Jump to content

Թիվ 5 ամրոց (թանգարան)

Թիվ 5 ամրոց
Ամրոցի աղյուսե պատը` հրակնատներով, քողարկման բուսծածկույթով և առվափոս խրամատով
Տեսակմշակութային ժառանգության օբյեկտ, ամրոց և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունԿալինինգրադ
54°45′9.43″N 20°26′35.19″E / 54.7526194°N 20.4431083°E / 54.7526194; 20.4431083
Քարտեզ
Քարտեզ

Թիվ 5 ամրոց կամ Ֆրիդրիխ Վիլհելմ III թագավորի ամրոց (գերմ.՝ Friedrich Wilhelm III), եվրոպական եզակի հուշարձան, թանգարան, բերդամրոց, Ռուսաստանի դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ[1][2][3]ː

Քյոնիգսբերգ քաղաքի (այժմ՝ Կալինինգրադ) Արևելյան Պրուսիայի նախկին ռազմական ֆորտիֆիկացիա, որը ծածկել է Պիլաու տանող մայրուղին[4]։ Պատկանում է «Քյոնիգսբերգի գիշերաշապիկ» կոչվող 12 հզոր ամրոցների օղակին և Քյոնիգսբերգի շրջակա պաշտպանական գոտու մի մասն է եղել[5]։

Այն կառուցվել է ֆրանկո-պրուսական պատերազմից հետո՝ 1878 թվականին, Ֆրանսիայի ստացած փոխհատուցման միջոցներով։ 1894 թվականին անվանակոչվել է Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ III-ի (1770-1848) պատվին, որի գահակալությունը (1797-1840) համընկել է Նապոլեոնի հետ Պրուսիայի համար պատերազմի տարիներին[6]։

1945 թվականի ապրիլի սկզբին այն գրավել են խորհրդային զորքերը, գերմանական կայազորը հանձնվել է, իսկ ամրոցն ինքը մեծապես վնասվել։ Պոտսդամի կոնֆերանսի որոշմամբ գերմանական Արևելյան Պրուսիա նահանգի հյուսիսային մասը՝ մայրաքաղաք Քյոնիգսբերգի հետ միասին փոխանցվել է Խորհրդային Միությանը[Ն 1]ː 1979 թվականից այն ունի Հայրենական մեծ պատերազմի պատմության թանգարանի կարգավիճակ։

2010 թվականից ի վեր, թիվ 5 ամրոցը Կալինինգրադի պատմաարվեստի թանգարանի առանձին ցուցահանդես է, տարածաշրջանի ամենահետաքրքիր տեսարժան վայրերից մեկըː Կալինինգրադի քիչ ամրոցներից է, որը հասանելի է այցելուների համար։ Կարելի է քայլել ամրոցի կամարների տակով, զննել դրա տարածքը, բակերը, ապաստարանները, դիտել «Քյոնիգսբերգի գրոհը» հազվագյուտ ռազմական լուսանկարների ցուցահանդեսը և այցելել Հայրենական մեծ պատերազմի զենքի բաց ցուցահանդես[8]։

Թիվ 5 ֆորտը ջրային խրամատով շրջապատված և քողարկող բուսածածկ գլխարկով

Թիվ 5 ամրոցը կառուցվել է 19-րդ դարի վերջին։ Ամրոցը աղյուսից և բետոնից կառուցված վեցանկյուն կառույց է` ճակատային մասում երկարավուն, կենտրոնական կառույցի չափսերն են 360×180 մետր[8]։ Շրջապատված է ջրային խրամատով, քարե պատով և հողե պարիսպով։ Պատերի հաստությունը մինչև 5 մետր է: Հողե պարիսպը շրջապատված է առվափոսերով և կրակակետերով` գնդացիրների, հրանետների, ականանետների և հրետանու համար[9]: Առվափոսի լայնությունը 20-25 մ է, խորությունը՝ 5 մ։ Ամրոցը հարակից տարածքի հետ կապող կամուրջը ծածկված էր բետոնե դօտով (այժմ ավերված է): Քողարկման նպատակներով ամրոցը տնկվել է ծառերով[8]:

