Թռչող լապտերներ
Թռչող լապտերներ (չին. 天燈, փինյին Tiāndēng), որոնք հայտնի են որպես Քոնմին լապտերներ, ավանդաբար վերագրվում են Ճուկը Լյանին, ով Չինաստանի Երեք թագավորությունների ժամանակաշրջանում ստեցծեց դրանք: Լապտերները ի սկզբանե օգտագործվել են հաղորդագրություններ փոխանցելու համար։ Այժմ դրանք լայնորեն օգտագործվում են որպես տոնական աղոթքների և մաղթանքների փոխանցման միջոց։
Լապտերները կարող են ընկնել կամ ինքնաբռնկվել և առաջացնել հրդեհի մեծ վտանգ, այդ պատճառով շատ տարածքներում դրանց օգտագործումը արգելված կամ սահմանափակված է։


Ծագում
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության՝ Քոնմին լապտերները ծագում են Չինաստանի Սըչուան նահանգի Փինլը քաղաքից։ Երեք թագավորությունների ժամանակաշրջանում այդ քաղաքը ռազմավարական կարևոր նշանակություն ուներ։ Այդ շրջանում Սըմա Յինը պաշարել էր Փինյանը, որը գտնվում էր Ճուկը Լյանի կառավարության տակ։ Ճուկը Լյանը ճշգրտորեն հաշվարկում է քամու ուղղությունը, պատրաստում է թղթե լապտեր, որի վրա կապում է օգնության խնդրանք պարունակող գրություն և բաց է թողնում երկինք։ Վերջիվերջո նրան հաջողվում է փրկվել վտանգից։
Սուն դինաստիայի ժամանակաշրջանում այդ քաղաքը հայտնի էր նաև թղթի արտադրությամբ։ Հետագա սերունդները, ի հիշատակ Ճուկը Լյանի, սկսեցին Քոնմին լապտերներ բաց թողնել, և դա աստիճանաբար վերածվեց տոնական ծեսի։ Ներկայումս Քոնմին լապտերը առավել հաճախ օգտագործվում է որպես բարեմաղթանքի խորհրդանիշ՝ հանդիսանալով ամենամյա հաջողության, բերքառատության և երջանկության խորհրդանիշ[1]:
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչող լապտերները պատրաստվում են մետաղալարից կամ ունենում են բամբուկից պատրաստված հիմք, որի վրա սոսնձվում է թուղթ։ Ստորին մասը ավելի փոքր է քան վերին հատվածը, որպեսզի կանխի տաք օդի արտահոսքը։ Կենտրոնում տեղադրվում է յուղաթուղթ, որը վառելուց հետո ներսում առաջացած տաք օդը, լինելով արտաքին սառը օդից ավելի թեթև, լապտերը դանդաղորեն բարձրացնում է վեր։
Չինաստանի հարավային շրջաններում թռչող լապտերների հիմքը սովորաբար պատրաստվում է երկաթալարից, իսկ Թայվանում, բացի երկաթալարից, վերին մասը պատրաստելու համար օգտագործվում է նաև սուան թուղթը, և այսպիսով լապտերը ունենում է չորս կողմ։ Մարդիկ սովորաբար այդ չորս երեսներին գրում են տարբեր բարեմաղթանքներ, աղոթքի խոսքեր և բաց են թողնում երկինք։
2018 թվականին Թայվանի մշակութային ժառանգության պահպանությամբ զբաղվող «Մշակույթի բանկ»(չինարեն՝ 文化银行 ) կազմակերպությունը համագործակցեց ինժեներների հետ, և ավելի քան երեսուն փորձարկումներից հետո առաջարկվեց նոր լուծում․ երկաթե լարի և մեկուսիչ ժապավենի փոխարեն օգտագործել թղթից նյութեր՝ պատրաստելով թռչող լապտերը ամբողջությամբ թղթից, որը օդում ամբողջությամբ այրվում է ու վերածվում մոխրի։
Լապտերի ծածկը պատրաստվում է նոր տեսակի կպչուն բրնձաթղթից, որը մշակվել է օսլայի հիմքի վրա․ այն ջրի հետ շփվելիս լուծվում է, կրակի դեպքում՝ այրվում, իսկ եթե նույնիսկ ամբողջությամբ մոխրի չվերածված մանր թղթե մասնիկներ են մնում, անձրևաջրերով լվացվելուց հետո դրանք արագորեն քայքայվում են։ Շրջանակը, իր հերթին, նախագծված է ձվի պաշտպանիչ կեղևի սկզբունքով և պատրաստվում է թղթապլաստի ջերմամշակման եղանակով՝ ստանալով ամուր և կայուն թղթե հենակառուցվածք[2]։
Սովորույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Չինաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ ավանդության, Սըչուան նահանգի Փինլը քաղաքում, Երեք թագավորությունների ժամանակաշրջանում, երբ Ճուկը Լյանը շրջափակման մեջ էր հայտնվել, նա ճիշտ հաշվարկեց քամու ուղղությունը և պատրաստեց օդում թռչող թղթե լապտեր, որի վրա կապեց օգնության խնդրանք պարունակող գրություն, ինչի շնորհիվ կարողացավ փրկվել։ «Խուոծին գավառի տարեգրքում» (չինարեն՝ 火井县志 ) նշվում է, որ Ճուկը Լյանը Խուոծինում զորք էր տեղակայել և զբաղվել երկաթի ձուլմամբ, իսկ այդ ժամանակ Խուոծին գավառի վարչական կենտրոնը գտնվում էր հենց Փինլըում։
Սկզբում լապտերներ բաց թողնելը ավանդույթ էր, որի ժամանակ նշվում էր Ճուկը Լյանի հիշատակի օրը, սակայն ժամանակի ընթացքում վերածվել է տոնական ծեսի։ Փինլըն ամբողջութրամբ պահպանել ու շարունակել է Քոնմին լապտերների վառման ու բացթողման սովորույթը[3][4]։
Հետագայում թռչող լապտերները, բացի պատերազմի ժամանակ հաղորդագրություններ փոխանցելուց, տարբեր շրջաններում կատարել են նաև այլ գործառույթներ․ դրանք օգտագործվել են մարդկանց տեղեկացնելու համար, որ գյուղում եղած ավազակները հեռացել են, և սարերում կամ դրսում ապաստանած բնակիչները կարող են վերադառնալ։
Չինաստանի բազմաթիվ շրջաններում ընդունված է Յուանսյաո փառատոնի (Լապտերների տոնի) օրը թռչող լապտերներ բաց թողնել՝ խաղաղություն ու անվտանգություն խնդրելու նպատակով։
Վերջին տարիներին, Չինաստանի մայրցամաքային հատվածի որոշ քաղաքներում մարդիկ Չինական Նոր տարվա ժամանակ բաց են թողում թռչող լապտերներ։ Այս սովորույթը ստացել է լայնամասշտաբ տարածում և կրում է զանգվածային բնույթ[5][6]։
Թայվան
[խմբագրել | խմբագրել կոդը]Նոր Թայպեյ քաղաքի Փինսը շրջանը (չինարեն՝ 新北市平溪区 ) 1990-ական թվականներից սկսած (այն ժամանակ՝ Թայպեյ գավառի Փինսը գավառակ) վերականգնել է թռչող լապտերների բացթողման արարողությունը։ Հետագայում լապտեր բաց թողնելը դարձել է հայտնի առևտրային գործունեություն՝ տարածված թե՛ մոտիկ, թե՛ հեռավոր շրջաններում։ Նույնիսկ ձևավորվել են թռչող լապտերներ արտադրող հատուկ ձեռնարկություններ, իսկ բազմաթիվ զբոսաշրջային վայրերում ամեն երեկո կազմակերպվում են լապտեր բաց թողնելու միջոցառումներ։
Մոտավորապես Ցին դինաստիայում՝ Տաոկուան կայսրի ժամանակաշրջանում (19-րդ դարի առաջին կես), Ֆուծիեն նահանգի Խուեյան, Անսի և այլ գավառներից ներգաղթած ժողովուրդը տեղափոխվեցին Թայվան՝ Թայպեյ գավառի Շըֆընլյաո (չինարեն՝ 十分竂 ) շրջան։ Այն գտնվում է Ծիլոն գետից դեպի վերև ընկած հատվածում։ Տարածքում ապրող ավագ սերնդի բանավոր վկայությունների համաձայն՝ Ցին դինաստիայի տարիներին Շըֆըն շրջանում հաճախակի են եղել ավազակային հարձակումներ։ Քանի որ տեղանքը լեռնային էր, հարձակման ժամանակ գյուղացիները փախչում էին սարեր, իսկ երբ ավազակները հեռանում էին, գիշերը գյուղում մնացած մարդիկ թռչող լապտերներ էին բաց թողնում որպես ազդանշան՝ լեռներում թաքնված բնակիչներին տեղեկացնելու համար, որ կարելի է վերադառնալ տուն, և միաժամանակ այդ կերպ հայտնում էին իրենց անվտանգության մասին։
