Թեյի չինական մշակույթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search

Թեյի չինական մշակույթ, թեյի պատրաստման եղանակ, օգտագործվող սպասք, ինչպես նաև իրադարձություններ, որոնք թեյախմության առիթ են դառնում Չինաստանում։

Թեյի դերը չինական մշակույթում[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյատուն Շանհայում

Թեյը Չինաստանում դասվում է «ամենօրյա օգտագործման յոթ իրերի» թվին փայտի, բրնձի, կարագի, աղի, սոյայի հյութի և քացախի հետ։ Թեյի չինական մշակույթը տարբերվում է եվրոպական, բրիտանական և ճապոնական մշակույթներից ինչպես պատրաստման եղանակով, այնպես էլ` թեյախմության առիթներով։ Չինաստանում թեյ են խմում ինչպես ամենօրյա իրավիճակներում, այնպես էլ` ծիսակարգային և պաշտոնական արարողությունների ժամանակ։ Թեյն այստեղ ոչ միայն ըմպելիք է, այն կարևոր դեր է խաղում ավանդական չինական բժշկության մեջ, չինական մշակույթում և բուդդայականության մեջ։ Գոյություն ունի նաև ասացվածք. «Թեյն ու չանը (չան-բուդդիզմ` կրոնական ուղղություն)» նույն համի են»։ Ճիշտ չէ խոսել ամբողջ Չինաստանի «թեյի մշակույթի մասին»։ Թեյի աճեցման ու օգտագործման այն ավանդույթները, որոնք սովորաբար ներկայացվում են որպես «չինական», ավելի ճիշտ է անվանել «Չինաստանի Կենտրոնական հարթավայրերի թեյի մշակույթ», այդ թվում և` Յանցզիի միջին և ներքին հատվածներում։ Դրա հետ մեկտեղ, գոյություն ունի Հարավ-Արևմտյան Չինաստանի բավականին յուրահատուկ թեյի մշակույթ, որի սովորույթները տարածված են Յունան, Հոյչժոու և Սիչուան գավառներում։ Սրանք շրջաններ են, որտեղ հնագույն ժամանակներից թեյ են աճեցնում, նոր ժամանակներում ավելի քիչ են ենթարկվել դրսի ազդեցությանը և պահպանել են թեյի մի շարք ավանդույթներ, իսկ Կենտրոնական Չինաստանում դրանք արդեն մոռացվել են։

Միանգամայն յուրահատուկ է Տիբեթի թեյի մշակույթը, որն, ինչպես համարվում է, սկսվել է 700-ական թվականներին, Տան դինաստիայի դարաշրջանում։ Տիբեթում տարածված է կարագով և կաթով թեյը, որն ընդհանրապես տարածված չէ Չինաստանի մյուս մասերում։

Թեյախմության ավանդույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թեյը Չինաստանում համարվում է ավանդական ըմպելիք և օգտագործվում է ամեն օր։ Չինացիների երիտասարդ սերնդի մեջ դիտարկվում է թեյի հանդեպ հետաքրքրվածության մարում և մեծ հետաքրքրություն դեպի արևմտյան գազավորված ըմպելիքները, ինչը որոշ դեպքերում դիտարկվում է որպես անհանգստացնող համախտանիշ[1]։

Չորս պնակ. թեյի չինական բաժակներ

Ընտանեկան թեյախմությունն այսօր ավելի շուտ դառնում է ավանդույթի տուրք և որևէ տոնի առթիվ ընտանիքի միասնականությունը նշելու առիթ։ Միևնույն ժամանակ, թեյը (հիմնականում` կանաչ), պատրաստվում է մեծ թեյնիկում (ճենապակե կամ կավե), միանգամից ամբողջ ընտանիքի համար, լցվում է բաժակների կամ պնակների մեջ, որից էլ ըմպվում է։

Բացի դրանից, չինացիները նշում են մի շարք հատուկ իրավիճակներ` թեյ պատրաստելու և միասին ըմպելու համար։

