Ինքնաբոցավառում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ինքնաբոցավառում, քիմիական ռեակցիայի արագության կտրուկ մեծացման երևույթ, որն արտաքին որոշակի պայմաններում առաջացնում է դյուրավառ խառնուրդի բոցավառում՝ առանց շփվելու բոցի կամ շիկացած մարմնի հետ։ Ինքնաբոցավառման բնույթը կարող է լինել ջերմային կամ շղթայական։ Ջերմային ինքնաբոցավառման պատճառների մասին որակական պատկերացումները տվել է Յա. Վանտ-Հոֆը (1883), իսկ տեսությունը մշակել է Ն. Ն. Սեմյոնովը (1928)։ Էքսոթերմային ռեակցիայի դանդաղ ընթացքի դեպքում անջատված ջերմությունը ցրվում է շրջապատող տարածության մեջ։ Ջերմաստիճանի, ճնշման և ջերմահեռացման որոշակի պայմանների դեպքում ջերմությունը չի հասցնում հաղորդվել շրջապատող տարածության մեջ, որի հետևանքով ռեակցիայի գոտում ջերմաստիճանը աստիճանաբար բարձրանում է։ Ջերմաստիճանի աճի հետ ռեակցիայի և ջերմագոյացման արագությունները մեծանում են, մեծանում է նաև ջերմահեռացման արագությունը, բայց ավելի դանդաղ, քան ռեակցիայի արագությունը։ Ջերմաստիճանը, որից սկսած անջատվող ջերմությունը շատ է հեռացվողից, կոչվում է ինքնաբոցավառման ջերմաստիճան, այն կախված է ինչպես խառնուրդի քիմիական բաղադրությունից, այնպես էլ ջերմատվության պայմաններից։ Ինքնաբոցավառման ջերմաստիճանից սկսած տեղի է ունենում խառնուրդի պրոգրեսիվ ինքնատաքացում և ռեակցիայի ինքնարագացում՝ առաջացնելով ջերմային ինքնաբոցավառում կամ պայթյուն։ Ջերմային ինքնաբոցավառման տեսությունը հնարավորություն է տալիս հաշվել ինքնաբոցավառման ջերմաստիճանը, եթե հայտնի են գազերի դյուրավառ խառնուրդի ջերմային բնութագրերը (ջերմային էֆեկտը, ջերմահաղորդականությունը) և այրման ռեակցիաների կինետիկական (արագության հաստատունը, ակտիվացման էներգիան)։ Շղթայական ինքնաբոցավառման տեսությունը նույնպես ստեղծել է Սեմյոնովը (1928)։ Արտաքին որոշակի պայմաններում շղթաների ճյուղավորման արագությունը դառնում է դրանց խզման արագությունից մեծ։ Դրա հետևանքով դանդաղ ընթացող ռեակցիան կարող է վերածվել ինքնարագացողի։ Այդ դեպքում խառնուրդի ջերմաստիճանը էական նշանակություն չունի և ռեակցիան կնթանա ինքնարագացմամբ՝ շղթաների ճյուղավորման պատճառով, եթե նույնիսկ խառնուրդի ջերմաստիճանը պահպանվի հաստատուն։ Ինքնաբոցավառման առավել տարածված տեսակը համակցված շղթայական ջերմային ինքնաբոցավառում է։ Ջերմային և շղթայական ինքնաբոցավառման տեսությունների քանակական եզրակացություններն ունեն գործնական մեծ նշանակություն օքսիդացման, այրման պրոցեսների հետ կապված արտադրությունների հաշվարկման համար։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 361