Ժերոմ Բոնապարտ
Ժերոմ (Իերոնիմ, Ջիրոլամո) Բոնապարտ (ֆր.՝ Jérôme Bonaparte, իտալ.՝ Girolamo Buonaparte, նոյեմբերի 15, 1784[1][2][3][…], Այաչչո - հունիսի 24, 1860[1][2][3][…], château de Vilgénis, Massy), Վեստֆալիայի թագավոր, Նապոլեոն Բոնապարտի կրտսեր եղբայրը[4]: Դաստիարակությունը ստացել է ռազմական քոլեջում, բրյումերի 18-ից հետո լեյտենանտի կոչումով ընդունվել է նավատորմ:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1801 թվականին նա Շարլ Լեկլերկին ուղեկցել է Հայիթի կղզի, որտեղից 1802 թվականին ուղարկվել է Ֆրանսիա, սակայն, հետապնդվելով անգլիական հածանավերի կողմից, թաքնվել է Ամերիկայում: Այստեղ նա 1803 թվականին ամուսնացել է բալթիմորյան վաճառողի դուստր Էլիզաբեթ Պատերսոնի հետ, սակայն 1805 թվականին Նապոլեոնի պահանջով թողել է նրան և վերադարձել Ֆրանսիա:
Դառնալով ֆրանսիական արքայազն՝ 1806 թվականի պատերազմի ժամանակ ղեկավարել է Սիլեզիայի կորպուսը և գրավել է մի քանի ամրոց: Տիլզիտի հաշտությունից հետո ստանալով նորաստեղծ Վեստֆալյան թագավորությունը և ամուսնանալով (1807 թվականին) արքայադուստր Եկատերինայի հետ, Ժերոմը սկսեց երջանիկ ապրել Կասելում, շքեղության և ճոխության մեջ, քիչ մտահոգվելով ղեկավարմամբ՝ հնազանդվելով Նապոլեոնի՝ երկրի համար կործանարար պահանջներին:
1812 թվականի պատերազմի ժամանակ Ժերոմը, որին ռուսական զորքերում կատակով անվանում էին «Երյոմա թագավոր», ղեկավարում էր ֆրանսիական բանակի կորպուսներից մեկը, սակայն Սալտանովկայի ճակատամարտից հետո հետ է կանչվել Կասել: Դեռևս Լայպցիգի ճակատամարտից առաջ, որը վերջ է տվել նրա ղեկավարմանը, Ժերոմը Չերնիշովի կազակներից փախուստի է դիմել (սեպտեմբերի 30) իր նստավայրից և վերադարձել է այնտեղ հոկտեմբերի 17-ին միայն նրա համար, որպեսզի հափշտակած թանկարժեք ոսկերչական իրերով և գանձարանով կրկին վերադառնա Փարիզ:
Հարյուր օրերի ընթացքում Ժերոմը ստացել է պերի կոչում և արիաբար կռվում էր Լինյի և Վաթեռլոոյի ճակատամարտերում: Նապոլեոնի երկրորդ հրաժարագրից հետո Ժերոմը իր աներից ստանում է Մոնֆորտի իշխանի տիտղոս[5], բնակություն է հաստատել Ավստրիայում, Իտալիայում և Բելգիայում, մինչև 1847 թվականը, երբ Ֆրանսիա վերադառնալու թույլտվություն է ստանում:
Նրա եղբորդու՝ Լուի Նապոլեոնի հանրապետության նախագահ ընտրվելուց հետո Ժերոմը նշանակվել է Հաշմանդամների Տան նահանգապետ, իսկ 1850 թվականի հունվարի 1-ից՝ Ֆրանսիայի մարշալ: 1852 թվականի դեկտեմբերի 24-ի դեկրետով նա հռչակվել է ֆրանսիական գահաժառանգ: 1853 թվականին նա երրորդ անգամ ամուսնացել է մարկիզա Ջուստինա Բալդելլիի հետ: Նա մնում էր գահաժառանգ մինչև 1856 թվականը՝ Նապոլեոն III-ի որդու ծնվելը:
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Էլիզաբեթ Պատերսոն (1785-1879) (24.12.1803 - 1805 (զրոյացված է))
- Ժերոմ Նապոլեոն Բոնապարտ-Պատերսոն (1805-1870)
- Եկատերինա Վյուրթեմբերգցի (1783-1835) (22.08.1807 - 29.11.1835)
- Ժերոմ Նապոլեոն Շարլ (1814-1847)
- Մաթիլդա Բոնապարտ (1820-1904)
- Նապոլեոն Ժոզեֆ (1822-1891)
- Յուստինա Պեկորի-Սուարես (1811-1903) (19.01.1853 - 24.06.1860)
Թոռը՝ Չարլզ Ջոզեֆ Բոնապարտը, ԱՄՆ-ի արդարադատության նախարարը, 1908 թվականին Թեոդոր Ռուզվելտի նախագահության ժամանակ հիմնել է Հետաքննությունների բյուրո, որը հետագայում վերանվանվել է Հետաքննությունների դաշնային բյուրո:
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 http://www.senat.fr/senateur-2nd-empire/bonaparte_jerome0185e2.html
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
- ↑ 3,0 3,1 3,2 3,3 3,4 Lundy D. R. The Peerage
- ↑ «Жером Бонапарт»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes)։ St. Petersburg։ 1890–1907
- ↑ Gentleman's Magazine and Historical Review։ London: Henry & Parker։ 1860։ էջ 208
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Բոնապարտներ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- «Ժերոմ Բոնապարտ»։ Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ)։ Սանկտ Պետերբուրգ։ 1890–1907
- Du Casse, «Les rois, frères de Napoléon»
|