  • «Ի նշան հարգանքի»։ Չինական հասարակության մեջ ընդունված է հարգանքի տուրք մատուցել ավագներին` առաջարկելով թեյի բաժակ։ Ավագ ազգականներին մի բաժակ թեյ հյուրասիրելու համար ռեստորան հրավիրելն ազատ օրերին ընդունված ժամանց է Չինաստանում։ Նախկինում թեյը մատուցում էին մարդիկ, ովքեր ավելի ցածր դիրք ունեին սոցիալական հիերարխիայի մեջ։ Ժամանակակակից Չինաստանում հասարակության ազատականացման հետ պատահում է նաև, որ ծնողները թեյ են մատուցում երեխաներին, և անգամ ղեկավարը կարող է թեյ լցնել ենթակաների համար։ Միևնույն ժամանակ, պաշտոնական հանդիպումներին պետք չէ ակնկալել, որ առավել բարձր պաշտոնով մասնակիցը կարող է թեյ հյուրասիրել։
  • «Ընտանեկան հանդիպում»։ Իրենց ընտանիքներն ստեղծելով կամ մեկնելով հեռավոր վայրերում աշխատելու` երեխաները հազվադեպ են այցելում իրենց ծնողներին, տատիկներն ու պապիկները հաճախ չեն հանդիպում իրենց թոռներին։ Այդ պատճառով, ռեստորաններում համատեղ թեյախմությունները ընտանեկան հանդիպումների կարևոր մասն են։ Կիրակի օրերին չինական ռեստորանները լի են այցելուներով, հատկապես` տոնական օրերին։ Սա ընդգծում է Չինաստանում ընտանեկան արժեքների կարևորությունը։
  • «Ներողություն»։ Չինական մշակույթում ընդունված է թեյ լցնել այն մարդու համար, ումից ներողություն ես խնդրում։ Սա իսկական ապաշխարանքի և հնազանդության նշան է։
  • «Երախտագիտության արտահայտում ավագներին` հարսանիքի օրը»։ Չինական ավանդական հարսանեկան արարողության ժամանակ փեսան ու հարսը, ի նշան հարգանքի, ծնկաչոք թեյ են մատուցում ավագներին։ Նորապսակներն ասում են ծնողներին. «Շնորհակալություն ձեզ նրա համար, որ մեզ մեծացրել եք։ Մենք հավերժ պարտական ենք ձեզ»։ Ծնողները խմում են թեյը և նորապսակներին հանձնում են հաջողություն խորհրդանշող կարմիր ծրարը։
  • «Ավանդույթների պահպանում»։ Չաուշանյան ավանդույթով ընդունված է ընկերների և հարազատների հետ հավաքվել Գունֆու Չա սենյակում` թեյի ծիսակարգի համար։ Հանդիպման ժամանակ ավագ մասնակիցները պատմում են երիտասարդներին ավանդույթների մասին, փոխանցում են նրանց հին սովորույթները։

Շնորհակալություն թեյի համար[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարդը, ում համար թեյ են լցրել, կարող է շնորհակալություն արտահայտել` երեք անգամ կտկտացնելով սեղանին ցուցամատով և միջնամատով։ Այս սովորույթը տարածված է Հարավային Չինաստանում (օրինակ, Հոնկոնգում), իսկ Չինաստանի այլ շրջաններում այս սովորույթը տարածված չի։

