Թրեմեյն Ալդոն Նևերսոն (անգլ.՝ Tremaine Aldon Neverson, նոյեմբերի 28, 1984, Պիտերսբուրգ, Վիրջինիա), ամերիկացի երգիչ, երգերի հեղինակ, դերասան և ռեփեր, ով ավելի հայտնի է Թրեյ Սոնգզ (անգլ.՝ Trey Songz) բեմական կեղծանվամբ։ Իր դեբյուտային՝ «I Gotta Make It» ստուդիական ալբոմը նա թողարկել է 2005 թվականին, իսկ «Trey Day» կոչվող նրա երկրորդ ալբոմը թողարկվել է 2007 թվականներին։ 2009 թվականին լույս է տեսնում նրա երրորդ ալբոմը, որը կոչվում է «Ready», իսկ 2010 թվականի սեպտեմբերի 14-ին «Passion, Pain & Pleasure» անվանումը կրող չորրորդ ստուդիական ալբոմը։ «Chapter V» կոչվող ալբոմը թողարկվում է 2012 թվականի օգոստոսի 21-ին և դառնում է նրա թվով հինգերորդ ալբոմը։ 2014 թվականի հուլիսի 1-ին նա թողարկում է իր «Trigga» կոչվող վեցերորդ ստուդիական ալբոմը։
Թրեմեյն Ալդոն Նևերսոնը ծնվել է 1984 թվականի նոյեմբերի 28-ին, Վիրջինիա նահանգի Պիտերսբուրգ քաղաքում[1]: Նրա մայրը՝ Էփրիլ Թաքերը, 17 տարեկան է եղել երբ նա ծնվել է[2]: Թրեյը ի սկզբանե չի ունեցել ձգտում երաժշտության հանդեպ, ասելով, որ երգեցողությունը իր համար չէ, մինչև մյուսները սկսել նկատել, որ նա ունի լավ ձայնային տվյալներ[3]: Նա սկզբում միայն երգել է ընտանիքի և ընկերների քաջալերանքով, սակայն երբ 15 տարեկանում հանդիպում է երաժշտական պրոդյուսեր Թրոյ Թեյլորին, սկսում է ավելի լուրջ վերաբերվել երաժշտությանը[4]: 2002 թվականին նա ավարտում է Պիտերսբուրգի ավագ դպրոցը, իսկ 2003 թվականին տեղափոխվում է Նյու Ջերսի, որտեղ Թրոյ Թեյլորի օգնությամբ ստորագրում է պայմանագիր Atlantic Records ձայնագրման լեյբլի հետ և սկսում է ձայնագրել իր սեփական երաժշտությունը[1]:
Տարբեր հարցազրույցներում Թրեյ Սոնգզը նշել է, որ դեռ երիտասարդ տարիքից նա ռեփեր Ջեյ Զին համարել է իրեն ամենաշատը ոգեշնչող կատարողներից մեկը[5][6]: Ըստ նրա՝ Ջեյ Զին ոչ միայն ազդել է իր երաժշտական կարիերայի վրա, այլ նաև կյանքի[5]: Larry King Now վեբ ծրագրին տված հարցազրույցում նա ասել է, որ երբ ստացել է հնարավորություն աշխատելու Ջեյ Զիի հետ, դա մեծ պատիվ է եղել իր համար[6]: Թրեյը իրեն ոգեշնչած կատարողների թվին է դասում նաև R&B/սոուլ երգիչ Դի Անջելոյին[7]: