Ինֆլյացիոն ճեղքվածք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնգրեսի բյուջեի գրասենյակի կողմից հավանական /թեթև/ և իրական /համարձական/ գնահատականները և կանխատեսումները։

Ինֆլյացիոն ճեղքվածք, տնտեսագիտության մեջ գումար, որով փաստացի համախառն ներքին արդյունքը ՝ՀՆԱ-ն գերազանցում է հնարավոր լրիվ զբաղվածության ՀՆԱ-ի մակարդակը։ Սրա մեկ տեսակը արտադրության ոլորտում բացն է, իսկ մյուսը՝ ռեցեսիոն ճեղքվածքը[1]։

Ակնարկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինֆլյացիոն ճեղքվածք երևույթի մասին առաջին ակնարկները առկա են Ջոն Մեյնարդ Քեյնսի 1940 թվականին գրված «Ինչպես վճարել պատերազմի համար» աշխատության մեջ։ Վերջինիս մեջ հայեցակարգն օգտագործվել է պատերազմի ֆինանսավորման հետ կապված խնդիրների ուսումնասիրության ու լուծման ուղիների բացահայտման համար։ Քեյնսը, ինֆլյացիոն ճեղքվածքի վերաբերյալ վերլուծությունները ներկայացրել է լրիվ զբաղվածության հավասարակշռության պայմաններում, չնայած այն հանգամանքին, որ նրա մյուս բոլոր աշխատությունների հիմքում ընկած է անբավարար զբաղվածության հավասարակշռությունը։

Գործունեության մեխանիզմ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լրիվ զբաղվածության պայմաններում արտադրանքի քանակը նշանակենք՝ YF, իսկ փաստացի արտադրանքի ծավալը, այդ պահին տնտեսությունում արտադրվող՝ Y. Եթե YF - Y տարբերության արժեքը բացասական է, նշանակում է փաստացի ազգային եկամուտը գերազանցում է պոտենցիալ ազգային եկամտի արժեքը, որը տնտեսագիտական գրականաության մեջ հայտնի է ինֆլյացիոն ճեղքվածք անվամբ[2]։ Իսկ, եթե նույն արտահայտության արժեքը դրական է, ապա դրսևորվում է ռեցեսիոն ճեղքվածք երևույթը։

Ինֆլյացիոն ճեղքվածքը, սովորաբար նախօրոք կանխատեսելի երևույթների թվին է դասվում, քանի որ միշտ ակնկալվում է, որ ապագայում այն կդրսևորվի։ Երևույթը կարող է ապագայում տեղի ունենալ նաև այն դեպքում, երբ ակնկալվող ծախսերը չեն հավասարակշռում ակնկալվող սպառման ծավալներին[3]։

Վերոնշյալը, Քեյնսը բնութագրում է որպես ապրանքների ու ծառայությունների նկատմամբ պահանջարկի ավելցուկ[4]։ Նա ինֆլյացիոն ճեղքվածքը սահմանում էր, որպես պլանավորված ծախսերի գերազանցում՝ հասանելի արտադրատեսակի բազային գների կամ նախաինֆլյացիոն ժամանակահատվածում առկա պահանջարկի նկատմամբ։ Հաշվի առնելով խնայողություն կատարելու հակումը, Քեյնսը կարծում էր, որ լրիվ զբաղվածության պայմաններում պահանջարկը կգերազանցի առկա առաջարկի մակարդակը և արդյունքում կհանգեցնի ինֆլյացիոն ճեղքվածքի։ Այսպիսով, Քեյնսը կիրառում էր ինֆլյացիոն ճեղքվածքի բովանդակությունը, որպեսզի ցույց տա այն հանգամանքները, որոնք իրականում նպաստում են գների բարձրացմանը։

Երբ համախառն պահանջարկի աճը հանգեցնում է ինֆլյացիայի /այսպես կոչված պահանջարկի ինֆլյացիա/ և աճում է նաև իրական ՀՆԱ-ն, ապա գների մակարդակը և իրական ՀՆԱ-ն որոշվում են այն կետում, երբ նոր համախառն պահանջարկը և կարճաժամկետ համախառն առաջարկը հատվում են։ Այդ հատման կետը հայտնի է լրիվ զբաղվածության հավասարակշռություն անվամբ[1], քանի որ այս պարագայում կարճաժամկետ համախառն առաջարկը գերազանցում է երկարաժամկետ համախառն առաջարկին։ Այն ճեղքվածքը, որը առաջանում է իրական ՀՆԱ-ի և պոտենցիալ ՀՆԱ-ի մակարդակների միջև հետևանք է ինֆլյացիայի դրսևորման, հենց սա է պատճառներից մեկը, որ այս տեսակի ճեղքվածքը տնտեսագիտական գրականության մեջ անվանում են ինֆլյացիոն ճեղքվածք։

