Թոքամզի բորբոքում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թոքամզաբորբից)
Թոքամզի բորբոքում
Տեսակհիվանդության կարգ
Հետևանքpleural friction rub?
Բժշկական մասնագիտությունթոքաբանություն
ՀՄԴ-10J90 և R09.1
 Pleurisy Վիքիպահեստում

Թոքամզի բորբոքում, հայտնի է նաև, որպես պլևրիտ, թոքերը շրջապատող թաղանթների՝ պլևրայի, բորբոքումը[1]։ Սա կարող է բերել կրծքավանդակում սուր ցավերի, որոնք կապված են շնչառության հետ[1]։ Երբեմն ցաը կարող է լինել մշտական և բութ[2]։ Այլ ախտանշաններից են հևոցը, հազը, տենդը կամ քաշի կորուստը՝ կախված սկզբնական պատճառիցt[2]։

Ամենատարածված պատճառը վիրուսային վարակն է[3]։ Այլ պատճառներից են թոքաբորբը, թոքային էմբոլիան, աուտոիմուն խանգարումները, թոքերի քաղցկեղը, սրտի վիրահատությունը, ենթաստամոքսային գեղձի բորբոքումը, կրծքավանդակի վնասվածքները և ասբեստոզը[3]։ Երբեմն պատճառը մնում է անհայտ[3]։ Հիմնական մեխանիզմն է թոքամզի թերթիկների միմյանց չոր քսումը, հարթ սահելու փոխարեն[1]։ Նման ախտանշաններ առաջացնող այլ հիվանդություններից են պերիկարդիտը, սրտամկանի ինֆարկտը, խոլեցիստիտը և պնևմոթորաքսը[4]։ Ախտորոշումը իրականացվում է կրծքավանդակի ռենտգեն հետազոտության, ԷՍԳ-ի և արյան հետազոտության միջոցով[4][5]։

Բուժումը կախված է հիմնական պատճառից[4]։ Պարացետամոլը կամ իբուպրոֆենը կարող են նվազեցնել ցավը[6]։ Հնարավոր է լինի սպիրոմետրիայի կարիք[7]։ ԱՄՆ- ում տարեկան ախտահարվում են մոտ 1 միլիոն մարդ[7]։

Նշաններ և ախտանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլևրիտի հիմնական ախտանշանը հանկարծակի, սուր, վառող, ծակող կամ բութ ցավն է շնչելիս՝ հատկապես ներշնչելիս կամ արտաշնչելիս[8]։ Ցավը խորանում է խորը շնչելու, հազի, փռշտալու կամ ծիծաղի ժամանակ։ Ցավը կարող է ճառագայթել դեպի մեջք կամ ուսագոտի[9]։ Երբեմն ցավը դառնում է մշտական և բութ[10]։

Կախված պատճառից պլևրիտի ցավը կարող է ուղեկցվել այլ ախտանշաններով[11]։

  • Չոր հազ
  • Տենդ և դող
  • Հաճախացած, մակերեսային շնչառություն
  • Հևոց
  • Հաճախասրտություն
  • Կոկորդի ցավ, որը ուղեկցվում է հոդերի ցավով և այտուցով

Հարակից խնդիրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլևրիտը սովորաբար ուղեկցվում է բարդություններով, որոնք կապված են թոքամզային տարածության (պլևրալ խոռոչ) հետ։

Թոքամզային արտաքիրտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ դեպքերում պլևրալ խոռոչում կուտակվում է ավելցուկային քանակությամբ հեղուկ։ Սա կոչվում է թոքամզային արտաքիրտ։ Հեղուկի կուտակումը բերում է թերթիկների միմյանցից հեռացմանը և դրանք այլևս իրար չեն քսվում շնչառության ընթացքում։ Սա կարող է բերել ցավի թուլացմանը։ Մեծ քանակի հեղուկը կարող է բերել թոքի սեղմմանը և նրա մի հատվածի կոլապսին։ Սրա հետևանքով կարող է դիտվել շնչառության դժվարացում։

