Ինչ տվեց ինձ ջուրը
| տեսակ | գեղանկար |
|---|---|
| նկարիչ | Ֆրիդա Կալո |
| տարի | 1938 |
| նյութ | յուղաներկ |
| հավաքածու | Daniel Filipacchi? |
| կայք | |
Ծանոթագրություններ | |
«Ինչ տվեց ինձ ջուրը» (իսպ.՝ Lo que el agua me dio), մեքսիկացի նկարչուհի Ֆրիդա Կալոյի նկարը, որը ստեղծվել է 1938 թվականին։
Նկարը ինքնակենսագրական է։ Հետազոտող Նատաշա Սթիդի կարծիքով՝ նրա բոլոր նկարները շատ ազնիվ են եղել, և նա երբեք իրեն ավել կամ պակաս գեղեցիկ չի պատկերել, քան իրականում էր[1]:
Այս ստեղծագործության մեջ Կալոն անդրադարձել է նաև իր կյանքին։ Լոգարանում պատկերների թվացյալ իռացիոնալ համադրումների միջոցով Կալոն ազատ է արձակել իր ենթագիտակցությունը: Այս նկարում Ֆրիդան պատկերել է նաև իրեն․ մասնավորապես՝ իր ոտքերը և ներբանները մոխրագույն ջրով լցված լոգարանում: Նկարը ներառվել է Կալոյի առաջին անհատական ցուցահանդեսում, որը տեղի է ունեցել 1938 թվականի նոյեմբերին Նյու Յորքի Ժուլիեն Լևիի պատկերասրահում[2][3]։ Այժմ նկարը գտնվում է արվեստի հավաքորդ Դանիել Ֆիլիպակայի սյուրռեալիստական ստեղծագործությունների մասնավոր հավաքածուի կազմում։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կալոյի ոտքի մատները դուրս են գալիս լոգանքի ջրից և արտացոլվում են հենց դրա մեջ։ Դրանք գերիշխում են կոմպոզիցիայում և ջրի մեջ ընկղմված ազդրերի հետ միասին ծառայում են որպես Ֆրիդայի ֆիզիկական ներկայության միակ վկայությունն այս ինքնադիմանկարում։ Ջրի երեսին լողում են տարբեր առարկաներ, որոնք ակնարկում են Կալոյի կենսագրությունը։ Լոգարանում գտնվող կղզյակի վրա է գտնվում հրաբուխը, որից երկնաքեր է ժայթքում. ծառի վրա ընկած է սատկած փայտփորիկը, իսկ փոքրիկ կմախքը նստած է բլրակի վրա։ Այդ կղզյակից լոգարանի կենտրոնով ձգվում է ամուր պարան, որը ի վերջո փաթաթվում Օֆելյայի պես ջրի երեսին լողացող մերկ կանացի կերպարի պարանոցին։ Այս կանացի կերպարից, որը, հնարավոր է, հենց ինքը՝ Կալոն է, մի պարան է ձգվում դեպի կղզին՝ հասնելով դրա եզրին պառկած անդեմ տղամարդու ձեռքին։ Թվում է՝ նա հեռվից հետևում է այն կնոջը, որին խեղդամահ է անում։
Լոգարանում լողում են նաև ազատ ձևվածքի մեքսիկական զգեստ, փամփուշտների հետքերով պատված խեցի, Կալոյի ծնողներին հիշեցնող զույգ՝ նրա ավելի վաղ ստեղծված «Իմ տատիկն ու պապիկը, ծնողներս և ես» կտավից, ինչպես նաև երկու սիրուհիներ, որոնք ավելի ուշ հայտնվել են նկարչուհու 1939 թվականին ստեղծված «Երկու մերկ կին անտառում» կտավում։
Մեկնաբանություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Կտավը պարունակում է հղումներ դեպի ավանդական և հնագույն սրբապատկերագրություն, դիցաբանություն ու սիմվոլիկա, էրոտիկա և բուսաբանություն, ինչպես նաև Կալոյի ավելի վաղ շրջանի գործեր։ Դրանց թվում են նրա «Իմ տատն ու պապը, ծնողներս և ես» (1936) կտավի մոտիվները, կան զուգահեռներ Հիերոնիմոս Բոսխի 15-րդ դարի «Երկրային վայելքների այգին» ստեղծագործության հետ (հատկապես՝ բուսական և կենդանական աշխարհի վրա շեշտադրումը), ինչպես նաև նկարչուհու քաղաքական հայացքների արտացոլումը. հնի և նորի բախման գաղափարը մարմնավորված է ժայթքող հրաբխից վեր խոյացող երկնաքերի պատկերում։ Նկարի բազմաթիվ անհանգստացնող տարրերի շարքում առանձնանում են կմախքն ու պարանով խեղդվող մերկ լողացող կինը[4][5]։
