Jump to content

Թթվային անձրև

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թթվային անձրև, մթնոլորտում արդյունաբերական արտանետումների (քլորաջրածին (HCl), ծծմբի (ՏO2) ու ազոտի երկօքսիդներ) և խոնավության փոխազդեցության հետևանքով հաճախ առաջանում են թթվային (թթու պարունակող) տեղումներ (անձրև, ձյուն

Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները, հողերը՝ հանգեցնելով ձկների և մյուս ջրային օրգանիզմների ոչնչացման, անտառների և մշակաբույսերի աճման կտրուկ նվազման և չորացման։ Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում կտրուկ մեծանում է մետաղների, մասնավորապես կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի և հատկապես ալյումինի պարունակությունը, որն արմատներով թափանցում Է ծառերի փայտանյութի մեջ և թունավորում կամ ոչնչացնում է բույսերը։ Թթվային անձրևները փոխում են բույսերի վիճակը՝ կախված դրանցում ջրածնի, ծծմբի, ազոտի կոնցենտրացիաներից։ Բույսերի տեսանելի վնասվածքները դիտվում են pH=2-3,6-ի, իսկ աճման խախտումները (առանց վնասվածքի նշանների)՝ pH=3,5-4-ի դեպքերում։ Թթվային անձրևների բացասական ազդեցությունն ուժեղանում է օդում ծանր մետաղների բարձր կոնցենտրացիայի առկայության դեպքում[1]։

Տերմինի պատմություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին անգամ թթվային անձրև տերմինը օգտագործել է անգլիացի գիտնական Ռոբերտ Սմիթը 1872 թվականին իր «Օդ և անձրև. քիմիական կլիմայագիտության սկիզբը» գրքում[2]։ Նրա ուշադրությունը գրավեց մի սմոգ Մանչեսթերում։ Թեև այդ ժամանակվա գիտնականները մերժել են թթվային անձրևների գոյության տեսությունը, այսօր ոչ ոք չի կասկածում, որ թթու անձրևները անտառների, մշակաբույսերի և բուսականության ոչնչացման պատճառներից մեկն են։ Բացի այդ թթվային անձրևները ոչնչացնում են շենքեր և հուշարձաններ, իջեցնում են հողի բերրիությունը և կարող են հողի շերտերում հանգեցնել թունավոր մետաղների արտահոսքի։

1883 թվականին շվեդ գիտնական Սվանտե Ավգուստ Արենիուսը գործածության մեջ դրեց երկու տերմիններ՝ թթուներ և հիմքեր։ Նա թթու կոչեց այն նյութը, որը, երբ լուծվում է ջրում, ցուցաբերում է ազատ ձևով դրական լիցքավորված ջրածնի իոններ։ Հիմք կոչեց այն նյութը, որը երբ լուծվում է ջրում, ձևավորում է ազատ բացասական լիցքավորված հիդրօքսիդ իոններ։

Էկոլոգիական և տնտեսական ազդեցություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թթվային անձրևների ազդեցությունները նկատվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Գերմանիայում, Չեխիայում, Սլովակիայում, Նիդերլանդներում, Շվեյցարիայում, Ավստրալիայում, Ռուսաստանի Դաշնությունում և շատ այլ երկրներում։ Թթվային անձրևները բացասական ազդեցություն ունեն լճերի, գետերի, ճահիճների վրա՝ դրանց թթվայնությունը հասցնելով այնպիսի մակարդակի, որ ոչնչացնում է ֆլորան և ֆաունան։

Գոյություն ունեն ջրում թթվային անձրևների ազդեցության երեք փուլեր։ Ջրում թթվայնության աճի հետ (PH-7) ջրային բույսերն սկսում են ոչնչանալ՝ զրկելով այլ կենդանիներին սննդից, նվազում է թթվածնի քանակը ջրում, ջրիմուռները սկսում են ծաղկել (շագանակագույն, կանաչ)։ Առաջին փուլում նկատվում է ջրամբարի ճահճացում (Էֆտրոֆիկացիա

Երկրորդ փուլում թթվայնությունը դառնում է PH-5,5, ստորին շերտի բակտերիաները ոչնչանում են, այնուհետև ոչնչանում է պլանկտոնը։

Երրորդ փուլ՝ թթվայնությունը հասնում է PH-4,5, ոչնչանում են բոլոր ձկները, գորտերը, միջատները։ Թթվային անձրևների ազդեցության դադարեցման դեպքում առաջին և երկրորդ փուլերը շրջելի են։

Թթվային անձրևները վնասակար են ոչ միայն ջրային ֆլորայի և ֆաունայի համար, այլև դրանք մեծ վնաս են հասցնում նաև բուսականությանը։ Ըստ մի ուսումնասիրության գնահատման՝ Միացյալ Նահանգներում թթվային անձրևների պատճառով տնտեսական կորուստներն արևելյան ափին տարեկան կազմում են 13 միլիոն դոլար և դարի ավարտին կորուստների թիվը կարող է հասնել 1.750 միլիարդ դոլար անտառներից, 8.300 միլիարդ դոլար մշակաբույսերի կորստից (միայն Օհայո գետի ավազանում), իսկ Մինեսոտա նահանգում 40 միլիոն դոլարի բժշկական կորուստներ։ Ըստ բազմաթիվ փորձագետների՝ ստեղծված իրավիճակը փոխելու միակ ճանապարհը մթնոլորտում վնասակար արտանետումների քանակի նվազեցումն է։

Թթվային անձրևները թթվեցնում են ջրային ավազանները և հողերը, որի հետևանքով ոչնչանում են ջրային օրգանիզմները, վնասվում կամ չորանում են բույսերն ու ծառատեսակները։ Թթվային անձրևների ազդեցությամբ ստորերկրյա ջրերում մեծանում է մետաղների, օրինակ՝ կապարի, պղնձի, ցինկի, կադմիումի, ալյումինի պարունակությունը, որոնք արմատների միջոցով ներծծվում ու վնասում են բույսերը։

Թթվային անձրևներից խուսափելու ամենահուսալի միջոցը մթնոլորտը չաղտոտելն է, քանի որ մթնոլորտ արտանետված նյութը նորից որսալ անհնար է։ Դրա համար պետք է արտանետվող գազերն առավելագույնս զտվեն, ավտոմեքենաների համար ստեղծվեն վառելիքի այնպիսի տեսակներ, որոնք վնասակար նյութեր չեն պարունակում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայաստանի բնաշխարհ, 2006 թ, էջ 598
  2. «Экологические проблемы человечества». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 9-ին. Վերցված է 2014 թ․ նոյեմբերի 24-ին.