Թափվող արճիճ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թափվող արճիճ գործողություն, 2008 թվականի դեկտեմբերի 27-ին Գազայի հատվածում սկսած իսրայելական ռազմական գործողության ծածկագրային անվանում։ Դրա նպատակն էր Գազայում գործող ՀԱՄԱՍ-ի ռազմական ենթակառուցվածքի ոչնչացումը և դեպի Իսրայելի տարածք ուղղված հրթիռային հարձակումների կանխումը։ Այս հակամարտությունը հայտնի է նաև որպես պատերազմ Գազայում, իսկ արաբական երկրներում՝ որպես «Սպանդ Գազայում», կապված սպանված պաղեստինցիների մեծ թվի հետ։

Թափվող արճիճ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դեկտեմբերի 19-ին սպառվեց Իսրայելի և Գազայում իշխող ՀԱՄԱՍ խմբավորման միջև հաստատված մեկուկեսամյա զինադադարի ժամկետը, որը ձեռք էր բերվել եգիպտական հետախուզական ծառայության պետ, գեներալ Օմար Սուլեյմանի միջնորդությամբ և ուժի մեջ էր մտել 2008 թվականի հունիսի 19-ին։ Համաձայնությունը հիմնված էր բանավոր պայմանավորվածությունների վրա և նախատեսում էր Գազայի հատվածում երկու կողմերից կրակի դադարեցում։

Լայնամասշտաբ ռազմական գործողություն սկսելու որոշումը Իսրայելի կառավարությունը կայացրեց այն բանից հետո, երբ զինադադարի ավարտից հետո Գազայի հատվածից տասնյակ հրթիռներ «տեղացին» իսրայելական քաղաքաների վրա։ Միայն դեկտեմբերի 24-ին Գազայի հատվածից արձակվել էր ավելի քան 60 հրթիռ և հպանցիկ արկ։ Իսրայելի վարչապետ Էհուդ Օլմերտի՝ դեկտեմբերի 25-ի նախազգուշական ելույթն «Ալ-Արաբիյա» հեռուստաընկերության եթերում ՀԱՄԱՍ-ի կողմից լուրջ չընդունվեց։

ՑԱԽԱԼ-ի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադավար-գեներալ Ալի Բնայյահուի հայտարարությամբ՝ ընդհանուր առմամբ շուրջ 10.000 զինվոր մեկուկես տարի շարունակ պատրաստվում էր ռազմական գործողությանը։ Բազաներից մեկում կառուցվել էր Գազայի փոքրացված նախագիծը (մակետ)`«Կրակային քաղաք» անվանմամբ։ Ռազմական մասնագետների գնահատականներով՝ գործողությունը սկսելու պահին ՀԱՄԱՍ-ի զինված ուժերի կազմում հաշվվում էր շուրջ 20.000 մարդ։ ՀԱՄԱՍ-ի զինուժի հրամանատարը Ահմադ Ջաբարին էր, ով սեկտորը բաժանել էր 3։

Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 27-ին՝ տեղական ժամանակով ժամը 11։30-ին, Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքի ուղղությամբ հասցվեց Իսրայելի ռազմաօդային ուժերի առաջին հարվածը։ Իսրայելական հարձակումը ՀԱՄԱՍ-ին հանկարծակիի բերեց։ Անսպասելիության էֆֆեկտը ձեռք բերվեց շնորհիվ իսրայելական կառավարության և զինվորականների կողմից անցկացված ապատեղեկատվության նպատակաուղղված քարոզչության։ Դեկտեմբերի 28-ի գիշերը իսրայելական բանակի տանկերը սկսեցին տեղակայվել Գազայի սահմանին, իսկ իսրայելական ավիացիան շարունակում էր հարվածներ հասցնել ՀԱՄԱՍ-ի օբյեկտների ուղղությամբ։ Հայտնի դարձավ, որ օդային հարձակումների արդյունքում ոչնչացվել են ՀԱՄԱՍ-ին պատկանող «Ալ-Ակսա» հեռուստաընկերության շենքը, ինչպես նաև Գազայի մզկիթը, որն, ըստ ՑԱԽԱԼ-ի, օգտագործվում էր որպես ռազմական սպառազինության պահեստ։

Դեկտեմբերի 27—31-ը Գազայի հատվածից Իսրայելի տարածք արձակվեց մոտ 340 հրթիռև հպանցիկ արկ։ Հրաձգության արդյունքում զոհվեց 4 իսրայելցի, այդ թվում 3 քաղաքացիև 1 զինծառայող, տանսյակ իսրայելցիներ ստացան մարմնական վնասվածքներ։

