Ինտերոբանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինտերոբանգ, հարցականչական նշան
Տեսակcharacter? և terminal punctuation?
Հիմք?!
Յունիկոդի նշան?!
Կազմված էՀարցական նշան և Բացականչական նշան

Ինտերոբանգ կամ հարցականչական նշան () (անգլ.՝ interrobang), 1960-1970-ական թվականներին ամերիկյան տիպոգրաֆիկայում սահմանափակ փորձառական կիրառություն ունեցած կետադրական նշան։ Կցագիր (լիգատուրա) է, որն իրենից ներկայացրել է հարցական և բացականչական նշանների վրադրում։ Շախմատի նշագրության մեջ «!?» նշանակում է քայլ, որն արժանի է ուշադրության, իսկ «?!»-ը՝ կասկածելի քայլ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նշանը 1962 թվականին ստեղծել է New York Advertising Agency գովազդային գործակալության ղեկավար Մարտին Սպեկտրը՝ հաղորդելով հայտնագործության մասին իր սեփական «TYPEtalks Magazine» ամսագրում[1]։ Այն նախատեսված էր նշանակելու հռետորական հարցը, որն անգլերենում մեծ մասամբ (հատկապես մեկուսացած, այսինքն՝ ոչ տեքստային միջավայրում) համարվում է բացականչություն։

Նշանն առաջին անգամ պատրաստվել է 1966 թվականին Americana տիպոգրաֆիկական գարնիտուրի կազմում, որն արտադրել էր ամերիկյան American Type Founders (ATF) տառաձուլորդական ընկերությունը։ Երկու տարի անց «Remington Rand» ընկերությունը այն ներառել է իր թողարկած գրամեքենաների նշանների շարքում՝ պաշտոնական հաղորդման մեջ մեկնաբանելով, որ այդ նշանը «հանդիսանում է ժամանակակից կյանքի անհավանականությունների լավագույն արտահայտությունը»։ 1996 թվականին «New York Art Studio»-ի դիզայներները մշակել են դրա գծագիրը իրենց հավաքածուների բոլոր տիպոգրաֆիկական գարնիտուրների համար։

Այս նշանն ամենաակտիվ կիրառությունն ունեցել է ամերիկյան ԶԼՄ-ում 1960-ական թվականներին, սակայն հետագայում նրա հանդեպ հետաքրքրությունը մարել է, այդ իսկ պատճառով այն այժմ ավելի շատ ամերիկյան տիպոգրաֆիկայի այցեքարտն է, ոչ թե իրապես օգտագործվող նշան։ Թեպետ անգլիական կետադրության բացը, որն առաջարկել էր լրացնել Մարտին Սպեկտրը, այլ ձևով չի լուծվել։

Նշանն ընդունված է «Յունիկոդ» ստանդարտում, առկա է Arial Unicode MS, Calibri, DejaVu և շատ այլ տառատեսակների լրակազմերում։

Շրջված ինտերոբանգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շրջված ինտերոբանգը () կարող է կիրառվել իսպաներեն, գալիսերեն, աստուրերեն արտահայտությունների սկզբում, քանի որ այդ լեզուներում օգտագործվում են հարցական և բացականչական նշաննների շրջված տարբերակները, կոչվում է gnaborretni (interrobang հետևն առաջ)[2][3]։ Սակայն այդ լեզուների ավանդական կետադրության մեջ այս նշանի փոխարեն սովորաբար կիրառվում է հարցական և բացականչական նշանների համադրությունը (¿¡Verdad!? կամ ¡¿Verdad?! [Իրո՞՜ք])[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Martin K. Speckter, 73, Creator of Interrobang». The New York Times. 1988 թ․ փետրվարի 16.
  2. «Supplemental Punctuation» (PDF) (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.
  3. «Proposal to add [[:Կաղապար:Sca]] to the UCS» (PDF) (անգլերեն). Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին. {{cite web}}: URL–wikilink conflict (օգնություն)
  4. «Diccionario Panhispánico de Dudas» (իսպաներեն). Королевская академия испанского языка. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 3-ին.