Ժուան Ցզի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժուան Ցզի
չինարեն՝ 莊子 և չինարեն՝ 庄子
Դիմանկար
Ծնվել էմոտ մ. թ. ա. 369[1]
ԾննդավայրՇանցյու, Սուն, Western Zhou[2]
Մահացել էմոտ մ. թ. ա. 288[1]
ՔաղաքացիությունՍուն
Մայրենի լեզուհին չինարեն
Ազդվել էԼաո Ցզի
ԵրկերԺուան Ցզի
Մասնագիտությունփիլիսոփա, գրող և բանաստեղծ
 Zhuangzi Վիքիպահեստում

Ժուան Ցզի (մոտ մ.թ.ա. 369— մ.թ.ա. 286 թ.), չինացի մտածող, դաոսական ուսմունքի վաղ մեկնիչներից ամենազադեցիկը։ Նրա աշխատությունը, որը կրում է մտածողի անունը («Ժուան Ցզի»), համարվում է դաոսականության կարևոր տեքստերից մեկը։ Շատերի կողմից այն համարվում է ավելի կարևոր երկ, քան դաոսական ուսմունքի հիմքում ընկած Լաո Ցզիի «Դաո Դե Ցզի» երկը[3]։ Ժուան Ցզիի ուսմունքը մեծ ազդեցություն է թողել նաև չինական բուդդայականության զարգացման վրա և նշանակալի ներգործություն է ունեցել չինական բնապատկերի և պոեզիայի վրա։

Կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած նրա կարևորությանը` Ժուան Ցզի կյանքի մանրամասները, բացի «Ժուան Ցզի» երկում նրա մասին եղած պատումներից, անհայտ են։ Չինացի «Մեծ պատմիչ» ՝ Սիմա Ցյանը (մահացել է մ.թ.ա. մոտ 87 թ.), Ժուան Ցզիի մասին իր կենսագրական ակնարկում ներկայացնում է սակավ տեղեկություններ։ Նա հաղորդում է, որ մտածողը ծնվել է Մեն նահանգում, նրա անձնանունը Ժու էր, և որ նա իր հայրենի նահանգի Քիյուան քաղաքում ոչ բարձրաստիճան պաշտոնյա էր։ Ըստ պատմիչի Ժուան Ցզին ապրել է Չուի արքայազն Վեի օրոք (մահացել է մ.թ.ա. 327 թ.) և, հետևաբար, մեկ այլ կարևոր չինացի փիլիսոփա, Կոնֆուցիոսի ուսմունքի հետևորդ Մեն Ցզիի ժամանակակիցն է։

Ժուան Ցզին առավել հայտնի է իր անունը կրող գրքով։ Այն բաղկացած է 33 գլուխներից։ Ուսումնասիրողների կարծիքով, Ժուան Ցզի գրչին են պատկանում երկի առաջին յոթ գլուխները ՝ այսպես կոչված «ներքին գրքերը», մինչդեռ «արտաքին գրքերը» (գլուխներ 8–22) և «խառը գրքերը» (գլուխներ 23–33) մեծ մասամբ փիլիսոփայի հետևորդների գրչի արդյունքն են։ Երկի վերջին գլուխները նաև պարունակում են Չժուան Ցզիի մասին տարբեր պատումներ։

Ուսմունքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժուան Ցզին ուսուցանել է, որ այն, ինչ կարելի է իմանալ կամ ասել Դաոյի մասին, դա Դաո չէ։ Դաոն չունի ոչ սկիզբ, ոչ ավարտ, ոչ էլ սահմանափակումներ կամ սահմանազատումներ։ Կյանքը, առերևույթ աշխարհը Դաոյի շարունակական դրսևորումն ու վերափոխումն է, որում չկա ավելի լավ կամ ավելի վատ, չկա բարիք կամ չարիք։ Պետք է թույլ տրվի, որ իրերն ընթանան իրենց ընթացքով, և մարդիկ չպետք է արժևորեն մի իրավիճակը մյուսի նկատմամբ։ Իսկապես առաքինի մարդը զերծ է հանգամանքներից, անձնական կապվածություններից, ավանդույթի հարկադրանքից և շրջակա աշխարհը բարեփոխելու մտքերից։ Այդ նկատառումներից ելնելով` Ժուան Ցզին մերժել է Չու պետության վարչապետ դառնալու առաջարկը` չցանկանալով մասնակից դառնալ արքունիքի միջավայրի ինտրիգներին։

Թիթեռի մասին երազը, չինացի նկարիչ Լու Ցզի (մոտ 1550 թ.)

Փիլիսոփայի աշխարհընկալման ամբողջական հարաբերականությունն արտահայտված է «Ժուան Ցզի» երկի առավել հայտնի հատվածներից մեկում.

«Մի անգամ ես ՝ Ժուան Ցզին, երազում տեսա, որ թիթեռ եմ և երջանիկ եմ որպես թիթեռ։ Գիտակցում էի, որ ինքս ինձանից բավականին գոհ եմ, բայց չգիտեի, որ Ժուան Ցզին եմ։ Հանկարծ ես արթնացա և ինձ գիտակցեցի որպես Ժուան Ցզի։ Եվ ահա ես չգիտեմ`Ժուան Ցզին էր երազ տեսնում, որ ինքը թիթեռ է, թե թիթեռն էր երազ տեսնում, որ ինքը Ժուան Ցզին է։ Բայց չէ որ, Ժուան Ցզիի և թիթեռի միջև որոշակի տարբերություն կա։ Ահա սա՛ է կոչվում իրերի վերափոխում»:

Հարցին, թե որտեղ է Դաոն, Ժուան Ցցին պատասխանում է, որ այն ամենուրեք է։ Երբ նրան խնդրում են ավելի հստակ արտահայտվել, նա հայտարարում է, որ Դաոն մրջյունների մեջ է և անգամ ավելի ստորին շերտերում՝ մոլախոտերի և գետնին ընկած խեցիների կտորների մեջ։ Ավելին, Դաո կարելի է գտնել նաև արտաթորանքի և մեզի մեջ։ Դաոյի ամենաթափանցության մասին այս ուժգին հայտարարությունն իր զուգահեռներն ունեցավ հետագա չինական բուդդայականության մեջ, որում նման խոսքերով էր նկարագրվում մշտապես և ամեն ինչում ներկա և ներթափանցված Բուդդան։

Ժուան Ցցին գերազանցապես աշխարհի վայրիվերումներից ազատ, Դաոյի հետ միասնության մեջ գտնվող մարդու փիլիսոփայություն է։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]