Ժամանակակից արվեստի շաբաթ (Սան Պաուլո)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժամանակակից արվեստի շաբաթվա պաստառը
Քաղաքային թատրոնի շենքը, որտեղ տեղի է ունեցել ժամանակակից արվեստի շաբաթը

Ժամանակակից արվեստի շաբաթ (պորտ.՝ Semana de Arte Moderna), արվեստի փառատոն, որն անցկացվել է Սան Պաուլոյում 1922 թվականի փետրվարի 11-ից փետրվարի 18-ը։ Այս փառատոնը համարվում է բրազիլական մոդեռնիզմի նախնական իրադարձությունը։ Չնայած փառատոնից առաջ շատ բրազիլացիներ աշխատում էին այս ոճով, սակայն սա հստակ սահմանեց ժանրի սահմանները և այն ներկայացրեց հասարակությանը։ Բրազիլիայի համար կարևոր նշանակություն ունեցող այս իրադարձությունը հաճախ համեմատվում է 1913 թվականին Նյու Յորքում ժամանակակից արվեստի միջազգային ցուցահանդեսի (Armory Show) հետ, որը լեգենդար հանգրվան էր ԱՄՆ արվեստի պատմության մեջ։

Ժամանակակից արվեստի շաբաթն անցկացվել է Սան Պաուլոյի քաղաքային թատրոնի շենքում, որտեղ ցուցադրվել են պլաստիկ արվեստի գործեր, անցկացվել են դասախոսություններ, համերգներ, պոեմների լսումներ։ Դրանով փառատոնը տարբերվում է Արմորիի շոուից, որի հետ այն հաճախ համեմատում են, քանի որ վերջինիս ժամանակ ցուցադրվում էին բացառապես տեսողական արվեստի գործեր։ Փառատոնը կազմակերպվել էր առաջին հերթին նկարիչ Էմիլիանու դի Կալվականտիի և բանաստեղծ Մարիո դե Անդրադեի կողմից՝ նպատակ ունենալով վերջ դնել երիտասարդ մոդեռնիստների երկարատև հակամարտությանը երկրի մշակութային իսթեբլիշմենթով, որը ղեկավարում էր Բրազիլիայի գրականության ակադեմիան, որը հստակորեն պահպանում էր ակադեմիական արվեստը[1]։ Միջոցառումը ի սկզբանե դիտարկվել է որպես հակասական կամ նույնիսկ սադրիչ[1], իսկ ակադեմիայի անդամներից մեկը՝ Գրաս Արանիան, ենթարկվել է օստրակիզմին՝ «գեղագիտական հույզերը ժամանակակից արվեստում» վերնագրով զեկույցի համար[1]։

Փառատոնին մասնակցած խումբը, չնայած իր նախնական մտադրություններին, չմնաց ամբողջական։ Բազմաթիվ խմբեր հեռացան։ Ընդհանուր առմամբ, դրանց մեջ գերակշռում էին երկու ուղղություն. «Մարդաֆագիստները» (մարդակեր), Օսվալդ դե Անդրեալի գլխավորությամբ, համաձայնեցին եվրոպական և ամերիկյան փորձին՝ սեփական ոճերը ստեղծելու համար։ Ազգայնականները, ընդհանուր առմամբ, մերժում էին արտաքին ազդեցությունը և փնտրում էին «զուտ բրազիլական» արվեստի ձևեր։ Խմբի առաջատարը Պլինիո Սալգադոն էր, որը հետագայում դարձավ ինտեգրալիզմի արմատական ֆաշիստական շարժման քաղաքական առաջնորդը և ձերբակալվեց բռնապետ Ժետուլիու Վարգասի կողմից հեղաշրջման փորձ կատարելու համար։

Շաբաթից առաջ Սան Պաուլոն Բրազիլիայի ամենահարուստ, բայց մշակութային առումով աննշան քաղաքն էր։ Այս շաբաթվա ընթացքում քաղաքը վերածվեց մոդեռնիստական շարժման կենտրոնի և ընդդիմության մեջ դրեց ավելի մշակութային, ավելի պահպանողական Ռիո դե Ժանեյրոյին։

Ժամանակակից արվեստի շաբաթը շարունակվեց նաև հաջորդ տարիներին։ Օրինակ՝ 1935 թվականի մայիսի 27-ին, որպես շաբաթվա մաս, տեղի ունեցավ Կամարգու Գուարնիերի աշխատանքների առաջին հրապարակային կատարումը, երբ ներկայացվեցին թավջութակի և դաշնամուրի համար նախատեսված նրա 1-ին սոնատը (1930)[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Amaral, Aracy; Kim Mrazek Hastings Stages in the Formation of Brazil's Cultural Profile(անգլ.) // Journal of Decorative and Propaganda Arts : journal. — 1995. — Т. 21.
  2. Verhaalen M. Camargo Guarnieri: expressões de uma vida : [порт.] / Verhaalen, Marion; tradução de Vera Silvia Camargo Guarnieri. — São Paulo : Editora da Universidade de São Paulo / Imprensa Oficial, 2001. — P. 30. — 498 p. — ISBN 9788531406348.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]