Քանի որ այդ օրը, երբ մարդիկ սարերից վերադառնում էին տուն, համընկնում էր լուսնային օրացույցի առաջին ամսվա տասնհինգերորդ օրվա՝ Յուանյաո (չինարեն՝ 元宵节 ),՝ Լապտերների տոնի հետ, այդ պահից սկսած Շըֆըն շրջանի բնակիչները ամեն տարի Յուանյաոյի օրը սկսել են թռչող լապտերներ բաց թողնել որպես տոնական ծես և այդ միջոցով նաև հարևան գյուղերին հաղորդել իրենց խաղաղության ու ապահովության մասին։
Այդ պատճառով Շըֆեն շրջանի բնակիչները թռչող լապտերը կոչում են նաև «բարեմաղթանքի լապտեր», «Քոնմին լապտեր» կամ «խաղաղության լապտեր»։ Ժամանակի ընթացքում լապտեր բաց թողնելը դարձել է Շըֆըն շրջանին հատուկ ժողովրդական մի ավանդույթ, որը պահպանվել է մի փոքրիկ, նախկինում գրեթե անհայտ գյուղում (Շըֆընլյաո) և շարունակվել է մեկ-երկու հարյուր տարի շարունակ։
Ամեն տարի նշվող Յուանյաոյի տոնը, Թայվանի հյուսիսում նշվող ամենաազգային գույն ունեցող մշակութային միջոցառումներից մեկն է, ինչի շնորհիվ ստացել է բոլորին հայտնի այս գեղեցիկ անվանումը՝ «Հյուսիսային թռչող լապտերներ» (չինարեն՝ 北天灯 )[7][8]։
Ճապոնիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ճապոնական թռչող լապտերների մշակույթը սկիզբ է առել Էդո ժամանակաշրջանում Չինաստանի Ցին դինաստիայի կողմից, այնուհետև ներմուծվել է Ճապոնիա։ Ակիտա պրեֆեկտուրայի Սեմբոկու քաղաքի Սըմու թաղամասում անցկացվող «15 մեծ ձմեռային փառատոնի» (չինարեն՝ 15大冬之祭 ) շրջանակում կազմակերպվում է թռչող լապտերների փառատոն։ Ամեն տարի փետրվարի 10-ին տեղի է ունենում նաև «Սըմու ձմեռային փառատոնը» (չինարեն՝ 西木冬祭 ), որի ընթացքում տեղի «Թղթե նավակների» հրապարակում (չինարեն՝ 纸风船广场 ) կազմակերպվում է թղթե օդապարիկ-լապտերների բացթողում։
Այն խորհրդանշում է ընտանեկան անվտանգություն, բարգավաճում, հինգ հացահատիկների առատ բերք և այդ բարեմախթանքներով շուրջ 100 թռչող լապտերներ են բաց թողնվում դեպի երկինք[9][10]:
Թաիլանդ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ցին Մայի ջրային լապտերների փառատոնը անցկացվում է թայական օրացույցի 12-րդ ամսվա լիալուսնի օրը (մոտավորապես արևմտյան օրացույցով՝ նոյեմբերին)։ Այն նվիրված է գետերի աստծո (ջրային աստվածությանը) պաշտամունքին և հանդիսանում է ավանդական ծես՝ հաջորդ տարվա համար բարենպաստ եղանակ, խաղաղություն և առատ բերք խնդրելու նպատակով։
Թռչող լապտերների բացթողումը կոչվում է (անգլ.՝ Yi Peng) և նվիրված է երկնային աստվածություններին՝ նույն նպատակով՝ խաղաղության, հաջողության և բարեհաջող ընթացքի ակընկալիքով[11]։
Մեքսիկա
[խմբագրել | խմբագրել կոդը]Մեքսիկայում ամեն տարի նոյեմբերի 1-ին և 2-ին՝ Մեռյալների հիշատակի օրը, թռչող լապտերներ են բաց թողնում՝ մահացած հարազատների հոգիների համար «ճանապարհ բացելու» և նրանց իրական աշխարհ ուղեկցելու նպատակով։ Այս մշակույթը 19-րդ դարում ներմուծվել է Իսպանիայից, սակայն այն ծագել է Չինաստանից, այդ պատճառով մեքսիկացիները թռչող լապտերների պատրաստման համար օգտագործվող բարակ թուղթը անվանում են Papel de China («չինական թուղթ»)։
Մեքսիկացի սպա Դոն Խոակինը (իսպ.՝ Don Joaquin) համարվում է թռչող լապտերների մշակույթի տարածման կարևոր ներկայացուցիչներից մեկը։ Մեքսիկացիները նույնիսկ թանգարան են կառուցել նրա հիշատակին, ինչի շնորհիվ թռչող լապտերների մշակույթը դարձել է Մեքսիկայի ամենասիրված և ամենահայտնի մշակութային միջոցառումներից մեկը։ Հատկապես Մեխիկոյի Միլպա-Ալտա շրջանում այն լայն տարածում ունի և մեծ սեր է վայելում[12]։
Լեհաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Լեհաստանում ամեն տարի հունիսի 21-ին մարդիկ թռչող լապտերներ էին բաց թողնում՝ որպես անցած տարվա խաղաղության համար երախտագիտության նշան և ապագայի հանդեպ լավ ակնկալիքների խորհրդանիշ։ Սակայն հրդեհային անվտանգության, երթևեկության և աղբահանության խնդիրների պատճառով այս միջոցառումը 2014 թվականից դադարեցվել է[13]։
Ռուսաստան
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսաստանում հին օրացույցով Նոր տարվա ընթացքում թռչող լապտերներ էին բաց թողնում՝ Նոր տարին նշելու նպատակով[14]։
Վիճաբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թռչող լապտերներ արձակելու ընթացքում, քամու ուղղության փոփոխության, ընկնելու կամ ինքնահրկիզման հետևանքով, կարող են առաջանալ հրդեհներ և դժբախտ պատահարներ։ Բացի այդ, լապտերները արձակելուց հետո լապտերների մնացորդները աղտոտում են շրջակա միջավայրը, նույնիսկ կարող են վնասել վայրի կենդանիներին՝ պատճառելով նրանց վնասվածքներ կամ նույնիսկ սպանել նրանց։ Այդ պատճառով բնապահպան ակտիվիստները սկսել են քարոզարշավներ՝ կոչ անելով հրաժարվել թռչող լապտերներ արձակելու սովորույթից։ 2019 թվականի վերջում Գերմանիայի արևմտյան Կրեֆելդ քաղաքի կենդանաբանական այգում 60-ամյա մի կնոջ կողմից թռչող լապտեր արձակելու հետևանքով բռնկված հրդեհի պատճառով կապիկների վանդակը ամբողջությամբ այրվել է, ինչի հետևանքով զոհվել է ավելի քան 30 կենդանի[15]։
2003 թ. փետրվարի 12-ին Մալայզիայի այն ժամանակվա տրանսպորտի նախարար Լին Լյանշին հայտարարեց, որ Մալայզիայի կառավարությունը չի փոփոխի քաղաքացիական օրենքը՝ թռչող լապտերների՝ անվտանգության համար սպառնալիք հանդիսանալու պատճառով։ Ոստիկանությունը սահմանափակել է օդանավակայաններից 5 կմ հեռավորության վրա թռչող լապտերների արձակումը։
Նա ասել է. «Մենք չենք կարող արգելել թռչող լապտերների արձակումը, քանի որ դրանք խորհրդանշում են ռազմավարական/մշակութային ժառանգություն։ Քանի դեռ դրանք չեն արձակվում օդանավակայանից 5 կմ շառավղում, դրանք չեն ազդի օդանավերի թռիչքային անվտանգության վրա»։
Լին Լյանշին նաև նշել է, որ թռչող լապտերները օդ բարձրանալուց հետո առավելագույնը 15 րոպե կարող են մնալ օդում, և եթե այն արձակվում է օդանավակայանից տասնյակ կամ հարյուրավոր կիլոմետրեր հեռու տարածքներում, ապա որևէ խնդիր բացարձակապես չի առաջանա[16]։
Օրենքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թայվանում, հաշվի առնելով, որ թռչող լապտերների արձակումը արդեն իսկ առաջացրել է մի շարք հրդեհներ, ինչպես նաև այն վտանգը, որ ամբողջությամբ չայրված լապտերների գետնին ընկնելը կարող է ճանապարհատրանսպորտային պատահարների պատճառ դառնալ[17], Չինաստանի հանրապետության օրենսդիր մարմինը մշակել է «Թռչող լապտերների արձակման գործառնական ուղեցույցի հիմնական կետեր» նախագիծը։ Դրանով նախատեսվում է վառելիքի օգտագործման և քամու արագության վերահսկման միջոցով կարգավորել լապտերների վայրէջքը։ Սահմանվել են մի շարք օրենքներ, օրինակ՝ միջոցառումը պետք է անցկացվի 5 կմ հեռու բնակելի տարածքներից և այրման տևողությունը չպետք է գերազանցի 10 րոպեն։ Միաժամանակ նախատեսվում է