Թեթև երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թեթև երաժշտություն (անգլ.՝ easy listening), փոփ երաժշտության եզրույթ, ներառում է պարային, վոկալ, գործիքային, նաև էստրադային, երաժշտական թատրոնի (օպերետ, մյուզիքլ, շոու) ժանրերը, որոնց պարզ, հեշտությամբ ընկալվող մեղեդիները մատչելի են լայն զանգվածներին։

Scarborough Spa նվագախումբ՝ վերջին գոյատևած պրոֆեսիոնալ ծովափնյա նվագախումբը 2009 թվականի օգոստոսին համերգ է տալիս թեթև երաժշտության ներքո

Որպես կանոն՝ կատարվում են էստրադային նվագախմբի նվագակցությամբ։ Թեթև երաժշտության բազմաթիվ կոմպոզիցիաներ հայտնի հիթերի գործիքային մշակումեր են։

19-րդ դարում թեթև երաժշտության դասական նմուշներ են ստեղծել հայր և որդի Շտրաուսները, Ժ. Օֆֆենբախը, Յ. Լանները, Տիգրան Չուխաջյանը, Ա. Այվազանը։ 20-րդ դարում տարածվել է ջազային թեթև երաժշտությունը։ Կատարողական կազմը՝ կամերային, վոկալ-գործիքային անսամբլներ, սիմֆոնիկ, ջազային նվագախմբեր։

1930-ական թվականներին ժանրերի փոխներթափանցման հետևանքով ստեղծվել է սիմֆոջազը, էլեկտրոնային երաժշտական գործիքների շնորհիվ ձևավորվել է սպառողական նշանակության փոփ երաժշտությունը։

Թեթև երաժշտության ոսկեդարը 1950–1970-ական թվականներին էր, ծաղկել է նվագախմբային և ավանդական էստրադային երաժշտության «արտադրությունը»։

Էրիկ Քոութսը Մեծ Բրիտանիայում հայտնի է եղել որպես «թեթև» ստեղծագործությունների հեղինակ

1950-ական թվականներին նոր նվագախմբերն անդրադարձել են դասական գործերի փոխադրման սկզբունքներին։ Առավել ճանաչվել են Պերսի Ֆեյտի, Ջեքի Գլիսոնի, Ռեյ Կոնիֆի, Պոլ Մորիայի, Բերտ Քեմփֆերտի, Ջեյմս Լաստի, Էնտոնի Վենտուրայի, Բ. Փոփսի, Ալպերտ Հերբի, Արտեմի Այվազյանի, Մարտին Վարդազարյանի, Երվանդ Երզնկյանի նվագախմբերը, երգիչներ Ֆրենկ Սինատրան, Պերի Կոմոն, Էնդի Ուիլամսը, Էնգելբերտ Համփերդինքը, Բարրի Մանիլոուն, Դին Մարտինը, Ժակ Դուվալյանը, Կ․ Տոնիկյանը, Գեորգի Մինասյանը, դաշնակահարներ Ռ. Օլդրիչը, Ֆլոյդա Կրամերը, Բրեդլի Ջոզեֆը, Ռիչարդ Կլայդերմանը, Տորստ Յանկովսկին, կիթառահարներ Չեթ Աթքինսը, Ֆրանսիս Գոյը, Լես Պոլը, Ա. Շահբազովը։

Թեթև երաժշտության բնույթով սովորաբար կենսուրախ և զվարճալի է՝ ոչ բարդ մեղեդայնությամբ ու ռիթմով։ Նրան բնորոշ են քայլերգեր, ոչ մեծ նախերգանքներ, սյուիտներ, ռապսոդիաներ, պոպուրիներ, ֆանտազիաներ, կատակ. և փոփ երգեր։

20-րդ դարում տարածված ջազային «Թեթև երաժշտություն» եզրույթը հաճախ համընկնում է «լաունջ» եզրույթին, որին բնորոշ է ջազի ազդեցությունը՝ իմպրովիզացիան և կամերայնությունը։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Лёгкая музыка // Большая советская энциклопедия. 3-е изд. Том 14. — М., 1973.
  • Адорно, Теодор Лёгкая музыка // Избранное: Социология музыки / Пер. с нем.: М.И. Левина, А.В. Михайлов. — 2-е изд. — М.: Российская политическая энциклопедия, 2008. — С. 27—40.
  • Сохор А. О музыке серьёзной и лёгкой. — Л., 1964.
  • Чернов А. Бялик М. О лёгкой музыке. О джазе. О хорошем вкусе. — М., 1965.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։