Թեյի փաթեթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տարբեր թեյերի 3 փաթեթ
Թեյի փաթեթներով արկղ

Թեյի փաթեթ, հատուկ քամիչ թղթով փոքրիկ պարկ, որի մեջ լցված է թեյ: Այն օգտագործվում է եռացրած կամ տաք ջրով արագ թեյ պատրաստելու համար:

Կառուցվածք և տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քամիչ թղթից փակ փաթեթ է, սովորաբար պարունակում է թեյի այնքան քանակություն, որն անհրաժեշտ է մեկ անգամ թրմելու համար: Փաթեթը, որպես կանոն, փակվում է մետաղյա կեռիկով, որովհետև սոսինձը բացասաբար է անդրադառնում թեյի համային որակների վրա: Որոշ արտադրողներ փաթեթը չեն փակում, այլ միայն կապում են թելով: Երբեմն հանդիպում են ջերմային եղանակով փակված փաթեթներ, ինչի համար քամիչ-թուղթը ներսի կողմից պարունակում է թերմոպլաստիկ թելիկ: Թեյի փաթեթների մեծ մասն ունի թելիկ, ինչի շնորհիվ փաթեթը կարելի է հեշտությամբ հանել պատրաստի թեյի միջից:

Փաթեթները կարող են լինել տարբեր ձևերի: Եվրոպայում տարածված են ուղղանկյուն փաթեթները, որոնք կարող են լինել միախուց և երկխուց (երկրորդ դեպքում փաթեթը կազմված է մեկ ընդհանուր կողմով 2 ուղղանկյունաձև փաթեթներից և ունի մեծ ծավալ): Վերջին ժամանակներս տարբեր բրենդներ արտադրում են բրգաձև փաթեթներով թեյ. գովազդը պնդում է, որ թեյը մեծ ծավալի շնորհիվ լավ է թրմվում, այդպիսի փաթեթներն առաջին անգամ արտոնագրվել և շուկայում հայտնվել են 1996 թվականին[1]: Մեծ Բրիտանիայում տարածված են առանց թելի, հարթ և կլոր փաթեթները, որոնք դրվում են բաժակի հատակին: Մեկ բաժակ թեյի թրման համար նախատեսված փաթեթներից բացի՝ արտադրում են նաև ավելի մեծ, մի քանի բաժին ջրի համար թեյի փաթեթներ, որոնք օգտագործվում են թեյնիկում կամ էլեկտրական սրճեփում թրման համար: Վերջապես, արտադրվում են նաև տարբեր չափերի առանց թեյի թեյի փաթեթներ, որոնք հնարավորություն են տալիս թրմելու ցանկացած տեսակի թեյ (թեյն ընդամենը լցնում են փաթեթի մեջ, որն այնուհետև ձգում են թելով) և նախատեսված են թեյ պատրաստելն ավելի հարմար դարձնելու ու թրմելու պարագաները հեշտ մաքրելու համար:

Թեյի փաթեթներն առավել հաճախ ունեն հետևյալ բաղադրությունը. բնական փայտի մանրաթել (65-75 %), թերմոպլաստի մանրաթել (15-23 %), աբակայի մանրաթել (10 %): Այդպիսի քամիչ թղթով ջուրը հեշտ է անցնում, այն քիմիապես չեզոք է, ոչ մի դեպքում չի ազդում թեյի համի վրա, չի պարունակում ջրում լուծվող բաղադրիչներ, չի լուծվում ջրում և նրանից ոչինչ չի զատվում: Վերջին ժամանակներս որոշ արտադրողներ սկսել են արտադրել պլաստիկ ծակոտկեն ցանցով փաթեթներ: Քամիչ թղթի համեմատ ցանցի անցքերը զգալիորեն մեծ են, այն մանր փոշին չի ֆիլտրում, այդ պատճառով էլ հարմար է համեմատաբար խոշոր կտրտված հումքի համար:

Թեյի փաթեթների որոշ ապրանքանիշներ արտադրվում են կրկնակի փաթեթավորված. յուրաքանչյուր քամիչ թուղթ տեղադրված է առանձին սոսնձված թղթե ծրարների մեջ: Այդպիսի փաթեթավորումը լավ է պահպանում թեյի համը և երկար ժամանակ թույլ չի տալիս կլանել կողմնակի հոտեր, բայց զգալիորեն բարձրացնում է գինը:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ենթադրվում է, որ թեյի փաթեթի նախնին 1904 թվականին հորինել է վաճառական Թոմաս Սալլիվանին, այն էլ բոլորովին պատահական: Ավանդաբար թեյը վաճառում էին թիթեղյա մեծ անոթներով, բայց Սալլիվանին որոշում է, որ ավելի ձեռնտու կլինի օգտագործել փոքր բաժնեծրարներ և սկսում է օգտագործել մետաքսե փոքրիկ պարկեր: Հաճախորդները, նյույորքյան ճաշարանատերերը տեսան, որ նոր փաթեթներով թեյը շատ հարմար է թրմելը հենց պարկերի մեջ: Կարճ ժամանակում թրմման այդ եղանակը տարածվեց, մետաքսը փոխարինվեց ավելի էժան թանզիֆով, իսկ թեյի քանակությունը հասցվեց մեկ չափաբաժնի: Փաթեթավորված թեյն Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ լայնորեն օգտագործվում էր ռազմաճակատում: Սակայն Սալլիվանին չի կարելի համարել ֆիլտրե նյութից պարկերով թեյի փաթեթավորման մեթոդի հայտնագործողը: Այդ մեթոդը հայտնի էր և ավելի վաղ, իսկ նրա հայտնագործողի անունը հայտնի չէ:

