Ժողովրդի թշնամին (Հենրիկ Իբսեն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժողովրդի թշնամին
նորվ.՝ En Folkefiende
ՀեղինակՀենրիկ Իբսեն
Տեսակդրամատիկական ստեղծագործություն
Բնօրինակ լեզունորվեգերեն
Կերպար(ներ)Doctor Thomas Stockmann?, Peter Stockmann?, Morten Kiil?, Mrs. Katrine Stockmann?, Hovstad?, Billing?, Captain Horster?, Aslaksen?, Petra?, Ejlif? և Morten?
Ստեղծման տարեթիվ1882
Հրատարակման տարեթիվնոյեմբերի 18, 1882
Առաջնախաղի տարեթիվ1883
Թվային տարբերակprojekt-gutenberg.org/ibsen/volksfei/volksfei.html և ibsen.uio.no/DRVIT_Fo%7CFoht.xhtml
 An Enemy of the People Վիքիպահեստում

Ժողովրդի թշնամին, (նորվ.՝ En folkefiende), նորվեգացի դրամատուրգ Հենրիկ Իբսենի պիեսը։ Գրվել է 1882 թվականին։ Պիեսի գլխավոր հերոսը բժիշկ Թոմաս Սթոքմանն է, ով հայրենի առողջարանային քաղաքի բուժիչ ջրերում աղտոտում է հայտնաբերում և հասնում է դրանց փակմանը։ «Ժողովրդի թշնամի»-ն Իբսենի պատասխանն էր հանրությանը, որը վատ էր ընդունել նրա նախորդ՝ այդ ժամանակվա համար սկանդալային, «Ուրվականներ» պիեսը[1][2]։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկ Թոմաս Սթոքմանը Նորվեգիայի հարավում գտնվող ծովափնյա փոքրիկ քաղաքի հարգված բնակիչ է։ Այստեղ հենց նոր բուժիչ ջրերի առողջարան է բացվել, և այդ ջրերի հետազոտման մեջ Սթոքմանը մեծ դեր է ունեցել։ Նրա եղբայր Պիտերը քաղաքի ղեկավարն է (ֆոգտ), ինչպես նաև՝ առողջարանի ղեկավարն է։ Առողջարանը չափազանց կարևոր է քաղաքի բնակիչների համար, քանի որ զբոսաշրջիկների հոսքը խոստանում է քաղաքի բարգավաճման աղբյուր դառնալ։ Ջրաբուժարանի կառուցման համար մեծ գումար է ներդրվել։ Սակայն որոշ ժամանակ անց, իր հետազոտության արդյունքում Սթոքմանը հայտնաբերում է, որ կոյուղուց արտահոսք է լինում դեպի բուժիչ ջրերը, ինչի արդյունքում բուժվելու եկած զբոսաշրջիկները կարող են վարակվել առավել ծանր հիվանդություններով։ Նա իր այս հայտնագործությունն իր գլխավոր ձեռքբերումն է համարում, մշակում է կոյուղու վերակառուցման բավականին թանկ ծրագիրն ու հաշվետվությունը եղբորն է ուղարկում։ Ի զարմանս Սթոքմանի, քաղաքի ողջ ղեկավարությունը, այդ թվում և իր եղբայրը, կամ չեն գիտակցում վտանգը, կամ չեն ուզում արձագանքել դրան, քանի որ առողջարանի փակումը կամ էլ աշխատանքների սկսումը քաղաքի համար աղետ կդառնար։ Վեճերից մեկի ժամանակ Պիտերը Թոմասին անվանում է «ժողովրդի թշնամի»։ Երբ Սթոքմանը գիտակցում է, որ իր փորձերը հաջողություն չեն բերում, նա քաղաքի բնակիչներին կանչում է հանդիպման և հայտարարում է, որ «ճշմարտության և ազատության ամենավտանգավոր թշնամին համախմբված մեծամասնությունն է»։ Շուտով Սթոքմանից ու իր ընտանիքից երես են թեքում բոլորը, անգամ այն ընկերները, ովքեր մինչև այդ սատարում էին նրան։ Նրան հեռացնում են աշխատանքից, ուսուցիչները հրաժարվում են դաս պարապել նրա երեխաների հետ։ Ի վերջո, Սթոքմանը գալիս է այն եզրակացության, որ բոլոր կարևոր հարցերում մեծամասնությունը միշտ սխալ է լինելու։ Նա ասում է իր ընտանիքին, որ աշխարհի ամենաուժեղ մարդն առավել միայնակ մարդն է։

Վերլուծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

«Ժողովրդի թշնամին» Իբսենի ամենասոցիալական պիեսներից է[3]։ Սթոքմանի կերպարն Իբսենի ամենամիանշանակ գլխավոր հերոսներից է։ Հեղինակն ակնհայտորեն նրա կողմից է։ Սթոքմանը հակադրվում է վախկոտ ու էգոսիտ բնակիչներին։ Քանի դեռ նա դուրս չի գալիս ընդունված համընդհանուր արժեքների շրջանակներից, հասարակության մեջ նա բարձր դիրք ունի, բայց հենց որ Սթոքմանն սկսում է թերություններ բացահայտել, հասարակությունը միայնգամից բոյկոտում է նրան։ Իր ավելի ուշ գործերում Իբսենն առավել մեծ ուշադրություն է դարձնում հերոսների ներքին աշխարհին, այդ պատճառով էլ կերպարներն առավել հակասական են։

Ներկայացումներ և մշակումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոնստանտին Ստանիսլավսկին 1900 թ. բեմադրեց «Դոկտոր Սթոքման»-ը Մոսկվայի գեղարվեստական ակադեմիական թատրոնում և ինքն էլ խաղում էր գլխավոր դերը[4]։

Ամերիկացի դրամատուրգ Արթուր Միլլերը մշակել է «Ժողովրդի թշնամին» բրոդվեյան ներկայացման համար, որտեղ Սթոքմանի դերը խաղում էր Ֆրեդրիկ Մարչը։ Միլլերի մշակումն էկրանավորվեց 1978 թվականին․ Սթիվ Մակքուինը խաղում էր գլխավոր դերը։ 1989 թ. պիեսն էկրանավորել է հնդիկ ռեժիսոր Սաթյաջին Ռեյը։ 2013 թվականին Լև Դոդինը բեմադրեց «Ժողովրդի թշնամին» Սանկտ-Պետերբուրգի Դրամատիկական Փոքր թատրոնում։

«Ժողովրդի թշնամին» հայ բեմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքմանի կերպարը հայ բեմում առաջինը մարմնավորել է Գևորգ Պետրոսյանը։ Սակայն Սթոքմանի կերպարը հայ թատրոնում կապվում է Հովհաննես Աբելյանի անվան հետ։ Նա այդ դերով առաջին անգամ հանդես է եկել 1895 թվականի սեպտեմբերի 17-ին, Թիֆլիսում։ Այնուհետև նրա այս կերպարն իր ստեղծողի հետ երկար տարիներ շրջել է բոլոր հայաշատ վայրերում, հասել արտասահմանյան քաղաքների բեմերը։ Աբելյանն այս դերով ժամանակի հրատապ սոցիալական հարցերն էր առաջ քաշում։ 90-ական թվականներին հայ թատերական քննադատությունը հետևյալ գնահատությունն է տվել դերասաններ Գևորգ Պետրոսյանի եւ Հովհաննես Աբելյանի մարմնավորած Սթոքմանների մասին։ Պետրոսյանի Սթոքմանը պարզ էր, բնական ու շատ հեռու վերամբարձությունից։ Իր հերոսի խոհերը նա արտահայտում էր մեծ համոզչությամբ։ Իր մտածված ու նուրբ խաղով Պետրոսյանը ցույց է տվել, թե ուսումնասիրական ինչ մանրակրկիտ, լուրջ աշխատանք է կատարել կերպարի ներքին էության բացահայտման համար։ Նրա Սթոքմանը կատարման ձևի տեսակետից ավարտված մի բեմանկար է։ Իսկ Աբելյանը խաղում էր մեծ էմոցիայով։ «Թատրոն» հանդեսում 1895 թվականին մի քննադատ ասում է, որ Աբելյանի նուրբ, գեղարվեստական խաղը, տիպի մանրակրկիտ ուսումնասիրությունը նրան այդ ներկայացման հերոսը դարձրին։ Այդ տարիներին Աբելյանի խաղն ուներ սոցիալական լայն հնչեղություն[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.diclib.com/cgi-bin/d1.cgi?l=ru&base=colier&page=showid&id=4236#.V2OcibuLTIU
  2. http://www.magister.msk.ru/library/philos/shestov/shest20.html(չաշխատող հղում)(ռուս.)
  3. http://feb-web.ru/feb/ivl/vl7/vl7-4262.htm
  4. http://www.philology.ru/literature3/admoni-72.htm(ռուս.)
  5. Հենրիկ Իբսեն. Պիեսներ, 1968, Երեւան։ Նախաբան, հեղ.` ԽՍՀՄ Արվեստի վաստակավոր գործիչ Սարգիս Մելիքսեթյան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովրդի թշնամին (Հենրիկ Իբսեն)» հոդվածին։