Jump to content

Թխկի արծաթափայլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թխկի արծաթափայլ
Թխկի արծաթափայլ
Թխկի արծաթափայլ
Դասակարգում
Թագավորություն  Բույսեր (Plantae)
Տիպ/Բաժին Անոթավոր բույսեր (Tracheophytes)
Ենթատիպ Սերմնավոր բույսեր (Spermatophytes)
Կարգ Օճառածաղկավորներ (Sapindales)
Ընտանիք Օճառազգիներ (Sapindaceae)
Ենթաընտանիք Hippocastanoideae
Ցեղ Թխկի (Acer)
Տեսակ Թխկի արծաթափայլ (A. saccharum)
Միջազգային անվանում
Acer saccharum
Տարածվածություն և պահպանություն
Հատուկ պահպանության կարգավիճակ՝
Քիչ մտահոգող տեսակ

Տաքսոնի տարածվածությունը
Տաքսոնի տարածվածությունը

Թխկի արծաթափայլ (լատին․՝ Acer saccharum), թխկազգիների ընտանիքի, թխկի ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոշոր ծառ է, մինչև 40 մ բարձրությամբ և 1 -1,5 մ բնի տրամագծով։ Բնի և բազմամյա ճյուղերի կեղևը բաց մոխրագույն է, անջատվում է երկայնական շերտերով։ Սաղարթը լայն գլանաձև է, դեպի ցած կախված ճյուղերով։ Տերևները խոր կտրտված 5 բլթականի են, 8—14 սմ երկարությամբ և լայնությամբ, խոր կրկնակի կամ բլթակասղոցաեզր, սրածայր բլթակներով, ընդ որում միջին բլթակն իր հերթին կազմված է երկրորդ կարգի 3 բլթակներից, վերևից վառ կանաչ, ներքևից արծաթասպիտակ և կապտամոխրավուն, նոր բացված ժամանակ մազմզուկապատ են, իսկ այնուհետև՝ մերկ, աշնանը՝ բաց դեղնավուն։ Տերևակոթուններն ունեն 8—1 2 սմ երկարություն։ Ծաղիկները կարճ կոթունավոր են, կանաչավուն, առանց պսակաթերթիկների, հայտնվում են մինչև տերևների բացվելը։ Բաժակը ձուլաթերթ է։ Երկթևիկները մազմզուկապատ են, 3,5—7 սմ երկարությամբ և մինչև 1,8 սմ լայնությամբ, թևիկները մանգաղաձև ծռված են։ Ծաղկում է չափազանց վաղ (բարենպաստ պայմանների դեպքում՝ փետրվար-մարտ ամիսներին, երբեմն՝ ապրիլին)։ Պտուղները հասունանում են մայիսին-հունիսին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է Հյուսիսային Ամերիկայում՝ Սենտ-Ջոն և Նյու-Բրանսուիկա գետերի հովիտներից մինչև հարավային Օնտարիո, ավելի հարավ՝ մինչև Ֆլորիդայի հյուսիսային շրջանները և արևմուտքում՝ մինչև Դակոտա և Նեբրասկա, Կանզաս և Արկանզաս։ Աճում է գետահովիտներում, ուռենիների, սև հացենու, սև կեչու, կարմիր և սև թխկիների ու սպիտակ ճահճային կաղնու հետ միասին։ Արմատային համակարգը հզոր է։ Խոնավասեր է։ Ապրում է 80—100 տարի։ Հողմադիմացկուն չէ, հեշտությամբ է վարակվում սնկային հիվանդություններով։ Դիմացկուն է ծխի, գազերի, փոշու նկատմամբ։ Լավ է դիմանում մինչև -30 °C-ի սառնամանիքներին։ Ունի բազմաթիվ պարտիզային ձևեր, որոնք աչքի են ընկնում սաղարթի ձևով (ուղղաձիգ բարձրացող ճյուղերով, լացող), տերևների ձևով (խոր կտրատված, եռաբաժան, խոշոր բլթակավոր), տերևների գույնով (դեղնավուն, բացվելիս՝ դեղնանարնջագույն) և այլն։ Հաջողությամբ կարելի է օգտագործել մեր հանրապետության խոնավ շրջաններում, ստորին և միջին լեռնային գոտիներում (չոր շրջաններում կարելի է մշակել առատ ոռոգման դեպքում)։ Գեղեցիկ և շքեղ պարկային ծառատեսակ է։

Կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոլոգիական խումբը՝ VI: Մշակության հավանական շրջանները' 7—10, 12—14, 17-28, 31-32[1]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. 2, Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ 133։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի արծաթափայլ» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թխկի արծաթափայլ» հոդվածին։