Ժողովրդական կուսակցություն (Թուրքիա)
| Ժողովրդական կուսակցություն թուրքերեն՝ Demokrat Parti | |
|---|---|
| Տեսակ | կուսակցություն |
| Երկիր | |
| Առաջնորդ | Ադնան Մենդերես |
| Հիմնադիր | Ջելալ Բայար, Refik Koraltan?, Fuat Köprülü? և Ադնան Մենդերես |
| Հիմնադրված | 1946 |
| Լուծարված | 1961 |
| Գաղափարախոսություն | լիբերալ պահպանողականություն, Աջաթևյան պոպուլիզմ և քեմալականություն |
| Քաղաքական հայացք | աջակենտրոն |
| Շտաբ | Անկարա, Թուրքիա |
Ժողովրդական կուսակցություն (թուրքերեն՝ Demokrat Parti, DP), աջ կենտրոնամետ քաղաքական կուսակցություն Թուրքիայում, որը 1946 թվականին հիմնադրել և ղեկավարել են Ջելալ Բայարը և Ադնան Մենդերեսը, հետպատերազմյան ազատականացման ալիքի վրա, որը վերջ է դրել Թուրքիայում 27 տարի տևած միակուսակցական համակարգին։ Ժողովրդական կուսակցությունն առաջին ընդդիմադիր կուսակցությունն է, որը կարողացել է վերջ տալ Հանրապետական ժողովրդական կուսակցության իշխանության մենաշնորհին՝ հաղթելով նրան 1950 թվականի ընտրություններում և վերջնականապես ավարտելով միակուսակցական դարաշրջանը Թուրքիայի պատմության մեջ։ Կուսակցությունը նպաստել է իսլամի վերածննդին և Թուրքիայում քաղաքականության մեջ իսլամի դերի բարձրացմանը[1]։
Գաղափարախոսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժողովրդական կուսակցությունը հիմնադրվել է 1946 թվականին՝ հակադրվելու իշխող Հանրապետական ժողովրդական կուսակցությանը (ԺՀԿ), որը հիմնադրել է Թուրքիայի Հանրապետությունը և իշխանության ղեկին է եղել հանրապետության հիմնադրումից ի վեր։ ԺԿ-ի բոլոր հիմնադիր անդամները նախկինում եղել են ՀԺԿ-ի խոշոր գործիչներ։ Այդ իսկ պատճառով երկու քաղաքական կուսակցություններն էլ ունեին քեմալիզմի վրա հիմնված գաղափարախոսություն, ինչը թույլ չէր տալիս ԺԿ-ին գործնականում էականորեն տարբերվել իր մրցակցից, թեև նրանք, իրականում, զգալի տարբերություններ ունեին, ինչը ժամանակի ընթացքում է'լ ավելի ակնհայտ է դարձել[2]։ Բացի այդ, ԺԿ-ն պետք է գործեր 1924 թվականի Սահմանադրության շրջանակներում, որը հաստատվել էր Աթաթուրքի և առաջին խորհրդարանի կողմից: Չնայած Ժողովրդական կուսակցությունը նպաստել է իսլամի վերածննդին[1], դեմոկրատական այն պատգամավորները, որոնք ակնհայտ աջակցում էին «Իսլամական պետության» ստեղծմանը, հեռացվել են կուսակցությունից[3]։
ԺԿ-ի և ՀԺԿ-ի միջև պլատֆորմների հիմնական տարբերությունները վերաբերում էին տնտեսական քաղաքականությանը: Մինչ ՀԺԿ-ն առաջնորդվում էր էտատիզմի, Ժողովրդական կուսակցությունը խաղադրույք էր կատարում տնտեսության ազատականացման վրա՝ նպաստելով մասնավոր հատվածի զարգացմանը և իրականացնելով պետական ձեռնարկությունների մասնավորեցում: Դեմոկրատները չեն մերժել արևմտականացման քաղաքականությունը, բայց և չեն իրականացրել այն նույն եռանդով։ Նրանք նաև ավելի քիչ ռազմատենչ-աշխարհիկ էին, քան ՀԺԿ-ն և պաշտպանում էին պոպուլիզմը, ինչը նրանց լայն աջակցություն էր բերում թուրք մտավորականների շրջանում։