Ամրոցում կառուցվել է զորանոցներ հետևակային վաշտի, հրետանային ջոկատի և սակրավորների խմբի համար։ 1886 թվականին ամրոցը լրացուցիչ ծածկվել է մոտ 2 մետր հաստությամբ երկաթբետոնով, և կառուցվել է դիտորդական պտտվող զրահապատ գմբեթ։ 1945 թվականի ապրիլի 9-ին Քյոնիգսբերգի վրա հարձակումից առաջ ամրոցը կանգուն, կայուն կառույց էր. ամրոցի կողքերին փորվել են լրացուցիչ հակատանկային խրամատներ, հագեցվել են խրամուղիները և հրետանային դիրքերը, տեղադրվել են հակատանկային արգելապատնեշներ, հարակից տարածքը շրջապատվել է փշալարերով և ականապատվել[10]:

Բերդի գերմանական կայազորն ունեցել է 350 զինվոր և սպա[8], հագեցած է եղել 8 թնդանոթով, 25 ականանետով, տարբեր տրամաչափի մինչև 50 գնդացիրով, 60 գնդացիրով և ավելի քան 200 հրացանով։ Ամրոցի կողերին կան երկու կազեմատներ (կիսակապոնիերներ), որոնցում անձնակազմը կարող էր ապաստան գտնել։

Քյոնիգսբերգի 12 հզոր ֆորտերի օղակում ֆորտերի միջև հեռավորությունը 2.5-3 կմ էր, ուստի տեսադաշտը լիովին ապահովված է եղել շրջակա տարածքի լիարժեք կրակային ծածկույթի համար։

Ամրոցի գրավման պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քյոնիգսբերգի վրա հարձակման ժամանակ թիվ 5 ամրոցը պաշտպանել է Ռաուշեն տանող մայրուղին և խոչընդոտ էր խորհրդային 43-րդ բանակի առաջխաղացումը։ Մարտի վերջից ի վեր գրոհային ստորաբաժանումները զորավարժություններ են անցկացրել հատուկ վարժանքների դաշտերում, որոնք մանրամասն մոդելավորված էին հարձակման գոտում թշնամու ամրությունների նանությամբ։ Մասնավորապես, Խորհրդային բանակի սակրավորները կառուցել էին թիվ 5 ամրոցի եռաչափ հողե մոդելը։

Հարձակման համար պատրաստվել են, հիմնականում, 263-րդ և 33-րդ գվարդիական հրաձգային դիվիզիաների զինվորները և սպաները, ովքեր խոշոր քաղաքներում փողոցային մարտեր վարելու փորձ ունեին. նրանք փորձված էին Ստալինգրադում, Սևաստոպոլում, Վիտեբսկում, ինչպես նաև դօտ (ամրակառույց կրակակետերի) վրա գրոհներում։ Մարտական փորձի փոխանակման համար կազմակերպված վարժանքներից բացի վետերաններն իրենց հմտություններն էին փոխանցում երիտասարդ մարտիկներին[11]ː

Ամրոցը հրետանային կրակով ոչնչացնելու առաջին փորձը խորհրդային զորքերը կատարել են 1945 թվականի ապրիլի 3-5-ը։ Սակայն ամրոցը դիմացել է հզոր հրանոթների կրակինː Հրետանային կրակով խարխլվել է ամրոցի հողե «գլխարկը», սակայն մոտ 90 ուղիղ նշանառությամբ հարված ստանալուց հետո ամրոցը միայն մասամբ է ավերվել. ընդամենը հատուկենտ ակնհայտ անցքեր և ճեղքեր են առաջացել[12]:

Ապրիլի 6-ից շարունակվել են հրետանային պատրաստությունները։ 235-րդ հրաձգային դիվիզիայի 801-րդ և 806-րդ հրաձգային գնդերի գրոհային ջոկատները, որոնք համալրված էին տանկերով, թնդանոթներով և ինքնագնաց հրետանային ստորաբաժանումներով, մոտեցել են ամրոցին։ 806-րդ հրաձգային գնդի 2-րդ հրաձգային վաշտի զինվորները մարտերով անցել են խրամատը և կրակի տակ գրավել են աջ թևում գտնվող կազեմատը։ Լեյտենանտ Միրզա Ջաբիևը և սերժանտ Ալեքսեյ Կոնդրուցկին Կարմիր դրոշ են բարձրացրել կազեմատի վրա[9]:

Սակայն դիմադրությունը շարունակվել է։ 126-րդ հրաձգային դիվիզիայի 550-րդ հրաձգային գունդը միացել է հարձակմանը, և այդպիսով ամրոցի պաշարումն ու հարձակումը շարունակել են` միմյանց հաջորդաբար փոխարինելով 732-րդ հրաձգային գնդի 1-ին և 550-րդ հրաձգային գնդի 2-րդ գումարտակները։ Հարձակման հրամանատարությունը վստահվել է ավագ լեյտենանտ Ռոման Ռ. Բաբուշկինին։ Թշնամու կրակի տակ սակրավորներին հաջողվել է պայթեցնել ձախ թևում գտնվող կազեմատը։ Մթնշաղին, սակրավորների մի խումբ (ավագ սերժանտ Պյոտոր Ի. Մերենկով, ավագ սերժանտ Գրիգորի Ա. Մալիգին, շարքային Վլադիմիր Կ. Պոլուպանով) իրականացրել է երկու նպատակային պայթյուն՝ ձեռքի տակ եղած ջրանցման միջոցները ջրի խրամատի մոտ իջեցնելը ապահովելու համար, ապա, խրամատի վրայով անցնելով, կազմակերպել է ամրոցի հատակադիր կապոնիեի պայթեցումը[9]:

Դրանից հետո գրոհային զորքերը կարողացել են անցնել խրամատը և ներխուժել առաջացած ճեղքվածքով։ Ամրոցի ներսում մարտը տևել է ամբողջ գիշեր՝ ապրիլի 7-8-ը, և միայն ապրիլի 8-ի առավոտյան գերմանական կայազորի մնացորդները հանձնվել են[9]: Այդ ժամանակ Քյոնիգսբերգ քաղաքի կենտրոնում արդեն մարտեր էին ընթանում։ Համեմատության համար, թիվ 5 ամրոցի վրա գրոհելու համար մոտ մեկ օր է պահանջվել, մինչդեռ խորհրդային գրոհային ստորաբաժանումները թիվ 6 և թիվ 7 ամրոցները գրավել են մի քանի ժամվա ընթացքում[12]: Խորհրդային տվյալների համաձայն՝ թշնամու ավելի քան 200 զինվոր և սպա է սպանվել, իսկ մոտ 100-ը՝ գերի է վերցվել[12]:

Խորհրդային Միության հերոսներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Հուշաքար Խորհրդային Միության հերոսների ցանկով

Թիվ 5 ամրոցի շրջափակման և գրավման համար տասնհինգ խորհրդային զինվորներ և սպաներ արժանացել են Խորհրդային Միության հերոսի կոչման[9]։

