Թուրք-պարսկական պատերազմ (1821-1823)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թուրք-պարսկական պատերազմ
1821-1823
Թուրք-պարսկական պատերազմներ
A Persian Cavalier smoking (Letters from the Caucasus and Georgia).jpg
Թվական 1821-1823
Վայր Արևմտյան Հայաստան, Միջագետք
Պատճառ Հունաստանի անկախության պատերազմ
Արդյունք Պարսիկների հաղթանակ[1]
Էրզրումի պայմանագիր
Տարածքային
փոփոխություններ
նախապատերազմական սահմանների ճանաչում
Հակառակորդներ
ԻրանԻրան Օսմանյան կայսրությունՕսմանյան կայսրություն
Հրամանատարներ
ԻրանՖաթհ-Ալի շահ Օսմանյան կայսրությունՄահմուդ II

Թուրք-պարսկական պատերազմ, 1821-1823 թվականներին տեղի ունեցած ռազմական գործողություն Արևմտյան Հայաստանի, Միջագետքի և Հյուսիսարևմտյան Իրանի տարածքում՝ Օսմանյան կայսրության և Ղաջարական Իրանի միջև[2]: Հայտնի է որպես «թուրք-պարսկական վերջին պատերազմ»[3]:

Պատերազմի պատճառը թուրք-պարսկական դարավոր հակամարտությունն էր: Սեֆյան Իրանի հիմնադրման պահից՝ 16-րդ դարի սկզբից, թուրքերը սկսել էին նվաճումներ իրականացնել Միջագետքում, Փոքր Ասիայում և Հայկական լեռնաշխարհում՝ բախվելով Սեֆյաններին[4]: Օսմանյան կայսրությունը մշտապես ցանկացել է ընդլայնվել Իրանի տարածքների հաշվին՝ աջակցություն ստանալով հյուսիսարևմտյան գավառներում բնակվող թյուրքալեզու ղզլբաշներից: 18-րդ դարում ունենալով դինաստիական փոփոխություն՝ Իրանը դարձյալ մնում է Թուրքիայի հետաքրքրության շրջանում: Դարավերջին Իրանում գահ են բարձրանում Ղաջարիները, որոնք Իրանի տարածքային հզորացման սեփական ծրագիրն ունեին: Պարսիկները երկու անգամ պարտվում են ռուսներին (1796, 1804-1813), և ուժեր են կուտակում՝ թուրքերի դեմ պատերազմ վարելու նպատակով: Ռազմական գործողություններում առանձնապես ակտիվ էր պարսից թագաժառանգ Աբբաս-Միրզան՝ Ֆաթհ Ալի շահի որդին[5]:

Պատերազմի առիթը եղել է մեկ այլ ռազմական գործողություն, որը մղվում էր Հունաստանի անկախության համար (1821-1829): Օսմանյան կայսրությունը, 15-րդ դարում նվաճելով հարավարևելյան Եվրոպան (Բալկանյան թերակղզի) և օղակելով Սև ծովը, անհանգստություն էր պատճառում եվրոպական խոշոր տերություններին՝ Ավստրիային, Ռեչ Պոսպոլիտային (Լեհաստան) և Ռուսաստանին[6]: Բացի այդ, փակելով միջազգային առևտրի ուղին (Մետաքսի մեծ ճանապարհ), թուրքերն իրենց դեմ էին հանել նաև Անգլիային, Ֆրանսիային և որոշ փոքր պետությունների, որոնք աշխույժ առևտուր էին կատարում Հնդկաստանի և Չինաստանի հետ: Այդ պատճառներով եվրոպական երկրները պարբերաբար օգնում էին Բալկանյան թերակղզու քրիստոնեադավան ազգերին՝ պայքարելու թուրքական լծի դեմ: Իրավիճակն ավելի սրվեց, երբ Օսմանյան կայսրությունը սկսեց թուլանալ. Նապոլեոն Բոնապարտի ներխուժումը Եգիպտոս (1798-1801), անգլիացիների հաղթանակը Էգեյան և Միջերկրական ծովերում (1807-1809), ռուսների հերթական հաղթանակը Կովկասում և Բալկանյան թերակղզում (1806-1812) և այլ իրադարձություններ քաջալերեցին հույներին՝ անկախության պատերազմ սկսել թուրքերի դեմ[7]: Հույներին աջակցեցին եվրոպական տերությունները, որոնցից Ռուսաստանը հրահրեց թուրք-պարսկական մի նոր պատերազմ՝ օսմանյան բանակին ստիպելով կռվել երկու ճակատներում[8]:

Պատերազմն ավարտվել է 1823 թվականին Պարսկաստանի հաղթանակով։ Հուլիսի 28-ին պատմական Հայաստանի Էրզրում (Կարին) քաղաքում կնքվեց հաշտության պայմանագիր, որով երկու կողմերը առանց տարածքային փոփոխությունների ճանաչեցին 1639 թվականին կնքված Ղասրե Շիրինի պայմանագիրը: Բացի այդ, իրանցի ուխտավորներին հնարավորություն տրվեց անխափան այցելել շիական օսմանահպատակ սրբավայրեր[9]:

Նախադրյալներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուս-պարսկական պատերազմից հետո (1804-1813) պարսիկները կորցրել էին վերահսկողությունն ամբողջ Կովկասում: Միևնույն ժամանակ Արևելյան Հայաստանի և Ատրպատականի խանությունների թյուրքալեզու ղեկավարները, մյուս խաների բախտին չարժանանալու համար, համագործակցության եզրեր էին փնտրում Օսմանյան կայսրության հետ:

