Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան թատրոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան թատրոն
Տեսակթատրոն և թատերական կազմակերպություն
ԵրկիրՎրաստան Վրաստան
Հիմնադրման ամսաթիվ1932
Անվանված էԱլեքսանդր Գրիբոյեդով
Կայքgriboedovtheatre.ge
 Griboyedov theater Վիքիպահեստում

Թբիլիսիի Ա. Ս. Գրիբոյեդովի անվան պետական ակադեմիական ռուսական դրամատիկական թատրոն (վրաց.՝ ა. ს. გრიბოედოვის სახელობის თბილისის რუსული დრამატული თეატრი), դրամատիկական թատրոն Վրաստանում, գտնվում է Թբիլիսիում[1], Ռուսթավելու պողոտայում։

Թատրոնի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վրաստանում ռուսական թատրոնի արմատները գալիս են 19-րդ դարի սկզբից։ Թբիլիսիում բեմադրվում էին ռուսական սիրողական ներկայացումներ, իսկ 1830-ական թվականներին ինքնագործ թատերախմբերի խաղացանկում հայտնվում է Ալեքսանդր Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս» կատակերգությունը։ 1845 թվականի սեպտեմբերի 20-ին Թբիլիսիում փոխարքա կոմս Մ. Ս. Վորոնցովի ժամանակ բացվում է ռուսական թատրոնի առաջին խաղաշրջանը։ Մինչև 1846 թվականի սեպտեմբերի 20-ը խաղացվել է 104 ներկայացում։ Երկրորդ խաղաշրջանում հրավիրվում են դերասաններ Մոսկվայից ու Սանկտ Պետերբուրգից, ում ընտրությանը մասնակցում էր Միխայիլ Շչեպկինը։ Թատերախումբը ղեկավարում էր Ալեքսանդր Յաբլոչկինը։ Թատերաշրջանը բացվում է «Խելքից պատուհաս» ներկայացմամբ։ 1858 թվականի ապրիլի 10-ին նոր փոխարքա գեներալ Նիկոլայ Նիկոլաևիչ Մուրավյովի ժամանմամբ ռուսական դրամատիկական թատերախումբը վրացական, օպերային և բալետի խմբերի հետ լուծարվում է` ցարական կառավարության գաղափարներին չհամապատասխանելու պատճառով։ 1850-1860-ական թվականներին Թբիլիսիում ակտիվորեն աշխատում էր ռուսական անտրեպրիզը։ 1866 թվականին հասարակության ու մամուլի համառ պնդումների արդյունքում ռուսական դրամատիկական թատրոնը վերականգնել է իր գործունեությունը։ 1887 թվականին հայտնի գործարար ու մեկենաս Իսա Պիտոևի տանն ստեղծվում է 300 տեղանոց թատրոնի դահլիճ. այսպես առաջացել է «Թիֆլիսի արտիստական համայնքը»։

