Թևավորը, բրդոտը և յուղոտը (ռուս.՝ Крылатый, мохнатый да масленый), խորհրդային կարճամետրաժ նկարված մուլտիպլիկացիոն ֆիլմ[1], որը ստեղծել է ռեժիսոր Վլադիմիր Արբեկովը, «Սոյուզմուլտֆիլմ» ստուդիայում` ըստ ռուսական ժողովրդական հեքիաթի` Իրինա Կարնաուխովայի մշակման։
Ապրում էին երեք եղբայրներ. թևավոր Ճնճղուկը, բրդոտ Մկնիկը և յուղոտ Նրբաբլիթը։ Ճնճղուկը թռչում էր դաշտում, Մկնիկը փախչում էր տերերից, իսկ Նրբաբլիթը փախչում էր թավայի միջից։ Եղբայրները շատ լավ էին ապրում, և յուրաքանչյուրն իր աշխատանքով էր զբաղվում. թևավորը թռչում էր անտառ` սունկ հավաքելու, բրդոտը ցախ էր հավաքում, իսկ յուղոտը համեղ բանջարապուր էր պատրաստում վառարանում։ Նրանք ապրում էին` յուրաքանչյուրն իր գործը կատարելով և միմյանց օգնելով։ Մի օր եղբայրները մտածում են, թե ինչո՞ւ է ամեն անգամ թևավորը թռչում է սնկերի և հատապտուղների հետևից, բրդոտը` վառելափայտ բերում, իսկ ուտելիքը պատրաստում է միայն յուղոտը։ Նրանք որոշում են փոխվել իրենց աշխատանքներով։ Թևավորը որոշում է, որ կարող է թռչել վառելափայտ բերելու, բրդոտը որոշում է, որ ինքը կարող է վառարանը վառել և ուտելիք պատրաստել, իսկ յուղոտը որոշում է գնալ անտառ` սնկեր և հատապտուղներ բերելու։ Սակայն դժբախտություն է պատահում։ Յուղոտը անտառում հանդիպում է աղվեսին, որը որոշում է ուտել նրան, թևավորը չի կարողանում այնպես մանրացնել փայտը, որ վառարանը վառի, իսկ բրդոտը չի կարողանում պատրաստել համեղ բանջարապուր, ինչպես նրբաբլիթն էր եփում։ Եղբայրները մի օրում ոչինչ չեն հասցնում անել։ Նրանք հասկանում են, որ յուրաքանչյուրի աշխատանքն էլ ծանր է և որոշում են վերադառնալ իրենց նախկին պարտավորություններին։ Նրանք սկսում են ապրել ինչպես նախկինում. վառում են վառարանը, բանջարապուր եփում և թեյ խմում։