Ինֆանտիլիզմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինֆանտիլիզմ (լատին․՝ infantilis-մանկական), օրգանիզմի զարգացման կասեցում, որի դեպքում հասուն տարիքում մարդու մոտ պահպանվում են ֆիզիկական և հոգեկան զարգացման մանկական գծերը։ Պատճառներն են վարակիչ հիվանդությունները (տուբերկուլոզ, սիֆիլիս, մալարիա), օրգանիզմի ընդհանուր թունավորումները, գլխուղեղի, սիրտ-անոթային, ստամոքս-աղիքային համակարգի, երիկամների հիվանդությունները, ոչ լիարժեք սնունդը, ավիտամինոզները, կյանքի անբարենպաստ պայմանները, ինչպես նաև ներզատիչ գեղձերի ախտահարումները և օրգանիզմի բնածին-կոնստիտուցիոնալ առանձնահատկությունները։

Տարբերում են ընդհանուր ինֆանտիլիզմի (ամբողջ օրգանիզմի զարգացման կասեցում) և մասնակի ինֆանտիլիզմի (առանձին օրգանների և համակարգերի թերզարգացում)։

Ընդհանուր ինֆանտիլիզմի դեպքում պահպանվում է օրգանիզմի մանկական տարիքի համաչափությունը, մարմնակազմվածքը նուրբ է, ճկուն, կրծքավանդակը՝ նեղ, երկար, ոսկրերը՝ բարակ, սիրտը՝ փոքր, աորտան՝ նեղ, արյան ճնշումը՝ ցածր, երկրորդային սեռական հատկանիշները թույլ են արտահայտված։

Մասնակի ինֆանտիլիզմի ձևերից հաճախ հանդիպում են հոգեկան և սեռական ինֆանտիլիզմիները։ Հոգեկան ինֆանտիլիզմը արտահայտվում է տրամադրության և ուշադրության ծայրահեղ անկայունությամբ, հորինելու հակումով։ Դատողությունները մակերեսային են, հապշտապ։ Անհոգ են, նեղացկոտ, թեթևամիտ, եսամոլ, պահանջկոտ։ Սեռական ինֆանտիլիզմը բնորոշվում է ցայլքի և անութային շրջանի աղքատ մազածածկով, կանանց մոտ կրծքագեղձերի և արգանդի թերզարգացմամբ, նեղ կոնքով, անկանոն դաշտանով, ամլությամբ կամ հաճախակի վիժումներով և արտարգանդային հղիության հակումով։ Տղամարդկանց սեռական ինֆանտիլիզմը ավելի հազվադեպ է պատահում, արտահայտվում է արտաքին և ներքին սեռական օրգանների թերզարգացմամբ, սեռական հակումների և ֆունկցիաների խանգարումներով։

Հիմնական հիվանդության վերացում, բարենպաստ հիգիենիկ պայմաններ, լիարժեք սնունդ, սեռական հորմոններ, թիրեոիդին, հիպոֆիզի պատրաստուկներ, ախտահարված օրգանների ֆունկցիայի խթանում։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 369