1898 թվականին սկսվել է «Արտիստական համայնքի» թատրոնի շենքի շինարարությունը։ Այս ծրագրի իրականացման համար Ի. Պիտոևը հրավիրում է հայտնի ճարտարապետ Ալեքսանդր Շիմկևիչին։ Շենքը կառուցվել է ուշ բարոկկոյի ոճով։ Հանդիսասրահը նախատեսված էր 810 մարդու համար։ Շենքի ճակատային մասի վրա աշխատելու էին հրավիրվել լավագույն իտալացի վարպետներ։ Կահույքը, հայելիները, գորգերն ու ինտերիերի դիզայնի այլ պարագաներ բերվել էին Եվրոպայից և հատուկ պատվերներ էին։ 1901 թվականի փետրվարի 8-ին «Արտիստական համայնք» թատրոնում «Խելքից պատուհասը» պիեսի բեմադրությամբ բացվել է առաջին թատերաշրջանը։ 1902 թվականին թատրոնի շենքում սկսել է գործունեություն ծավալել Հայկական արտիստական միությունը։ 1921 թվականից այն դարձել է Թբիլիսիի Շոթա Ռուսթավելու անվան պետական ակադեմիական թատրոն։ 19-րդ դարի վերջում-20-րդ դարի սկզբում թբիլիսյան բեմում սկսում են աշխատել Վլադիմիր Նեմիրովիչ-Դանչենկոն, Մարիա Երմոլովան, Մարիա Սավինան, Ալեքսանդրա Յաբլոչկինան, Վերա Կոմիսսարժևսկայան, Ալեքսանդ Յուժինը, Վ. Դավիդովը, Կոնստանտին Վարլամովը, Մարիուս Պետիպան և այլ արտիստներ։ 1915 թվականին ստեղծվում է «Ռուսական թատերակամ միության արտիստների ընկերակցություն» ռուսական թատերախումբը, որը գլխավորում էր ռեժիսոր Ալեքսանդ Տուգանովը։ Թատերախումբը 1912 թվականին վերանվանվում է` կոչվելով Ռուսական ակադեմիական թատրոն։ Այս տարիներին Թբիլիսիում սկսում են աշխատել «ПОАРМ XI» թատրոնը (Ալեքսանդ Պոկրովսկու գլխավորությամբ), «Առաջին խորհրդային թատրոնը» (Ն. Շեստովի) գլխավորությամբ, Նոր թատրոնը (Կոնստանտին Մարջանիշվիլիի գլխավորությամբ), «Սատիրագիտ» թատրոնը , «Փոքր թատրոնը», Թբիլիսիի պատանի հանդիսատեսի թատրոնը, «Կամերային թատրոնը» և այլն։ 1926 թվականին Վլադիմիր Շվեյցերի ղեկավարությամբ ստեղծվում է Թիֆլիսի աշխատավորական թատրոնը, որը գոյություն է ունեցել մինչև 1930 թվականը։ Հասունանում էր Թբիլիսիում մշտական ռուսական դրամատիկական թատրոն ունենալու հարցը։ 1932 թվականի սեպտեմբերին դուրս է գալիս Վրաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարիատի` Թբիլիսիի պետական ռուսական դրամատիկական թատրոն հիմնելու վերաբերյալ որոշումը։ Թատերախումբը կազմված էր Թբիլիսիի Կարմիր տան կոլեկտիվից և համալրվում էր ԽՍՀՄ տարբեր քաղաքների դերասաններով։ Շենքի բացակայության պատճառով թատրոնն աշխատում էր Թբիլիսիի Կարմիր Բանակի նախկին տան շենքում։ Առաջին ներկայացման բեմադրության համար հրավիրվում է Վրացական երկրորդ թատրոնի հիմնադիր, թատերական մեծ բարեփոխիչ Կոտ` Մարջանիշվիլին:1932 թվականի նոյեմբերի 3-ին Ռուսական թատրոնն սկսում է իր առաջին խաղաշրջանը Մաքսիմ Գորկու «Հատակում» պիեսի բեմադրությամբ։ Երկրորդ կարևոր իրադարձությունն է դառնում Ն. Պոգոդինի «Իմ ընկերը» պիեսի բեմադրությունը մոսկվացի ռեժիսոր Ալեքսեյ Պոպովի կողմից։ Սրան հաջորդում են մի շարք չհաջոցված ներկայացումներ։ Սա ցույց է տալիս, որ թատրոնին անհրաժեշտ է միասնական գեղարվեստական ղեկավարություն։ Երկրորդ թատերաշրջանը ռուսական թատրոնը բացում է 1933 թվականի նոյեմբերի սկզբին։ Թատրոնը տեղափոխվում է նոր շենք, թատերախումբը համալրվում է նոր դերասաններով ու ռեժիսորներով։ Նոր տնօրենն ու գեղարվեստական ղեկավարը, Թբիլիսիի պատանի հանդիսատեսի ռուսական թատրոնի հիմնադիրներից Կոնստանտին Շահազիզովը աշխատանքներ է տանում թատրոնի գեղարվեստական մակարդակը բարձրացնելու համար։ Երկրորդ սեզոնը արդյունավետ էր և որոշում է ռուսական թատրոնի ստեղծագործական դեմքը։ Երկու թատերաշրջանների հիմնական արդյունքն այն էր, որ Վրաստանում ձևավորվում է մշտական ռուսական թատրոն, որը փոխարինում է սեզոնային ռուսական թատերախմբերին։ 1934 թվականի հոկտեմբերին Թբիլիսիի պետական ռուսական դրամատիկական թատրոնն անվանակոչվում է ի պատիվ Ա. Ս. Գրիբոյեդովի։ Ի պատասխան սրան` 1935 թվականի դեկտեմբերի 12-ին թատերաշրջանը բացվում է Գրիբոյեդովի «Խելքից պատուհասը» պիեսի բեմադրությամբ։

Թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրիբոյեդովի անվան թատրոնում աշխատել են ռեժիսորներ Ա. Ռիդալը, Ա. Ռուբինը. Վ. Կարպովը, Ա. Սմեյանովը, Ա. Ավգուստովը, նկարիչներ Վ. Իվանովը, Բ. Լոկտինը, Վ. Ռոբերգը, Ի. Շտենբերգը, Ե. Դոնցովան:Հավաքվել էր վառ դերասանական խումբ. Լ. Վրուբլյովսկայան, Բ. Բելեցկայան, Ե. Եվստրատովան, Օ. Կուտիրյովան, Ն. Մարտինովան, Ե. Սաթինան, Ա. Սեմյոնովան, Ն. Շելեխովան, Մ. Բելոուսովը, Վ. Բրագինը, Կ. Գարդինը, Պ. Դոնեցկին, Ա. Լիպնիցկին, Կ. Մյուֆկեն, Ի. Օսիպովը, Ա. Սմիրանինը, Յա. Մաքսիմովան և այլն։ Ավելի ուշ թատրոն են եկել Ն. Բուրմիստրովան, Տ. Բելոուսովան, Լ. Լուսպեկաևը, Դ. Սլավինը, Ի. Ռուսինովը, Մ. Պյասեցկին, Յու. Շեվչուկը, Վ. Զախարովան, Ա. Գոմիաշվիլին, Ի. Զլոբինը, Ա. Շենգելայան, Վ. Սեմինան, Ա. Լևինը, Մ. Իոֆֆեն, Բ. Կազինեցը, Լ. Կռիլովան, Դ. Սիխարուլիձեն, Է. Կուխալիեշվիլին, Ե. Բայկովսկին, Ե. Կիլոսանիձեն, Ս. Գոլովինան, Զ. Գրիգորյանը և ուրիշները։ Թատրոնի պատմության մեջ վառ հետք են թողել ռեժիսորներԱլեքսանդ Տակաիշվիլին, Դմիտրի Ալեքսիձեն, Լեոնիդ Վարպախովսին, Մեդեա Կուչուխիձեն, Սերգո Չելիձեն, Կոտ` Սուրմավան, Գրիգորի Դավիդովիչը, Գեորգի Տովստոնոգովը, Պյոտր Ֆոմենկոն, Գիզո Ջորդանիան, Գոգի Կավտարաձեն և այլն։

Վաղ տարիների բեմադրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

1939 թվականի մարտի 5-ին այստեղ իր դիպլոմային աշխատանքն է բեմադրել Սերգեյ Ալեքսանդրովիչ Նայդյոնովը։ Տովստոնոգովի աշակերտը` Միխայիլ Տումանիշվիլին, Գրիբոյեդովի անվան թատրոնում բեմադրել է Արթուր Միլլերի «Տեսարան կամրջից» պիեսը։ Իր առաջին` «Գանձեր» աշխատանքն այստեղ բեմադրել է Ռոբերտ Ստուրուան։

Հոլստոմերը Գրիբոյեդովի անվան թատրոնի բեմում

Տարբեր տարիների լավագույն բեմադրություններից են «Վանյուշինի երեխաները» (Գ. Տովստոնոգով, 1939), «Մեծ Մոուրավի» (Ա. Ռուբին, 1941), «Խորը արմատներ» (Դ. Ալեքսիձե, 1947), «Վերջինները» (Գ. Գվինիաշվիլի, 1950), «Խելքից պատուհասը» (Ա. Տակաիշվիլի, 1954), «Իրկուտսկյան պատմություն» (Ա. Վիպման, 1960), «Երկուսը ճոճանակին» (Ա. Չխարտիաշվիլի, 1962), «Պահանջվում է ստախոս» (Կ. Սուրմավա, 1963), «Կեսար և Կլեոպատրա» (Ա. Գինզբուրգ, 1966), «Տեղ տուր վաղվա օրվան» (Մ. Պյասեցկի, 1970), «Կոմանդորի քայլերը» (Գ. Լորդկիպանիձե, 1971), «Ծաղիկների ճանապարհը» (Պ. Ֆոմենկո, 1972), «Ավագ որդի» (Ա. Տովստոնոգով, 1975), «Երիտասարդ գվարդիա» (Ա. Տովստոնոգով, 1975), «Մոռանալ Հերոստրատին» (Ա. Տովստոնոգով, 1975), «Դաժան խաղեր» (Ա. Տովստոնոգով, 1978), «Հավերժության օրենքը» (Գ. Ջորդանիա, 1982), «Պիկ ժամ» (Գ. Ջորդանիա, 1983), «Քույրեր» (Գ. Չակվետաձե, Գ. Ջորդանիա, 1985), «Բալենու այգի» (Գ. Կավտարաձե, 1992), «Աննա Կարենինա» (Գ. Կավտարաձե, 1998)։