Որոշ դեպքերում հեղուկը կարող է վարակվել և վերածվել աբսցեսի։ Սա կոչվում է էմպիեմա։

Ֆիբրին պարունակող էքսուդատի դեպքում պլևրիտը կարող է կոչվել ֆիբրինային։ Սա սովորաբար լինում է պլևրիտի ուշ փուլերում։

Մարդու մոտ կարող է առաջանալ թոքամզային արտաքիրտ առանց պլևրիտի։ Օրինակ՝ թոքաբորբի, սրտային անբավարարության, քաղցկեղի կամ թոքային էմբոլիայի դեպքում։

Պնևմոթորաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Օդը կամ գազերը նույնպես կարող են կուտակվել պլևրալ խոռոչում։ Սա կոչվում է պնևմոթորաքս։ Վերջինս կարող է առաջանալ թոքի սուր վնասվածքի կամ էմֆիզեմայի հետևանքով։ Թոքի վրա կատարվող միջամտությունները, օրինակ՝ վիրահատություն, հեղուկի դրենավորում ասեղով, թորակոսկոպիա, մեխանիկական օդափոխություն, նույնպես կարող են առաջացնել պնևմոթորաքս։

Ամենահաճախ ախտանշանը հանկարծակի ցավն է կրծքավանդակի մի կեսում և շնչարգելությունը։ Պնևմոթորաքսը կարող է նաև մեծացնել ճնշումը թոքի վրա և բերել դրա կոլապսին։

Եթե պնևմոթորաքսը փոքր է, այն կարող է անցնել ինքնաբերաբար։ Եթե մեծ է, ապա կրծքավանդակում տեղադրվում է խողովակ, որով կատարվում է օդի հեռացում։

Հեմոթորաքս[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլևրալ խոռոչում կարող է նաև կուտակվել արյուն։ Սա կոչվում է հեմոթորաքս։ Ամենահաճախ պատճառը կրծքավանդակի վնասվածքն է կամ սրտի վիրահատությունը։ Հեմոթորաքս կարող է նաև առաջանալ թոքի կամ պլևրայի քաղցկեղի ժամանակ։

Հեմոթորաքսը կարող է ճնշել թոքերը և բերել կոլապսի։ Այն կարող է նաև առաջացնել շոկ։

Պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոքամզաբորբ (պլևրիտ)
Պլևրայի սահմանները և խոռոչը (նշված է կապույտով)

Պլևրալ խոռոչը կարող է լցված լինել հեղուկով, օդով և այլ նյութերով, ինչը բավականին դժվարացնում է ախտորոշումը[11][12]։ Վիրուսային վարակը (կոքսակի B վիրուս, մարդու շնչառական սինցիտիալ վիրուս, ցիտոմեգալովիրուս, Էպշտայն-Բարի վիրուս, ադենովիրուս, պարագրիպի և գրիպի վիրուսներ) պլևրիտի ամենահաճախ հանդիպող պատճառն է։ Այնուամենայնիվ շատ այլ պատճառներ կարող են բերել նման ցավի[10]

Երբ պլևրալ խոռոչը լցվում է հեղուկով, ցավը կարող է վերանալ և փոխարինվել հևոցով։ Որոշ դեպքերում ցավը իդիոպաթիկ է, ինչը նշանակում է, որ հիմանական պատճառը մնում է անհայտ։

Ախտորոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլևրիտի ախտորոշումը հիմնված է բժշկական պատմության, ֆիզիկալ զննման և ախտորոշիչ թեստերի վրա[11]։ Նպատակը այլ հնարավոր պատճառների որոշումն է և պլևրիտի պատճառի հայտնաբերումը՝ հիմնական խնդրի ճիշտ բուժման համար։

