութական պարգևների կամ նվերների բաշխման հարցում[9]։

Ամուսնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Համաձայնություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոլոր Սուննի և Շիա մտքի դպրոցները միաձայն համաձայն են, որ բռնի ամուսնությունները խստորեն արգելված են իսլամում, քանի որ իսլամական ամուսնությունը պայմանագիր է՝ կնքված երկու գիտակցաբար համաձայնված կողմերի միջև, ինչը կոչվում է Ուխտ (պարս.՝ میثاق)[10]։

Բացի այդ, Մուհամմադը կանանց տվել է իրենց կամքին հակառակ կատարված ամուսնությունները չեղարկելու իրավունք․ «Երբ մարդը ամուսնացնում է իր դստերը, իսկ դուստրը տհաճություն է զգում այդ ամուսնությունից, այդ ամուսնությունը չեղարկվում է»։ Մի անգամ մի կույս աղջիկ մոտեցել է Մարգարեին ու պատմել, որ հայրը իրեն ամուսնացրել է առանց իր համաձայնության։ Մարգարեն նրան տվել է ամուսնությունը մերժելու իրավունք[10]։

Մալիքիական մազհաբը իժբարի (ijbār) իրավունք է տալիս խնամակալին, այսինքն՝ չեղարկելու ամուսնությունը[11]։ Մալիք իբն Անասի համաձայն՝ երեխաները, իրենց դեռահասության պատճառով, կարող են ընտրել ոչ համապատասխան զուգընկեր, այդ պատճառով խնամակալին տրվում է իժբարի իրավունքը՝ երեխայի որոշումը վերահսկելու և անհրաժեշտության դեպքում գերակշռելու համար։ Այս իրավունքը Մալիքիական մազհաբի շրջանակներում տրամադրվում է աղջիկների խնամակալներին՝ նրանց շահերը պաշտպանելու նպատակով[11]։

Ամուսնության տարիք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուբեն Լևիի խոսքով՝ իսլամը ամուսնության համար տարիքային սահմանափակումներ չի սահմանել[12] և «բավականին փոքր երեխաները կարող են օրինականորեն ամուսնանալ»։ Աղջիկը չի կարող ապրել ամուսնու հետ, մինչև ամուսնական սեռական հարաբերությունների համար պիտանի չլինի[12]: Հանաֆիական մազհաբը պնդում է, որ կնոջը չպետք է տանեն ամուսնու տուն, մինչև նա չհասնի սեռական հարաբերությունների համար պիտանի տարիքի։ Լևին ավելացնում է. «Եթե այս հարցում վիճաբանություն ծագի ամուսնու և աղջկա վալիի (ամենամոտ տղամարդ խնամակալի) միջև, հարցը ներկայացվում է դատավորին (քադիի), որը նշանակում է երկու փորձառու կին, որպեսզի նրանք զննելուց հետո զեկուցեն աղջկա ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ։ Եթե որոշեն, որ նա դեռ շատ երիտասարդ է, ապա աղջիկը վերադարձվում է հոր տուն, մինչև կհամարվի պիտանի։ Նշանադրությունը կարող է տեղի ունենալ ցանկացած տարիքում, իսկ ամուսնությունը՝ ավելի ուշ, որի համար տարիքային շեմը տարբեր երկրներում տարբեր է»։

Իսլամական իրավունքում «Bāligh» (արաբ․՝ بالغ) տերմինը վերաբերում է այն անձին, ով հասել է սեռական հասունացման և իրավական լիարժեք պատասխանատվության՝ ըստ Շարիաթի։ Իրավաբանական տեսաբանները տարբեր չափանիշներ են տալիս տղաների և աղջիկների համար այդ հասունությունը որոշելու նպատակով։

Աղջիկների դեպքում բալիղ կամ բալաղաթ հասկացությունը հիմնականում կապված է դաշտանային ցիկլի հետ՝ որպես սեռական հասունության նշան։