Հունվարի 3-ին՝ ժամը 18։31-ին, Իսրայելը սկսեց «Թափվող արճիճ» գործողության երկրորդ՝ ցամաքային փուլը։ Այն ուղեկցվում էր Գազայի հյուսիսային հատվածի հրետանային ռմբակոծությամբ, որտեղից, ըստ իսրայելական տվյալների, ՀԱՄԱՍ-ի զինյալները հրթիռային հարվածներ էին հասցնում։ Գործողությունը ղեկավարում էր Գազայի դիվիզիայի հրամանատար գեներալ Էյալ Այզենբերգը։ Գազայից բացի՝ իսրայելական զորամիավորումները կենտորանցել էին նաև երկրի հյուսիսում՝ լիբանանյան սահմանի մոտ, որտեղից կարող էին տեղալ Հիզբոլլահի հրթիռային հարվածները։

Հունվարի 8 –ի առավոտյան Լիբանանի տարածքից արձակվեցին «Գռադ» տեսակի զենքեր։ Ոչ Իսրայելը, ոչ Հիզբոլլահը հետաքրքրված չէին հակամարտության հերթական սրմամբ, հատկապես 2006 թվականի պատերազմից հետո, այդ պատճառով էլ ՑԱԽԱԼ-ը պատասխան հրետանային կրակ բացեց հակառակորդի կայանների ուղղությամբ։

Սադրիչ գործողությունն իրականացրեց Լիբանանում գործող «Պաղեստինի ազատագրման Ազգային ճակատի գլխավոր շտաբ» պաղեստինյան ահաբեկչական կազմակերպությունը։

Հունվարի 17-ին տեղի ունեցած արտակարգ նիստի ժամանակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Գազայի հատվածում կրակի անհապաղ դադարեցման պահանջով բանաձև ընդունեց։ Նույն օրը երեկոյան Իսրայելի նախարարների գրասենյակը քվեարկեց Գազայի հատվածում կրակի դադարեցման օգտին։ Հաջորդ օրը կրակի դադարեցման ցանկության մասին հայտնեցին ՀԱՄԱՍ-ը և այլ պաղեստինյան խմբավորումներ, ինչը և ազդարարեց Գազայի հատվածում ռազմական գործողության ավարտը։ Հունվարի 20-ին Գազայի հատվածից դուրս բերվեցին ՑԱԽԱԼ-ի վերջին ռազմական զորամիավորմուները։

  • Պաղեստինյան առողջապահության նախարարության տվյալներով զոհվել էին 1314 պաղեստինցի, որոնց թվում 412 երեխա և 110 կին, վիրավորվել՝ 5300 մարդ, որոնցից՝ 1855 երեխա և 795 կին։ Վիրավորների թիվը հաշվվում էր 1000-ից 5450 մարդ։
  • ՑԱԽԱԼ-ի՝ 2009 թվականի ապրիլի 7-ի ճշտված տվյալներով ռազմական գործողության ժամանակ զոհված պաղեստինցիների ընդհանուր թիվը կազմում էր 1166 մարդ։ Իսրայելը հասավ իր հետապնդած նպատակների մեծ մասին, սակայն Գազայի կողմից երկրի ռմբակոծությունը դադարեցնել դեռ չէր հաջողվել։ Սակայն, հարկ է նշել, որ դրանց ինտենսիվությունը զգալիորեն նվազել էր։ Միջազգային հանրությունն, ընդհանուր առմամբ, բացասաբար էր վերաբերվում ռազմական գործողությանը, ինչն արտահայտվեց ամբողջ աշխարհում մեծ թվով հակաիսրայելական զանգվածայի ցույցերով։ ՀԱՄԱՍ-ը և պաղեստինյան այլ ռադիկալ կազմակերպություններ հայտարարեցին կրակի անհապաղ դադարեցման մասին՝ մեկ շաբաթվա ընթացքում իսրայելական զորքերի՝ Գազայի հատվածից դուրս գալու պայմանով։ Իսրայելը պահպանեց հրթիռային հարվածներին պատասխանելու իր իրավունքը։ Ռազմական գործողությունը կրկին գրավեց միջազգային հանրության ուշադրությունը պաղեստինա-իսրայելական կոնֆլիկտի կողմը, ինչի արդյունքում շատ երկրներ սկզբունքային դիրք գրավեցին Իսրայելի և Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի նկատմամբ։ Մի շարք երկրներ Իսրայելին ՀԱՄԱՍ-ի հարձակումները կանխելու և Մերձավոր Արևելքում խաղաղության հասնելու հարցում իրենց օգնությունը խոստացան։ Միևնույն ժամանակ շատ կազմակերպություններ և ընկերություններ խզեցին հարաբերությունները Իսրայելի և մասնավոր իսրայելական գործընկերների հետ։ Որոշ պետություններ խստացրին Իսրայելի հետ վարած իրենց քաղաքականությունը, իսկ նրանց մի մասն ընդհանրապես խզեց դիվանագիտական հարաբերությունները նրա հետ։