Կուսակցության պատկերանշանը՝ սպիտակ ձին է, առաջացել է թուրքական «Demirkırat» (երկաթե Քըրաթ) բառի հետ «Demokrat» բառի խիստ նմանությունից։ Սպիտակ լեգենդար ձին՝ Քըրաթը, թուրք հերոս Քյորօղլուի ձին ու հավատարիմ ուղեկիցն էր, ով պաշտպանում էր հասարակ մարդկանց։ Բառերի և պատկերանշանի նմանության շնորհիվ գյուղացիները դեմոկրատական կուսակցությանը ընկալում էին որպես իրենց իրավունքների համար պայքարող կուսակցություն[4]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի Հանրապետության հիմնումից ի վեր երկրում եղել է միակուսակցական համակարգ։ Երկու անգամ երկրում ստեղծվել է ընդդիմադիր կուսակցություն․ Ազգային առաջընթաց կուսակցությունը 1924 թվականին և Ազատական հանրապետական կուսակցությունը 1930 թվականին։ Բայց երկուսն էլ երկար կյանք չեն ունեցել։ 1938 թվականին Թուրքիայի խորհրդարանում նախագահ Իսմեթ Ինյոնուի համաձայնությամբ ստեղծվել է անկախների խումբը՝ անկախ պատգամավորների ընդդիմադիր խումբը, ընդդիմությունը թույլ էր և սահմանափակվում էր խորհրդարանի 5-8 %-ով։ Բայց Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ֆաշիզմի պարտությունը Ինոնյույին ստիպել է հասկանալ, որ եթե Թուրքիան չհրաժարվի միակուսակցական համակարգից, դա երկրին սպառնում է միջազգային մեկուսացմամբ և սոցիալական ցնցումներով, քանի որ միակուսակցական ռեժիմներն այլևս չեն լինի կառավարման ընդունելի միջոց ժամանակակից պետությունների համար[2]։ 1945 թվականի նոյեմբերի 1-ին Ինոնյուն ելույթ է ունեցել, որում պաշտոնապես առաջարկել է ստեղծել ընդդիմադիր կուսակցություններ՝ Թուրքիան պատերազմում հաղթանակ տարած ժողովրդավարական սկզբունքներին համապատասխանեցնելու համար։
Բայց այլ գործոններ արդեն գործել են՝ խաթարելով Հանրապետական ժողովրդական կուսակցության կառավարումը, այն է՝ տնտեսության լճացած բնույթը։ ՀԺԿ-ի ներսում և ամբողջ երկրում պառակտում էր հասունանում էտատիստների և լիբերալների միջև, և այդ պառակտումն ուժեղացել է 1945 թվականին հողային բարեփոխումների մասին օրենքի ընդունմամբ: Չնայած օրենքն ընդունվել է, ՀԺԿ-ի 4 պատգամավորներ՝ Ջելալ Բայարը, Ադնան Մենդերեսը, Ռեֆիք Քյորալթանը և Ֆուաթ Քյոփրյուլյուն ներկուսակցական բարեփոխումների կոչ են արել[5]։ ՀԺԿ-ի ղեկավարությունը մերժել է նրանց առաջարկը՝ պատճառաբանելով, որ կուսակցությունն արդեն քայլեր է ձեռնարկում ավելի ժողովրդավարական միջավայր ստեղծելու համար, ինչը կուսակցության ներսում բուռն քննարկում է առաջացրել։ Մենդերեսը և Քյոփրյուլյուն, ովքեր հատկապես խստորեն քննադատում էին այդ որոշումը 1945 թվականի սեպտեմբերի 21-ին հեռացվել են ՀԺԿ-ից: Քյորալթանը, ի նշան բողոքի, ևս դուրս է եկել կուսակցությունից, Բայարը սեպտեմբերի 26-ին հանձնել է պատգամավորական մանդատը[6], իսկ նույն թվականի նոյեմբերին լքել է կուսակցությունը։ 1946 թվականի հունվարի 7-ին Բայարը, Մենդերեսը, Քյորալթանը և Քյոփրյուլյուն ստեղծել են նոր կուսակցություն, որը կոչվում էր Դեմոկրատական կուսակցություն։
