Թեմ (Բյուզանդիայի վարչական միավոր)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տես՝ Թեմ (այլ կիրառումներ)
Բյուզանդական կայսրության թեմերը 1025 թվականին

Թեմ կամ Բանակաթեմ (հուն.՝ θέμα), ռազմավարչական շրջան Արևելյան Հռոմեական (Բյուզանդական) կայսրությունում լատիներենը որպես պետության պաշտոնական և ամենահաճախ օգտագործվող լեզու հունարենի էվոլյուցիոն փոխարինումից հետո։ Թեմերը ստեղծվել են 7-րդ դարի կեսին արաբների կողմից բյուզանդական տարածքներից մի մասի անջատումից հետո։ Թեմերը փոխարինել են Դիոկլետիանոս և Կոստանդին Ա կայսրերի կողմից հաստատված դիոցեզների նահանգային համակարգը։ Առաջին թեմերը ստեղծված են եղել Արևելյան Հռոմեական կայսրության բանակի ճամբարայաին կայանների հիման վրա։ Թեմերի անվանումները համապատասխանում էին տեղական զինվորական մասերի անվանումներին։ Թեմերի համակարգը հասել է իր գագաթնակետին 9-10-րդ դարերում, երբ նոր տարածքային ստորաբաժանումների ստեղծմանն է դրդել հին և նոր գրավված հողերի բաժանումը։ Թեմերի բնօրինակ համակարգը հիմնովին փոփոխությունների է ենթարկվել 11-12-րդ դարերում, սակայն տերմինը մնում էր կիրառման մեջ որպես նահանագային և ֆինանսական սահամանափակում մինչև կայսրության գոյության ավարտը։ Բյուզանդիայի պատմիչ կայսր Կոստանդին Ծիրանածինը իր «Բանակաթեմերի մասին» աշխատության մեջ գրում է, որ անցյալում Հռոմեական կայսրության ողջ տարածքում կային զորամասեր և լեգեոններ, որոնք կրում էին այն նահանգի անունը, որի ներկայացուցիչներից կազմված էին: Դրանք գտնվել են դուքսի կամ հեգեմոնի հրամանատարության տակ: Բայց դա այն ժամանակ էր, երբ զորքի հետ արշավանքի էին դուրս գալիս կայսրերը: Բայց երբ կայսրերը սկսեցին այլևս արշավանքներին անձամբ չմասնակցել, հաղորդում է Ծիրանածինը, այդ ժամանակ նրանք բանակաթեմեր կազմակերպեցին և նշանակեցին զորավարներ, որոնք, փաստորեն, կատարում էին ոչ միայն իրենց ենթակա զորքերի հրամանատարի պարտականությունները, այլև նահանգապետի:

Բյուզանդական կայսրության բանակաթեմերը[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Անատոլիկոն (կազմավորվել է 669/670 թ.)
  2. Արմենիակների (կազմավորվել է 667/668 թ.)
  3. Էգեյան ծովի (կազմավորվել է 842/843 թ.)
  4. Բուկելարների (կազմավորվել է 767/768 թ.)
  5. Կապադովկիա (կազմավորվել է 830 թ.)
  6. Կեփալենների (կազմավորվել է 809 թ.)
  7. Խարսիանոն (եղել է 663-873 թթ.)
  8. Խաղտիք (կազմավորվել է 840 թ.)
  9. Դալմատիա (կազմավորվել է 899 թ.)
  10. Միջագետք
  11. Կոլոնիա (կազմավորվել է 863 թ.)
  12. Սեբաստիա
  13. Լիկանդոս (կազմավորվել է 916 թ.)
  14. Խերսոնես
  15. Կրետե
  16. Կիպրոս
  17. Մակեդոնիա (կազմավորվել է 802 թ.)
  18. Թեսաղոնիկե (կազմավորվել է 824 թ.)
  19. Լանգոբարդիա (կազմավորվել է 892 թ.)
  20. Սիցիլիա (կազմավորվել է 700 թ.)
  21. Հելլադա
  22. Մեսոպոտամիա
  23. Նիկոպոլիս (կազմավորվել է 899 թ.)
  24. Օփսիսիան (կազմավորվել է 680 թ.)
  25. Օպտիմատների
  26. Պափլագոնիա
  27. Պելոպոննեսոս
  28. Սամոս
  29. Սելևկիա
  30. Թրակիա (կազմավորվել է 680 թ.)
  31. Թրակեսիոն (կազմավորվել է 687 թ.)

