Թերեզ Ռաքեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Picto infobox book.png
Թերեզ Ռաքեն
Thérèse Raquin
Raquin.jpg
Հեղինակ Էմիլ Զոլա
Տեսակ գիրք
Ժանր վեպ
Բնօրինակ լեզու ֆրանսերեն
Կերպար(ներ) Թերեզ Ռաքեն, Կամիլ Ռաքեն, տիկին Ռաքեն և Լորեն ԼըԿլեր
Էջեր 248[1]
Երկիր Flag of France.svg Ֆրանսիա
Հրատարակման տարեթիվ 1867
Առաջնախաղի տարեթիվ 1867
Թարգմանիչ հայերեն Ա. Կոթիկյան, Ա. Եղիայան[1]
Հրատարակում հայերեն Անտարես, 2013 թ.
Թվային տարբերակ fr.wikisource.org կայքում (ֆր.)]
Thérèse Raquin Վիքիպահեստում

Թերեզ Ռաքեն (ֆր.՝ Thérèse Raquin), ֆրանսիացի հայտնի գրող Էմիլ Զոլայի ստեղծագործությունը։ Վեպի շնորհանդեսը տեղի է ունեցել 1867 թվականին Ֆրանսիայում։

Վեպն առաջին անգամ հայերեն լույս է տեսել 1964 թվականին։ 2013 թվականի հրատարակության մեջ կատարվել են խմբագրական և ոճական փոփոխություններ։

«Թերեզ Ռաքեն» վեպը հենց իր՝ Էմիլ Զոլայի բնորոշմամբ մարդու մեջ անասնական բնազդների վերհանման պատմությունն է։ Էմիլ Զոլան մի առիթով ասել է.

Aquote1.png «Թերեզ Ռաքենում» ընտրել եմ կերպարներ, որոնք լիովին գտնվում են զգացականի և նյարդերի իշխանության ներքո, զրկված են ազատ կամքի դրսևորումից, իրենց կյանքի յուրաքանչյուր գործողություն կատարվում է մարմնի ճակատագրական իշխանությամբ։ Aquote2.png


Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թերեզ Ռաքեն» վեպը պատմում է մի երիտասարդ կնոջ անհաջող ամուսնության մասին, ով ամուսնացել է իր հորաքրոջ տղայի հետ՝ հորաքրոջ կամքով։ Թերեզ Ռաքենը ֆրանսիացի կապիտանի և ալժիրցի կնոջ դուստրն է։ Նրա մայրը մահացել է անմիջապես ծննդաբերությունից հետո։ Մոր մահից հետո հայրը նրան թողնում է քրոջը՝ տիկին Ռաքենի մոտ, որպեսզի վերջինս խնամի իր դստերը։ Տիկին Ռաքենն ապրում է իր որդու՝ Կամիլի հետ, ով շատ տկար ու հիվանդ է։ Կամիլն ու Թերեզն ապրում են միասին, իսկ երբ լրանում է Թերեզի 21 տարին, հորաքույրը որոշում է ամուսնացնել նրանց։ Որոշ ժամանակ անց Կամիլը որոշում է տեղափոխվել Փարիզ, որովհետև Կամիլը կարծում էր, որ Փարիզն իր համար նպաստավոր վայր է կարիերա սկսելու համար։

Թերեզն ու տիկին Ռաքենը խանութ են բացում Պոն Նյոֆ փողոցում՝ Կամիլին օգնելու համար։ Կամիլն սկսում է աշխատել Օռլեանի երկաթգծային կայանում, որտեղ հանդիպում է իր մանկության ընկերոջ՝ Լորանի հետ։ Լորանն այցելում է Ռաքենների բնակարան, և այդ օրվանից սկսվում է Թերեզի և Լորանի սիրային պատմությունը։ Նրանք հանդիպում են հաճախ և գաղտնի։ Որոշ ժամանակ անց Լորանի ղեկավարն ասում է, որ աշխատանքային ժամերը պետք է ավելացնել, իսկ դա խանգարում էր նրանց հանդիպել։ Թերեզի գլխում միտք է հղանում՝ սպանել Կամիլին։ Նրանք Կամիլին տանում են նավով զբոսանքի։ Երբ նավն արդեն բավականաչափ հեռացել էր ափից, նրանք ջուրն են նետում Կամիլին։ Կամիլին միայն հաջողվում է կծել Լորանի պարանոցը։ Երբ Կամիլն արդեն սուզվել էր ջրում, Լորանն ու Թերեզը աղմուկ են բարձրացնում՝ ձևացնելով, որ Կամիլն ընկել է ջուրը՝ չկարողանալով պահել հավասարակշռությունը։ Փրկարար ջոկատը ժամանում է դեպքի վայր, բայց Լորանին գտնել չեն կարողանում։

Թերեզն ու Լորանը վերադառնում են տուն։ Տիկին Ռաքենը հայտնվում է անելանելի իրավիճակում՝ լսելով որդու անհետացման մասին։ Բոլորը հավատում են Լորանի ու Թերեզի հորինած պատմությանը։ Լորանը դեռևս հանգիստ չէ, քանի որ համոզված չէ, որ Կամիլը մահացել է։

Ընտանիքի ծանոթ և լավ բարեկամ Օլիվիեն տիկին Ռաքենին խորհուրդ է տալիս ամուսնացնել Թերեզին՝ տան մթնոլորտը լավացնելու համար։ Նա խորհուրդ է տալիս Թերեզին ամուսնացնել Լորանի հետ։ Տիկին Ռաքենը համաձայնվում է։ Թերեզն ու Լորանը հասնում են իրենց նպատակին, բայց ամուսնանալով չեն գտնում երջանկություն։ Ամեն գիշեր նրանց է այցելում Կամիլի ուրվականը։

Տիկին Ռաքենը որդու մահից հետո հիվանդանում է։ Մի քանի ամիս անընդհատ շարունակվող նոպաններն ի վերջո նրան դարձնում են համր և անդամալույծ։ Այդ օրվանից ամուսինների կյանքը դառնում է անտանելի, որովհետև տիկին Ռաքենը նրանց վատ երազների ցրողն էր, փրկարար մի օղակ էր առօրյան ավելի քիչ նողկալի երևալու համար։

Մի երեկո, երբ Լորանն ու Թերեզը վիճում էին միմյանց հետ՝ մեկը մյուսին մեղադրելով սպանության մեջ, տիկին Ռաքենը հասկանում է ողջ եղելությունը, բայց չի կարողանում ոչ մի բան անել իր վրեժը լուծելու համար։

Տիկին Ռաքենը գիտեր ողջ ճշմարտոթյունը, իսկ Թերեզը վախենում էր, որ նա ինչ-որ կերպ կարող է մատնել իրենց։ Իր մտավախության մասին նա հայտնում է ամուսնուն, իսկ վերջինս հանգստացնում է կնոջը՝ մտաբերելով բժշկի ասածները, որ նա այլևս չի վերաանգնվի։

Տիկին Ռաքենն այդ ահավոր լուրն իմանալու օրվանից նա անհամբեր սպասում էր հաջորդ հինգշաբթի օրվան, որպեսզի իր ծանոթներին ինչ-որ կերպ կարողանա տեղյակ պահել կատարվածի մասին։ Հավաքույթի ժամանակ նա, մեծ ջանք գործադրելով, կարողանում է շարժել աջ ձեռքը և սեղանի վրա մատով գրում է Թերեզի և Կամիլի անունները։ Բայց ոչ-մեկ չի հասկանում, թե ինչ է ուզում հաղորդել տիկին Ռաքենը։

Եկավ մի պահ, երբ տիկին Ռաքենն իր տառապանքներին վերջ տալու համար հրաժարվեց սնվել, բայց Թերեզը նրա կամքին հակառակ կերակրում էր։ Այսպես շարունակվում է նրանց տառապանքները, բայց մի օր, այլևս չկարողանալով դիմանալ միմյանց ներկայությանը, որոշեցին վերջ տալ դրան. Լորանը թույն է գնում, իսկ Թերեզը սրել է տալիս խոհանոցային դանակը։

Երեկոյան, երբ նրանց հյուրերը, հրաժեշտ տալով, բաժանվեցին նրանցից, ամուսնական զույգն անցավ գործի։ Լորանը թույն ավելացրեց Թերեզի ջրի մեջ, իսկ Թերեզը դարակից հանեց դանակը։ Նրանց հայացքները հանդիպեցին իրար, նրանք հասկացան միմյանց մտադրության մասին։ Տիկին Ռաքենը նայում էր նրանց սևեռուն և սուր հայացքով, զգալով, որ վախճանը մոտ է։ Եվ հանկարծ Թերեզը վերցնում է բաժակը և կիսով չափ դատարկում այն, այնուհետև փոխանցում է Լորանին։ Նրանք երկուսն էլ ընկնում են թունավորված՝ վերջապես մահվան մեջ գտնելով սփոփանքը։