Թատրոնն այսօր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թատրոնի գեղարվեստական ղեկավարն այսօր Վրաստանի պետական մրցանակի դափնեկիր, Կ. Մարջանիշվիլիի անվան մրցանակի դափենկիր Ավթանդիլ Վարսիմաշվիլին է։ Թատրոնի խաղացանկային քաղաքականությունն ուղղված է ռուսական դասական դրամատուրգիայի հանրայնացմանը, թատրոնում հայտարարվում են «Ռուսական դասական գործերի շրջաններ»։ 2013 թվականին Գրիբոյեդովի անվան թատրոնն ստացել է «Թատրոնի աստղ» մրցանակը «Արտասահմանում լավագույն ռուսական թատրոն» անվանակարգում և Ա. Վարսիմաշվիլիի «Հոլստոմեր։ ձիու պատմություն» (ըստ Լև Տոլստոյի պատմվածքի մոտիվների) ներկայացման համար արժանացել է «Золотой Витязь» միջազգային թատերական ֆորումի գրան պրիի։ Թատրոնն ակտիվորեն ելույթներ է ունենում և հաջողությամբ մասնակցում է հարևան և հեռավոր երկրներում կազմակերպվող միջազգային թատերական փառատոնների, արդեն մի քանի տարի հյուրախաղերի թվով առաջատարն է Վրաստանի թատրոնների շարքում։

Այսօրվա թատերախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Թատրոնի գեղարվեստական ղեկավար -Ավթանդիլ Վարսիմաշվիլի
  • Թատրոնի տնօրեն-Նիկոլայ Սվետիցկի
  • Ռեժիսորներ- Ավթանդիլ Վարսիմաշվիլի, Անդրո Ենուկիձե, Գեորգի Մարգվելաշվիլի, Վախթանգ Նիկոլավա

Դերասանուհիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լյուդմիլա Իվանովնա Արտեմովա-Մհեբրիշվիլի
  • Իննա Եգորովնա Վորոբյովա
  • Նատալյա Նիկոլաևնա Վորոնյուկ
  • Նանա Գեորգիևնա Դարչիաշվիլիշ
  • Անաստասիա Վլադիմիրովնա Գարմատյուկ
  • Նինո Գաչեչիլաձե-Մհեբրիաշվիլի
  • Նինա Գեորգիևնա Կալատոզիշվիլի
  • Իրինա Վլադիմիրովնա Կվիժինաձե
  • Կարինա Ռաֆայելովնա Կենիա
  • Նինո Սուլխանովա Կիկաչեիշվիլի
  • Մարիա Գեորգիևնա Կիտիա
  • Սոֆյա Օլեգովնա Լոմջարիա
  • Ալլա Միխայլովնա Մամոնտովա-Ցխադայա
  • Իրինա Գիվիևնա Մեգվինետուխուցեսի
  • Մեդեա Պետրովնա Մումլաձե
  • Աննա Նիկոլաևա-Հարությունյան
  • Նինա Նինիձե
  • Արիադնա Շենգելայա

Դերասաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միխայիլ Ամբրոսով
  • Միխայիլ Արջեվանիձե
  • Արչիլ Բարաթաշվիլի
  • Վասիլի Գաբաշվիլի
  • Լաշա Գուրգենիձե
  • Գեորգի Զանգուրի
  • Ապոլլոն Կուբլաշվիլի
  • Իվանէ Կուրասբեդիանի
  • Մերաբ Կուսիկաշվիլի
  • Դմիտրի Մերաբիշվիլի
  • Օլեգ Մչեդլիշվիլի
  • Ստանիսլավ Նատենաձե
  • Քրիստոփոր Պիլիև
  • Դմիտրի ՍպորիշևՎալերի Խարյուտչենկո
  • Գուրամ Չերկեզիշվիլի
  • Զուրաբ Չիպաշվիլի
  • Գեորգի Տուրկիաշվիլի

Ժամանակակից խաղացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Եդեմական ծաղիկը» 
  • «Կարմիր առագաստներ»
  • «Անգլիական դետեկտիվ»
  • «Բալենու այգին»
  • «Գետտո»
  • «Ամպրոպ»
  • «12 ամիս»
  • «Դոստոևսկի. ru»
  • «Ամուսնություն»
  • «Դեղին հրեշտակ»
  • «Ձմեռային հեքիաթ»
  • «Մոխրոտիկը»
  • «Արթուրո Ուիի կարիերան»
  • «Քասթինգ»
  • «Փոքրիկը»
  • «Մաուգլի»
  • «Մայակովսկի»
  • «Սառնամանիք»
  • «Սուրբծննդյան հեքիաթ»
  • «Ավագ որդին»
  • «Սպանել տղամարդուն»
  • «Հոլստոմեր ձիու պատմությունը»
  • «Չիպոլինո»
  • «Ձմեռային հեքիաթ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Большая советская энциклопедия. Гл. ред. А. М. Прохоров, 3-е изд. Т. 25. Струнино — Тихорецк. 1976. 600 стр., илл.; 30 л. илл. и карт.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թբիլիսիի Ա. Գրիբոյեդովի անվան թատրոն» հոդվածին։