Թեյի ժամանակակից փաթեթը հորինել է Teekanne (Դրեզդեն) ընկերության ինժեներ Ադոլֆ Ռամբոլդը: Թեյի փաթեթը շուկայում հայտնվել է 1929 թվականին: Ադոլֆ Ռամբոլդը նաև թեյի փաթեթավորման մի քանի մեքենաների հայտնագործողն է: 1929 թվականին հայտնագործվեց Pompadour փաթեթավորման մեքենան, որը րոպեում արտադրում էր 35 փաթեթ, այնուհետև Reliance մեքենան (80 փաթեթ), 1949 թվականին՝ Constanta մեքենան (160 փաթեթ)[2]: Չափազանց թանկարժեք մետաքսը կարճ ժամանակում դուրս մնաց թեյի փաթեթների արտադրությունից: Առաջին փաթեթների պատրաստման հիմնական նյութը թանզիֆն էր, շատ չանցած՝ աբակայի մանրաթելից պատրաստված հատուկ թուղթը, բայց այն էլ շուտով իր տեղը զիջեց ավելի կատարյալ ֆիլտրող թղթին: 1950 թվականի վերջին ի հայտ եկավ Teekanne ընկերության կողմից արտոնագրված թեյի երկխուց փաթեթը, որը փակվում էր մետաղյա կապով: Այդ ձևով թղթի մեջ ավելի շատ ջուր էր անցնում, և թեյն արագ թրմվում էր:

Փաթեթավորված թեյը 1970-ական թվականների վերջերին գործնականորեն շուկայից դուրս մղեց մինչ այդ արտադրվող հաբային և սալիկավոր թեյը (թեյի մամլած փոշին կամ փշրանքները թողարկվում էին հաբի կամ սալիկի տեսքով): Փաթեթի առավելություններից մեկն այն էր, որ փաթեթը զտում էր շատ մանր փոշին, և թեյը պղտոր չէր լինում, այն դեպքում, երբ թեյի հաբերը թեյին հաղորդում էին տհաճ, պղտոր երանգ:

Փաթեթավորված թեյի որակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ որակի՝ փաթեթավորված թեյերը բավականին տարբեր են: Որոշ արտադրողներ փաթեթավորում են թեյի բարձրորակ և թանկարժեք տերևներ[3]: Այդպիսի փաթեթներից ստացվում է բարձր որակի ըմպելիք: Ընդ որում, այդպիսի թեյը թանկ է և հազվադեպ է հանդիպում:

Սովորաբար փաթեթավորված թեյի արտադրության մեջ օգտագործվում են մանր տերևներով թեյ կամ էլ, այսպես կոչված, «D կատեգորիայի տերևներ» (անգլերեն dust՝ փոշի տերմինից, որը leaf, broken և այլն կարգախմբում նկարագրում է թեյի տերևների չափերը և ոչ թե որակը), որն ստանում են թեյի տերևների փշրանքներից կամ էլ կտորտանքներից[4]: Անբարեխիղճ արտադրողները հաճախ են հումքի համի և հոտի թերությունները վերացնում բույր հաղորդող և համային հավելումներով, այդպես են վարվում նաև թեյի արտադրության մեջ։

Հատուկ ափսեներ թեյի փաթեթների համար

Տարածում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած վերը նշված թերություներին՝ փաթեթավորված թեյն աշխարհում լայն տարածում ունի, և թեյի ընդհանուր շուկայում նրա մասնաբաժինն աճում է: Եվրոպայում փաթեթավորված թեյի մասնաբաժինը մոտ 77 % է[5], իսկ Անգլիայում, որը հայտնի է թեյի իր հարուստ ավանդույթներով, 2007 թվականին սպառված թեյի մինչև 90 %-96 %-ը[6] բաժին է ընկնում փաթեթավորված թեյին: Փաթեթները հաստատուն տեղ են զբաղեցնում հասարակական սննդի էժանագին հաստատություններում, և Եվրոպայում ու Ամերիկայում գործնականում ստանդարտ են գրասենյակային թեյախմության համար: Մեծանում է նաև դրա սպառումն ընտանիքներում:

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]