Ամբողջ գիշեր դիակները մնացին գետնին ընկած. մինչև հաջորդ առավոտ տիկին Ռաքենն անշարժ ու համր դիտեց նրանց՝ իր հայացքի ներքո ճզմելով նրանց։

Գլխավոր հերոսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տիկին Ռաքեն - փերեզակուհի, ով ունի հիվանդ որդի՝ Կամիլ անունով։ Նա ապրում է իր որդու հետ մինչ այն պահը, երբ իր հարազատ եղբայրը նրան հանձնեց իր դստերը՝ Թերեզին։ Տիկին Ռաքենը խնամում է իր որդուն և եղբոր դստերը։

Կամիլ - Տիկին Ռաքենի որդին։ Տկարամարմին, հիվանդ ու թուլակազմ։ Ամուսնանում է իր քեռու դստեր հետ մոր հորդորով։

Թերեզ - Տիկին Ռաքենի եղբոր դուստրը, ում մայրը Ալժիրից էր, մահացել էր աղջկա ծնվելուց անմիջապես հետո։ Հայրը Թերեզին հանձնել էր քրոջ խնամքին, քանի որ ինքը գնում էր գործուղման։ Ինքնասպան է լինում՝ չգտնելով հանգստություն ամուսնու մահից հետո, որովհետև ամուսնու ուրվականն անընդհատ հետապնդում էր նրան։

Լորան - հայր Լորանի որդին։ Հայր Լորանը Ժյոֆուի մոտ ցորենի արտեր ուներ։ Լորանը ավարտել է իրավաբանականը, սովորել նկարչություն։ Հաղթանդամ, ուժեղ, թարմ դեմքով, հարթ ճակատով, սև ու կարծր մազերով, լիքր այտերով, կարմիր շուրթերով։ Նա և Թերեզը սիրեկաններ դարձան։ Նա և Թերեզը սպանեցին Կամիլին և 2 տարի անց ամուսնացան։ Լորանը նույնպես ինքնասպան եղավ Թերեզի հետ։

Միշո Օլիվիե - հասարակական կարգի պաշտպանության և անվտանգության ուստիկանության գրասենյակի ավագ քարտուղար։ Երբ Ռաքենների ընտանիքը տեղափոխվեց Պոն Նյոֆ, նրանք ընտանիքներով ծանոթացան և մտերմացան ժամանակի ընթացքում։ Հաճախ էին հավաքվում Ռաքենների տանը։

Գրիվե - Օռլեան երկաթգծի հնագույն պաշտոնյա։ Ռաքենների ծանոթ։

Սյուզան - Օլիվիեյի կինը։

Կապիտան Դըգան - Թերեզի հայրը։

Գլխավոր հերոսների խառնվածքի տիպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Զոլան իր «Թերեզ Ռաքեն» վեպի երկրորդ հրատարակչության մեջ գրել է, որ ինքը ցանկացել է ուսումնասիրել ոչ թե մարդկային բնավորությունները, այլ խառնվածքի տիպերը։ Նրա ստեղծագործության 4 գլխավոր հերոսներն ունեն 4 տարբեր խառնվածքներ, ինչը ավելի հետաքրքիր է դարձնում նրանց փոխհարաբերությունները։

Գլխավոր հերոսներ Խառնվածքի տիպեր
Տիկին Ռաքեն խոլերիկ
Թերեզ Ռաքեն մելանխոլիկ
Լորան սանգվինիկ
Կամիլ ֆլեգմատիկ

Մարդ-Գազան[խմբագրել | խմբագրել կոդը]

Վեպի նախաբանում Զոլան և′ Թերեզին, և′ Լորանին անվանում է «մարդ-գազան». այդ բնորոշումը տրվում է կենդանիներին։ Զոլան այս գաղափարը զարգացրել է իր La Bête Humaine ստեղծագործության մեջ, որը գրել է 1890 թվականին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 [1]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Էմիլ Զոլա - «Թերեզ Ռաքեն» (Թարգմանություն՝ Ա. Կոթիկյան, Ա. Եղիայան, «Անտարես» հրատարակչություն, 2013 թվական, 248 էջ