Ժամանակ և ժամացույց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Կուկուսովո յուրօրինակ ժամացույցներ

Ժամանակ և ժամացույց, Ժամանակը գոյության և վիճակների փոփոխության հաջորդականության տևողությունն է։ Այն ինքնին՝ նյութական փոփոխություններից դուրս, գոյություն չունի։ Որպես ժամանակի ուղղություն՝ ընդունված է անցյալից ապագան, ինչը պայմանավորված է նյութական համակարգերի զարգացման շարունակականությամբ ու անդարձելիությամբ։

«Ֆիզիկական ժամանակ»[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ֆիզիկան ապացուցել է, որ նյութական համակարգերում տարբեր գործընթացների ժամանակը համեմատաբար դանդաղում է, երբ դրանց շարժման արագությունն սկսում է մեծանալ և աստիճանաբար մոտենալ լույսի արագությանը։ Նույնը կատարվում է նաև հզոր ձգողական (գրավիտացիոն) դաշտերի ազդեցությամբ։

Ժամանակը որպես ֆիզիկական մեծություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվում է, թե ժամանակի ընթացքը միշտ հաստատուն է և անփոփոխ, սակայն դա իրականում այդպես չէ։ Ֆիզիկոս Ալբերտ Այնշտայնը 20-րդ դարի սկզբին ապացուցեց, որ ժամանակի ընթացքը կախված է շարժվող առարկայի արագությունից։ Օրինակ՝ գերձայնային ինքնաթիռում ժամացույցի ընթացքն ավելի դանդաղ է, քան Երկրի վրա։ Ընթացքի այդ տարբերությունը շատ չնչին է, սակայն եթե հնարավոր լիներ շարժվել լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա ժամանակի ընթացքը կդանդաղեր տասնյակ և հարյուրավոր անգամներ։ Այդ տարբերություններն այսօր արդեն նկատելի են գոնե տիեզերագնացների համար։[1]

Մեզ շրջպատող բնության մեջ մենք մշտապես ականատես ենք լինում ժամանակի հոսքին, տարվա եղանակները հերթագայում են միմյանց, աճում են խոտաբույսերն ու ծառերը, գիշերը փայլում են աստղերը, իսկ ցերեկը շողում է Արեգակը։ Այս երևույթները պարբերական են, այսինքն որոշակի ժամանակահատվածներ հետո կրկնվում են՝ ասես ժամանակը հաշվելով։ Եվ մարդիկ, ըստ բնության երևույթների, ժամանակը բաժանել են տարիների, ամիսների, օրերի և ժամերի։

Գրպանի մեխանիկական ժամացույց

Ժամանակի մայր սարքերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակը հաշվելու առաջին սարքը արևի ժամացույցն էր։ Երկնակամարում Արեգակի շարժմանը զուգընթաց՝ հարթ տարածության կենտրոնում խրված ձողի ստվերը տեղաշարժվում էր թվացույցի նման գծված շրջանի վրայով։ Արևի ժամացույցները տարածված էին նաև հին ու միջնադարյան Հայաստանում։ Մինչև այժմ էլ ուղղաձիգ դիրքով թվացույցով արևի ժամացույցներ են պահպանվել Զվարթնոցում, Դսեղում, Ծաղկաձորում, Դիլիջանում, Տավուշում, Արցախում և այլուր գտնվող վանքերի ու տաճարների պատերին։

Հնագույն Ավազի ժամացույցներ Լուվրի թանգարանում

Ամպամած օրերին ու գիշերն արևի ժամացույցը «չէր աշխատում», և ավելի ուշ հորինեցին ջրի ժամացույցը, որտեղ ջուրը հավասարաչափ՝ կաթիլ առ կաթիլ, մի անոթից մյուսն էր լցվում, իսկ սլաքով լողանն իջնում կամ բարձրանում էր՝ ցույց տալով ժամանակը։ Ավազի ժամացույցը, որում մի անոթից մյուսը բարակ շիթով ավազ է լցվում, հասել է մինչև մեր օրերը։

