Թուխնակալի մելիքական ապարանք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թուխնակալի մելիքական ապարանք
Ներկա վիճակԿիսավեր

Թուխնակալի մելիքական ապարանքի ավերակները գտնվում են Արցախ Ասկերանի շրջանի Թուխնակալ գյուղատեղում, մեղմ թեքությամբ լեռնալանջի վրա։ Ավետարանոց գյուղի և Ղևոնդանց անապատ կամ Ղոնդիկ անունով հայտնի ուշ միջնադարյան վանքի մերձակայքում տարածված Թուխնակալը Վարանդա գավառի լքված բնակավայրերից է, սակայն նրա մասին որևէ գրավոր հիշատակություն մեզ հայտնի չէ։ Հնավայրում պահպանված ապարանքը ևս երկրամասին վերաբերող տեղագրական երկերում չի հիշվում։

Վկայագրերից մեկը նույն գավառի Խունշինակ գյուղի Սբ. Աստվածածին եկեղեցու շինարարական արձանագրությունն է.

«Ի ՌՅԹ (1860)... կառուցաւ եկեղեցիս...արդեամբք և ծախիւք Շուշի քաղքցի բարեպաշտօն ազնուազգի աղա Հայրապետ բէկ Դօլուխանեանց ի յիշատակ հոգւոյ իւրոյ և ամուսնոյննիւրոյ Բակումայ Մէլիք Բէկլարեանց և ... հօրն Բաղդասար բէկի...»:

Երկրորդը նույն՝ 1860 թվականին Գյուլիստան գավառի Վերիշեն գյուղում գտնված մի վկայական է, որը պատմում է այստեղ հաստատված Մելիք-Շահնազարյան տոհմից մի ոմն «Բէկլար բէկ Մէլիք Շահնազար Շահփուրեանցի» նախնիների երբեմնի իրավունքների մասին՝ ստորագրված առաջինը. «Մուսայէլ Դօլուխանեանց»։

Դժվար չէ կռահել, որ հզոր ու նշանավոր Մելիք-Շահնազարյանների ոստան Ավետարանոցից ոչ հեռու գտնվող այս ապարանքի տերերը շատ համեստ ու աննշան դեր են ունեցել գավառի վերջին դարերի կյանքում, քանզի Մելիք-Դոլուխանյան տոհմի հետ կապված որևէ հիշարժան դեմք ու դեպք չի գտել ապարանքների շինարարության ամենաբեղուն շրջանին՝ 18-րդ դարին վերաբեող հարուստ սկզբնաղբյուրներում և պատմական երկերում։

Այս մասին է վկայում նաև դարի վերջերին խիստ բնորոշ նկարագրով, սակայն համեմատաբար համեստ չափերով ու ճարտարապետությամբ առանձնացող ապարանքը։

Հարավ-արևելահայաց լանջի վրա կառուցված ապարանքի մեզ հասած շինությունները ընդհանուր հատակագծում հյուսիսից-հարավ ձգված մեկ ուղղակյուն ամբողջություն են կազմում (11,3×17,4 մետր) և ետնապատով հպված են լանջին, իսկ գլխավոր՝ հարավային ճակատով ուղղված են արևելք։ Հորինվածքի կենտրոնում գլխատունն է՝ նախամուտք-պատշգամբով, երկու կողքին՝ դրանց ընդհանուր երկարության չափով ձգված մեկական դահլիճ։ Ընդ որում, գլխատունն ու հյուսիսակողմյան դահլիճը մի հարթության վրա են և մուտք ունեն նախասրահից, իսկ լանջի թեքության պատճառով ցածրադիր մյուս դահլիճի մուտքը բակից է։

Գլխատունը հատակագծում քառակուսի դահլիճ է (ներքուստ՝ 6,2×6,3 մետր)՝ քարաշեն, երդիկակիր գոցվող թաղերով կազմված գմբեթածածկով։

Այստեղ մեծ հետաքրքրություն են ներկայացնում հարավային պատում թողնված երկու փոքրիկ պատուհանները, որոնց բացվածքները արտաքուստ բացվում են կից դահլիճի տանիքից վեր, իսկ ներքուստ շեշտակի լայնացված են և վերին մասով խորանում են թաղի զանգվածի մեջ։

Պատուհանների միջև օջախ-բուխարին է, իսկ մյուս կողմում՝ մեկական պահարանախորշեր, ինչպիսի երեքն էլ կան մուտքի դիմացի պատում։ Գլխատան արևելյան պատին՝ նախասրահում պահպանված երկուբխորշերն ու թաղի մնացորդը վկայում են, որ այն քարաշեն ծածկ է ունեցել և, ըստ այդմ, չպահպանված երկկամար լուծումով։

Նախասրահի աջակողմյան ընդարձակ ու թաղածածկ դահլիճը (ներքուստ՝ 3,65×9,75 մետր) այժմ կիսավեր է. բացակայում են հյուսիսային և արևմտյան պատերն ու ծածկի մեծ մասը։ Այստեղ, խորքի պատի մեջտեղում լայն բացվածքով բուխարին է՝ երկու կողմերի կամարախորշերով, իսկ գլխատան ու նախասրահի հետ ընդհանուր երկայնական պատում մուտքի շարունակությունը կազմող յոթ խորշերի շարքն է։

Նախասրահով կապված գլխատունն ու դահլիճը մելիքական տան բնակելի մասն են կազմել, իսկ մյուս՝ ցածրադիր կողմի ավելի ընդարձակ (ներքուստ՝ 4,0×9,75 մետր) դահլիճն իր տեղադիրքով, ցածրիկ թաղածածկով, մեկուսի մուտքով ու ներքին պահարանախորշերի և բուխարու բացակայությամբ, ըստ երևույթին օժանդակ-տնտեսական նշանակություն է ունեցել։

Շինությունների այս խմբից փոքր-ինչ հեռու, հյուսիսային կողմում սրանց զուգահեռ պահպանվել է մեկուսի կանգնած մի երկարավուն, թաղածածկ շենք, սակայն առկա նյութերը հնարավորություն չեն տալիս որոշակիորեն ասելու, թե դրանք ինչքանով և ինչպես են կապված եղել։ Պարզ չէ նաև ապարանքի նախնական հատակագծային հորինվածքի ամբողջ պատկերը՝ մասնավորապես պարսպապատերի առկայությունն ու դրանց մոտակա տեղը։

Ապարանքը կառուցված է հիմնականում կոպտատաշ ու ճեղքված քարից, բացվածքների եզրամասերն ու կամարները շարված են սրբատաշով։

Թուխնակալի մելիքական տունը 18-րդ դարի պալատաշինության ևս մեկ օրինակ է և անպաճույճ ճարտարապետությամբ լրացնում-հարստացնում է բնագավառի պատմությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Ա. Ղուլյան, Արցախի և Սյունիքի մելիքական ապարանքները, էջ 106-107։
  2. Մ. Բարխուդարեանց, Արցախ, էջ 118-119։
  3. Շ. Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի հուշարձանները, էջ 169։