Jump to content

Թթվածնային դիմակ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թթվածնային դիմակ կրող կին

Թթվածնային դիմակ, շնչառական գազի, մասնավորապես՝ թթվածնի աղբյուրից դեպի մարդու թոքեր թթվածին մատակարարելու համար նախատեսված դիմակ։ Այն կարող է ծածկել միայն քիթն ու բերանը կամ ամբողջ դեմքը։ Թթվածնային դիմակները պատրաստվում են հիմնականում պլաստիկ, սիլիկոնից կամ ռետինից։ Որոշ դեպքերում դիմակի փոխարեն թթվածինը մատակարարվում է քթային կանյուլայով։

Թթվածնային դիմակներն օգտագործվում են բժշկության, ավիացիայի, ստորջրյա աշխատանքների, բարձրալեռնային արշավների և այլ պայմաններում, երբ անհրաժեշտ է լրացուցիչ թթվածնի կամ այլ շնչառական գազի մատակարարում։

Բժշկական կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Շնչառական թերապիայի տարբեր սարքեր

Բժշկական պլաստիկ թթվածնային դիմակներն օգտագործվում են հիմնականում թթվածնաբուժության ժամանակ։ Դրանք սովորաբար մեկանգամյա օգտագործման են, ինչը նվազեցնում է մաքրման անհրաժեշտությունն ու վարակների փոխանցման վտանգը։

Դիմակները սովորաբար թեթև են և ամրացվում են գլխի շուրջը ձգվող ժապավենով կամ ականջակապերով։ Թափանցիկ նյութը բուժաշխատողներին հնարավորություն է տալիս հետևելու հիվանդի դեմքի վիճակին։ Մատակարարվող թթվածնի կոնցենտրացիան կախված է դիմակի կառուցվածքից և թթվածնի հոսքի եղանակից։

Սիլիկոնե և ռետինե դիմակներն ավելի ծանր են, սակայն կարող են ավելի լավ հերմետիկացում ապահովել։ Դրանք օգտագործվում են երկարատև թթվածնամատակարարման, հիպերբարիկ բժշկության, ինչպես նաև այնպիսի վիճակների բուժման ժամանակ, ինչպիսիք են ածխածնի մոնօքսիդով թունավորումը և դեկոմպրեսիոն հիվանդությունը[1]։

Թթվածնի աղբյուրը դիմակին միացվում է խողովակով։ Մատակարարվող թթվածնի քանակը կարգավորվում է ճնշման կարգավորիչով։ Որոշ դիմակներ ունեն նաև պլաստիկից կամ ռետինից պատրաստված պահեստային պարկ, որտեղ կուտակվում է թթվածինը և ներշնչման ժամանակ ապահովվում է ավելի մեծ հոսք։

Հերմետիկ դիմակների ներսում կարող են լինել փականներ, որոնք կարգավորում են ներշնչվող և արտաշնչվող գազերի հոսքը և նվազեցնում արդեն արտաշնչված գազի կրկնակի ներշնչումը։

T-37 ինքնաթիռի օդաչուն թթվածնային դիմակով

Բարձր թռիչքային բարձրություններում օդի ճնշման և թթվածնի մասնակի ճնշման նվազման պատճառով օդաչուներին և անձնակազմին կարող է անհրաժեշտ լինել լրացուցիչ թթվածին։ Ավիացիայում օգտագործվում են շարունակական հոսքով, պահանջով նոսրացվող և ճնշմամբ պահանջային համակարգեր[2]։

Շարունակական հոսքով համակարգում թթվածինը մատակարարվում է անընդհատ՝ անկախ նրանից, թե օգտատերը ներշնչում է, թե արտաշնչում։ Պահանջային համակարգերում թթվածինը մատակարարվում է հիմնականում ներշնչման պահին։ Ճնշմամբ պահանջային համակարգերում դիմակի ներսում ճնշումը կարող է գերազանցել շրջակա միջավայրի ճնշումը, ինչը հնարավորություն է տալիս համակարգն օգտագործելու շատ մեծ բարձրություններում։

Ռազմական օդաչուների դիմակները հաճախ ներառում են խոսափող և միացվում են թռիչքային սաղավարտին։ Դրանք կարող են նաև մասնակիորեն պաշտպանել դեմքը օդային ուժեղ հոսքից, մանր մասնիկներից և արտակարգ լքման ժամանակ առաջացող այլ ազդեցություններից։

1919 թվականին բարձրության վրա օգտագործման համար նկարագրվել է հեղուկ թթվածնով աշխատող համակարգ, որը նախատեսված էր երկու մարդու մեկ ժամ թթվածին մատակարարելու համար մոտ 15 000 ֆուտ բարձրության վրա[3]։

Հայազգի բժիշկ Արթուր Բուլբուլյանը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին մասնակցել է ժամանակակից գործնական թթվածնային դիմակի մշակմանը։ Նրա մշակած դիմակներն օգտագործվել են ռազմական օդաչուների, իսկ հետագայում նաև հիվանդանոցային պայմաններում[4]։

