Ժելեզնովոդսկ, քաղաք ՌԴ Ստավրոպոլի երկրամասում, բալնեոլոգիական առողջարան Ժելեզնայա լեռան լանջին։
Ընդգրկված է «Կովկասյան հանքային ջրեր» առողջարանների խմբում։ Երկաթգծով (6 կմ) միացած է Բեշտաու կայարանի հետ (Միներալնիե Վոդի–Կիսլովոդսկ գծի վրա)։ Ունի 24 հզ. բնակիչ (2021)։ Առողջարան է XIX դ. սկզբից, քաղաք՝ 1917-ից։
Ամառը տաք է, չոր (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 21°C), ձմեռը՝ չափավոր մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –4°C): Բուժիչ միջոցները՝ քիմիական միանման կառուցվածքով՝ ածխաթթվային հիդրոկարբոնատ–սուլֆատային նատրիում–կալցիումային սառը՝ 11,2°C (Կեգամովսկի) և տաք՝ մինչև 55°C (Սլավյանովսկի) աղբյուրներն են։ Խմելու և տարաների լցման համար օգտագործվում է Սլավյանովսկի աղբյուրի ջուրը։
Ժելեզնավոդսկում բուժում են ստամոքսա-աղիքային, միզա-սեռական համակարգերի հիվանդությունները և նյութափոխանակության խանգարումները։ Գործում են խոշոր առողջարանների համալիրներ, ցեխաբուժարան։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 284)։