Առաջին բանակաթեմ. Անատոլիկոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հունարեն «անատոլե» բառից, որ նշանակում է արևելք, այսինքն Արևելյան բանակաթեմ: Ինչպես գրում է մատենագիր կայսրը՝ Կոստանդին Ծիրանածինը, բանակաթեմը Անատոլիկոն էր կոչվում ոչ այն պատճառով, որ ծայրագույն արևելքում էր գտնվում, այն ժամանակվա մարդու պատկերացմամբ՝ արևի ծագած տեղում (բառերը հենց կայսրինն են), այլ որովհետև ընդամենը տարածվում էր Բյուզանդիոնում (այսինքն՝ Կոստանդնուպոլիսում) և Եվրոպայում բնակվողների արևելյան կողմում: Ըստ Բյուզանդական վարչական բաժանման, բանակաթեմը բաղկացած էր նահանգներից, որոնք Անատոլիկոնում հինգն էին: Սա Բյուզանդական կայսրության ամենամեծ բանակաթեմն էր, որի կազմի մեջ մտնում էին Դիոկղետիանոս կայսեր սահմանագծած Ասիա և Լիդիա նահանգները, Կարիայի որոշ մասեր, Պակատյան Փռյուգիան, Լիկաոնիան, Երկրորդ Կապադովկիան և Իսավրիան: Անատոլիկոն բանակաթեմի անունն առաջին անգամ հիշատակվում է բյուզանդացի պատմիչ Թեոփանես Խոստովանողի Ժամանակագրության մեջ՝ 669 թվականի դեպքերի կապակցությամբ: Անատոլիկոն բանակաթեմի զորավարը ևս առաջին անգամ հիշատակվում է Թեոփանեսի Ժամանակագրության մեջ: Դա Լեոնտոսն էր, որ 695 թվականին կայսր հռչակվեց: Նրա նստավայրը Ամորիոն քաղաքն էր, իսկ ավելի ուշ շրջանում՝ Մարգ ալ-Շահմը: Ըստ բյուզանդական գահնամակի՝ Անատոլիկոն բանակաթեմի զորավարը 60 դասից բաղկացած հիերարխիկ ցուցակում զբաղեցնում էր չորրորդ տեղը: Բանակաթեմի անունը հարատևել է մինչև օրս «Անադոլու» անվան տակ, որը թուրք կեղծարարները ձգտում են ստուգաբանել թուրքերեն. անա (մայր) և դոլու (լի) բառերով: Անատոլիկոն բանակաթեմից արևելք գտնվում էր Մեծ Հայքի թագավորությունը, որի մի մասը Բյուզանդական կայսրությունը բռնի կամ խաբեությամբ կցել էր իր տարածքներին և դրանց ևս կցելով սահմանակից տարածքներ, կազմավորել էր Արմենիակների բանակաթեմը: Եվ ահա, թուրքական պետությունը 1941 թվականից սկսեց կիրառել Արևելյան Անատոլիա տերմինը՝ նկատի ունենալով հիմնականում այն տարածքները, որոնք գտնվում են Արևմտյան Հայաստանում:

Երկրորդ բանակաթեմ. Արմենիակների[խմբագրել | խմբագրել կոդը]

Կոստանդին Ծիրանածինն իր նույն՝ «Բանակաթեմերի մասին» գրքում գրում է, որ վարչական այս տարածքն իր անվան համար պարտական է տեղում ապրող և սահմանակից հայերին: Ապա նա թվարկում է իրենից վաղ ապրած մի շարք աշխարագիրների ու մատենագիրների անուններ, ինչպես օրինակ Ստրաբոնի, և նշում, որ նրանցից ոչ մեկն այս տերմինը չի գործածում, ինչը նշանակում է, որ սա միայն վերջերս կազմված վարչական միավոր է: Եվ իսկապես էլ այդպես է, քանի որ ավելի հին շրջանում, երբ դեռևս խախտված չէր Մեծ Հայքի թագավորության ամբողջականությունը, Բյուզանդական կայսրության սահմանների մեջ չկային հայկական գավառներ, որ դրանք էլ հույները կոչեին Արմենիակների կամ Հայկական բանակաթեմ:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]