Թատրոն (հանդես)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թատրոն
Տեսակհանդես
Լեզուհայերեն, հայատառ թուրքերեն և թուրքախառն հայերեն
Գլխավոր խմբագիրՀակոբ Պարոնյան
Հիմնադրվել է1874
ՀիմնադիրՀակոբ Պարոնյան
Հրատարակման վայրԿոստանդնուպոլիս
Հաճախականությունշաբաթը երկու անգամ (չորեքշաբթի, շաբաթ)

«Թատրոն», գրական, հասարակական-քաղաքական, տնտեսական, երգիծական հանդես։ Լույս է տեսել 1874 թվականի ապրիլից 1877 թվականը ներառյալ, Կոստանդնուպոլսում։ Հիմնադիր-խմբագիրն է եղել նշանավոր երգիծաբան Հակոբ Պարոնյանը։ «Թատրոնի» նյութերը լույս են տեսել հայերեն, հայատառ թուրքերեն և թուրքախառն հայերեն։

Ստեղծման պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Կոստանդնուպոլսի «Մեղու» բանասիրական, գրական, գիտական, տնտեսական և երգիծական կիսամսյա հանդեսը, որի խմբագրությունը Հարություն Սվաճյանից հետո ստանձնել էր Հակոբ Պարոնյանը, դադարեցրեց իր գործունեությունը, վերջինս 1874 թվականի ապրիլին հիմնեց «Թատրոն» հանդեսը։ «Թատրոն»-ը, հավատարիմ մնալով «Մեղու»-ի սկզբունքներին, շարունակում էր երգիծանքի և հրապարակախոսության սուր նետերն ուղղել ժամանակաշրջանի արատավոր կողմերին։

«Թատրոնի» հրատարակության առթիվ Պարոնյանը թերթի էջերից երախտագիտություն է հայտնում Հարություն Սվաճյանին, որից ժառանգել էր «Մեղուն», և այժմ այն լույս էր տեսնում «Թատրոն» անունով։ Մի քանի տողերից կազմված երախտագիտական ջերմ խոսքը կոչվում է «Շնորհակալություն»․ «Թատրոնիս հրատարակության սկսած ատեննիս երախտագիտությունը պարտք մը կը դնե մեր վրա հրապարակավ շնորհակալություննիս հայտնել Մեղուի արտոնատեր մեծապատիվ Հարություն էֆենտի Սվաճյանի, որ Մեղուի հրատարակության իրավունքն ձրիաբար մեզ տալ բարեհաճելով առիթ տվավ մեզ հրապարակավ ելնելու և մերովսանն ազգին ծառայելու»[1]։

Հանդեսի հրատարակումն անխափան և անխոչընդոտ չի եղել։ Խմբագիրն այն հրատարակելիս բախվել է մի շարք խնդիրների։ «Թատրոն»-ի հիմնադրման վերաբերյալ Գառնիկ Ստեփանյանը գրում է․«Հայտնի է, որ «Մեղվի» խափանումից հետո Պարոնյանը այդ պարբերականի արտոնությունը օգտագործեց, բայց նոր թերթը «Թատրոն» կոչեց․ ինչով էր վատ «Մեղուն», որ այնքան ժողովրդականացած անուն էր և փնտրված հասարակական լայն խավերի կողմից։ Անկախ այն բանից, թե Սվաճյանը «Մեղվի» արտոնությունը սիրահոժար տրամադրել էր Պարոնյանին, խմբագրի առաջ կանգնել էր մեծ դժվարություն՝ թերթը իր անունով հրատարակելու գործում։ Եվ այստեղ նրան օգնել է Վարդովյանը, մի անձնավորություն, որ կապված էր թուրք մտավորականության հետ և նրանց միջոցով նաև պալատական բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Ամենայն հավանականությամբ Վարդովյանին հաջողվել է թույլտվություն ձեռք բերել Պարոնյանի համար, որպեսզի նա հրատարակի «Թատրոնը»։ Այս ենթադրությունը ավելի հավանական կարող է թվալ, եթե հաշվի առնենք, որ Պարոնյանը նախ հրատարակել է «Թիաթրո» թուրքերեն պարբերականը, ապա միայն հայերեն «Թատրոնը»»[2]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հանդեսը լուսաբանել է Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքականությունը, անդրադարձել է գավառի իրադարձություններին, մերկացրել համիդյան հայահալած քաղաքականությունը։ Ծաղրել է Ազգային «Թատրոն» շաբաթաթերթի գլխագիրը, սահմանադրությամբ կամ դիվանագիտական ճանապարհներով արևմտահայերին «փրկել» ցանկացող պոլսահայ սահմանադրականներին, Արևելյան հարցի վերաբերյալ եվրոպական քաղաքագետների դիրքորոշումը և 1876-ի միջազգային կոնֆերանսի (Կ. Պոլիս) կազմակերպումը։ Պարզաբանելով Սան Ստեֆանոյի դաշնագիրը և Բեռլինի վեհաժողովի որոշումները՝ շեշտել է արևմտահայության համար դրանց անօգուտ լինելը[3]։

