Իմպրինտինգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կոնրադ Լորենց

Իմպրինտինգ (տպավորում) (անգլ.՝ imprint՝ տպավորել, դրոշմել, հետք թողնել), էթոլոգիայում և հոգեբանությունում ուսուցման ձև, արտահայտվում է վաղ օնտոգենեզում որոշակի օբյեկտների հատկությունները ընկալելով և առմիշտ մտապահելով։ Այն միանվագ ուսուցում է, որը չի պահանջում ոչ պայմանական ամրապնդում և պահպանվում է երկար ժամանակ։ Որպես օբյեկտ կարող են հանդես գալ ծնողները, մարդիկ, ապագա զուգընկերները (արուները կամ էգերը), սննդի օբյեկտները (այդ թվում՝ զոհ-կենդանիները), թշնամիները, շրջապատի առարկաները։ Իմպրինտինգը համարվում է բնազդի և պայմանական ռեֆլեքսի միջև անցումային ձև։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վայրի սագերի վրա փորձեր կատարելիս թռչնագետ Օսկար Հեյնռոտը (1910 թ.) հայտնաբերվեց, որ ձվից դուրս գալուց և այլ սագերից մեկուսացվելու դեպքում սագիկները սկսում են հետևել իրենց խնամող մարդկանց ճիշտ այնպես, ինչպես վայրի սագիկները բնական պայմաններում գնում են իրենց ծնողների հետևից։ Սա նշանակում է, որ հետևելու գործողությունը ժառանգական է, բնազդային, սակայն նրա ռելիզերը ժառանգորեն ամրապնդված չէ։ Հետագայում, 30-ական թվականներին ավստրիացի էթոլոգ, նոբելյան մրցանակակիր Կոնրադ Լորենցը ստուգեց և հաստատեց այս դիտումները։ Հենց նա էլ այդ երևույթն անվանեց իմպրինտինգ[1]։

Իմպրինտինգի ձևավորումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմպրինտինգը հիմնականում կատարվում է կյանքի խիստ որոշակի ժամանակաշրջանում, գերազանցապես՝ վաղ շրջանում՝ ծննդից անմիջապես հետո՝ ճգնաժամային փուլում։ Բավականին հասունացած ձևով ծնված կենդանիների և թռչունների (շատ թռչուններ, գառներ, ուլեր, ծովախոզուկներ) ճգնաժամային փուլը ծննդից անմիջապես հետո է։ Այն կենդանատեսակների մոտ, որոնց նորածինները ծնվում են անօգնական վիճակում, ճգնաժամային փուլը ի հայտ է գալիս բավականին ուշ։

Տպավորման ուշ ձևերի օրինակ է մոր իմպրինտինգը ձագի նկատմամբ։ Մայրը պետք է ճանաչի իր ձագին ծննդից անմիջապես հետո, այլապես նա կարող է հրաժարվել կերակրել ձագին։ Տպավորումը հիմնականում կատարվում է խոփաքթային օրգանի միջոցով։ Այդ դեպքում ճգնաժամային փուլը բավականին սահմանափակված է ժամանակային տեսակետից. բավական է ընդամենը 2 ժամով բաժանել մորը ձագուկից, և նա կարող է այլևս չընդունել ձագին։

Որմզդեղի ձագի իմպրինտինգի օրինակ

Բադերի մոտ ճգնաժամային փուլի սահմաններն ընկած են ձվից դուրս գալու պահից հաշված 13-րդ ժամից մինչև 16-րդ ժամը։ Այդ սահմաններից դուրս տպավորումը քիչ է արդյունավետ։ Ճգնաժամային փուլի վերին սահմանը համահարաբերական կապի մեջ է գտնվում օտար օբյեկտների նկատմամբ վախի հակազդման երևան գալու հետ։ Այդ պատճառով ընդունված է համարել, որ զարգացման ճգնաժամային փուլն այն ժամանակահատվածն է, երբ թռչունը կարողանում է ինքնուրույնաբար տեղաշարժվել, բայց դեռևս վախ չի զգում։

Ներկայումս իմպրինտինգի համար առավել նպաստավոր փուլերն անվանում են գերզգայուն փուլեր։

Բացի կապվածության տպավորումից, որը պայմանավորում է ծնող-սերունդ կապվածությունը, կա նաև սեռական տպավորում, որը պայմանավորում է ճիշտ զուգընկերոջ ընտրումը, կամ պաշտպանական տպավորում՝ թշնամիների նկատմամբ։

Հետաքրքիր են նաև այն դեպքերը, երբ իմպրինտինգն անհնարին է։ Դա վկայում է այն մասին, որ տվյալ կենդանատեսակների մոտ կենսաբանորեն առավել կարևոր մտապատկերները կարող են ժառանգվել։

Էդվարդ Վեստերմարկ

Կոնրադ Լորենցը ցույց տվեց այն հիմնական առանձնահատկությունները, որոնցով իմպրինտինգը տարբերվում է սովորական զուգորդական ուսուցման ձևերից.

