Ինքնադիմանկար (Ռեմբրանդտ, 1640)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox artiste.png
Ինքնադիմանկար
Ինքնադիմանկար
Rembrandt, Self Portrait at the Age of 34.jpg
տեսակգեղանկար
նկարիչՌեմբրանդտ վան Ռեյն
տարի1640
բարձրություն102
լայնություն60
ուղղությունհոլանդական գեղանկարչության ոսկե շրջան
ժանրինքնապատկեր
նյություղաներկ և կտավ
գտնվում էԼոնդոնի ազգային պատկերասրահ[1]
հավաքածուԼոնդոնի ազգային պատկերասրահ
կայք

Ինքնադիմանկար, Ռեմբրանդտի ինքնադիմանկարը, որ ստեղծվել է 1640 թվականին` նկարչի փառքի գագաթնակետին: 1639 թվականին Ռեմբրանդտը կնոջ` Սասկիյայի հետ տեղափոխվում է 13.000 գուլդենով Ամստերդամի Յոդենբրեեսստրատ թաղամասում ձեռք բերված նոր տուն, որտեղ ապրում էին հիմնականում հարուստ առևտրականները: Նկարիչը պատվերներ է ստանում ամենաազդեցիկ և հարուստ հոլանդացիներից, այդ թվում` շտատհալտերից և Թրիփ ընտանիքի ներկայացուցիչներից («Մարի Թրիփի դիմանկարը»), դե Գրաֆներից և Վիտզենից: Օֆորտների շնորհիվ` Ռեմբրանդտի փառքը դուրս էր եկել Հոլանդիայից. նրա կտավները ձեռք են բերում հավաքորդներ, եվրոպական արքայական ընտանիքների ներկայացուցիչներ, մասնավորապես Անգլիայի թագավոր Չարլզ I Ստյուարտը:

Ինքնադիմանկար, դետալ

Ռեմբրանդտի տասնյակ ինքնադիմանկարներից այս մեկն առանձնանում է իր մոնումենտալությամբ: Նկարիչն այնտեղ պատկերում է իր սոցիալական դիրքը[2]: Նա հագել է մորթով զարդարված թանկարժեք հագուստ, կրում է շղթա, թանկարժեք քարեր: Հայացքը մելանխոլիկ է, իր արժեքի գիտակցումով լցված: Ֆոնը չեզոք է, դիտողի ողջ ուշադրությունը կենտրոնանում է նկարչի կերպարին:

Ներքին աջ անկյունում լավ տեսանելի է «Rembrandt f.» (Rembrandt fecit) գրությունն ու ամսաթիվը: Ավելի ներքևում «conterfeycel» գրությունն է, որ հին հոլանդերենով նշանակում է «դիմանկար»:

Կարևոր է այն հանգամանքը, որ նկարչի հագուստը բնորոշ է 16-րդ դարի սկզբին: Ռեմբրանդտը ոչ միայն իր ժամանակակիցներից ցուցադրել է իր կարգավիճակը, այլ մարտահրավեր է ներկայացրել 16-րդ դարի խոշորագույն նկարիչներին` Դյուրերին, Տիցիանին, Ռաֆայելին:

Ռեմբրանդտը շատ բարձր էր գնահատում Դյուրերին, հավաքում էր նրա փորագրությունները:

Ինքնադիմանկարով օֆորտ, 1639

1639 թվականի ապրիլին Ռեմբրանդտը ներկա է եղել աճուրդին, երբ պորտուգալացի հավաքորդ Ալֆոնսո Լոպեսը գնել է Ռաֆայելի «Բալթազար Կաստիլիոնեի դիմանկարը»: Վիեննայում պահվում է այդ նկարի թեմայով Ռեմբրանդտի ուրվանկարը, որի լուսանցքում Ռեմբրանդտը նշել է, որ նկարը մեծ գումարով (3.500 գուլդեն) է ձեռք բերել (իր նամակներում նկարիչը նշում է, որ Ռեմբրանդտը իր կտավները գնահատում էր 600-1.000 գուլդեն): Լոպեսը, որ ապրել է Ամստերդամում 1637-1641 թվականներին, ձեռք էր բերել Տիցիանի «Ջերոլամո Բարբարիգոյի դիմանկարը», որը Ռեմբրանդտը լավ գիտեր:

Իր նախորդի օրինակով ինքնադիմանկար ստեղծելու մտքի դրսևորում է 1639 թվականին ստեղծված օֆորտը: 1640 թվականի ինքնադիմանկարում կրկնվել են Դյուրերի և Տիցիանի կերպարների դիրքերը. աջ ձեռքով կռթնել է սեղանին: Նկարի ռենտգենյան լուսանկարներից պարզվում է, որ ի սկզբանե ձախ ձեռքը ևս հենված էր սեղանին, իսկ կերպարի օձիքը ավելի կլորավուն ձև է ունեցել:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ա. Վերժբիցկի Ռեմբրանդտի արվեստը
  • Մելիսա Ռիկետս Ռեմբրանդտ. — Այրիս-Պրես, 2006.
  • David Bomford, Jo Kirby, Ashok Roy, Axel Rüger, and Raymond White. Art in the Making: Rembrandt. Yale University Press. 2006

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.nationalgallery.org.uk/paintings/rembrandt-self-portrait-at-the-age-of-34
  2. "rembrandt-self-portrait-at-the-age-of-34". www.nationalgallery.org.uk. Retrieved 2015

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]