Թեյի համար շնորհակալություն հայտնելու թակոց սեղանին

Ասում են, որ այս սովորույթը ծագել է Ցին դինաստիայի ժամանակ, երբ Ցյանլուն կայսրը անճանաչելի կերպարով ճանապարհորդում էր երկրում, նրան հետաքրքիր էր իմանալ, թե ինչ է մտածում ժողովուրդը ղեկավարության մասին։ Մի անգամ կայսրը մոտեցել է թեյ խմող երկու տղամարդու և զրույց է սկսել։ Տղամարդիկ միանգամից հասկացել են, որ իրենց դիմաց սովորական մարդ չէ, և ցանկացել են ծնկի գալ նրա առաջ, սակայն հիանալի կերպով հասկանում էին, որ եթե պարզի, որ նա կայսրն է, ապա իրենց մահապատիժ է սպասվում, քանի որ կայսրն անձեռնմխելի և աստվածային էր համարվում, իսկ իրենք հավասարի պես զրուցել էին նրա հետ։ Թեյախմությունից հետո երիտասարդ մարդիկ ոտքի են կանգնել և նրանցից մեկը երկու շարժում է արել մատներով` նախ ցուցամատն ու միջնամատը միասին դրել սեղանի ծայրին, այնուհետև` նույն ժեստը սեղմված մատերով։ Կայսրը չի հասկանում ժեստի իմաստը և խնդրում է բացատրել, թե ինչ է նշանակում։ Երիտասարդ մարդը պատասխանում է. «Մենք գիտենք, որ մեր առաջ Ձերդ գերազանցությունն է, և մեզ կսպանեն այն բանի համար, որ մենք խոսել ենք Ձեզ հետ, սակայն ես շատ եմ ցանկանում Ձեզ շնորհակալություն հայտնել իմ և ամբողջ ազգի անունից։ Այս երկու ժեստերը նշանակում են, որ Ձեր ժողովուրդը ենթարկվում է ձեզ և խոնարհվում է Ձեր առաջ»։ Եվ տղամարդիկ հեռանում են։ Կայսրը զարմացած էր և միևնույն ժամանակ` ուրախ։ Այդ օրվանից այդ ժեստը թեյախմության ժամանակ հարգանք է ցույց տալիս մարդու հանդեպ։

Ինչպե՞ս են թեյ պատրաստում Չինաստանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանում գոյություն ունեն թեյ թրմելու մի քանի մեթոդներ` կախված թեյախմության պայմաններից, մասնակիցների թվից և թեյի պատրաստման տարբեր տեսակներից։ Օրինակ, կանաչ թեյն ավելի նուրբ է, քան սև թեյը, այդ պատճառով էլ դրա համար օգտագործվում է ոչ շատ տաք թեյ։

Թեյի պատրաստում չաոու բաժակում (茶甌 [茶瓯)[խմբագրել | խմբագրել կոդը]

Գայվան (蓋碗/盖碗, բառացի` «կափարիչով ափսե»), անվանում են նաև 蓋杯 (գայ բեյ- «կափարիչով բաժակ» կամ ) 焗盅 (ցյու չժուն- «շոգի պահպանման տարա»)։ «Գայվան» բառը տարայի ժամանակակից անվանումն է։ Այս մեթոդը փոխառված է Չաուշան ազգից, ովքեր այդ տարան անվանում են «չաոու» (茶甌 [茶瓯): Չաոուն բաժակից, կափարիչից և պնակից կազմված սպասք է, այն կարելի է օգտագործել կամ ինքնուրույն, կամ էլ` թեյի բաժակների համադրությամբ։ Չաոուի մեջ թեյը պատրաստվում է, երբ պետք է փորձել թեյն, օրինակ, գնելիս։ Այդ դեպքերում անհրաժեշտ է պահպանել թեյի չեզոք համը, անհրաժեշտ է նաև հնարավորություն ունենալ դիտելու թեյի տերևներն ու զգալ դրանց բույրը։ Թեյի այս պատրաստման ձևն օգտագործվում է նաև ամենօրյա թեյախմության համար, չնայած այն կարելի է նաև օգտագործել որոշ պաշտոնական իրադարձությունների ժամանակ։ Չաոուի մեջ կարելի է պատրաստել ցանկացած թեյ, սակայն առավել համապատասխանում են թույլ ֆերմենտավորված թեյի տեսակները։

Թեյը պատրաստելու համար պետք է.

  • Եռացնել թեյը կամ տաքացնել այն թեյի պատրաստման համար անհրաժեշտ ջերմաստիճանի։
  • Տաքացնել չաոուն եռացրած ջրով։
  • Լցնել թեյի տերևները չաոուի մեջ։
  • Ողողել թեյի տերևները և անմիջապես թափել թեյը։
  • Ջուրը լցնել բաժակի 2/3 մասով։
  • Սպասել 30 վայրկյան, լցնել թեյը։
  • Մատուցել թեյը։

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]