Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր
Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր ֆր.՝ Joseph de Tournefort | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունիսի 5, 1656[1][2][3][…] Էքս-ան-Պրովանս |
Մահացել է | դեկտեմբերի 28, 1708[1][2][4][…] (52 տարեկան) Փարիզ |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | ֆրանսիացիներ |
Մասնագիտություն | բուսաբան, պտերիդոլոգ, պրոֆեսոր, սնկաբան և բժիշկ |
Հաստատություն(ներ) | Կոլեժ դե Ֆրանս[5] |
Գործունեության ոլորտ | գիտություն բույսերի մասին |
Անդամակցություն | Ֆրանսիական գիտությունների ակադեմիա |
Ալմա մատեր | Մոնպելիեի համալսարան և Փարիզի համալսարան[6] |
Տիրապետում է լեզուներին | ֆրանսերեն[7] |
Եղել է գիտական ղեկավար | Charles Plumier? և Sébastien Vaillant? |
Հայտնի աշակերտներ | Antoine de Jussieu?, Michel-Louis Reneaulme de Lagaranne? և Sébastien Vaillant?[6] |
Հեղինակի անվան հապավումը (բուսաբանություն) | Tourn. |
Joseph Pitton de Tournefort Վիքիպահեստում |
Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆոր (ֆր.՝ Joseph Pitton de Tournefort, հունիսի 5, 1656[1][2][3][…], Էքս-ան-Պրովանս - դեկտեմբերի 28, 1708[1][2][4][…], Փարիզ), ֆրանսիացի բուսաբան, Փարիզի դեղաբույսերի թագավորական այգու բուսաբանության պրոֆեսոր, Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ:
Կյանքի վաղ տարիները[խմբագրել | խմբագրել կոդը]
Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը ծնվել է Ֆրանսիայի հարավում, Էքս-ան-Պրովանսում, կրթությունը ստացել է Հիսուսյան միաբանության դպրոցում: Ծնողները ցանկանում էին, որ նա եկեղեցական դառնար, սակայն հոր մահից հետո նա նվիրվեց բժշկությանն ու բուսաբանությանը: Երկու տարի Ֆրանսիայի հարավում շրջելուց հետո, որի ընթացքում Ժոզեֆը բույսերի հավաքածու էր կազմում, նա ընդունվեց Մոնպելիեի համալսարան՝ աշակերտելով Պիեռ Մանյոլին: 1683 թվականին, պալատական բժիշկ Գի-Կրեսան Ֆագոնի հովանավորությամբ նա դարձավ Փարիզի դեղաբույսերի թագավորական այգու բուսաբանության պրոֆեսոր, իսկ 1691 թվականից՝ Փարիզի գիտությունների ակադեմիայի անդամ: Լյուդովիկոս XIV թագավորի հրամանով Ժոզեֆը մի քանի ճանապարհորդություն կատարեց Եվրոպայում՝ լինելով Պիրենեյներում, Ալպերում, Դոֆինեում (պատմական շրջան Ֆրանսիայում), Իսպանիայում և Պորտուգալիայում՝ կազմելով հարուստ հավաքածու:
Այցելությունը Լևանտի երկրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
1700-1702 թվականներին ճանապարհորդել է Հունաստան, այցելել Կոստանդնուպոլիս, Սև ծովի ափամերձ շրջաններ, Հայաստան, Վրաստան և Պաղեստին՝ լրացնելով իր հավաքածուն և կատարելով բուսական աշխարհի ու ազգագրական ուսումնասիրություններ: Այդ ընթացքում նրան ուղեկցում էին գերմանացի բուսաբան Անդրեաս Գունդեսհայմերը (1668—1715) և ֆրանսիացի նկարիչ Կլոդ Օբրին (1651—1743): Նրանք Փարիզից դուրս են եկել 1700 թվականի մարտի 9-ին՝ ուղևորվելով Մարսել, որտեղից բաց ծով են դուրս եկել ապրիլի 23-ին: Եղել են Կրետե և այլ կղզիներում, ապա անցել Մարմարա ծով և այցելել Կոստանդնուպոլիս: Այնուհետև Ժոզեֆ Պիթոն դը Տուրնեֆորը, իր ուղեկիցների հետ, այցելել է Սև ծովի Սինոպ, ապա Տրապիզոն նավահանգիստներ: Տրապիզոնից քարավաններով գնացել է Էրզրում, Կարս, այնուհետև Թիֆլիս, իսկ Վրաստանն իր ուղեգրություններում անվանել է աշխարհի ամենագեղեցիկ երկիրը: Այստեղից հետո դը Տուրնեֆորը գալիս է Հայաստան, լինում Երևանում և այցելում Արարատ լեռ, որից հետո բռնում է վերադարձի ճանապարհը՝ անցնելով Կարս - Անգորա - Բուրսա - Զմյուռնիա երթուղով: Զմյուռնիայից էլ, որ այսօր կոչվում է Իզմիր, նավարկում է դեպի Մարսել՝ տեղ հասնելով 1702 թվականի հունիսի 3-ին: Տուրնեֆորն ու իր երկու ուղեկիցները ճանապարհին ենթարկվում են տարբեր փորձությունների և հանդիպում արկածների. փոթորիկ՝ ծովում, ապա Կարսի թուրքական իշխանություններն են կասկածանքով վերաբերվում նրանց՝ դնելով ռուսական լրտեսների տեղ, թանաքի ու թղթի պակասություն կրում և այլն: Դեռ ավելին, քիչ էր մնացել՝ Տուրնեֆորը խեղդվեր Արարատի սողանքի ենթարկված ձյան շերտի տակ: Բայց և այնպես, չնայած նման դժվարություններին, նա կատարում է Լյուդովիկոս XIV թագավորի բոլոր հրահանգները. այս ճանապարհորդությունը խիստ բեղուն եղավ բուսաբանության համար. Տուրնեֆորը բացահայտեց 1356 չգրանցված բուսատեսակ:
Վերադարձը հայրենիք և մահը[խմբագրել | խմբագրել կոդը]

Տուրնեֆորն ու իր երկու ուղեկիցներն Արևելքից վերադառնում են 1702 թվականին: Հասնելով Փարիզ, նա արժանանում է Ֆրանսիայի թագավորական քոլեջի պրոֆեսորի պաշտոնին՝ դառնալով դրա բժշկության և բուսաբանության ամբիոնի վարիչը: Ունենալով պինդ առողջություն, նա դեռ երկար ժամանակ կարող էր ծառայել գիտությանը: Սակայն 1708 թվականի ապրիլի 16-ին, վերադառնալով Թագավորական պարտեզից, թևի տակ ունենալով բույսերի կապոց, հանկարծ ենթարկվում է բեռներ տեղափոխող մի կառքի ուժգին հարվածին և ծեփվելով պատին՝ ստանում է բազմաթիվ մանր կոտրվածքներ: Դեպքը տեղի էր ունեցել իր տնից ոչ հեռու գտնվող մի փողոցում, որն այսօր կրում է Տուրնեֆորի անունը: Դրանից հետո նա գամվում է անկողնուն և տառապալից ցավեր կրելուց հետո վախճանվում նույն թվականի դեկտեմբերի 28-ին:
Տուրնեֆորի ճանապարհորդության մասին պատմող գիրքը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ճանապարհորդության ընթացքում կատարած իր ուղեգրությունների հիման վրա Տուրնեֆորը պատրաստվում էր գիրք հրատարակել, որը լույս տեսավ արդեն իր մահից հետո և կրում էր «Ճանապարհորդություն դեպի Լևանտի երկրներ» վերնագիրը: Որպես բուսաբան նա տալիս է նաև տարբեր պտուղների նկարագրերը և դրանց գործածությունը բժշկության մեջ: Սակայն նա իր նկարագրություններում չի սահմանափակվում միայն որպես բուսաբան, այլ տալիս է նաև հնագիտական, աշխարհագրական ու մարդաբանական հարուստ տեղեկություններ ու նկարագրեր: Օբրիի օգնությամբ Տուրնեֆորը տալիս է նաև Սև ծովի քարտեզը, նրա ափին գտնվող այն նավահանգիստների ու պաշտպանական ամրությունների պատկերները, որոնցով անցել էին: Նա տալիս է նաև քրիստոնյաների ու մուսուլմանների նկարագրերը, իր տեսած ժողովուրդների սովորույթների ու պատմության մասին հետաքրքիր տեղեկություններ: Կարդալով նրա այս գիրքը, տեսնում ես, թե բացի բուսաբանական հարուստ գիտելիքներից, Տուրնեֆորը նաև որքան գիտակ է աշխարհի հնագույն պատմության: Նրա այս գիրքն այսօր էլ մնում է կարևոր աղբյուր Հունաստանի, Փոքր Ասիայի, Հայաստանի և մյուս երկրների ժողովուրդների կյանքը 17-18-րդ դարերում ուսումնասիրելու համար:
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Комитет исторических и научных работ — 1834.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 Энциклопедия Брокгауз (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Gran Enciclopèdia Catalana (կատ.) — Grup Enciclopèdia Catalana, 1968.
- ↑ Список профессоров Коллеж де Франс
- ↑ 6,0 6,1 Математическая генеалогия — 1997.
- ↑ Bibliothèque nationale de France идентификатор BNF (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
|