փոփոխել Հրդեհային անվտանգության մասին օրենքի 14-րդ հոդվածը՝ լիազորելով յուրաքանչյուր վարչատարածքային միավորի իրավասու մարմիններին մշակել կառավարման կանոնակարգեր, ինչպես նաև ավելացնել դրույթ, ըստ որի՝ «թռչող լապտերների արձակումը» համարվում է աղետների բարձր ռիսկ ունեցող գործողություն։ Մինչ օրենսդրական փոփոխությունների ավարտը, Չինաստանի հանրապետության օրենսդիր մարմինը սահմանել է գործառական ուղեցույց, և դրանք պաշտոնապես ուղարկել է հատուկ վարչական քաղաքային կառավարություններին՝ կիրառման համար։
Ուղեցույցում հստակ նշվում է, որ՝
- Օդանավակայանների շրջակայքում, Տրանսպորտի նախարարության կողմից հայտարարված մի շարք տարածքներում արգելվում է թռիչքների անվտանգությանը խոչընդոտող առարկաների բացթողումը այդ թվում նաև թոչող լապտերներ բաց թողնելը։
- Նավթային պահեստարանների, զինամթերքի պահեստների, այրվող գազերի պահեստարանների, ռազմակայանների, ավտոմայրուղիների, քիմիական գործարանների, բնակելի, առևտրային և նավահանգստային գոտիների տարածքներում պետք է խուսափել լապտերների բացթողումից։
- Շոգ եղանակի կամ քամու մեծ արագության դեպքում, նույնպես պետք է խուսափել դրանց բացթողումից։
- Լապտերի առավելագույն չափսերը սահմանվում են հետևյալ կերպ՝ հիմքի տրամագիծը՝ 60 սմ, բարձրությունը՝ 130 սմ, շրջագիծը՝ 360 սմ։
Հոնկոնգի կառավարությունը 2010 թվականից հետո սկսել է իրազեկման արշավներ՝ կոչ անելով քաղաքացիներին չկատարել անկանոն և անփույթ թռչող լապտերների բացթողում[18]։ Ներկայումս, եթե քաղաքացիները լապտերներ են բաց թողնում Ձկնաբուծության և բնության պահպանության վարչության կողմից կառավարվող պարկերի տարածքում և դրա հետևանքով առաջանում է հրդեհ, նրանք կարող են ենթարկվել քրեական պատասխանատվության։
Բացի այդ, Քաղաքացիական ավիացիայի վարչության կողմից վերահսկվող օդային տարածքներում՝ օդանավակայաններից 5 կմ հեռավորության վրա գտնվող տարածքներում, ինչպես նաև վերահսկվող օդային գոտիներում (ներառյալ Հոնկոնգ կղզի, Քոուլուն, Շաթին, Նոր Տարածքներ Արևմուտք, Լանտաո կղզի) խստիվ արգելվում է բաց թողնել 2 մետրից ավել երկարություն կամ լայնություն ունեցող թռչող լապտերներ։ Բացի այդ, արգելվում է լապտերների բացթողումը գետնից 60 մետրից բարձր հեռավորության վրա, հակառակ դեպքում դա համարվում է օրենքի խախտում։
Չինաստանի մայրցամաքային հատվածում, այրվող լապտերների ընկնելու հետևանքով առաջացող հրդեհները կանխելու նպատակով, տեղական կառավարությունները, ինչպես նաև երկաթուղային և ավիացիայի մարմինները սահմանել են սահմանափակումներ, իսկ որոշ վայրերում՝ ամբողջական արգելք թռչող լապտերների բացթողման նկատմամբ։ Այս կանոնները հատկապես խստորեն շեշտվում են ավանդական տոների ժամանակ, սակայն, այնուամենայնիվ, կան քաղաքացիներ, որոնք անտեսում են արգելքները և գաղտնիորեն շարունակում են դրանք բաց թողնել։
«ՉԺՀ հասարակական կարգի պահպանման մասին պատժամիջոցների օրենքի» համաձայն՝ եթե Կոնմին լապտերների բացթողման հետևանքով առաջանում են հրդեհներ կամ այլ խոշոր միջադեպեր, ապա մեղավոր անձինք ենթարկվում են քրեական պատասխանատվության՝ օրենքով սահմանված կարգով[19]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «相傳諸葛亮放燈求救». Արխիվացված օրիգինալից 2010-09-27-ին. Վերցված է 2010-09-27-ին.