Առաջին մեխանիկական ժամացույցը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին մեխանիկական ժամացույցները ստեղծվեցին 6-րդ դարում և ունեին միայն մեկ՝ ժամի սլաք։ Ծանրություններով մեխանիկական ժամացույցները հայտնվեցին 13-րդ դարում, զսպանակավոր ժամացույցները՝ 16-րդ դարում, իսկ ճոճանակով ժամացույցները՝ միայն 17-րդ դարում։

Ժամանակակից ժամացույցները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից ժամացույցները ժամանակը ցույց են տալիս շատ ավելի ճշգրիտ։ Ամբողջ աշխարհում մարդիկ առաջնորդվում են միևնույն ստանդարտ ժամանակով և այն չափում են միևնույն եղանակով։ Միացյալ միջազգային ժամանակը չափվում է տարբեր երկրների լաբորատորիաներում պահվող ատոմական ժամացույցներով, որոնք ժամանակը ցույց են տալիս վայրկյանի միլիոներորդ մասերի ճշտությամբ։

Ամեն օրը մեզ համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրը մեզ համար ժամանակի ամենակարևոր հատվածն է։ Այն սկսվում է, երբ արևը ծագում է արևելքում, և վերջանում է, երբ մայր է մտնում արևմուտքում։ Յուրաքանչյուր որոշակի վայրում կեսօր է, երբ արևը գտնվում է երկնքի ամենաբարձր կետում՝ զենիթում։ Եվ քանի որ Երկիրը պտտվում է իր առանցքի շուրջը, ապա նրա տարբեր վայրերում կեսօր է լինում հերթագայությամբ՝ շարժվելով արևելքից դեպի արևմուտք։ Այդպես՝ հեռավոր Արևելքում օրը նոր է բացվում (կամ իջնում է երեկոն), մինչդեռ արևմտյան վայրերում դեռևս մութ է կամ կեսօր։ Օրինակ՝ Երկրագնդի պտույտով պայմանավորված՝ ԱՄՆ-ի արևելյան ափերում արևածագը երեք ժամ առաջ է սկսվում արևմտյան ափերից, իսկ Ռուսաստանի տարածքում այդ տարբերությունը կազմում է 11 ժամ։

Ժամանակի հաշվարկը[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջներում մարդիկ ժամանակի հաշվարկը սկսում էին կեսօրից, ուստի Երկրագնդի տարբեր վայրերում ժամանակը տարբեր էր։ 1880 թվականին Մեծ Բրիտանիայում որպես ժամանակի չափորոշիչ ընդունվեց Լոնդոն քաղաքի շրջաններից մեկի՝ Գրինվիչի երկայնության միջին տեղական ժամանակը։ Այն անվանեցին Գրինվիչի միջին ժամանակ (ԳՄԺ)։ 1884 թվականին կայացած միջազգային գիտաժողովում որոշվեց երկրագունդը «բաժանել» 24 ժամային գոտիների՝ սկսած Գրինվիչի միջօրեականից՝ յուրաքանչյուր գոտին 15°լայնությամբ։ Հայաստանը գտնվում է 3-րդ ժամային գոտում։

Յուրաքանչյուր ժամային գոտում ժամանակը հարևան գոտիներից տարբերվում է 1 ժամով։ Երբ մենք ուղևորվում ենք մեկ այլ երկիր, սովորաբար ժամացույցը «փոխադրում» ենք այդ երկրի ժամանակի։ Եվ որքան ավելի հեռու՝ դեպի արևելք կամ դեպի արևմուտք ենք շարժվում, այնքան այդ փոփոխությունն ավելի մեծ է։ Ժամային գոտիների սահմանները միշտ չէ, որ տարվում են միջօրեականներով։ Որոշ երկրներում դրանք որոշվում են վարչական սահմանների հիման վրա (Չինաստանը, օրինակ, ընդգրկում է 5 ժամային գոտիներ, սակայն հիմք է ընդունվում մայրաքաղաք Պեկինի ժամային գոտին)։ Մի շարք երկրներում, այդ թվում և ՀՀ-ում, օրվա լուսավոր մասը արդյունավետ օգտագործելու նպատակով ամառային ամիսներին գոտիական ժամանակը 1 ժամով առաջ է տարվում (դա կոչվում է դեկրետային ժամանակ

Ծաղիկների կյանքի ժամացույցը՝ Սանկտ-Պետերբուրգում

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դպրոցական Մեծ Հանրագիտարան, Գիրք I