Թուրքիայի Հանրապետության պատմության մեջ առաջին բազմակուսակցական ընտրություններում՝ 1946 թվականի հուլիսի 21-ին Ժողովրդական կուսակցությունըպարտվել է՝ ստանալով խորհրդարանի 465 տեղերից ընդամենը 64-ը։ Պարտությունը բացատրվում էր կուսակցության կազմակերպման և հասարակության հետ կապեր հաստատելու ժամանակի սղությամբ։ Հաջորդ ընտրություններին նախորդող չորս տարիների ընթացքում Ինոնյուն և ՀԺԿ-ն հուսահատորեն փորձում էին պահպանել իրենց ժողովրդականությունը, բայց ընտրողները ավելի ու ավելի քիչ էին հավատում, որ կուսակցությունը կկարողանա իրական փոփոխություններ կատարել 27 տարի պաշտոնավարելուց հետո[2]: Ի տարբերություն դրա, Ժողովրդական կուսակցությունը մինչև 1950 թվականը կարողացավ իրեն դիրքավորել որպես թուրք ժողովրդի պաշտպան ՀԺԿ-ից և հարակից էլիտար խմբերից, չնայած այն հանգամանքին, որ նրա առաջնորդների մեծ մասը նույն էլիտաների անդամներ էին, ինչը նշան էր, որ իշխող էլիտաները կորցնում են կապը իրենց քաղաքացիների հետ: Դեմոկրատները նաև օգտվել են ՀԺԿ-ի վարած արմատական արևմտականացման և աշխարհիկության քաղաքականությունից, որը դարձել է հասարակության զգալի մասի թշնամանքի աղբյուր։ Հետևելով ԺԿ-ի օրինակին՝ ՀԺԿ-ն փորձել է իր ազդեցությունը տարածել գյուղերի վրա՝ առաջին անգամ գյուղացիությանը ներգրավելով քաղաքականության մեջ[4]։
1950 թվականի ընտրություններում Ժողովրդական կուսակցությունը համոզիչ հաղթանակ է տարել՝ ստանալով Ազգային ժողովի 487 տեղերից 408-ը: Կուսակցության առաջնորդ Ադնան Մենդերեսը դարձել է վարչապետ, իսկ Ջելալ Բայարը՝ նախագահ։ ՀԺԿ-ից ԺԿ իշխանության խաղաղ անցումը սկիզբ է դրել Թուրքիայում մրցակցային քաղաքական համակարգին։
1950-1961 թվականներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայում ժողովրդական կուսակցության իշխանության գալուց հետո տեղի է ունեցել քաղաքական էլիտաների թարմացում։ Ավանդաբար իշխանության ղեկին գտնվող ռազմական և բյուրոկրատական անցյալ ունեցող քաղաքական գործիչներին ճնշել են բիզնեսից եկածները, ինչպես նաև ավելացել է ծայրամասի ներկայացուցչությունը, այն դեպքում, երբ նախկինում էլիտայում գերակշռում էին Ստամբուլի և Անկարայի գործիչները[7]։ Մենդերեսի գլխավորած դեմոկրատները, չնայած Ինոնյույի և ՀԺԿ-ի դեմ հարձակումներին, պահպանել են արևմտամետ կողմնորոշման և քեմալիզմին նվիրվածության համակարգը։ Այն բանից հետո, երբ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի մի քանի կիսանդրիներ վանդալների հարձակման են ենթարկվել, ԺԿ կառավարությունը 1951 թվականի հուլիսին ընդունել է թիվ 5816 օրենքը, որն արգելում էր Աթաթուրքին զրպարտելը[8]։