1816 թվականին Բաղդադի փաշայության ղեկավար է նշանակվում մուսուլմանացած վրացի Դաուդ փաշան[10]: Նրա օրոք ապստամբություն է սկսում վարչական միավորի հյուսիսային՝ քրդերով բնակեցված շրջաններում: Քրդերը, ոգևորվելով իրանցի հայրենակիցների ստեղծած Արդալանի իշխանությամբ (1169–1867), իրենց հռչակում են Իրանի շահի վասալ: 1818-1819 թվականներին Դաուդ փաշան Սուլեյմանիեի կառավարիչ է նշանակում իր բարեկամին, սակայն հաջողության չի հասնում քրդերին ճնշելու հարցում: Ստամբուլի իշխանությունների առաջ Դաուդ փաշան արդարանում է՝ մեղադրելով բրիտանացիներին և Օստ-հնդկական ընկերությանը[11], որը փորձում էր հաստատվել Պարսից ծոցում: Բրիտանացիներին քշելով Միջագետքից՝ նա անցնում է քրդերի ճնշմանը: Վերջիններս զինակցում էին շիական սրբավայրերի՝ Քերբելայի և Նաջաֆի պարսիկ հոգևորականության հետ:

Լարվածություն էր ստեղծվել պարսկա-թուրքական սահմանի ամբողջ երկայնքով, որը, որոշ կարճատև ընդմիջումներով, հիմնականում չէր փոփոխվել 1639 թվականից ի վեր: Օգտագործելով Հունաստանի անկախության պատերազմը որպես առիթ՝ թագաժառանգ Աբբաս Միրզան պատերազմ է սկսում Օսմանյան կայսրության դեմ[12]:

Ռազմական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Էրզրում (Կարին)

Պարսից թագաժառանգ Աբբաս Միրզան, Ռուսական կայսրության նախաձեռնությամբ, ներխուժեց Արևմտյան Հայաստան եւ Իրանական Ադրբեջանին շրջապատող տարածքներ[13]: Ֆաթհ Ալի շահի մյուս որդի Մուհամմադ Ալի Միրզայի զորքը մտնում է Միջագետք և Բաղդադում պարտության մատնում Դաուդ փաշային[14]: Պարսիկներին աջակցություն են ցույց տալիս Միջագետքի հարավում (Խուզեսթան) բնակվող արաբները, որոնք ձգտում էին ազատվել օսմանյան իշխանությունից: Էրզրումի փաշան իր մոտ ռազմական ծառայության էր վերցրել ազարի թյուրքախոս երկու ցեղերի, ինչը լրացուցիչ լարվածություն է մտցնում: Հունաստանի պատերազմով զբաղված օսմանյան զորքը լուրջ դիմադրություն չի կարողանում ցույց տալ Աբբաս Միրզային, ով բանակում է Վանա լճի ափին, ապա և շարունակում է հարձակումը և նվաճում Բայազետի բերդը[15]: 1821 թվականին հասնում Արևմտյան Հայաստանի խոշորագույն քաղաքի՝ Էրզրումի մատույցների մոտ:

30 հազարանոց բանակով բանակելով Էրզրումի մոտ՝ Աբբաս Միրզան հանդիպում է օսմանյան 52 հազարանոց զորքին: Էրզրումի ճակատամարտն ավարտվում է պարսիկների հաղթանակով: Որոշ ժամանակ անց հենց այստեղ էլ կնքվում է Էրզրումի հաշտության պայմանագիրը[16]:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Farmanfarmaian, Roxane (30 January 2008). War and Peace in Qajar Persia: Implications Past and Present. Routledge. pp. 88–97. ISBN 9781134103089.
  2. Sicker, Martin (2001). The Islamic World in Decline: From the Treaty of Karlowitz to the Disintegration of the Ottoman Empire. Praeger.
  3. Լ. Մկրտումյան, Անգլո-ռուսական մրցակցությունը և թուրք-պարսկական վերջին պատերազմը
  4. The Editors of Encyclopaedia Britannica, Ṣafavid dynasty
  5. Stewen R. Ward. "Immortal. A military history of Iran and Its Armed Forces".
  6. Şahin, Kaya (2013). Empire and Power in the reign of Süleyman: Narrating the Sixteenth-Century Ottoman World. Cambridge University Press. pp. 4–5. ISBN 978-1-107-03442-6.
  7. Sowards, Steven (14 June 1999). "Twenty-five Lectures on Modern Balkan History: The Greek Revolution and the Greek State." Michigan State University.
  8. Encyclopedia of the Modern Middle East and North Africa, Turko–Iranian War (1821–1823)
  9. A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle, Vol.III, ed. Spencer C. Tucker, 1140.
  10. Abdallah Shalaby; Salah al Din al Jurshi; Mostafa El Nabarawy; Moheb Zaki; Qays Jawad Azzawi; Antoine Nasri Messarra (2010). Towards a Better Life: How to Improve the State of Democracy in the Middle East and North Africa. GPoT. p. 123. ISBN 978-605-4233-21-2.
  11. Ismael, T.Y. 2008. The Rise and Fall of the Communist Party of Iraq. Cambridge, UK: Cambridge University Press.
  12. R. Ernest Dupuy and Trevor N. Dupuy, The Harper Encyclopedia of Military History, 4th edition, (HarperCollins Publishers, 1993), 853.
  13. Tucker, Spencer C., ed. (2010). A Global Chronology of Conflict: From the Ancient World to the Modern Middle. III. ABC-CLIO.
  14. Ward, Steven R. (2009). Immortal: A Military History of Iran and Its Armed Forces. Georgetown University Press.
  15. Ասպետ Մանճիկեան, «Հայաստան. արմատներ և ազգագրական առանձնահատկություններ. Պայազիտ»
  16. ناسخ‌التواریخ، محمدتقی لسان‌الملک سپهر