  1. ավագ լեյտենանտ Բաբուշկին Ռոման Ռոմանովիչ
  2. ավագ լեյտենանտ Նիրկով Գենադի Մատվեևիչ
  3. ավագ լեյտենանտ Իլյա Իվանովիչ Տկաչենկո
  4. լեյտենանտ Ջաբիև Միրզա Աղամուրադ օղլի
  5. լեյտենանտ Սիդորով Իվան Պրոխորովիչ
  6. կրտսեր լեյտենանտ Իշկինին Իշմայ Իշտուբաևիչ (Իշուբաևիչ հուշարձանի վրա)
  7. սերժանտ մայոր Մերենկով Պյոտր Իվանովիչ
  8. սերժանտ-մայոր Շուբին Ալեքսեյ Պետրովիչ
  9. ավագ սերժանտ Մալիգին Գրիգորի Ալեքսեևիչ
  10. սերժանտ Կոնդրուտսկի Ալեքսեյ Իվանովիչ
  11. սերժանտ Կուրասով Վասիլի Միխայլովիչ
  12. կրտսեր սերժանտ Սալամախա Անտոն Միխայլովիչ
  13. շարքային Դվորսկի Իվան Իվանովիչ
  14. շարքային Պոլուպանով Վլադիմիր Կոնստանտինովիչ
  15. շարքային Չիրկով Ֆեդոր Տիխոնովիչː

Հետպատերազմական վիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ 5 ամրոցը համարվել է գաղտնի օբյեկտ, բայց XX դարի սկզբին կորցրել է իր ռազմական նշանակությունը և հաճախ օգտագործվել է որպես տոնակատարությունների և հրավառության վայր[6]։ Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ սկսվեցին ամրաշինությունների վերակառուցումները։ 1945 թվականի գարնանը Քյոնիգսբերգի գրոհի ժամանակ №5 ամրոցը գտնվում էր Խորհրդային բանակի գլխավոր հարձակման գծում։ Այն համարվում էր Քյոնիգսբերգի ամբողջ դիրքի լավագույն ամրաշինությունը և ուժեղ դիմադրություն է ցուցաբերել։ Ամրոցի գրոհը տևել է երեք օր։ Այն ստացել է հարվածներ հսկայական 280 մմ հրետանային ականանետից և խիստ վնասվել է։ Ապրիլի 8-ին կայազորը հանձնվեց 43-րդ բանակի զորքերին։ Գրոհի ժամանակ ցուցաբերած քաջության համար 15 զինվորի շնորհվեցլ է Խորհրդային Միության հերոսի կոչում[6]։

Պատերազմից հետո սակրավորներն ամրոցի ձախ թևում պայթեցրել են շրջակա տարածքից հավաքված զինամթերքը։

Թանգարանի կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

1979 թվականից ամրոցն ունի Հայրենական մեծ պատերազմի պատմության թանգարանի կարգավիճակː 2001 թվականին թիվ 5 ամրոցի հիման վրա ստեղծվել է ֆորտիֆիկացիայի և ռազմական տեխնիկայի Կալինինգրադի ոչ պետական թանգարանը[13]։ 2010 թվականից այն Կալինինգրադի տարածաշրջանային պատմության և արվեստի թանգարանի մաս է կազմում։

2010 թվականից ի վեր ամրոցի մի մասը բաց է այցելուների համար, և ներսում կազմակերպված է հազվագյուտ ռազմական լուսանկարների ցուցահանդես՝ «Քյոնիգսբերգի գրոհը»[8] և «Ֆորտիֆիկացիայի ճարտարապետության հուշարձաններ»[6] խորագրերով: Թանգարանը Ռուսաստանի Դաշնային նշանակության մշակութային ժառանգության օբյեկտ է[2][3]։

Ամրոցի շրջակա տարածքում կա պատերազմի հուշարձան՝ ի հիշատակ Քյոնիսգբերիգի գրոհի ժամանակ զոհված խորհրդային զինվորների։ Խորհրդային Միության տասնհինգ հերոսների անունները անմահացված են հուշաքարի վրա[10]:

Կալինինգրադի տարածաշրջանային պատմաարվեստի թանգարանի բաց ցուցահանդեսը գտնվում է այստեղ[10]: Ամրոցում ցուցադրվում է զենքի հավաքածու[6]։ Պարսպի վրա ցուցադրված են խորհրդային զենքեր՝ հակատանկայինից մինչև թնդանոթներ, և մեկ «Կատյուշա»։ Կարելի է նաև տեսնել տորպեդներ, խորքային մարտական ռումբեր և տախտակամածային հրանոթ։