Որդեգրում և խնամակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսլամը խիստ խորհուրդ է տալիս երեխաների խնամակալությունը՝ սահմանելով այն որպես «կենսաբանական ծնողների փոխարեն երեխայի նկատմամբ մասնակի կամ լիարժեք պատասխանատվության ստանձնում»։ Սակայն իսլամը արգելում է երեխային անվանել սեփական զավակ, ինչպես նաև արգելում է ստեղծել որևէ տեսակի «երևակայական (կեղծ) ազգակցական կապեր»։ Իսլամական խնամակալությունը երբեմն անվանում են «մասնակի որդեգրում», որը նման է ժամանակակից բաց որդեգրման համակարգին[13]։ Այստեղ շեշտը դրվում է երեխայի ինքնության պահպանման վրա։ Իրավական որդեգրումը իսլամում ավանդաբար դիտարկվել է որպես հնարավոր խնդիրների աղբյուր, օրինակ՝ սխալմամբ սեփական որդեգրած քրոջ կամ եղբոր հետ ամուսնանալը կամ ժառանգության սխալ բաշխումը[14]։

Որդեգրումը տարածված էր նախաիսլամական Արաբիայում։ Ըստ այդ ավանդույթի՝ որդեգրված տղան ընդունում էր որդեգրողի ազգանունը և իրավաբանական տեսանկյունից լիովին ինտեգրվում էր նոր ընտանիքում[15]։ Սակայն իսլամը այս պրակտիկան դիտեց որպես «բնական ինքնության ջնջում»։ Նման որդեգրումներ երբեմն իրականացվում էին հուզական շարժառիթներով՝ գթասրտությամբ, սակայն նաև ծառայում էին որպես մեխանիզմ, որի միջոցով ստրուկները զրկվում էին իրենց ինքնությունից և ստանում էին իրենց տիրոջ անունը։ Ղուրանը փոխարինեց նախիսլամական որդեգրման սովորույթը այն առաջարկով, որ «հավատացյալները անհայտ ծագում ունեցող երեխաներին վերաբերվեն որպես իրենց հավատքի եղբայրների»։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 Stewart, p.113
  2. 1 2 Phipps, p. 120
  3. 1 2 Watt (1974), p. 230
  4. Yust, p.72-3
  5. Kassamali, Tahera. Raising Children. Tayyiba Publishers & Distr.
  6. Starrett, Gregory (1998 թ․ մարտի 26). Putting Islam to Work. University of California Press. էջ 103. ISBN 9780520919303.
  7. Hannan, Shah Abdul (1997). Social Laws of Islam (անգլերեն). IIIT. ISBN 978-984-8203-08-8.
  8. Denffer, Ahmad Von (2015 թ․ դեկտեմբերի 10). Islam for Children (անգլերեն). Kube Publishing Ltd. ISBN 978-0-86037-671-2.
  9. Al-Sheha, Abdulrahman. Women In the Shade of Islam. էջեր 33–34.
  10. 1 2 Prof. Abdur Rahman I. Doi Professor and Director, Center for Islamic Legal Studies, Ahmadu Bello University, Zaira, Nigeria. «Marriage – The Free Consent of the Parties». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  11. 1 2 Prof. Abdur Rahman I. Doi Professor and Director, Center for Islamic Legal Studies, Ahmadu Bello University, Zaira, Nigeria. «Marriage – Ijbar: A Safety Valve». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ մարտի 29-ին. Վերցված է 2007 թ․ մարտի 28-ին.{{cite web}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  12. 1 2 Levy, p.106
  13. Ingrid Matison, "Adoption and Fostering", Encyclopedia of Women & Islamic Cultures
  14. A. Giladi, saqir, Encyclopedia of Islam, Brill
  15. Joseph, Suad; Naǧmābādī, Afsāna (2003). Encyclopedia of Women and Islamic Cultures: Family, Law and Politics (անգլերեն). BRILL. ISBN 978-90-04-12818-7.