  • իմպրինտինգը սահմանափակված է վաղ օնտոգենեզի ճգնաժամային փուլով, որը կարող է լինել շատ կարճատև,
  • իմպրինտինգի ընթացքն անշրջելի է և սովորական պայմաններում չի մարվում (օրինակ, թռչունը փորձում է սեռական կապի մեջ մտնել այնպիսի օբյեկտների հետ, որոնց հետ զուգավորվել չի կարող),
  • իմպրինտինգը տեղի է ունենում ոչ թե առանձին անհատի, այլ տեսակի նկատմամբ։

Սեռական իմպրինտինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սեռական իմպրինտինգի միջոցով երիտասարդ կենդանիների մոտ տպավորվում են սեռական զուգընկերոջ կամ զուգընկերուհու բնութագրիչները։ Օրինակ, ձվից դուրս գալուց հետո մարդու կողմից մեծացված վայրի թռչունը կփորձի սեռական հարաբերության մեջ մտնել մարդու հետ[2]։

Լոնդոնի կենդանաբանական այգուց Մոսկվայի կենդանաբանական այգի տեղափոխված էգ պանդան հրաժարվեց հարաբերվել արու պանդայի հետ, բայց դրա փոխարեն ցուցաբերում էր ակնհայտ սեքսուալ հետաքրքրվածություն այգու աշխատակիցների նկատմամբ։ Սա նույնպես ծննդից անմիջապես հետո մարդու կողմից մեծացված կենդանիների սեռական իմպրինտինգի օրինակ է[3][4]։

Իմպրինտինգն, ի տարբերություն պայմանական ռեֆլեքսի, պատասխանատու է հոգեկանում շատ արագ ձևով կայուն հետքերի առաջացման համար, նույնիսկ մեկանգամյա զուգորդումից հետո։ Եթե որևէ գրգռիչ ազդում է անձի ձևավորման ճգնաժամային փուլում, այն հեշտորեն տպավորվում է նրա հոգեկան ներքնաշխարհում և ամրապնդվում։ Այն հետագայում կարող է որոշիչ դեր խաղալ տարբեր իրավիճակներում մարդու վարքի որոշման տեսակետից։ Անշունչ առարկաների նկատմամբ սեքսուալ տպավորումը ֆետիշիզմի բացատրություններից մեկն է։

Սեռական իմպրինտինգի հակառակ երևույթը Վեստերմարկի դեսենսիբիլիզացնող արդյունքն է, որը ներկայացվել է ֆինլանդացի մարդաբան Էդվարդ Վեստերմարկի կողմից՝ իր Մարդու ամուսնության պատմությունը աշխատության մեջ (1891)։ Ըստ դրա, կյանքի սկզբնական շրջանում իրար հետ մեծացած տարբեր սեռերի անհատները սովորաբար հետագայում սեքուալ հետաքրքրվածություն չեն զգում իրար նկատմամբ։ Սա էապես հակասում է Զիգմունդ Ֆրեյդի այն տեսակետը, որ նույն ընտանիքի անդամներն ունեն բնական սեքսուալ հետաքրքրվածություն միմյանց նկատմամբ, այդ պատճառով շրջապատը արգելում է ինցեստը[5]։ Վեստերմարկը հակառակ կարծիքի էր, գտնելով, որ այդ արգելքը ձևավորվում է բնականոն պայմաններում և ոչ կանխամտածված։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лоренц К. Кольцо царя Соломона. Человек находит друга. - М.։ 1995.
  • Мак-Фарленд Д. Поведение животных։ Психобиология, этология и эволюция. - М.։ 2008.
  • Савельев С. В. Введение в зоопсихологию. - М.։ 2000.
  • Сотская М. Н. Зоопсихология и сравнительная психология. Электронный учебник. - 2003.
  • Сотская М. Н. Хрестоматия по зоопсихологии и сравнительной психологии։ Учебное пособие МГППУ. - 2003.
  • Тинберген Н. Социальное поведение животных. – М.։ Мир, 1993.
  • Тинберген Н. Поведение животных. - М.։ 1978.
  • Peter J. B. Slater. The Encyclopedia of Animnal Behavior., New York. 1989, 130 pages
  • Chris Barnard. Animal Behaviour։ Mechanism, Development, Function and Evolution. 2004, 758 pages
  • J. R. Krebs, N. B. Davies. Behavioural Ecology։ An Evolutionary Approach Sinauer Associates Inc., Sunderland, MA, 1984, 493 pages
  • L. Boitani, T. K. Fuller. Research Techniques in Animal Ecology։ Controversies and Consequences, Columbia Univ. Press, 2000. P. 65-100.
  • Judith K. Blackshaw. Notes on some topics in applied Animal Behaviour. Third edition, June 1986, 102 pages.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. T.L. Brink. (2008) Psychology: A Student Friendly Approach. "Unit 12: Developmental Psychology." pp. 268 [1]
  2. Immelmann, Klaus (1972). "Sexual and other long-term aspects of imprinting in birds and other species". Advances in the Study of Behavior. Advances in the Study of Behavior (New York: Academic Press) 4: 147–174. doi:10.1016/S0065-3454(08)60009-1
  3. Nicholls, Henry (2011). The Way of the Panda: The Curious History of China's Political Animal. Open Road Media, ISBN 9781453217733
  4. Dobbin, Muriel (April 24, 1975). D.C. zoo encourages giant pandas to observe nation's birth with own. Baltimore Sun
  5. Freud, S. (1913) Totem and Taboo in The Standard edition of the Complete Psychological works of Sigmund Freud, Vol XIII

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]