1952 թվականին Թուրքիան անդամակցել է ՆԱՏՕ-ին՝ ամրապնդելով իր կապերը Արևմուտքի հետ և փորձելով պաշտպանվել հնարավոր խորհրդային էքսպանսիոնիզմից: Մենդերեսը և Ժողովրդական կուսակցությունըսկսել են ավելի ակտիվ զբաղվել ազգային անվտանգության հարցերով, և հաճախ համարվում է, որ նրանք ընդգծել են այդ ջանքերը՝ ուշադրությունը շեղելու ազգային տնտեսության վատ վիճակից․ մարտավարություն, որը երկար ժամանակ չէր կարող հաջող մնալ[9]: Տնտեսությունն աճել է Մարշալի պլանի օգնությամբ և պետական արդյունաբերության մասնավորեցմամբ, որը 27 տարի շարունակ աճել է ՀԺԿ-ի պետական տնտեսական քաղաքականության շրջանակներում:
1954 թվականի ընտրությունները Ժողովրդական կուսակցությունըկրկին հաղթել է ձայների ճնշող մեծամասնությամբ, և Մենդերեսը մնացել է վարչապետի պաշտոնում։ Այնուամենայնիվ, մինչև 1955 թվականը ԺԿ-ի լայն աջակցությունը սկսել է ընկնել երկրի տնտեսական իրավիճակի վատթարացման պատճառով, մասամբ այն պատճառով, որ Մարշալի պլանի օգնությունն ավարտվել է[10]: Քաղաքացիներին տնտեսությունից շեղելու համար դեմոկրատները դիմել են այլատյացության՝ փորձելով վերահղել բնակչության ցասումը Թուրքիայում մնացած ազգային փոքրամասնությունների՝ հայերի, հույների և հրեաների դեմ, ինչը հանգեցրել է Ստամբուլի ջարդերի։ ԺԿ-ի տնտեսական քաղաքականությունը հանգեցրել է գնաճի բարձր տեմպերի, կենսական նշանակության ապրանքների պակասի և տնտեսական վատ զարգացման:
Բացի այդ, դեմոկրատների կառավարությունը սկսել է դրսևորել ավտորիտար միտումներ։ Հետագա տարիներին ԺԿ-ն ավելի ու ավելի ակտիվ է ճնշել ընդդիմությանը ինչպես իր կուսակցության ներսում, այնպես էլ մրցակից կուսակցությունների կողմից, ինչպես նաև ճնշել է մամուլը[11]։ Դեմոկրատների կառավարությունը ձգտում էր լռեցնել աճող ընդդիմությանը իրավական միջոցներով, որոնք նա ձեռնարկել էր ունենալով խորհրդարանական մեծամասնություն: Դատական համակարգի, համալսարանների, արհմիությունների և, հատկապես, մամուլի և ընդդիմադիր կուսակցությունների դեմ ձեռնարկված սահմանափակող միջոցները ընդդիմությանը ստիպել են համագործակցել գործող իշխանության դեմ պայքարում[12]։
Կուսակցության ներսում տարաձայնությունները հանգեցրել են պառակտման և «Ազատության կուսակցության» ստեղծմանը 1955 թվականի դեկտեմբերին: Նոր կուսակցությունը շուտով դարձել է Թուրքիայի խորհրդարանի գլխավոր ընդդիմադիր ուժը այն բանից հետո, երբ նրան միացած խորհրդարանականների թիվը գերազանցել է ՀԺԿ պատգամավորների թվին: Չնայած քաղաքական հայացքների տարբերություններին, Թուրքիայի երեք առաջատար ընդդիմադիր կուսակցությունները (ՀԺԿ, Հանրապետական ազգային կուսակցություն և Ազատության կուսակցություն) 1957 թվականի ամռանը կարողացել են նախընտրական դաշինք կնքել[13]։ Տեսնելով, թե ինչպես է ձևավորվում կառավարության դեմ լայն ճակատը, ԺԿ-ն ընդունել է թիվ 7053 օրենքը, որով արգելվում էր խորհրդարանում ընտրական դաշինքները: Այսպիսով, քաղաքական կուսակցությունները ստիպված էին յուրաքանչյուր նահանգում առանձին ցուցակներ տեղադրել: Օրենքն արգելում էր նաև քաղաքական կուսակցությունների ցուցակներում ներառել անկախ թեկնածուների և այլ կուսակցությունների անդամների[13]։
