Ինսուլինոմա
| Ենթակատեգորիա | pancreatic cystadenoma, բարորակ ուռուցք ըստ բջջային տեսակի, islet cell adenoma, հիվանդություն | |
|---|---|---|
| Բժշկական մասնագիտություն | ուռուցքաբանություն | |
| Possible medical findings | hypoglycemic episode | |
Ինսուլինոմա․ ենթաստամոքսային գեղձի բետա բջիջներից առաջացած, ինսուլին արտադրող ուռուցք։ Այն նեյրոէնդոկրին ուռուցքի հազվագյուտ տեսակ է։ Ինսուլինոմաների մեծ մասը բարորակ են, քանի որ գտնվում են բացառապես ենթաստամոքսային գեղձում և չեն տարածվում, սակայն հազվադեպ դեպքերում այն կարող է մետաստազավորվել։ Ինսուլինոմաները ենթաստամոքսային գեղձի ֆունկցիոնալ նեյրոէնդոկրին ուռուցքների (PNET) խմբից են («ֆունկցիոնալ», քանի որ խթանված է ինսուլինի արտադրությունը)[1]։ Բժշկական դասակարգումների մեջ ինսուլինոման «կղզյակային բջջային ադենոմայի» միակ ենթատիպն է[2]։
Բետա բջիջները ինսուլին են արտազատում ի պատասխան արյան մեջ գլյուկոզի մակարդակի բարձրացման: Արդյունքում ինսուլինի մակարդակի բարձրացումը կանոնավորում է արյան մեջ գլյուկոզի մակարդակը (բացասական հետադարձ կապ)։ Ի տարբերություն դրա, ինսուլինոմաների կողմից ինսուլինի արտազատումը կախված չէ արյան մեջ գլյուկոզի մակարդակից․ այս ուռուցքները շարունակում են արտազատել ինսուլին, ինչի հետևանքով արյան մեջ գլյուկոզի մակարդակը նորմայից ավելի է իջնում[3]:
Արդյունքում, հիվանդները ունենում են արյան մեջ գլյուկոզի ցածր մակարդակի (հիպոգլիկեմիա) ախտանիշներ, որոնք մեղմանում են ուտելուց հետո: Ինսուլինոմայի ախտորոշումը սովորաբար կատարվում է կենսաքիմիական եղանակով՝ արյան մեջ գլյուկոզի ցածր մակարդակի, ինսուլինի, պրոինսուլինի և C-պեպտիդի բարձր մակարդակի դեպքում, և հաստատվում է ուռուցքի տեղայնացմամբ՝ պատկերավորման կամ անգիոգրաֆիայի միջոցով: Վերջնական բուժումը վիրահատությունն է[3]:
Նշաններ և ախտանիշներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինսուլինոմաներով հիվանդների շրջանում սովորաբար զարգանում են հիպոգլիկեմիկ ախտանիշներ։ Դրանք ներառում են կրկնվող գլխացավ, թուլություն, դիպլոպիա, գիտակցության փոփոխություն և տեսողության մշուշոտություն, մասնավորապես ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ սովապահության ժամանակ։ Ծանր հիպոգլիկեմիան կարող է հանգեցնել ցնցումների, կոմայի և մշտական նյարդաբանական վնասման։ Հիպոգլիկեմիկ ախտանիշներն ավելի ցայտուն են ինսուլինոմայի դեպքում, սակայն հիվանդները կարող են նաև ունենալ ախտանիշներ, որոնք առաջանում են հիպոգլիկեմիայի նկատմամբ կատեխոլամիներգիկ արձագանքից (օրինակ՝ դող, սրտխփոց, տախիկարդիա, քրտնարտադրություն, քաղց, անհանգստություն, սրտխառնոց)։ Երբեմն նկատվում է քաշի ավելացում, քանի որ հիվանդները կարող են ավելի հաճախ սնվելու ցանկություն ունենալ[4]։
Ախտորոշում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինսուլինոմայի ախտորոշումը կասկածվում է այն մարդկանց շրջանում ովքեր սովապահության դեպքում ունենում են հիպոգլիկեմիայի նշաններ: «Իսկական հիպոգլիկեմիայի» ախտորոշումը դնելու համար անհրաժեշտ է բավարարել Ուիփլի եռյակի պայմանները[5][6]՝
