Յուրի Իշխանով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իշխանով Յուրիից)
Յուրի Իշխանով
Ծնվել էդեկտեմբերի 30, 1929(1929-12-30)
ԾննդավայրՂզլար
Վախճանվել էփետրվարի 23, 2009(2009-02-23) (79 տարեկան)
Մահվան վայրԿրասնոյարսկ, Ռուսաստան
ԿրթությունԻ. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտ
Մասնագիտություննկարիչ
Պարգևներ
Պատվո շքանշան
և ՌԽՍՖՀ ժողովրդական նկարիչ

Յուրի Պավլովիչ Իշխանով (ռուս.՝ Юрий Павлович Ишханов, դեկտեմբերի 30, 1929(1929-12-30), Ղզլար - փետրվարի 23, 2009(2009-02-23), Կրասնոյարսկ, Ռուսաստան), խորհրդային քանդակագործ և նկարիչ։ ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1980), պրոֆեսոր (1990), Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1995)[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Իշխանովը ծնվել է 1929 թվականի դեկտեմբերի 30-ին Դաղստանի ԻԽՍՀ Ղզլար քաղաքում։ Մանկությունից հետաքրքրվել է նկարչությամբ։ Ավարտել է հատուկ Հրետանային ուսումնարան Երևանում[2], ապա աշխատել է որպես նկարիչ-դեկորատորի օգնական Գրոզնի քաղաքի թատրոնում[3]։ 1948-1953 թվականներին սովորել է Սիմֆերոպոլի Ն. Սամոկիշի անվան գեղարվեստի ուսումնարանում՝ Կ. Ֆեդչուկի մոտ։ 1959 թվականին ավարտել է Լենինգրադի Ի. Ե. Ռեպինի անվան գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտը և տեղափոխվել Կրասնոյարսկ։ 1960-1964 թվականներին սովորել է ԽՍՀՄ ԳԱ ստեղծագործական արվեստանոցում՝ Նիկոլայ Տոմսկու մոտ, ինչից հետո վերադարձել է Կրասնոյարսկ[1]։

1958 թվականից Յուրի Իշխանովը մասնակցել է նկարչական ցուցահանդեսների։ 1961 թվականին դարձել է ՌԽՖՍՀ նկարիչների միության անդամ[1]։ 1964 թվականին տեղի է ունեցել նրա առաջին հաշվետու ցուցահանդեսը[3]։ 1967-1977 և 1982-1986 թվականներին եղել է ՌԽՖՍՀ նկարիչների միության Կրասնոյարսկի կազմակերպության նախագահ։ 1968 թվականից մինչև 1992 թվականը եղել է ՌՍՖՍՀ նկարիչների միության վարչության քարտուղարը Սիբիրի գծով[1]։

1980 թվականից զբաղվել է մանկավարժական գործունեությամբ։ Եղել է արվեստի ինստիտուտի դեկորատիվ-կիրառական արվեստների ամբիոնի վարիչ, 1987 թվականից՝ Կրասնոյարսկի գեղարվեստի ինստիտուտի քանդակագործության ամբիոնի վարիչ։ 1994 թվականից ղեկավարել է քանդակագործության ստեղծագործական արվեստանոց[1]։ Նրա աշակերտների թվում են եղել քանդակագործներ Յուրի Կիրեևը, Գալինա Կնյազևան, Կոնստանտին Զինիչը, Դաշի Նամդակովը և այլք[4]։

Աշխատել է հաստոցային, մոնումենտալ և մոնումենտալ-դեկորատիվ քանդակագործության բնագավառում[5]։ Նրա աշխատանքներից են՝ «Խակասուհի աղջիկ» (ռուս.՝ «Девушка-хакаска», 1961), «Խոպան մշակող կին» (ռուս.՝ «Целинница», 1962), Անտոն Չեխովի հուշարձան (1995), «1945 թվականի շքերթի մասնակից Տանգիևի դիմանկարը» (ռուս.՝ Портрет Тангиева, участника парада 1945 года, 1985), Բագրատիոնի հուշարձանը Ղզլարում (1986), ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ Վ. Ռոգալի դիմանկարը (1991), Ս. Կիրովի հուշարձանը (1988, Կրասնոյարսկ), Ս. Կորոլյովի հուշարձանը (1989, Զելենոգորսկ) և այլն։

Յուրի Իշխանովը մահացել է 2009 թվականի փետրվարի 23-ին Կրասնոյարսկում։ Թաղվել է քաղաքային գերեզմանատանը՝ Պատվավոր քաղաքացիների ծառուղում[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Մերձմոսկվայի Լենինյան կոմերիտմիության մրցանակ (1970)[5]
  • ՌԽՖՍՀ վաստակավոր նկարիչ (1972)[6]
  • ՌԽՖՍՀ ժողովրդական նկարիչ (1980)[5]
  • Պատվո շքանշան[1]
  • Կրասնոյարսկի պատվավոր քաղաքացի (1998)[1]
  • «Կրասնոյարսկ քաղաքին մատուցած ծառայությունների համար» պատվո նշան[1]
  • Ռուսաստանի գեղարվեստի ակադեմիայի ոսկե մեդալ և մեդալ «Արժանավորին»[1]
  • ՌԽՖՍՀ գերագույն խորհրդի նախագահության, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ մշակույթի նախարարության, ԽՍՀՄ և ՌԽՖՍՀ նկարիչների միության, ԽՍՀՄ ԳԱ պատվոգրեր[1]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Москалюк М. В., Знак И. А., Ракова В. Б. Юрий Ишханов: скульптура. — Красноярск, 2000. — 48 с.