Թառափազգիներ

Թառափազգիներ (լատին․՝ Acipenseridae), կռճիկային գանոիդների խմբի ձկների ընտանիք։
Ընդհանուր բնութագիրը
[խմբագրել | խմբագրել կոդը]Դունչը երկարացած է, ատամներ չունեն։ Մարմնի վրա կան 5 շարք (1-ը մեջքին, 2-ական կողքերին) ոսկրային գոյացումներ՝ «բզեզիկներ»։ Բերանի ներքին շրթունքին ունեն 4 բեղիկ։ Ներքին կմախքը կռճիկային է, առանց ողների։ Կրծքային լողակի առջևի ճառագայթը հաստ փշի տեսքով է։
Հայտնի է 4 սեռ (23 տեսակ), թառափներ, բահաքթեր, կեղծ բահաքթեր, թիաքթեր։ Տարածված են Հյուսիսային կիսագնդում։ Ամենախոշոր թառափի մարմնի երկարությունը հասնում է մինչև 9 մ։
Բազմացումը
[խմբագրել | խմբագրել կոդը]Բազմանում են միայն գետերում՝ քաղցրահամ ջրերում։ Ձվադրում են գարնանը և ամռանը, ձկնկիթը դնում են ջրի հատակին։ Թառափազգիների մի մասն ապրում է քաղցրահամ ջրերում (թիաքթեր, կեղծ բահաքթեր, ամերիկյան և լճային թառափներ), մյուս մասը կիսագաղթող կամ գաղթող է. ձվադրման համար մտնում է գետ, ապա նորից վերադառնում ծով։ Սեռահասուն են դառնում կյանքի 8–10 տարում։
Սննդառություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սնվում են մանր ձկներով, հատակային անողնաշարավոր կենդանիներով։ Արժեքավոր արդյունագործական ձկներ են, ունեն համեղ միս (10–15% ճարպ է պարունակում) և արժեքավոր ձկնկիթ՝ սև խավիար։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարածված են Կասպից և Ազովի ծովերում, որտեղ 1914-ից բուծվում են նաև արհեստական եղանակով։
Արդյունաբերական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թառափազգիների համաշխարհային որսի հիմնական մասը բաժին է ընկնում Ռուսաստանին։
![]() | Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թառափազգիներ» հոդվածին։ |
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թառափազգիներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 4, էջ 142)։ ![]() |