Ֆիզիկական զննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բժիշկը օգտագործում է ստոտոսկոպը շնչառության լսման համար։ Այս մեթոդն օգնում է հայտնաբերել թոքերի անսովոր աղմուկներ։ Պլևրալ թերթիկների միմյանց քսման հետևանքվ շնչառության ընթացքում կարող է լսվել քսման աղմուկ։

Ախտորոշիչ թեստեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Կախված ֆիզիկալ զննման արդյունքերից, երբեմն իրականացվում են ախտորոշիչ թեստեր։

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կրծքավանդակի ռենտգեն հետազոտության ժամանակ կատարվում է օրգանների պատկերում։ Այն կարող է հայտնաբերել օդ և հեղուկ պլևրալ խոռոչում։ Այն նաև կարող է օգնել պատճառի որոշման մեջ (օր․՝ թոքաբորբ, կողի կոտրվածք կամ թոքի ուռուցք

Երբեմն ռենտգենը կատարվում է ցավոտ կողմի վրա պառկած։ Այս դեպքում կերևա ոչ միայն հեղուկը այլ նաև հեղուկի հատվածում փոփոխությունները։

Արյան հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արյան հետազոտությամբ հնարավոր է հայտնաբերել բակտերիալ կամ վիրուսային վարակներ, թոքաբորբ, ռևմատիկ տենդ, գայլախտ կամ թոքային էմբոլիա։

ԷՍԳ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԷՍԳ- ն թույլ է տալիս հայտնաբերել որոշակի խանգարումներ։

Ուլտաձայնային հետազոտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հետազոտության ընթացքում օգտագործվում են ձայնային ալիքներ։ Այն կարող է ցույց տալ հեղուկի տեղակայումը։ Կարող են երևալ նաև որոշ ուռուցքներ։ Կարող է հայտնաբերվել թոքերի շուրջ գտնվող հեղուկը, սակայն թոքերի իրական պատկեր այս մեթոդով հնարավոր չէ տեսնել։

Համակարգչային շերտագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՀՇ-ն ցույց է տալիս թոքերի թվայնացված պատկերը, որով կարող են երևալ հեղուկը, ուռուցքները, թոքաբորբը։

Մագնիսառեզոնանսային շերտագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ՄՌՏ- ն, օգտագործելով հզոր մագնիսներ, թույլ է տալիս տեսնել պլևրալ էքսուդատը և ուռուցքները։

Զարկերակային արյան գազերի որոշում[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակից վերցված զարկերակային արյան մեջ որոշվում է թթվածնի և ածխաթթու գազի մակարդակները։ Սա ցույց է տալիս թե որքան լավ են շնչում թոքերը։

Թորակոցենտեզ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատկերված է թորակոցենտեզի գործընթացը, պացիենտը նստած դիրքում է՝ հենված սեղանին։ Թոքամզային խոռոչից դրենավորվող հեղուկը լցվում է պարկի մեջ։

Երբ հեղուկի առկայությունը և տեղակայումը հաստատվում է, հետազոտելու համար վերցվում է այդ հեղուկի մի մասը[13]։ Այս պրոցեսը կոչվում է թորակոցենտեզ[14]։ Բժիշկը կրծքավանդակի պատում տեղադրում է փոքր ասեղ և խողովակ, որի միջոցով հեռացնում է հեղուկը[15]։

Թորակոցենտեզը կարող է իրականացվել բժշկի գրասենյակում կամ հիվանդանոցում։ Ասեղին ճիշտ ուղղություն տալու համար օգտագործվում է ուլտրաձայն։

Թորակոցենտեզը սովորաբար չի առաջացնում լուրջ բարդություններ։ Սովորաբար նրանից հետո իրականցվում է ռենտգեն հետազոտություն թոքերի վիճակը գնահատելու համար։ Հնարավոր բարդություններից են․