Ուղևորատար ինքնաթիռներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ինքնաթիռում բացված արտակարգ թթվածնային դիմակներ

Առևտրային ուղևորատար ինքնաթիռների մեծ մասում տեղադրված են արտակարգ թթվածնային դիմակներ, որոնք նախատեսված են սրահի ճնշման վտանգավոր նվազման դեպքում օգտագործելու համար[5]։ Երբ սրահում ճնշումը նվազում է սահմանված մակարդակից ցածր և առաջանում է հիպօքսիայի վտանգ, դիմակների պահոցները կարող են ինքնաբերաբար բացվել ուղևորների ու անձնակազմի նստատեղերի վերևում կամ առջևում։

Մինչ ճնշմամբ կարգավորվող օդանավային սրահների լայն տարածումը որոշ բարձրություն ունեցող ուղերթների ժամանակ ուղևորները կարող էին թթվածնային դիմակ կրել նաև սովորական թռիչքի ընթացքում։

Հրշեջներ և փրկարարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հրշեջներն ու արտակարգ իրավիճակների ծառայությունների աշխատակիցներն օգտագործում են ամբողջ դեմքը ծածկող դիմակներ, որոնք ոչ միայն շնչառական գազ են մատակարարում, այլև պաշտպանում են աչքերն ու դեմքը[6]։ Դրանք սովորաբար միացված են օգտագործողի մեջքին կրվող սեղմված օդի բալոնին և կազմում են ինքնավար շնչառական սարքի մասը։

Սուզորդները մաքուր թթվածին սովորաբար օգտագործում են սահմանափակ պայմաններում, օրինակ՝ արագացված դեկոմպրեսիայի կամ փոքր խորություններում թթվածնային ռեբրիզերների կիրառման ժամանակ։ Մեծ խորություններում մաքուր թթվածնի օգտագործումը կարող է վտանգավոր լինել թթվածնային թունավորման պատճառով։

Դեկոմպրեսիոն խցերում թթվածինը կարող է մատակարարվել ներկառուցված շնչառական համակարգով։ Այդ համակարգը թթվածինը հասցնում է դիմակին, իսկ արտաշնչված թթվածնով հարուստ գազը հեռացնում է խցից՝ այնտեղ թթվածնի կոնցենտրացիան անվտանգ սահմաններում պահելու համար[7]։

Անզգայացման դիմակներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Անզգայացման համար նախատեսված դիմակները հիվանդին ներշնչման միջոցով անզգայացնող գազեր և թթվածին մատակարարելու միջոց են։ Դրանք սովորաբար պատրաստվում են սիլիկոնից կամ ռետինից և ծածկում են քիթն ու բերանը։ Դիմակները միացվում են անզգայացման սարքին, որը վերահսկում է ներշնչվող և արտաշնչվող գազերի հոսքը։

Բարձրալեռնային կիրառություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ալպինիստը Էվերեստի գագաթին թթվածնային դիմակով, 2019

Թթվածնային դիմակներ օգտագործում են նաև շատ բարձր լեռներ, այդ թվում՝ Էվերեստ բարձրացող ալպինիստները[8]։ Ծայրահեղ բարձրությունների համար նախատեսված համակարգերը պետք է դիմակայեն ցածր ջերմաստիճանին և ծանր եղանակային պայմաններին։ Թթվածինը պահվում է բարձր ճնշման թեթև ու ամուր բալոններում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. ↑ R. N. Stephenson, I. Mackenzie, S. J. Watt, J. A. Ross, «Measurement of oxygen concentration in delivery systems used for hyperbaric oxygen therapy», Undersea and Hyperbaric Medicine, 23 (3), 1996, էջ 185–188, PMID 8931286։
  2. ↑ FAA, Pilot's Handbook of Aeronautical Knowledge։
  3. ↑ «How Aviators Get Oxygen at High Altitudes», Popular Science, հունվար 1919, էջ 60։
  4. ↑ Katie Helwig, «Science Saturday: Mayo innovation, research at forefront of World War II victory», Mayo Clinic News Network, 20 օգոստոսի 2022։
  5. ↑ J. W. Brantigan, «Investigation of flow rates of oxygen systems used in general aviation», Aviation, Space, and Environmental Medicine, 51 (3), 1980, էջ 293–294, PMID 6444812։
  6. ↑ R. W. Dreger, R. L. Jones, S. R. Petersen, «Effects of the self-contained breathing apparatus and fire protective clothing on maximal oxygen uptake», Ergonomics, 49 (10), 2006, էջ 911–920, doi:10.1080/00140130600667451։
  7. ↑ U.S. Navy Supervisor of Diving, U.S. Navy Diving Manual, Volume 5, Revision 6, Chapter 21, 2008։
  8. ↑ J. S. Windsor, G. W. Rodway, «Supplemental oxygen and sleep at altitude», High Altitude Medicine & Biology, 7 (4), 2006, էջ 307–311, doi:10.1089/ham.2006.7.307։