Ակնհայտորեն այս իրավիճակը չի կարող հարատև լինել, քանզի առկա է աշխատուժի պակաս։ Աշխատուժի նվազ լինելու հանգամանքը նպաստում է աշխատավարձերի բարձրացմանը, որն էլ իր հերթին խթան է հանդիսանում կարճաժամկետում համախառն առաջարկի նվազման, մինչև հաստատվում է լրիվ զբաղվածության մակարդակ։ Կարճաժամկետ համախառն առաջարկի նվազումը, իր հերթին, ըստ էության, ճնշում է գործադրում գների մակարդակի վրա, որն էլ հանգեցնում է ինֆլյացիայի։ Իրական ՀՆԱ-ի և պոտենցիալ ՀՆԱ-ի միջև առաջացած բացը հանդիսանում է նախանշան առաջիկայում սպասվող ինֆլյացիայի, սա էլ պատճառներից հաջորդն է, որ այս երևույթը անվանում են ինֆլյացիոն ճեղքվածք։

Պատճառներ, հետևանքներ և լուծման ուղիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճեղքվածքի ի հայտ գալու հիմնական պատճառը համարվում է կառավարության կողմից վարվող դրամավարկային քաղաքականությունը։ Ինֆլյացիոն ճեղքվածքը նախանշան է, որ տնտեսությունը գտնվում է առևտրային ցիկլի գագաթնակետում, երբ ռեսուրսները առավելագույնս օգտագործվում են, արտադրամասերը գործունեություն են ծավալում շարունակաբար աճող ծախսերի պայմաններում, իսկ աշխատավարձերը մշտապես բարձրանում են, քանի որ ստիպված են լինում գործատուները վճարել հավելյալ՝ կատարված արտաժամյա աշխատանքի դիմաց[2]։ Ճեղքվածք կարող է առաջանալ նաև այն դեպքում, երբ սպառողի կամ ներդրողի պահանջմունքներն են փոփոխվում, մեծանում է արտաքին պահանջարկը կամ երբ աճ է գրանցվում կառավարության ծախսերում։ Համաձայն որոշ տնտեսագետների կարծիքի, այսպիսի իրավիճակ գործնականում դրսևորվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում՝ 1999-2000 և 2006-2007 թվականներին, երբ գործազրկության մակարդակը չէր գերազանցում 5 տոկոսային կետի շեմը[5]։ Աշխատավարձերը շարունակաբար աճում էին, որպես հետևանք համախառն պահանջարկի փոփոխության, ինչն էլ իր հերթին հանգեցնում էր արտադրական ծախսերի ավելացման։ Ի վերջո այս ամենը շուկայական պայմաններում դրսևորվում էր գների բարձրացմամբ /ինֆլյացիա/, ինչն էլ սպառողների շրջանում նվազեցնում էր համախառն պահանջարկը։ Հետագայում, ավելի բարձր գների մակարդակում, երբ վերջապես ճեղքվածքը վերացվում է, դրսևորվում է իրական ՀՆԱ-ի և պոտենցիալ ՀՆԱ-ի մակարդակների միջև հավասարակշռություն։ Միաժամանակ, տնտեսագետները զգուշացնում են, որ վերջինս ավտոմատ մեխանիզմ չէ, այլ Կառավարության միջամտությունը՝ հարկաբյուջետային և դրամավարկային քաղաքականությունների միջոցով անհրաժեշտ է բացը վերացնելու համար։ Դրամավարկային քաղաքականությունը կարող է օգտագործվել, որպեսզի փողի շուկայում տոկոսադրույքի բարձրացմամբ կարգավորվի փողի նկատմամբ առաջարկ-պահանջարկ հարաբերակցությունը, որն էլ իր հերթին կնպաստի գնողունակության անկմանը՝ հանգեցնելով պահանջարկի նվազման։ Քեյնսը, այնումանեայնիվ կողմ չէր խնդրի լուծմանը՝ դրամավարկային քաղաքականության գործիքների կիրառման եղանակով։ Փոխարենը, նա առաջարկում էր առաջանցիկ հարկման համակարգի ներդրում, որի դեպքում հավաքագրված հարկերը կխնայվեին և կօգտագործվեին տնտեսությունում հավասարակշռության հաստատումից հետո, որը նա անվանում էր «հարկադրված խնայողություն »[6]։ Մեկ այլ մեթոդ էր փոխանցումների և սուբսիդիաների կրճատումը, որի արդյունքում կնվազեր սպառումը։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միլթոն Ֆրիդմենը քննադատում էր քեյնսյան ինֆլյացիոն ճեղքվածքը, նշելով, որ վերջինս կիրառելի է միայն հատուկ հանգամանքների առկայության դեպքում, օրինակ պատերազմ։ Նա պնդում էր, որ մեծ հաշվով կատարված վերլուծությունը գործնականում չի բարելավում հասարակության գիտելիքների պաշարը[3]։ Բենթ Հանսենը քննադատում էր Քեյնսին վերլուծությունները միայն ապրանքների շուկայի վերաբերյալ իրականացնելու համար, ըստ նրա բաց էր թողնված գործոնների շուկա ուսումնասիրությունը։ Նրա կարծիքով ճեղքվածքը հետևանք է միաժամանակ և՛ ապրանքների, և՛ գործոնների շուկայում պահանջարկի աճի։ Այս մոդելի մեկ այլ թերությունը վերջինիս ստատիկ բնույթն է, որը քննադատության է արժանացել Ֆրիդմենի, Էրիկ Լունդբերգի և այլ տնտեսագետների կողմից[7]։ Քեյնսը ընդունել է այս քննադատությունը և ավելի ուշ ներառել է նաև եկամուտների մուտքերի ու ծախսերի ուղղությունները։