  • Ասեղի մտնելու տեղում արնահոսություն և վերք։ Հազվադեպ արնահոսությունը կարող է տեղի ունենալ թոքերի շուրջը։ Բժիշկը կարող է օգտագործել կրծքավանդակի խողովակը արյունը հեռացնելու համար։ Երբեմն լինում է վիրահատության անհրաժեշտություն։
  • Ասեղի մտնելու մասի վարակում
  • Լյարդի կամ փայծաղի վնասում
  • Ցավ
  • Պնևմոթորաքս և թոքի կոլապս։

Հեղուկը զննվում է մանրադիտակի տակ և գնահատվում է քիմիական նյութերի առկայությունը, դրա գույնն ու կազմությունը։ Հեղուկի պարզության աստիճանը թույլ է տալիս գնահատել վարակի առկայությունը։

Կենսազննում[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե կա տուբերկուլյոզի կամ քաղցկեղի կասկած, ապա վերցվում է պլևրայի փոքր կտոր, որը զննվում է մանրադիտակի տակ։ Սա կոչվում է կենսազննում։

Հյուսվածքի օրինակ վերցնելու մի քանի հասանելի տարբերակներ կան

  1. Ասեղի տեղադրում մաշկի միջով պլևրայի արտաքին շերտից մի մաս վերցնելու համար
  2. Փոքր խողովակի տեղադրում, որի ծայրին առկա է լույս (էնդոսկոպ) և դրա միջոցով հյուսվածքի փոքր կտորի քաղում
  3. Կրծքավանդակի վրա կատարված փոքր կտրվածքի միջով հյուսվածքի քաղում

Բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բուժումն ունի մի քանի նպատակ[11]

  • ախտանշանների բարելավում
  • հեղուկի կամ արյան հեռացում պլևրալ խոռոչից
  • հիմնական հիվանդության բուժում

Միջամտություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթե մեծ քանակությամբ հեղուկը, օդը կամ արյունը չհեռացվի պլևրալ խոռոչից, կարող է առաջանալ թոքի կոլապս։

Հեղուկը կարող է հեռացվել հետևյալ վիրաբուժական միջամտություններով․

  • Թորակոցենտեզ․ Բժիշկը կրծքավանդակի պատում տեղադրում է փոքր ասեղ և խողովակ, որի միջոցով հեռացնում է հեղուկը։ Մեկ միջամտության ընթացքում կարող է հեռացվել 1,5 լիտր և ավել քանակով հեղուկ։
  • Երբ անհրաժեշտություն է լինում ավելի մեծ քանակով հեղուկ հեռացնելու՝ տեղադրվում է խողովակ։ Բժիշկը ներարկում է տեղային ցավազրկող, ապա տեղադրվում է պլաստիկ խողովակ, որը միացվում է հեղուկը քաշող տարային։
  • Կրծքավանդակային խողովակը նույնպես օգտագործվում է հեղուկի հեռացման համար։ Սա կարող է տևել մի քանի օր։ Այդ ընթացքում հիվանդը, սովորաբար, մնում է հիվանդանոցում։
  • Երբեմն հեղուկը պարունակում է խիտ զանգված, արյան թրոմբեր։ Սա դժվարացնում է էքսուդատի դրենավորումը։ Բժիշկը կարող է ներմուծել որոշակի դեղորայք ֆիբրինոլիզի նպատակով։ Եթե դրանից հետո էլ թրոմբերը չեն լուծվում, ապա հնարավոր է լինի բաց վիրահատության անհրաժեշտություն։

Դեղորայք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլևրիտի ախտանշանների բարելավման համար օգտագործվում են մի քանի տիպի դեղորայք․

  • Պարացետամոլ կամ այլ հակաբորբորքային դեղեր՝ ցավի և բորբոքման նվազեցման համար։ Միայն ինդոմետացինն է ուսումնասիրվել պլևրիտի ժամանակ էֆեկտիվ լինելու առումով[16]։
  • Հազի համար կարող են օգտագործվել կոդեին պարունակող օշարակներ։

