Թանկագին Ելենա Սերգեևնա (ֆիլմ)
Թանկագին Ելենա Սերգեևնա ռուս.՝ Дорогая Елена Сергеевна | |
---|---|
Երկիր | ԽՍՀՄ |
Ժանր | դրամա |
Թվական | 1988 |
Լեզու | ռուսերեն |
Ռեժիսոր | Էլդար Ռյազանով[1] |
Պրոդյուսեր | Լեոնիդ Վերեշագին |
Սցենարի հեղինակ | Լյուդմիլա Ռազումովսկայա |
Դերակատարներ | Մարինա Նեյոլովա, Դմիտրի Մարյանով, Ֆեոդոր Դունաևսկի և Նատալյա Շչուկինա |
Օպերատոր | Վադիմ Ալիսով |
Պատմվածքի վայր | Մոսկվա |
Կինոընկերություն | Մոսֆիլմ |
Տևողություն | 89 րոպե |
Թանկագին Ելենա Սերգեևնա (ռուս.՝ Дорогая Елена Сергеевна), խորհրդային գեղարվեստական ֆիլմ, նկարահանվել է 1988 թվականին ռեժիսոր Էլդար Ռյազանովի կողմից, ըստ Լյուդմիլա Ռազումովսկայայի համանուն պիեսի։ Ռյազանովի մյուս ֆիլմերի շարքում «Թանկագին Ելենա Սերգեևնան» առանձնանում է նրանով, որ այն երիտասարդական թեմայով ռեժիսորի առաջին ֆիլմն է, որ նկարահանվել է սոցիալական հոգեբանական դրամայի ժանրով։ Ֆիլմը նկարահանվել է վերակառուցման ժամանակշրջանում։ Ֆիլմի պրեմիերան կայացել է 1988 թվականի ապրիլի 12-ին[2]։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]10 «բ» ավարտական դասարանի աշակերտները գնում են շնորհավորելու ուսուցչուհու ծննդյան տարեդարձը։ Սակայն ինչպես պարզվում է, նրանք այս որոշումը կայացրել են ոչ թե այն պատճառով, որ գիտեն, թե որքան միայնակ է իրեն զգում թանկագին Ելենա Սերգեևնան, որ նրա մայրը ծանր հիվանդ է և հիվանդանոցում է գտնվում, և ոչ էլ այն պատճառով, որ այդ տարի իրենք բաժանվում են ուսուցչուհուց` մտնելով հասուն կյանք։ Նրանք ծաղկեփնջով ու նվերով եկել են ուսուցչուհու մոտ, քանի որ գիտեն` Ելենա Սերգեևնայի մոտ է գտնվում այն պահարանի բանալին, որտեղ պահվում են իրենց քննական աշխատանքները։ Նրանցից յուրաքանչյուրն ունի «հանցագործություն» կատարելու իր պատճառն ու արդարացումը. նրանց նպատակն է ուղղել աշխատանքներում առկա նշումները, և յուրաքանչյուրն անգամ խղճի խայթ է զգում այս առթիվ։ Սակայն իրադարձությունները զարգանում են բոլորի համար անսպասելի ուղղությամբ։ Եվ աշակերտներից յուրաքանչյուրն իր ձևով է արտահայտում իր հոգու ամենամութ կողմը` ցույց տալով, թե որքան ցածր կարող է իջնել գնահատականի համար։
Ելենա Սերգեևնան, չնայած իր պարզությանն ու համեստությանը, փորձում է իրենը պնդել և հրաժարվում է երեխաներին տալ բանալին` համառորեն տանելով դեռահասների ծաղրանքը։ Ֆիլմի ամբողջ ընթացքում նրա և աշակերտների միջև ընթանում է խոսքային դիմադրություն, որի ընթացքում ուսուցչուհին փորձում է հիշեցնել նրանց այն սկզբունքների ու ուխտերի մասին, որ նրանց սովորեցրել են մանկուց։ Երեխաներն իրենց հերթին առաջ են տանում իրենց գիծը. նրանց սերունդը, ի տարբերությունը Ելենա Սերգեևնայի, ստիպված է դիմել նման ծայրահեղ քայլերի, քանի որ «խորհրդային երջանիկ մանկությունն» ավարտվել է, և կոռուպցիան մեծ թափով տարածվել է բարձրագույն ուսումնական հաստատություններում։ Ի վերջո չարաբաստիկ բանալին այդպես էլ մնում է Ելենա Սերգեևնայի բնակարանում, սակայն այս «մարտում» որևէ հաղթող չի լինում։
Դերերում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Մարինա Նեյոլովա` Ելենա Սերգեևնա
- Նատալյա Շչուկինա` Լյալյա
- Դմիտրի Մարյանով` Պաշա (հնչյունավորումը` Անդրեյ Տաշկովի)
- Ֆեոդոր Դունաևսկի` Վիտյոկ Շեվչենկո
- Անդրեյ Տիխոմիրնով` Վոլոդյա (հնչյունավորումը` Օլեգ Մենշիկովի)
- Էլդար Ռյազանով` հարևան
Նկարահանող խումբ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ռեժիսոր` Էլդար Ռյազանով
- Սցենարի հեղինակներ` Էլդար Ռյազանով, Լյուդմիլա Ռազումովսկայա
- Օպերատոր` Վադիմ Ալիսով
- Նկարիչ` Ալեքսանդր Բորիսով
- Հագուստի ձևավորող` Նատալյա Իվանովա
- Երաժշտական ձևավորումը` Սերգեյ Սկրիպկայի
Տարբերություններ պիեսից
[խմբագրել | խմբագրել կոդը]Պիեսի սյուժեն մշակված է կամերային ոճով` բոլոր գործողությունները կատարվում են միայն Ելենա Սերգեևնայի բնակարանում և դրա տարածքից դուրս չեն գալիս։ Ֆիլմն սկսվում է այն տեսարանով, երբ երեխաները լողանում են լճում և ապա հյուր գնում Ելենա Սերգեևնային (պիեսն սկսվում է դուռը երեխաների առաջ բացելու տեսարանից)։ Ֆիլմի գործողությունների ընթացքում երեխաները տարհանման աստիճաններով բարձրանում են տանիք։ Ավելի ուշ Վոլոդյան այնտեղ կողպում է Պաշային, երբ որոշում է բռնաբարել Լյալյային (պիեսում Պաշան ներկա է լինում, սակայն Վոլոդյայից վախենալով, չի խառնվում)։
Երկխոսություններում կատարված փոփոխություններն աննշան են, հիմնականում արված են ավելի լավ հնչողության համար։ Պիեսում Լյալյայի բռնաբարությունը որպես այդպիսին տեղի չի ունենում։ Պիեսում չի բացահայտվում նաև, թե որտեղ է Ելենա Սերգեևնան պահում չարաբաստիկ բանալին։
Արտադրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ռազումովայի համանուն պիեսը Ռյազանովը կարդացել է 1980-ական թվականներին և տպավորվել է դրանով։ Նա դիմել է Մոսֆիլմի այն ժամանակվա տնօրեն Նիկոլայ Սիզովին` պիեսն էկրանավորելու առաջարկով։ Սիզովը նախ համաձայնել է, սակայն մի քանի օր անց հանձնարարել է դադարեցնել էկրանավորումը` մերժումը բացատրելով Յուրի Անդրոպովի` իշխանության գալով։ Արդյունքում ֆիլմի նկարահանման աշխատանքները Ռյազանովն սկսել է միայն 1987 թվականի հոկտեմբերին։ Սակայն չնայած գլասնոստին, խորհրդային կինոյում դեռևս գոյություն ուներ գրաքննությունը (չնայած այդ ժամանակ` արդեն բավականին թուլացած), և ֆիլմը նկարահանվել է «Վերջին քննություն» աշխատանքային անվամբ։ Ֆիլմը նկարահանվել է կարճ ժամկետում` 22 օրում[3]։
Մարինա Նեյոլովան առաջինն էր, ում Ռյազանովը հրավիրել է Ելենա Սերգեևնայի դերի համար։ Մյուս չորս դերակատարներին փնտրել են աշակերտների մեջ, սակայն միայն Նատալյա Շչուկինան է եղել դպրոցահասակ։ Նրա, Մարյանովի, Դունաևսկու և Տիխոմիրովի համար հեշտ չի եղել. Ռյազանովն այնպես էր ազդվել պիեսից, որ դրա հերոսների հանդեպ վերաբերմունքը փոխանցվել է դերասաններին։ Ռյազանովին դուր չէր գալիս, որ դերասանները, ինչպես և հատուկ է երիտասարդներին, նկարահանումներին լուրջ չէին մոտենում. Նատալյա Շչուկինան հիշում է, որ պահեր են եղել, որ իրենց վրա «աթոռներ են թռել»[3]։
Մուտքի տեսարանը, երբ երեխաները լողում են լճում, ի սկզբանե նախատեսված չի եղել։ Դերասանների համար դժվար է եղել հոկտեմբեր ամսին «հուլիսյան պատից տանջահար եղած» խաղալ, առավել ևս` հանվել։ Լողալու կադրերը նկարահանվել են խոշոր պլանով, քանի որ դերասանները լողալիս են եղել ոչ թե լճում, այլ լողավազանում[3]։
Նկարահանումներն անց են կացվել Մոսկվայում, Կրավչենկո փողոցի տներում։
Երաժշտություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ֆիլմի լուսագրերում երաժշտության հեղինակներն ու կատարողները նշված չեն, հայտնի է միայն, որ երաժշտական ձևավորումն արել է Սերգեյ Սկրիպկան։ Ֆիլմում հնչում են «Տորերո» (կատարում է Արիա խումբը), «Միայն ես և դու» (կատարում է Վլադիմիր Կուզմինը) երգերը։ Երաժշտությունը, որի տակ հերոսները բրեյք դանս են պարում, կոչվում է «Երջանիկ օր»։ Ֆիլմում նաև հնչում է Անդրեյ Պետրովի վալսը Էլդար Ռյազանովի մեկ այլ ֆիլմից։ Հեռուստացույցով ցուցադրվում է լենինգրադյան «Ավիա» խմբի «Ես քեզ չեմ սիրում» երգի տեսահոլովակից մի քանի վայրկյան։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ http://www.imdb.com/title/tt0095055/
- ↑ Афанасьева, Ольга. Эльдар Рязанов. Ирония судьбы, или…. — Алгоритм, 2015. — 240 с. — ISBN 978-5-906789-26-6
- ↑ 3,0 3,1 3,2 телепередача «Личная жизнь Эльдара Рязанова»
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Թանկագին Ելենա Սերգեևնա» ֆիլմը Արխիվացված 2019-07-15 Wayback Machine «Մոսֆիլմի» կայքում
- «Թանկագին Ելենա Սերգեևնա» «Հայրենական կինոյի հանրագիտարան» կայքում
- «Թանկագին Ելենա Սերգեևնա»(անգլ.) ֆիլմը Internet Movie Database կայքում
- https://web.archive.org/web/20091127143659/http://kinoros.ru/db/movies/1988/full.html
- http://www.ruskino.ru/mov/909 Արխիվացված 2016-03-07 Wayback Machine
|