Ամրոցի մոտակայքում պարբերաբար անցկացվում են հարձակմանը նվիրված պատմական վերակառուցումներ[14]:

  1. «Համաժողովը քննարկեց Խորհրդային կառավարության առաջարկը, որ մինչև տարածքային հարցերի վերջնական լուծումը խաղաղ կարգավորման միջոցով, ԽՍՀՄ արևմտյան սահմանի Բալթիկ ծովին հարակից հատվածը պետք է անցնի Դանցիգյան ծոցի արևելյան ափի մի կետից դեպի արևելք՝ Բրաունսբերգ-Գոլդապի հյուսիսից մինչև Լիտվայի, Լեհաստանի Հանրապետության և Արևելյան Պրուսիայի սահմանների հատման կետը։ Համաժողովը սկզբունքորեն համաձայնվեց Խորհրդային կառավարության առաջարկին՝ Քյոնիգսբերգ քաղաքը և հարակից շրջանը Խորհրդային Միությանը փոխանցելու վերաբերյալ, ինչպես նկարագրված է վերևում։ Սակայն, ճշգրիտ սահմանը ենթակա է փորձագիտական ​​​​ուսումնասիրության։ ԱՄՆ նախագահը և Մեծ Բրիտանիայի վարչապետը հայտարարել են, որ կաջակցեն Համաժողովի այս առաջարկին առաջիկա խաղաղ կարգավորման գործընթացում»[7]ː Հետագայում սահմանային պայմանագրերը ստորագրելիս Քյոնիգսբերգի շրջանը լիովին ճանաչվել է որպես Խորհրդային Միության սեփականությունː

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Музей «Форт №5» | ГБУК «КОИХМ»» (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
  2. 1 2 «Карточка объекта из ЕГРОКН». ru-monuments.toolforge.org. Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
  3. 1 2 «Объект культурного наследия». ru-monuments.toolforge.org. Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
  4. «ВЭ/ВТ/Пиллау — Викитека». ru.wikisource.org (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
  5. «Оборонительные форты вокруг города Калининграда, фото описание | trek-life» (ռուսերեն). Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
  6. 1 2 3 4 5 «Fort №5 «King Frederick Wilhelm III»». russianmuseums.info. Վերցված է 2025 թ․ մայիսի 2-ին.
  7. Санакоев Ш. П., Цыбулевский Б. Л. (1970). «Тегеран – Ялта – Потсдам (Сборник документов). 2-е издание». Библиотека Михаила Грачёва. Издательство «Международные отношения». Արխիվացված օրիգինալից 2017 թ․ սեպտեմբերի 29-ին. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 28-ին.
  8. 1 2 3 4 5 «Музей "Форт № 5"». Музеи России. 2013 թ․ հոկտեմբերի 2. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 3-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  9. 1 2 3 4 5 «Военно-исторические экспозиции». Калининградский областной историко-художественный музей. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 22-ին. Վերցված է 2014 թ․ հունիսի 30-ին.
  10. 1 2 3 Денис Костоглодов. Сегодня для посетителей открывается Форт № 5. Archive copy Wayback Machine-ի միջոցով: Калининград.Ru (29.06.2010)
  11. Белобородов, 1984, էջ 330
  12. 1 2 3 Белобородов, 1984
  13. «О дополнении и частичном изменении постановления Совета Министров РСФСР от 30 августа 1960 г. N 1327 "О дальнейшем улучшении дела охраны памятников культуры в РСФСР" от 04 декабря 1974 - docs.cntd.ru». docs.cntd.ru. Վերցված է 2025 թ․ մայիսի 3-ին.
  14. В реконструкции штурма форта № 5 примут участие более 120 человек из трех стран. Archive copy Wayback Machine-ի միջոցով: Новый Калининград. Ru. 6 мая 2010.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուսումնասիրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակնարկներ և ուղեցույցներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատերազմական հուշագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թիվ 5 ամրոց (թանգարան)» հոդվածին։