Ինվարիանտություն
Ինվարիանտություն (լատին․՝ inva- rians (invariantis)- չփոփոխվող), որոշակի պայմանների փոփոխման և ձևափոխությունների ժամանակ մաթեմատիկական և ֆիզիկական մեծությունների անփոփոխ մնալու հատկությունը։
Ինվարիանտության հետ է կապված բնության այս կամ այն սիմետրիան, իսկ դա, իր հերթին, հանգեցնում է ինվարիանտների, այսինքն՝ պահպանման օրենքների գոյությանը (Նյոթերի թեորեմ)։
Այսպես, զուգահեռ տեղափոխության (տրանսլյացիայի) նկատմամբ ֆիզիկական օրենքների ինվարիանտություն, որը կապված է եռաչափ տարածության համասեռության հետ, հանգեցնում է մեկուսացված համակարգի շարժման քանակի պահպանման օրենքին։ ժամանակի հաշվարկման սկզբնապահի փոփոխության նկատմամբ ինվարիանտություն, որը կապված է ժամանակի համասեռության հետ, հանգեցնում է մեկուսացված համակարգի էներգիայի պահպանման օրենքին։ Ճիշտ նույն ձևով եռաչափ տարածության իզոտրոպությունը (ինվարիանտության պտույտի նկատմամբ) կապված է շարժման քանակի մոմենտի պահպանման օրենքի հետ։
Ֆիզիկական օրենքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիզիկական օրենքներն ինվարիանտ են Լորենցի ձևափոխությունների նկատմամբ։ Ինվարիանտության հասկացության մեջ կարևոր դեր է կատարում ձևափոխությունների խումբը։ Տարբերում են անընդհատ (տրանսլյացիայի ձևափոխություններ) և ընդհատ (կոորդինատների համակարգի հայելային անդրադարձում) խմբեր ու դրանց համապատասխան սիմետրիաներ։ 20-րդ դարի կեսերին տարրական մասնիկների ֆիզիկայում հայտնաբերվել է սիմետրիայի ընդհատ ձևափոխությունների հետ կապված պահպանման օրենքների խախտում (տարածական և կոմբինացված զույգության խախտումը թույլ փոխազդեցությունում)։
Ինվարիանտ շատ մեծությունների պահպանումը և դրանց համապատասխանող սիմետրիաները մոտավոր բնույթ ունեն (օրինակ, իզոտոպ սպինը և համապատասխան իզոտոպ ինվարիանտությունը, մի շարք այլ սիմետրիաներ, որոնք կապված են տարրական մասնիկների ներքին հատկությունների հետ)։ Այդ «խախտված» սիմետրիաների բնույթը հասկանալը տարրական մասնիկների ֆիզիկայի համար կարևոր խնդիր է։
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 350)։ |