- հիպոգլիկեմիայի ախտանիշներն ու նշաններ
- միաժամանակյա պլազմային գլյուկոզի մակարդակը 45 մգ/դլ (2.5 մմոլ/լ) կամ պակաս, և
- Ախտանիշների շրջելիությունը գլյուկոզի ներարկման ժամանակ։
Արյան անալիզներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինսուլինոմայի ախտորոշման համար անհրաժեշտ են հետևյալ արյան անալիզները[7]՝
- ցածր գլյուկոզի մակարդակ
- բարձրացված ինսուլինի մակարդակ
- բարձրացված C-պեպտիդի մակարդակ
Հնարավորության դեպքում, պրոինսուլինի մակարդակի որոշումը նույնպես կարող է օգտակար լինել: Արյան այլ անալիզներ կարող են օգնել բացառել հիպոգլիկեմիա առաջացնող այլ վիճակներ:
Ճնշման թեստեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Սովորաբար, հիպոգլիկեմիայի դեպքում էնդոգեն ինսուլինի արտադրությունը ճնշվում է: 72-ժամյա սովապահությունը, որը սովորաբար վերահսկվում է հիվանդանոցային պայմաններում, կարող է իրականացվել՝ տեսնելու համար, թե արդյոք ինսուլինի մակարդակը չի ճնշվում, ինչը էնդոգեն հիպերինսուլինեմիայի առկայության հստակ ցուցանիշ է, որի ամենատարածված պատճառը ինսուլինոման է (որին հաջորդում են աուտոիմուն պատճառները)[8]:
Թեստի ընթացքում հիվանդը կարող է օգտագործել կալորիաներից զերծ և կոֆեին չպարունակող հեղուկներ: Մազանոթային արյան մեջ գլյուկոզի մակարդակը չափվում է յուրաքանչյուր 4 ժամը մեկ՝ օգտագործելով գյուկոմետր, մինչև որ արժեքները դառնան < 60 մգ/դլ (3.3 մմոլ/լ): Այնուհետև արյան մեջ գլյուկոզի չափման հաճախականությունը մեծանում է մինչև յուրաքանչյուր ժամը մեկ, մինչև որ արժեքները դառնան < 49 մգ/դլ (2.7 մմոլ/լ): Այդ պահին, կամ երբ հիվանդը ունի հիպոգլիկեմիայի ախտանիշներ, արյան անալիզ է կատարվում շիճուկային գլյուկոզի, ինսուլինի, պրոինսուլինի և C-պեպտիդի մակարդակի համար[9]: Այդ պահին սովապահությունը դադարեցվում է, և հիպոգլիկեմիան շտկվում է ներերակային դեքստրոզայի կամ ածխաջրեր պարունակող սննդի կամ խմիչքի միջոցով:
Ախտորոշիչ պատկերավորում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինսուլինոման կարող է տեղայնացվել ոչ ինվազիվ միջոցներով՝ ուլտրաձայնային հետազոտության, համակարգչային շերտագրության կամ ՄՌՏ-ի միջոցով: Ինդիում 111 պենտետրեոտիդային սկանավորումն ավելի զգայուն է, քան ուլտրաձայնային, համակարգչային շերտագրություն կամ ՄՌՏ հետազոտությունը՝ սոմատոստատինային ընկալիչ-դրական ուռուցքների հայտնաբերման համար, բայց ինսուլինոմաների համար լավ ախտորոշիչ մեթոդ չէ: Էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունն ունի 40-93% զգայունություն (կախված ուռուցքի տեղակայումից) ինսուլինոմաների հայտնաբերման համար[10]:
Երբեմն անհրաժեշտ է անգիոգրաֆիա ՝ ներմաշկային տրանսլյարդային ենթաստամոքսային երակի կաթետերիզացիայով, որպեսզի արյան մեջ ինսուլինի մակարդակը որոշվի։ Կալցիումը կարող է ներարկվել ընտրված զարկերակների մեջ՝ ենթաստամոքսային գեղձի տարբեր մասերից ինսուլինի արտազատումը խթանելու համար, որը կարելի է չափել համապատասխան երակներից արյուն վերցնելով։ Կալցիումի խթանման կիրառումը մեծացնում է այս թեստի յուրահատկությունը։ Ինսուլինոման հեռացնելու վիրահատության ժամանակ ներվիրահատական ուլտրաձայնային հետազոտությունը երբեմն կարող է տեղայնացնել ուռուցքը, ինչը օգնում է վիրաբույժին ուղղորդել վիրահատության ընթացքում և ունի ավելի բարձր զգայունություն, քան ոչ ինվազիվ պատկերագրական թեստերը։
Բուժում
[խմբագրել | խմբագրել կոդը]Վերջնական բուժումը ինսուլինոմայի վիրաբուժական հեռացումն է: Սա կարող է ներառել նաև ենթաստամոքսային գեղձի մի մասի հեռացում ՝ Ուիփլի վիրահատություն և ենթաստամոքսային գեղձի դիստալ մասի հեռացում (դիստալ պանկրեատէկտոմիա): Դիազօքսիդի և սոմատոստատինի նման դեղամիջոցները կարող են օգտագործվել ինսուլինի արտազատումը կասեցնելու համար այն հիվանդների մոտ, ովքեր վիրահատության հակացուցւմներ ունեն կամ առկա են անվիրահատելի ուռուցքներ: Ստրեպտոզոտոցինն օգտագործվում է կղզյակային բջջային քաղցկեղի դեպքում, որոնք արտադրում են չափազանց շատ ինսուլին: Օգտագործվում է համակցված քիմիաթերապիա ՝ կամ դոքսոռուբիցին և ստրեպտոզոտոցին, կամ ֆտորուրացիլ և ստրեպտոզոցին այն հիվանդների մոտ, որոնց մոտ դոքսորուբիցինը հակացուցված է: Լյարդում մետաստազավորվող ուռուցքների դեպքում կարող են օգտագործվել լյարդային զարկերակի խցանում կամ էմբոլիզացիա:

Կանխատեսում
[խմբագրել | խմբագրել կոդը]Բարորակ ինսուլինոմաներով հիվանդների մեծ մասը կարող է բուժվել վիրահատության միջոցով: Բազմակի ուռուցքներ ունեցող հիվանդների մոտ վիրահատությունից հետո հաճախակի կամ կրկնվող հիպոգլիկեմիա է առաջանում: Հիվանդների մոտ 2%-ի շրջանում վիրահատությունից հետո զարգանում է շաքարային դիաբետ:
Հաճախականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինսուլինոմաները հազվագյուտ նեյրոէնդոկրին ուռուցքներ են, որոնց տարեկան հաճախականությունը կազմում է մեկից չորս նոր դեպք մեկ միլիոն մարդու հաշվով։ Ինսուլինոման Լանգերհանսի կղզյակային բջիջներց առաջացող ուռուցքների ամենատարածված տեսակներից մեկն է։ Չարորակության հաճախականությունը տատանվում են 5-30%։ Ինսուլինոմաների ավելի քան 99%-ը առաջանում են ենթաստամոքսային գեղձից, հազվադեպ դեպքերում՝ էկտոպիկ ենթաստամոքսային գեղձի հյուսվածքից։ Դեպքերի մոտ 5%-ը կապված է վահանաձև գեղձի և հիպոֆիզի ուռուցքների հետ՝ բազմակի էնդոկրին նորագոյացություն տիպ 1(MEN 1) և ավելի հավանական է, որ լինեն բազմակի և չարորակ։ Ինսուլինոմաների մեծ մասը փոքր են, 2 սմ-ից:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիպոգլիկեմիան առաջին անգամ նկարագրվել է 19-րդ դարում: 1920-ական թվականներին՝ ինսուլինի հայտնաբերումից և շաքարախտով հիվանդների բուժման մեջ դրա օգտագործումից հետո, հիպերինսուլինիզմը կասկածվում էր որպես ոչ շաքարախտով հիվանդների մոտ հիպոգլիկեմիայի պատճառ: Հիպերինսուլինիզմի՝ որպես հիպոգլիկեմիայի պատճառի, առաջին նկարագրությունը հրապարակվել է Սիլ Հարիսի կողմից 1924 թվականին: Կղզյակային բջջային ուռուցքի հեռացմամբ հիպոգլիկեմիայի վիրաբուժական բուժման առաջին զեկույցը կատարվել է 1929 թվականին:
Մյունխենում մի կնոջից հեռացված ինսուլինոման ապահովեց ինսուլինի մ-ՌՆԹ-ն, որն օգտագործվեց մարդու գեների կլոնավորման առաջին փորձի ժամանակ: 1979 թվականին Ակսել Ուլրիխը կլոնավորեց այս գենը E. coli-ի մեջ: Այսօր օգտագործվող թերապևտիկ ինսուլինի մեծ մասը այդ ինսուլին է[11]:
Լրացուցիչ պատկերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ենթաստամոքսային գեղձի ինսուլինոմա
- Ենթաստամոքսային գեղձի ինսուլինոմա
- Քրոմոգրանին Ա
- Ինսուլինի իմունային ներկ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Burns, William R.; Edil, Barish H. (2012 թ․ մարտ). «Neuroendocrine Pancreatic Tumors: Guidelines for Management and Update». Current Treatment Options in Oncology. 13 (1): 24–34. doi:10.1007/s11864-011-0172-2. PMID 22198808. S2CID 7329783.
- ↑ MeSH website, tree at: "Pancreatic Neoplasms [C04.588.322.475]",(չաշխատող հղում) accessed 16 October 2014
- 1 2 «Insulinomas». The Lecturio Medical Concept Library. Վերցված է 2021 թ․ հուլիսի 27-ին.
- ↑ Shin, Joyce; Gorden, Philip (2012 թ․ նոյեմբեր). «Insulinoma: pathophysiology, localization and management». Future Oncology. 6 (2): 229–237. doi:10.2217/fon.09.165. PMC 3498768. PMID 20146582.
- ↑ Melmed, Shlomo (2016). Williams textbook of endocrinology (13 ed.). Elsevier. էջեր 1582–1607. ISBN 978-0-323-29738-7.
- ↑ Martens, Pieter; Tits, Jos (2014 թ․ հունիս). «Approach to the patient with spontaneous hypoglycemia». European Journal of Internal Medicine. 25 (5): 415–421. doi:10.1016/j.ejim.2014.02.011. PMID 24641805.
- ↑ «Insulinomas». The Lecturio Medical Concept Library. Վերցված է 2021 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Chang-Yun, Woo; Jeong, Ji Yun (2015 թ․ ապրիլ). «Clinical Features and Causes of Endogenous Hyperinsulinemic Hypoglycemia in Korea». Diabetes and Metabolism Journal. 39 (2): 126–131. doi:10.4093/dmj.2015.39.2.126. PMC 4411543. PMID 25922806.
- ↑ Rayas, Maria (2024 թ․ հունվար). Non-Diabetic Hypoglycemia. MDText.com. PMID 27099902.
- ↑ Sotoudehmanesh, Rasoul; Hedayat, Anooshirvan; Shirazian, Nahid; Shahraeeni, Shadi; Ainechi, Sanaz; Zeinali, Fatemeh; Kolahdoozan, Shadi (2007 թ․ սեպտեմբերի 17). «Endoscopic ultrasonography (EUS) in the localization of insulinoma». Endocrine. 31 (3): 238–241. doi:10.1007/s12020-007-0045-4. PMID 17906369. S2CID 5634475.
- ↑ «Genentech and Axel Ulrich clone the human insulin gene». Tacomed.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 13-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինսուլինոմա» հոդվածին։ |
| ||||||||||