Ժողովրդական երգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ժողովրդական երգ, բանահյուսերաժշտական ստեղծագործություն, ժողովրդական ստեղծագործության առավել տարածված տեսակը։

Ժողովրդական երգի բազմաճյուղ և բազմաժանր բնույթը պայմանավորված է ստեղծման ու կենցաղավարման միջավայրի և կյանքի հետ ունեցած կապերի բազմազանությամբ։ Քաղաքային ժողովրդական երգի առավել տարածված ժանրերն են՝ ազգ-ազատագրական, կենցաղային, քնարական, գեղջկական ժողովրդական երգինը՝ աշխատանքային (հորովելներ, կալերգեր, սայլերգեր և այլն), ծիսական (հարսանեկան, վիճակի, ուխտագնացության երգեր և այլն), վիպապատմական, կենցաղային (օրորոցային երգեր և այլն), սիրային-քնարական։ Ժողովրդական երգերում անդրադարձել են նաև ժողովրդի սոցիալական կյանքի թեմաների՝ առաջացնելով սոցիալական ժանրը (պանդխտության երգեր և այլն)։

Երաժշտական արտահայտչամիջոցների որևէ ընտրություն (ձայնակարգաելևէջային, ռիթմական նախասիրություններ, կատարողական կերպեր և այլն) լեզվաբանաստեղծական հատկանիշների հետ որոշում են ժողովրդական երգի ազգային պատկանելությունը։

Հայկական ժողովրդական երգը պատմական երկարատև գոյության ընթացքում շարունակ զարգացել և նորացել է։ Հնագույն և միջնադարյան գուսանական երգերի տեքստերը գրավոր պահպանվել են պատմիչների երկերում և Տաղարաններում։ Բանավոր պահպանված և 19-րդ դարի վերջերից գրառված գուսանական երգերից են «Սասնա ծռեր» էպոսի երգային հատվածները։ Վիպաքնարական ժանրի լավագույն նմուշներից են «Մոկաց Միրզան», նաև ուշ միջնադարից պահպանված հայրեններն ու անտունիները։ Սոցիալական ժանրի օրինակներ են՝ «Ծիրանի ծառ», «Սիրտս նման էր», «Կռունկ», սիրային-քնարական՝ «Գարուն ա», «Քելեր, ցոլեր», «Ալագյազ սարն ամպել ա», կենցաղային՝ «Ակնա օրորը»։

Հայկական ժողովրդական երգի պահպանված ժանրերում կենսական փոփոխություններով պայմանավորված՝ նորացել է բանաստեղծաերաժշտական կերպարային բովանդակությունը։ Այս ամենը գոյատևում են և՛ ժողովրդական, և՛ պրոֆեսիոնալ վարպետների կատարումներով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։