- ↑ «【台灣環保設計】紙材代鐵絲 工程師聯老紙廠製燒得盡的天燈». Արխիվացված է օրիգինալից 2018-06-12-ին. Վերցված է 2018-06-09-ին.
- ↑ «History of Sky Lanterns - Invention of Chinese Lantern». www.historyoflamps.com. Վերցված է 2026-03-03-ին.
- ↑ «The activity of releasing sky lanterns has been passed down from the 1990s in Pingxi and Shishi areas, but everyone only knows that the sky lanterns can be released in Pingxi area. I must not know why I think of Pingxi and Shishi when I think of releasing sky lanterns?».
- ↑ 江巍. «Safety fears override cultural concerns». global.chinadaily.com.cn. Վերցված է 2026-03-03-ին.
- ↑ «Sky Lantern 天燈 · CCCH9051 Group 64». learning.hku.hk. Վերցված է 2026-03-03-ին.
- ↑ «Lost Landscapes of the Pingxi Line:Old Trails, Potholes, and Sky Lanterns». www.taiwanngo.tw (չինարեն). Վերցված է 2026-03-03-ին.
- ↑ sidra.ghazali@topagency.com (2022-09-13). «Lantern Festival Taiwan». National Today (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
- ↑ «日本仙北市举行传统"放天灯"活动 民众冒雪参加 - 中国日报网». world.chinadaily.com.cn. Վերցված է 2026-03-03-ին.
- ↑ «上桧木内天灯节 | 日本冰雪 | 日本旅游». Japan National Tourism Organization (JNTO) (չինարեն). Վերցված է 2026-03-03-ին.
- ↑ Mongkolrat, Tayud (2023-11-24). «Yi Peng: the Sky Lantern Festival». Thailand Foundation (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
- ↑ Almaraz, Karla (2025-10-26). «Cantoya balloons will light up the sky on Day of the Dead: lights, color and tradition in this event». Ciudad de México Secreta (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2026-03-03-ին.
- ↑ «Open page».
- ↑ «When in Russia: Top 10 Things That Freak Out Foreign Visitors». Sputnik. 2015年10月13日. Արխիվացված օրիգինալից 2015年10月14日-ին. Վերցված է 2015年10月13日-ին.
- ↑ «German police investigate three suspects after Krefeld Zoo fire». DW. Արխիվացված օրիգինալից 2020-03-13-ին. Վերցված է 2020-01-03-ին.
- ↑ «马来西亚限制升放孔明灯 不修正民航法令». 民航资源网. 2003年2月13日. Արխիվացված է օրիգինալից 2021年12月18日-ին.
- ↑ «天燈祈福失敗反釀災害,人神共嘆!!且有觸犯公共危險之嫌(民國95年 03.03)». Արխիվացված է օրիգինալից 2016-03-05-ին. Վերցված է 2010-11-11-ին.
- ↑ «政府宣傳片:(2011) Katie Hui 許詠媚@勿放孔明燈電視廣告». Արխիվացված օրիգինալից 2015-12-20-ին. Վերցված է 2011-09-13-ին.
- ↑ 青岛早报. «燃放孔明灯 小心惹祸患». 青岛新闻网. Արխիվացված օրիգինալից 2013-02-27-ին. Վերցված է 2013-06-15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 香港的孔明燈及天燈製作教學Արխիվացված է Սեպտեմբեր 24, 2020 Wayback Machine-ի միջոցով:
- 香港的製作孔明燈活動Արխիվացված է Հուլիս 18, 2013 Wayback Machine-ի միջոցով:
- 從天燈到熱氣球
- 2011年6月21日在波蘭波茲南天燈施放影片Արխիվացված է Հուլիս 12, 2011 Wayback Machine-ի միջոցով:
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թռչող լապտերներ» հոդվածին։ |