Ցանկանալով խանգարել ընդդիմությանը նախապատրաստվել ընտրություններին և վախենալով ժողովրդականության հետագա անկումից՝ ԺԿ-ն չսպասեց 1958 թվականի մայիսին և 1957 թվականի սեպտեմբերի 4-ին որոշեց անցկացնել արտահերթ ընտրություններ՝ դրանք նշանակելով նույն թվականի հոկտեմբերի 27-ին։ Չնայած ընդդիմադիր կուսակցությունների օգտին քվեարկել են ավելի շատ ընտրողներ, քան իշխող կուսակցության օգտին, դեմոկրատները խորհրդարանում ստացել են տեղերի ավելի քան 2/3-ը այն ժամանակ գործող ընտրական համակարգի պատճառով, որի համաձայն հաղթողը ստանում էր ամեն ինչ: ԺԿ-ն պահպանել է իշխանությունը և շարունակել իր ավտորիտար քաղաքականությունը մինչև 1960 թվականը, երբ երկրում քաղաքական իրավիճակը կտրուկ վատթարացավ:
Թուրքիայում տնտեսական ճգնաժամ է սկսվել, դոլարի նկատմամբ լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց 2,8 լիրայից իջել է մինչև 9,00[14]։ Գների աճը և ներմուծվող ապրանքների պակասը բողոքի ցույցեր են առաջացրել, ժողովրդական կուսակցության աջակցությունը նվազել է, մինչդեռ աճում էր ընդդիմադիր կուսակցությունների աջակցությունը, որոնցից ամենատարածվածը ՀԺԿ-ն էր: ԺԿ-ն արգելել է ՀԺԿ-ին հրապարակային գործունեություն ծավալել։ 1959 թվականին ՀԺԿ առաջնորդ Իսմեթ Ինոնյուի վրա երկու հարձակում է կատարվել։ Մամուլի գրաքննություն է մտցվել[15][16]։ Բազմաթիվ հայտնի լրագրողներ և քաղաքական գործիչներ ձերբակալվել են: 1960 թվականի ապրիլի 27-ին Ժողովրդական կուսակցությունըօրենք է ընդունել հետաքննության կոմիտեի ձևավորման մասին։ Կոմիտեի անդամներն ունեին դատական իրավունքներ, նրա կազմում ընդգրկված էին միայն ժողովրդական կուսակցության անդամները։ Կոմիտեի խնդիրն էր հետաքննություն անցկացնել ընդդիմադիր կուսակցությունների անդամների, ինչպես նաև մամուլի ներկայացուցիչների նկատմամբ[17]։
1960 թվականի մայիսի 27-ին ԺԿ կառավարությունը տապալվել է մի խումբ զինվորականների կողմից, որոնք կոչվում էին Ազգային միասնության կոմիտե՝ գեներալ Ջեմալ Գյուրսելի գլխավորությամբ։ Զինվորականներն առաջնորդվում էին այն մտավախություններով, որ Թուրքիայի Հանրապետության հիմնարար սկզբունքները ենթարկվում են էրոզիայի, և աճող հասարակական դժգոհությունը Մենդերեսի անհանդուրժողականության նկատմամբ քննադատության նկատմամբ: Զինվորականները մնացին իշխանության ղեկին հաջորդ տասնութ ամիսների ընթացքում՝ դատապարտելով ԺԿ-ի մի քանի առաջնորդների հակասահմանադրական կառավարման և դավաճանության համար: Նրանցից երեքը, այդ թվում՝ Մենդերեսը, մահապատժի են ենթարկվել։ Եվս հինգը դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Կուսակցությունը պաշտոնապես լուծարվել է 1961 թվականի սեպտեմբերի 29-ին։