Այս ռազմական գործողությունը բերեց միջազգային հանրության հակասական արձագանքին։ Գործողության առաջին ժամերին շատ երկրներ կտրուկ քննադատեցին տարածաշրջանում Իսրայելի ռազմական գործողությունները։ Ավանդաբար Իսրայելի դեմ քվեարկած արաբական երկրներին (Լիբիա, Սիրիա, Լիբանան) և Իրանին միացան նաև այն երկրները, որոնք նախկինում պաշտպանում էին Իսրայելի ինքնորոշման իրավունքը՝ Հորդանանն ու Եգիպտոսը, և միջազգային հանրությունից պահանջեցինռազմական գործողությունը դադարեցնելու նպատակով Իսրայելի վրա ճնշում գործադրել։ Ընդ որում, Հորդանանի նախաձեռնությամբ այս հարցի շուրջ Կահիրեում Արաբական Երկրների Լիգայի արտակարգ համաժողով գումարվեց։ Հորդանանի թագավոր Աբդալլահ II-ը, ի նշան ցավակցության, պաղեստինցիների համար անձամբ արյուն տվեց։

Հարկ է նշել, որ Իսրայելի ԱԳՆ տվյալներով՝ ռազմական գործողության ընթացքում ՊԱՎ նախագահ Մահմուդ Աբբասն անձամբ է զանգահարել Երուսաղեմ՝ գործողությունը դադարեցնելու խնդրանքով»։ Արաբական երկրներից բացի Իսրայելին կրակը դադարեցնելու կոչ են արել նաև Ֆրանսիան, Անգլիան, Ռուսաստանը, Ինդոնեզիան և Մալայզիան, Պակիստանը, Թուրքիան, Աբխազիան և Վենեսուելան։ ՄԱԿ Անվտանգության խորհուրդ-ի ԱԽ-ն նույնպես իր դժգոհությունն է հայտնել Իսրայելի գործողություններին, սակայն ԱՄՆ-ի վետոն խանգարեց ընդունել համապատասխան բանաձև։ ՄԱԿ-ի ԱԽ-ն դատապարտել է նաև Իսրայելի տարածքի հրթիռային ռմբակոծությունները, բայց այս անգամ էլ համապատասխան բանաձևի ընդունմանը խանգարել է Արաբական Երկրների Լիգայի դիրքորոշումն արտահայտող Լիբիան։

Միևնույն ժամանակ շատ այլ երկրներ (Մեծ Բրիտանիա, Չեխիա, Նիդերլանդներ, Իտալիա, Գերմանիա, ԱՄՆ), Եվրամիությունը իրենց անհանգստությունն են հայտնել հակամարտության հարցում, սակայն ընդունել են Իսրայելի՝ իր քաղաքացիներին պաշտպանելու իրավունքը՝ կոչ անելով խուսափել անմեղ զոհերից։ Մի շարք երկրներ երկու կողմերին խաղաղ բանակցությունների կոչ էին անում։

Վենեսուելան, Բոլիվիան, Կատարը և Մավրիտանիան հակամարտության պատճառով Իսրայելի հետ խզեցին դիվանագիտական հարաբերությունները։

2009 թվականի սեպտեմբերի 15-ին Գազայի պատերազմի հարցով ՄԱԿ-ի հանձնաժողովըԳոլդսթոունի գխլավորությամբ եկավ այն եզրահանգման, որ երկու կողմերի մի շարք գործողություններ, ըստ Ժնևի կոնֆերանսի և այլ միջազգային համաձայնությունների, կրում են ռազմական հանցագործության բոլոր նախանշանները։

2009 թվականի հոկտեմբերի 16-ին ՄԱԿ-ի Մարդու Իրավունքների Խորհուրդը ուսումնասիրեց հանձնաժողովի զեկույցը և որոշեց հանձնել այն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի քննարկմանը։ Վերջինս նոյեմբերի 6-ին ձայների մեծամասնությամբ հավանության արժանացրեց զեկույցը և հանձնեց այն ՄԱԿ-ի ԱԽ քննարկմանը, որը պետք է տեղի ունենար 3 ամսվա ընթացքում։ Այս որոշումները խիստ բացասական արձագանքի արժանացան պաշտոնական Իսրայելի կողմից։

2009 թվականի հրատարակված զեկույցում Շաբակ իսրայելական անվտանգության ծառայությունը նշել է, որ «Թափվող արճիճ» ռազմական գործողությունից հետո Իսրայելում ահաբեկչական ակտիվությունը զգալիորեն նվազել է։ Գազայում արձանագրվել է զենքի մաքսանենգության տեմպերի աճ։