Հանդեսում հիմնականում տեղ են գտել Հակոբ Պարոնյանի ինչպես ստորագրված, այնպես էլ անստորագիր և տարբեր ծածկանուններով (Հուշարար, և այլն, Փորձառու, Կարկուտ, Ով է նե, Անաքարսիս, Թաղես, Դիոգենես, Ապտակող, Գող, Փյունիկ) ստորագրված գործերը։

Տարաբնույթ են անստորագիր նյութերը. կան դեպքեր, երբ հեղինակը հանդես է գալիս որպես խմբագիր և իրավասու «Թատրոնի»՝ իր վրա կրելով թերթի հետ կապված բազմաթիվ պարտավորություններ, խոսում է առաջին դեմքով, ընթերցողի հետ կիսում իր մտատանջությունները, հոգսերը, դժվարությունները և ուրախությունը։ Այս պարագայում, բնականաբար, պարզ է, որ հեղինակը Պարոնյանն է։

Անստորագիր նյութերի այլ շարք են կազմում ազգային կյանքի առօրյային ու հրատապ հարցերին նվիրված առաջնորդողներն ու զանազան հոդվածները, որոնց շարադրման ոճից ևս պարզ է, որ հեղինակը կրկին Հակոբ Պարոնյանն է։

«Թատրոնում» Հակոբ Պարոնյանի «Քաղաքական» և ապա «Կսմիթներ» խորագրերի տակ տպագրված պամֆլետներից ու ֆելիետոններից է ստեղծվել նրա «Կսմիթներ» ծավալուն երկը, իսկ «Կենսագրականք» և «Նկարագրություն դիմաց և բնավորությանց մայրաքաղաքիս թաղեր ու ազգայնոց» պարբերաբար լույս տեսնող նյութերից՝ «Ազգային ջոջեր»-ը և «Պտույտ մը Պոլսո թաղերուն մեջ»-ը։

«Թատրոնի» 1874 թվականի տարբեր համարներում է լույս տեսել նաև երգիծաբանի «Տաղ յուրյումեսե ապտալ յուրյուր» («Լեռը մարգարեին քովը չերթա նե՝ մարգարեն լեռան քովը կ’երթա») երգիծավեպը[4]։

Գրաքննությունը մշտապես հալածել է թերթը, որը բազմիցս փակվել է և վերստին հրատարակվել։

Ասույթներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Թատրոն» հանդեսի համարները հարուստ են խորիմաստ, ուսուցողական երգիծական ասույթներով․

Սէրը գինիի պէս է․ վարժըվողները մէկէն ի մէկ չեն գինովնար, իսկ չվարժվողները մէկ բաժակով գլտորիլ կսկսին[5]։
Ագահը ամէն բանէ զրկուած աղքատ մˈէ[6]։
Գիտութիւնները ժամացոյցի կը նմանին, զայն բանեցնելու համար միշտ լարել պէտք է։

Յիշէ՛ միշտ ընդունած բարութիւնդ, իսկ մոռցի՛ր ըրած բարութիւնդ[7]։

Փոթորկի ատեն քեզ պատսպարող ծառը երբէք մի կտրեր։

Գիտութիւնը ծառ մˈէ, որուն արմատը գոհացողութիւն և պտուղը հանգստութիւն է[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Պարոնյան, Հակոբ (1975). Երկերի ժողովածու տասը հատորով, Հատոր իններորդ. Երևան: Հայկական ՍՍՀ ԳԱ հրատարակչություն. էջ 9.
  2. Ստեփանյան, Գառնիկ (1969). Ուրվագիծ արևմտահայ թատրոնի պատմության, Հատոր երկրորդ. Երևան: Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիայի Հրատարակչություն. էջեր 93–94.
  3. Պարոնեան, Յակոբ Յովհաննէսի, ed. (1874). Թատրոն. Կ. Պոլիս ։: տպ. Ե.Մ. Տնտեսեան.
  4. SimonVratsian. «ԵՎՐՈՊԱԿԱՆԻ ՈՒ ԱՍԻԱԿԱՆԻ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ ԸՆԿԱԼՈՒՄԸ — 2018-1 — Vem Academic Journal / ՎԷՄ համահայկական հանդես». Վերցված է 2023 թ․ հունվարի 11-ին.
  5. «Թատրոն», 1876, N 178
  6. «Թատրոն», 1877, N 225
  7. «Թատրոն», 1877, N 226
  8. «Թատրոն», 1877, N 245