«Այն, ինչ ջուրը տվեց ինձ» (What the Water Gave Me) ստեղծագործությունը Ֆրիդայի կյանքի վերհուշն է, որը պատկերում է կյանքն ու մահը, մխիթարանքն ու կորուստը։ Դրա հիմքում ընկած է այն ուղին, որի ընթացքում Ֆրիդան խորասուզվում է սեփական կյանքի մեջ։ Ֆրիդան ժամանակին ասել է. «Ես խմում էի՝ ցավս խեղդելու համար, բայց անիծյալ ցավը սովորեց լողալ»։ Հետազոտող Գրեհեմ Ուոթը նշել է, որ Կալոյի նկարներին բնորոշ ընդհանուր գիծը երկակիությունն էր, քանի որ նա պատկերում էր «Կորցրած և իրեն պատկանող մարմինը, հետերոսեքսուալ և լեսբիական հարաբերությունները, ավանդական և ժամանակակից պատկերագրությունը, մեքսիկական և եվրոպական մոտիվները, սիրելի մարդկանց հետ մտերմությունն ու նրանց կողմից դավաճանությունը, տխրությունն ու ուրախությունը, ինչպես նաև իր աշխարհայացքի ընդհանրական բնույթն ու իր դիրքորոշման մենությունը»[6]։ Կտավում Ֆրիդան անկենդան տեսք ունի։ Նրա աջ ոտքը արյունահոսում է և աղավաղված է, ինչն արտացոլում է այն, ինչ կատարվում էր նրա մարմնի հետ ցավերի մեջ տառապելիս։
Ֆրիդայի տարած ավելի քան երեսուն վիրահատություններից մեծ մասը կատարվել է նրա մեջքի, աջ ոտքի և աջ ոտնաթաթի վրա։ Այստեղից էլ «Ինչ տվեց ինձ ջուրը» (What the Water Gave Me) կտավում պատկերված աջ ոտնաթաթի դեֆորմացիան, որտեղ մատների արանքում ճեղք է արյունահոսում։
Ինչպես Կալոյի մյուս բազմաթիվ գործերը, այնպես էլ «Ինչ տվեց ինձ ջուրը» կտավը խորապես անձնական բնույթ ունի։ Լետիսիա Պերես Ալոնսոն նշել է, որ «Կալոյի գեղանկարում դիտողը, ի վերջո, նույնանում է պատկերված կերպարի հետ, և այդպիսով նրանց միջև եղած տարածությունը վերանում է»[7]։
Հրաբուխը այս նկարի կոմպոզիցիայի անկյունաքարն է, քանի որ այն ծառայում է որպես հստակ խորհրդանիշ այն բանի, որ նա այլևս չի ճնշում իր մարմնի և ամուսնու՝ Դիեգո Ռիվերայի հետ հարաբերությունների նկատմամբ իր զգացմունքները։ Իր օրագրում Կալոն իրեն բնորոշել է որպես «իրեն իսկ ծնունդ տվող անձ»[8]։ Անդրեա Կետենմանը եզրակացրել է, որ այս կտավում Ֆրիդան սկսել է բացահայտել ու ընկալել թե՛ սեփական «ես»-ը, թե՛ շրջապատող աշխարհը նոր՝ առավել գիտակցված մակարդակի վրա[9]։ Հրաբխի ժայթքումը արտացոլում է նրա սեփական անխուսափելի ժայթքումը։
Ըստ քննադատ Բերտրամ Վուլֆի՝ Կալոյի կտավներում սյուրռեալիզմը, կարծես, միահյուսվում էր «խոր արմատներ ունեցող մեքսիկական ավանդույթի» հետ[10]։
Անդրե Բրետոնը Կալոյի արվեստը դիտարկում էր որպես սյուրռեալիստական. նրա համար «Ինչ տվեց ինձ ջուրը» (What the Water Gave Me) ստեղծագործությունը նրա սյուրռեալիզմի օրինակ էր[11]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Steed, Natascha (лето 2006). «Frida Kahlo». Earth Focus: One Planet – One Community. Old City Publishing. Արխիվացված օրիգինալից 2016-03-04-ին. Վերցված է 2019-12-09-ին.
- ↑ Heller, Jules; Heller, Nancy G., eds. (1995). «Frida Kahlo (1907–1954)». North American Women Artists of the Twentieth Century: A Biographical Dictionary. New York: Garland. ISBN 0824060490.
- ↑ Bomb Beribboned(անգլ.) // Time : magazine. — 1938. — Т. 32. — № 20. — С. 29.
- ↑ Breton, André Des Tendances les plus récentes de la painture Surréaliste(ֆր.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : magazine. — 1939. — № 12—13. — С. 37.
- ↑ Mahon, Alyce The Lost Secret: Frida Kahlo and the Surrealist Imaginary(անգլ.) // Journal of Surrealism and the Americas : journal. — 2011. — Т. 5. — № 1. — С. 33—54. Архивировано из первоисточника 25 փետրվարի 2021.
- ↑ Watt, Graham Frida Kahlo. — 2005. — С. 646—647.
- ↑ Alonso, Leticia Pérez Frida Kahlo and the Improper/Unclean: Toward the Condition of Abjection(անգլ.) // Women's Studies : journal. — 2014.
- ↑ Bernstein, Helene Frida Kahlo: Realistic Reproductive Images in the Early Twentieth Century(անգլ.) // [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.) : journal. — 2008. —
- ↑ Kettenmann, Andrea Frida Kahlo 1907-1954: Pain and Passion. — Germany: TASCHEN GmbH, 2003. — С. 19.
- ↑ Wolfe, Bertram D. (1938-11-01). «Rise of another Rivera». Vogue.
- ↑ Zamora, Martha Frida Kahlo: Brush of Anguish. — [[{{{2}}}|{{{2}}}]] (անգլ.), 1993. — С. 56.
