Թորթումի գավառակ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թորթում (այլ կիրառումներ)
| Գավառակ | ||
|---|---|---|
| Թորթում | ||
| 40°17′48.91″N 41°33′3.02″E / 40.2969194°N 41.5508389°E | ||
| Վարչական տարածք | Արևմտյան Հայաստան | |
| Վիլայեթ | Էրզրումի վիլայեթ | |
| Գավառ | Էրզրումի գավառ | |
| Այլ անվանումներ | Թորդոմ, Թորդում, Թորթոմ, Իշխանիսիտի ձոր, Տորտում | |
| Պաշտոնական լեզու | Հայերեն | |
| Բնակչություն | 52 591 մարդ (1891) | |
| Ազգային կազմ | Հայեր (մինչև Մեծ եղեռնը), այլք | |
| Կրոնական կազմ | Քրիստոնյա (մինչև Մեծ եղեռնը) | |
| Տեղաբնականուն | Թորթումցի | |
| Ժամային գոտի | UTC+3 | |
|
| ||
Թորթում, գավառակ Արևմտյան Հայաստանում, գավառակ Էրզրումի վիլայեթի Էրզրումի գավառում։ Գտնվում էր Էրզրումի գավառի հյուսիսարևելյան մասում՝ Թորթում գետի վրա։ Կենտրոնը Թորթում ավանն էր։
Գավառակն իր տարածքով մոտավորապես համապատասխանում է Տայք աշխարհի Ազորդացփոր և Ոքաղե գավառներին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Գավառակը գտնվում էր Թորթում գետի ու նրա վտակների ճյուղավորումների ավազանում և սահմանափակված էր Կարգաբազար ու Սևրի լեռնաշղթաների միջև գտնվող Թորթումի գոգավորությունով, որն ուներ 70 կմ երկարություն և 12-35 կմ լայնություն։ Տարածքում գտնվում են մի քանի լեռներ, որոնցից է Գուլիբաղդադը Անտիպոնտական լեռնահամակարգում[1]։
Թորթումի տարածքը լեռնային է՝ շրջապատված անտառներով։ Թորթում գետի միջին հոսանքի շրջանում ժամանակին ձևավորվել է Թորթումի լիճը։ Լճակի հյուսիսում գետն արտահոսում է և գոյացնում է ջրվեժ։ Թորթումի ջրվեժն ունի 70 մետր բարձրություն, իսկ նրանից թափվող ջրի շառաչյունը լսելի է 20 կմ հեռավորության վրա։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թուրքիայի հայահալած քաղաքականությունից զերծ չի մնացել նաև Թորթումի գավառը։ XIX դարում գավառակի հայ բնակչության զգալի մասը իսլամ է ընդունել։ 1915 թվականի Մեծ Եղեռնի ժամանակ գավառակը հայազրկվեց։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռուսական աղբյուրների համաձայն 1870-ական թվականներին Թորթումն ուներ 31 գյուղ՝ 16 722 բնակչով։ Ըստ Վ. Քիների 1891 թվականին ուներ 52 591 բնակիչ, որից 50 244-ը մուսուլմաններ։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության հիմնական զբաղմունքը այգեգործություն, անասնապահությունն ու երկրագործությունն էր։ Հացահատիկի մշակություն գրեթե չկար, քանի որ տարածքը գրեթե զուրկ էր հարթ և ընդարձակ դաշտերից։ Ձորահովիտներում և նախալեռներում տարածված էր այգեգործությունն ու պտղաբուծությունը։ Մշակում էին տանձի և խնձորի (սպտիակ և կարմրավուն գույնի) ամենաընտիր տեսակները, բալ, կեռաս, ծիրան, դեղձ, սալոր, թութ, ընկույզ։ Մրգերի մեծամասնությունը վաճառվում էր գավառակի մեջ։
Մշակում էին նաև բրինձ և բամբակ։ Անասնապահները պահում էին մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Ըստ ոչ լրիվ տվյալների 1890-ական թվականներին գավառակն ուներ 21 618 խոշոր և 72 087 մանր եղջերավոր անասուններ։
Պար և Ռաբատ գյուղերում արդյունահանվում էր կերակրի աղ։
Պատմամշակութային կառույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Թորթումը հարուստ է պատմական հուշարձաններով, որոնցից ամենանշանավորը Թորթում բերդն է։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]1909 թվականին ուներ 13 նահիրե (գյուղախումբ)։ Գավառակն ուներ 73 գյուղ, որից 13-ը հայաբնակ էին։ 1915 թվականի Մեծ եղեռնի նախօրյակին գավառակն ուներ 11 հայաբնակ գյուղ՝ 3000 բնակչով։
Հայաբնակ գյուղերն էին.[2]
| № | գյուղեր | բնակչություն |
|---|---|---|
| 1 | Ապռնես | 280 |
| 2 | Գորքեր | 89 |
| 3 | Խախու | 467 |
| 4 | Խասպերիկ | 104 |
| 5 | Կոչանս | 176 |
| 6 | Նորշեն | 300 |
| 7 | Շիփեք | 250 |
| 8 | Ռաբատ | 95 |
| 9 | Վախթիկանս | 80 |
| 10 | Քրընկոց | 60 |
| 11 | Քցխա | 800 |
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 1 [Ա-Գ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի համալսարանի հրատարակչություն», 1986, էջ 1005 — 992 էջ։
- ↑ «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ 2, էջ 476
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան» (5 հատորով), 1986-2001 թթ., Երևանի Համալսարանի հրատարակչություն
| Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 206)։ |
| ||||||||||||||
| ||||||||||||||||||||||