Տնտեսագետ Տ․ Կուպմանսը առաջ քաշեց ինֆլյացիայի արագության գաղափարը, պնդելով, որ ինֆլյացիոն ճեղքվածքը նվազում է, երբ սկսում է նվազել հենց գնաճը[8]։ Տեսության մեկ այլ թույլ կողմն էլ ըստ նրա այն էր, որ երևույթը քննարկվում էր միայն հոսքերի՝ եկամուտ, ծախս, սպառում, խնայողություն համատեքստում։ Չնայած այն հանգամանքին, որ գների աճը հետևանք է ոչ միայն տվյալ պահին առկա ապրանքների առաջարկ-պահանջարկի փոփոխության, այլև այն ապրանքների, որոնք արդեն դուրս են մղվել շուկայից։ Այս հանգամանքը տեսության հեղինակների կողմից մերժվել է։

Չնայած այս քննադատություններին, այնուամենայնիվ ինֆլյացիոն ճեղքվածք երևույթի բովանդակային կարևորությունը ապացուցված է լրիվ զբաղվածության պայմաններում հատկապես, իսկ աճող գների համատեքստում մասնավորապես։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Parking, Michael (2007). «Economics, Level I CFA Program Curriculum». 2: 307–308. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  2. 2,0 2,1 Lipsey, Richard G. (1992). An introduction to positive economics (7th ed.). London: ELBS with Weidenfeld and Nicolson. էջ 573. ISBN 0-297-79556-2.
  3. 3,0 3,1 Freidman, Milton (1942 թ․ հունիս). «Discussion on the Inflationary Gap». The American Economic Review. No.32, Part 1: 314–319.
  4. Frisch, Helmut (1983). Theories of Inflation. Cambridge University Press. էջեր 229–234. ISBN 9780521295123.
  5. Blinder, William J. Baumol, Alan S. (2010 թ․ հունիսի 10). Macroeconomics : principles and policy (11th ed., 2010 update ed.). Australia: South-Western, Cengage Learning. ISBN 978-1-4390-3901-4.{{cite book}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  6. Tcherneva, Pavlina R. "Keynes’s Approach to Full Employment: Aggregate or Targeted Demand?", Levy Economics Institute, Bard College, August 2008
  7. Jonung, edited by Lars (1993). Swedish Economic Thought : Explorations and Advances. London: Routledge. ISBN 0-415-05413-3. {{cite book}}: |first= has generic name (օգնություն)
  8. Koopmans, T. (1942 թ․ մայիս). «The Dynamics of Inflation». The Review of Economics and Statistics. 24 (2): 53–65. doi:10.2307/1924376. JSTOR 1924376.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • [1] psnacet.edu.in