Թռչունների չու
Թռչունների չու, թռչունների ամենամյա տեղաշարժը բնադրավայրերից ձմեռային շրջաններ։ Թռչունների չուն կլիմայի սեզոնային փոփոխություններին հարմարվելու ընդունակություն է, որը ձեռք է բերվել տեղանքի բնակլիմայական և կերային անբարենպաստ պայմաններից խուսափելու համար։ Նշված երևույթը ժառանգաբար ամրապնդվում և փոխանցվում է սերնդից սերունդ։ Թռչունների չուի ժամկետները պայմանավորված են սնման ձևով. հատիկակեր թռչունները ավելի վաղ են վերադառնում, քան միջատակերները։ Սովորաբար թռչունները որքան շուտ են վերադառնում, այնքան ուշ են չվում, սակայն որոշ տեսակներ, օրինակ, կտցարները վաղ չվում են, վաղ վերադառնում։ Գարնանը առաջինը բնադրավայրերն են գալիս առավելապես արուները, ապա՝ էգերը։ Սպիտակ արագիլի արուները Արարատյան դաշտ են վերադառնում փետրվարի վերջերին, էգերը՝ մարտի սկզբներին։ Երևանի շրջակայքում ապրող 134 տեսակ թռչուններից 38-ը չվող է (բնադրվում են Հայաստանում, ձմեռում ավելի հարավում), իսկ 34 տեսակը ձմեռողներ են (Հայաստանը նրանց ձմեռանոցն է)։ Թռչունների հեռավորությունը կախված է թռչունների էկոլոգիական պահանջներից, հատիկակերների բնադրավայրերը ավելի մոտ են ձմեռանոցներին, քան միջատակերներինը։ Ամենահեռավոր չուն կատարում են բևեռային ծովածիծառները, որոնք բնադրում են Արկտիկայում, ձմեռում Անտարկտիկայում։ Հայաստանում բնադրավայրերին մոտ են ձմեռում սերմնաքաղերը, սև ագռավները։ Թռչունների մեծամասնությունը չվում է փետրափոխման ավարտից հետո, որոշների փետրափոխումը դադարում է չուի ընթացքում և վերսկսում այն ավարտելուց հետո, երբեմն՝ ձմեռանոցներում։ Թռչունների չվելու ցանկությունն առաջանում է ֆիզիոլոգիական որոշակի վիճակի (ենթամաշկային ճարպի կուտակում, սեռական հորմոնների ակտիվացում) ազդեցությամբ։ Այդ շրջանում թռչունները հակում են ունենում երամներ կազմելու և որոշակի ուղղությամբ շարժվելու։ Որոշ թռչուններ կողմնորոշվում են Արևի, Լուսնի, աստղերի, նույնիսկ երկրի մագնիսական դաշտի օգնությամբ։ Թռչունները չվում են երամներով։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 219)։ |