Իրավահաջորդ կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արդարություն կուսակցություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած զինվորականները տապալել են և արգելել Ժողովրդական կուսակցությունը՝ մահապատժի ենթարկելով կամ ազատազչկելով նրա առաջնորդներին, ընդհանուր առմամբ, երկրի բնակչության որոշ հատված, հատկապես գյուղացիները շարունակել է համակրել դեմոկրատների քաղաքականությանը: 1961 թվականի ընտրություններում ԺԿ-ի բեկորները՝ «Արդարություն» կուսակցությունը (թուրքերեն՝ Adalet Partisi) և «Նոր Թուրքիա» կուսակցությունը (թուրքերեն՝ Yeni Türkiye Partisi) ստացել են ձայների ավելի քան 48 %-ը։ Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին ղեկավար Ռագըփ Գյումյուշփալան հիմնադրել է Արդարություն կուսակցությունը։ 1964 թվականին կուսակցության նոր առաջնորդ է դարձել Սուլեյման Դեմիրելը՝ Միջին Արևելքի տեխնիկական համալսարանի դասախոս, իրեն դիրքավորելով որպես ԺԿ-ի իրավահաջորդ կուսակցություն՝ Արդարություն կուսակցությունն ի սկզբանե դարձրել է Թուրքիայի հիմնական քաղաքական ուժերից մեկը՝ արդեն 1961 թվականի ընտրություններում դառնալով երկրի երկրորդ կուսակցությունը ձայների և մանդատների քանակով։ Կուսակցությունը երկու անգամ՝ 1965 և 1969 թվականներին, ստացել է խորհրդարանի տեղերի մեծամասնությունը։ Կուսակցության գործունեությունն արգելվել է 1980 թվականի հեղաշրջումից հետո։
- «Նոր Թուրքիա» կուսակցություն
Հիմնադրվել է ԺԿ նախկին պատգամավոր Էքրեմ Ալիջանի կողմից։ Նոր կուսակցությունում ընդգրկվել են նաև Ադնան Մենդերեսի որդին և Ստամբուլի նախկին քաղաքապետը։ 1961 թվականի ընտրություններում կուսակցությունը դարձել է տեղերի թվով երրորդը և ձայների քանակով չորրորդը, իսկ Ալիջանը նշանակվել է փոխվարչապետ Թուրքիայի կոալիցիոն կառավարությունում։ Այնուհետև կուսակցության ժողովրդականությունը սկսել է նվազել, և 1973 թվականին փլուզվել է, իսկ մնացած անդամները տեղափոխվել են այլ կուսակցություններ, մասնավորապես՝ Արդարություն կուսակցություն:
- Ժողովրդական կուսակցություն (1970)
1970 թվականին Արդարություն կուսակցության պահպանողական թևը՝ խորհրդարանի խոսնակ Ֆարուհ Բոզբեյլիի գլխավորությամբ, առանձնացել և հիմնադրել է «Ժողովրդական կուսակցությունը», որն ընդգրկում էր ԺԿ-ի շատ նախկին անդամներ: 1973 թվականի ընտրություններում այն դարձել է ձայների թվով երրորդը և մանդատների թվով չորրորդը։ 1977 թվականի ընտրություններում կուսակցությունը ստացել է ձայների միայն 1,1%-ը և մինչև 1980 թվականը՝ լուծարվել:
- Հավատարիմ ուղու կուսակցություն
1980 թվականի հեղաշրջումից հետո բոլոր քաղաքական կուսակցություններն արգելվել են, ինչպես նաև նրանց անունների և տարբերանշանների օգտագործումը, իսկ կուսակցական առաջնորդները հայտնվել են բանտում: Հավատարիմ ուղի կուսակցությունը հիմնադրվել է 1983 թվականին՝ որպես Արդարություն կուսակցության իրավահաջորդ կուսակցություն։ 1987 թվականի հանրաքվեն թույլ է տվել քաղաքական գործիչներին, որոնք գործում էին մինչև 1980 թվականը, կրկին մասնակցել քաղաքական կյանքին՝ հնարավորություն տալով Դեմիրելին ղեկավարել իր կողմնակիցների կողմից ստեղծված կուսակցությունը: ՀՈՒԿ-ն ու նրա հետ մրցակցող «Հայրենիք» կուսակցությունը 1980-ականների երկրորդ կեսի՝ 1990-ականների առաջին կեսի Թուրքիայի առաջատար աջ կենտրոնամետ կուսակցություններն էին։ 1993 թվականին Դեմիրելը հեռացել է կուսակցության ղեկավարի պաշտոնից՝ դառնալով Թուրքիայի իններորդ նախագահը և ընտրելով Թանսա Չիլերին որպես կուսակցության ղեկավարի և վարչապետի պաշտոնում իր իրավահաջորդը։ Հավատարիմ ուղու կուսակցությունը չորս անգամ կառավարություն է ձևավորել։ 2002 թվականի ընտրություններում կուսակցությունը չի կարողացել հաղթահարել ընտրական շեմը և տեղ չի ստացել Ազգային ժողովում։ 2007 թվականի կուսակցական համագումարում վերանվանվել է Ժողովրդական կուսակցություն։
- Ժողովրդական կուսակցություն (1992)
1992 թվականի նոյեմբերին, նախկինում արգելված քաղաքական կուսակցությունների վերստեղծումը թույլատրելուց հետո, ժողովրդական ակումբը, որը հիմնադրվել էր Ժողովրդական կուսակցության նախկին անդամների կողմից, հայտարարել է կուսակցության վերածնունդը՝ նույն անունով և նույն խորհրդանիշով: 1994 թվականի հունվարին կուսակցության նոր նախագահ է ընտրվել Ադնան Մենդերեսի որդին՝ Այդին Մենդերեսը, որը մեկ տարի անց տեղափոխվել է «Բարօրություն» կուսակցություն: Վերածնված ժողովրդական կուսակցությունը երեք անգամ մասնակցել է խորհրդարանական ընտրություններին՝ ոչ մի անգամ չստանալով անգամ 1 տոկոս ձայն և 2005 թվականին միացել է «Հայրենիք» կուսակցությանը։
- Ժողովրդական կուսակցություն (2007)
2007 թվականին «Հավատարիմ ուղի» կուսակցության համագումարում ընտրություններին ընդառաջ ՀՈՒԿ-ը և «Հայրենիք» կուսակցությունը հայտարարել են Ժողովրդական կուսակցություն կոչվող միավորման մասին։ Միավորումը ձախողվել է, և արդյունքում Հավատարիմ ուղի կուսակցությունը սահմանափակվել է Ժողովրդավարական կուսակցության վերանվանմամբ: 2009 թվականին ի վերջո այս երկու կուսակցությունները կարողացել են միավորվել: 2023 թվականի խորհրդարանական ընտրություններում Ժողովրդական կուսակցությունը ստացել է երեք տեղ՝ ըստ ՀԺԺԿ ցուցակների։
Մասնակցություն ընտրություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]| Թվական | Առաջնորդ | Ձայներ | % | Հաղթանակ |
|---|---|---|---|---|
| 1946 | Ջելալ Բայար | ՀԺԿ | ||
| 1950 | Ջելալ Բայար | 4 241 393 | 53,3 | ԺԿ |
| 1954 | Ադնան Մենդերես | 5 313 659 | 58,4 | ԺԿ |
| 1957 | Ադնան Մենդերես | 4 497 811 | 48,6 | ԺԿ |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 «The Oxford Dictionary of Islam: Democratic Party (Turkey)». OxfordReference.com (անգլերեն). Արխիվացված օրիգինալից 2023-11-16-ին. Վերցված է 2023-11-16-ին.