Կարող են օգտագործվել նաև կորտիկոստերոիդներ, տակրոլիմուս և մետոտրեքստատ։

Ապրելակերպի փոփոխություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հետևյալը կարող է լինել արդյունավետ պլևրիտի բուժման մեջ․

  • Ցավոտ կողմի վրա պառկելը կարող է ավելի հարմարավետ լինել
  • Խորը շնչելը և հազով խորխի հեռացումը կօգնի կանխարգելել թոքաբորբի զարգացումը
  • Հանգիստ

Պատճառի բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլևրիտի բուժման համար շատ կարևոր է հիմնական պատճառի բուժումը․

  • Եթե պլևրալ էքսուդատը վարակվում է, բուժումը ներառում է հակաբիոտիկներ և հեղուկի հեռացում։ Եթե վարակը տուբերկուլյոզն է կամ սունկը, ապա բուժումը ներառում է հակաբիոտիների և հակասնկային դեղմիջոցների երկարատև կիրառում։
  • Եթե պատճառը պլևրալ ուռուցքներն են, ապա հեղուկը կարող է շատ արագ նորից կուտակվել հեռացումից հետո։ Երբեմն հակաուռոււցքային դեղորայքի կուտակումը կարող է կանխարգելել հեղուկի կուտակումը։ Եթե բուժումը օգտակար չէ, կարող է կատարվել պլևրալ խոռոչի փակում։ Սա կոչվում է պլևրոդեզ, ինչի ընթացքում պլևրալ խոռոչ է լցվում հատուկ նյութ։
  • Ուռուցքների դեպքում կարող է օգտագործվել քիմիոթերապիա կամ ճառագայթային թերապիա։
  • Եթե պատճառը սրտային անբավարարությունն է, բուժումը ներառում է միզամուղներ և այլ դեղորայք։

Բուժումը կախված է հիմնական պատճառից և անհատական է[17]։ Պարացոտամոլը և ամոքսացիլինը հիմնական կիրառվող դեղորայքն են։ Ոչ ստերոիդային հակաբորբոքային դեղամիջոցները սովորաբար կիրառվում են ցավի կառավարման համար[18]։

Այլընտրանքային բուժում[խմբագրել | խմբագրել կոդը]

Որոշ այլընտրանքային և աջակցող դեղամիջոցներ են ուսումնասիրվում իրենց հակաբորբոքային հատկությունների համար։ Դեռևս չեն իրականացվել կլինիկական փորձեր։

Բրազիլական ավանդական դեղամիջոց Wilbrandia ebracteata -ի մզվածքը ցույց է տվել արդյունավետություն մկների մոտ[19][20]։

Կանխատեսում[խմբագրել | խմբագրել կոդը]