- ↑ 2,0 2,1 2,2 Ahmad, Feroz Turkey: The Quest for Identity. — Oxf.: Oneworld, 2003. — 222 с. — (Short Histories Series). — ISBN 978-1851682416
- ↑ Kisaichi, Masatoshi Popular Movements and Democratization in the Islamic World. — 2nd ed.. — Routledge, 2011. — С. 167. — 224 с. — (New Horizons in Islamic Studies). — ISBN 978-0415665896
- ↑ 4,0 4,1 Leder, Arnold Party Competition in Rural Turkey: Agent of Change or Defender of Traditional Rule?(անգլ.) // Middle Eastern Studies : academic journal. — Taylor & Francis, 1979. — Т. 15. — № 1. — С. 82–105. — ISSN 0026-3206. Архивировано из первоисточника 9 հոկտեմբերի 2023.
- ↑ Ali Yasar Saribay 8. The Democratic Party, 1946-1960 // Political Parties and Democracy in Turkey / Ed. Metin Heper, Jacob M. Landau. — I.B. Tauris, 1991. — С. 120–121. — 225 с. — ISBN 978-1850433002
- ↑ Türkiye'nin 75. Yılı Sabah Yayıncılık, İstanbul 1978, p.97
- ↑ Frank Tachau, Mary-Jo D. Good The Anatomy of Political and Social Change: Turkish Parties, Parliaments, and Elections(անգլ.) // Comparative Politics. — N. Y.: City University of New York, 1973. — Т. 5. — № 4. — С. 551–573. — ISSN 0010-4159. — Архивировано из первоисточника 10 հոկտեմբերի 2023.
- ↑ Aytürk, İlker Nationalism and Islam in Cold War Turkey, 1944–69(անգլ.) // Middle Eastern Studies. — Taylor & Francis, 2014. — В. 5. — Т. 50. — С. 701. — ISSN 0026-3206. Архивировано из первоисточника 28 մարտի 2023.
- ↑ Sever, Ayşegül The Compliant Ally? Turkey and the West in the Middle East 1954-58. — Middle Eastern Studies. — Taylor & Francis, 1998. — Т. 34. — С. 73–90.
- ↑ Speros Vryonis The Mechanism of Catastrophe: The Turkish Pogrom of September 6-7, 1955, and the Destruction of the Greek Community of Istanbul. — Greekworks.com, 2005. — 659 с. — ISBN 978-0-9747660-3-4
- ↑ Turan, Ilter The Recruitment of Cabinet Ministers as a Political Process: Turkey, 1946-1979. — International Journal of Middle East Studies. — Cambridge University Press, 1986. — Т. 18. — С. 455–472.
- ↑ Atayakul, Fatma Alev Türkiye'de Demokrat Parti Döneminde Genel Seçimler (1950-1954-1957). — İstanbul: İstanbul Üniversitesi, 2007. — С. 319.
- ↑ 13,0 13,1 Altınörs, Alp. «Oyları yüzde 52'yi bulan ittifak nasıl engellendi?». Gazete Duvar (թուրքերեն). Արխիվացված է օրիգինալից 2021-04-11-ին. Վերցված է 2021-04-11-ին.
- ↑ [Mahir Taş (2004-04). «Menderes Döneminin Ekonomi Politiği ve 1958 İstikrar Programı». Mevzuat Dergisi (թուրքերեն). Արխիվացված օրիգինալից 2020-10-12-ին. Վերցված է 2023-11-19-ին.
- ↑ Toker, Metin Demokrasimizin İsmet Paşa'lı Yılları: Demokrasiden Darbeye 1957-1960. — İstanbul: Bilgi Yayınevi, 1991. — С. 230. — 353 с. — ISBN 975-494-246-3
- ↑ Cumhuriyetin 75 yılı. — İstanbul: Tempo Yayıncılık, 1998. — С. 141.
- ↑ Akşin, Sina Kısa Türkiye Tarihi. — Istanbul: Türkiye İş Bankası Kültür Yayınları, 2011. — С. 257–259. — 342 с. — ISBN 978-9944-88-172-2
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժողովրդական կուսակցություն (Թուրքիա)» հոդվածին։ |
| ||||||