Պլևրիտը և թոքամզի այլ խանգարումներ կարող են բերել լուրջ հետևանքների։ Մեծ մասամբ պլևրիտի բուժումը հաջողությամբ է ավարտվում, սակայն չբուժված մնալու դեպքում այն կարող է բերել ծանր բարդությունների։ Օրինակ՝ կարող է առաջանալ թոքային սիրտ, ինչը կարող է բերել սրտային անբավարարության։ Եթե պլևրիտի պատճառ հանդիսացող հիվանդությունները հայտնաբերվել են ճիշտ ժամանակին և ստացել համապատասխան բուժում, ապա պլևրիտը բուժվում է ամբողջությամբ և առանց հետևանքների։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «What Are Pleurisy and Other Pleural Disorders?». NHLBI. 2011 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  2. 2,0 2,1 «What Are the Signs and Symptoms of Pleurisy and Other Pleural Disorders». NHLBI. 2011 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  3. 3,0 3,1 3,2 «What Causes Pleurisy and Other Pleural Disorders?». NHLBI. 2011 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 8-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  4. 4,0 4,1 4,2 Ferri, Fred F. (2016). Ferri's Clinical Advisor 2017: 5 Books in 1 (անգլերեն). Elsevier Health Sciences. էջ 981. ISBN 9780323448383. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. Kass, SM; Williams, PM; Reamy, BV (2007 թ․ մայիսի 1). «Pleurisy». American Family Physician. 75 (9): 1357–64. PMID 17508531.
  6. «How Are Pleurisy and Other Pleural Disorders Treated?». NHLBI. 2011 թ․ սեպտեմբերի 21. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 1-ին.
  7. 7,0 7,1 Disease & Drug Consult: Respiratory Disorders (անգլերեն). Lippincott Williams & Wilkins. 2012. էջ Pleurisy. ISBN 9781451151947. Արխիվացված օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 3-ին.
  8. «The Lung Center: Understanding Pleurisy» (PDF). An online information portal for the community. The Lung Center, New Deli, India. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2012 թ․ սեպտեմբերի 1-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 22-ին.
  9. Beth Walsh, MA. Pleurisy (pleuritis). Արխիվացված 9 Փետրվար 2013 Wayback Machine
  10. 10,0 10,1 Ferri, Fred F. Ferri's Clinical Advisor 2012. Philadelphia, PA: Elsevier Mosby, 2012, P. 790.
  11. 11,0 11,1 11,2 11,3 Sara M. Kass, CDR, MC, USN, Pamela M. Williams, MAJ, USAF, MC, and Brian V. Reamy, COL, USAF, MC, Uniformed Services University of the Health Sciences, Bethesda, Maryland. Pleurisy. American Family Physician. 2007, 1 May; 75(9):1357–1364. Արխիվացված 14 Փետրվար 2015 Wayback MachinePDF Արխիվացված 31 Հունվար 2016 Wayback Machine
  12. Maskell, Nick, and Ann Millar. Oxford Desk Reference. Oxford: Oxford University Press, 2009. Chapter 14. Pleural Disease. PDF Արխիվացված 8 Հոկտեմբեր 2013 Wayback Machine
  13. Raed A. Dweik. Cleveland Clinic Center for Continuous Education: Pleural Disease. Արխիվացված 8 Մայիս 2013 Wayback Machine
  14. Light, R.W. Diagnostic principles in pleural disease. European Respiratory Journal, 1997 Feb; 10(2): 476–81.[1]
  15. Sahn, Steven A. Pleural Disease. Philadelphia: Saunders, 2006.
  16. Klein RC (October 1984). «Effects of indomethacin on pleural pain». South. Med. J. 77 (10): 1253–4. doi:10.1097/00007611-198410000-00011. PMID 6207594.
  17. Fishman, Alfred P., and Jack A. Elias. Fishman's Pulmonary Diseases and Disorders. New York: McGraw-Hill, Health Professions Division, 1997.
  18. Sara M. Kass, CDR, MC, USN, Pamela M. Williams, MAJ, USAF, MC, and Brian V. Reamy, COL, USAF, MC, Uniformed Services University of the Health Sciences, Bethesda, Maryland. Pleurisy. American Family Physician. 2007, 1 May; 75(9):1357–1364. Արխիվացված 14 Փետրվար 2015 Wayback MachinePDF Արխիվացված 31 Հունվար 2016 Wayback Machine
  19. Peters RR, Saleh TF, Lora M, և այլք: (1999). «Anti-inflammatory effects of the products from Wilbrandia ebracteata on carrageenan-induced pleurisy in mice». Life Sci. 64 (26): 2429–37. doi:10.1016/S0024-3205(99)00200-3. PMID 10403502.
  20. Siqueira JM, Peters RR, Gazola AC, և այլք: (March 2007). «Anti-inflammatory effects of a triterpenoid isolated from Wilbrandia ebracteata Cogn». Life Sci. 80 (15): 1382–7. doi:10.1016/j.lfs.2006.12.021. PMID 17286991.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Пилипчук В.Н., Сердюк Т.М., Бережной А.Б. Поликлиническая пульмонология։ Руководство для врачей. - К.։ Генеза, 2000. – С. 83-85.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոքամզի բորբոքում» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 213