Թայշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Թայշան
泰山 南天门.jpg
Տեսակլեռ
ԵրկիրFlag of the People's Republic of China.svg Չինաստան և Flag of the People's Republic of China.svg Չինաստան
Վարչատարածքային միավորՇանդուն
Մասն էFive Great Mountains?
Բարձրությունը ծովի մակարդակից1545 մետր
Հարաբերական
բարձրություն
1505 մետր
Մակերես426 կմ² և 25 000 հեկտար

Թայշան (չին.՝ 泰山, այսինքն՝ Արևելյան լեռ), լեռ Չինաստանի Շանտոն նահանգում, որի բարձրությունը 1545 մ․ է։

Թայշան լեռն ունի մշակութային և պատմական մեծ նշանակություն և դաոսիզմի հինգ սուրբ լեռներից մեկն է։ Ըստ ավանդույթի, լեռը համարվում է դաոսական սրբերի և անմահների բնակավայրը։ Թայշան լեռան ոգին, ըստ ասույթի, մահացածների թագավորության տիրակալներից մեկն է[1]։ Լեռը գտնվում է Թայան քաղաքի շրջակայքում։ 1545 մ բարձրության վրա գտնվող ամենաբարձր գագաթը կոչվում է Նեֆրիտե Կայսեր գագաթ։ Չինաստանում Թայշան լեռը ասոցացվում է արևածագի, ծննդյան, թարմացման հետ։ Լեռան գագաթին գտնվող տաճարը 3000 տարի շարունակ եղել է բազմաթիվ ուխտավորների նպատակը։ Այժմ լեռը կարելի բարձրանալ վերելակով։

2019 թվականի փետրվարի 4-ին, ի պատիվ Թայշան լեռան, Միջազգային աստղագիտական միությունը Mons Tai անունը վերագրեց Ֆոն Կարման խառնարանի կենտրոնական գագաթին[2]։

Դիրք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայշան լեռը գտնվում է Թայանից հյուսիս և դեպի հարավ՝ Շանդուն նահանգի վարչական կենտրոն Ցզինանից։ Լեռան ստորոտում բարձրությունը ծովի մակարդակից 150 մ է։ Լեռան հիմքը գրավում է 426 կմ² մակերես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թայշան լեռ

Մարդկության գոյության հետքեր կան պալեոլիթյան դարաշրջանից ի վեր:Այս վայրերում հնագետները գրանցել են նեոլիթյան ժամանակաշրջանի բնակավայրեր։ Այդ ժամանակ լեռան մերձակայքում զարգացել են երկու մշակույթներ՝ սկզբում Բեյսինը (մ․թ․ա․ 4700-3400 թվականներ) և Դավէնկոուն (մ․թ․ա․ 3700-3100 թվականներ), այնուհետև Լունշանը (մ․թ․ա․ 2100-1600 թվականներ)։ Չժոու դարաշրջանի (771-453) Գարունների և Աշունների ժամանակաշրջանում լեռան երկայնքով անցել է հյուսիսում Ցի կայսրության սահմանը և հարավում՝ Լու կայսրության սահմանը։ Հաջորդող՝ Պայքարող կայսրությունների ժամանակաշրջանում (453-221), Ցի կայսրությունը հարձակումներից պաշտպանվելու համար կառուցեց 500 կմ երկարությամբ պատ, որի ավերակները մինչ օրս պահպանվել են։

Չինական մշակույթում Թայշան լեռը ամրագրված է որպես կայունության սիմվոլ։ Սա արտացոլվել է չենյուում՝ «անսասան, ինչպես Թայշան լեռը»[3], որը հաճախ էր օգտագործում Մաո Ցզե Դունը։

Անհիշելի ժամանակներից, համենայն դեպս՝ Շանի ժամանակաշրջանից, Թայշանը եղել է հաղորդությունների, սրբագործությունների վայր։ Ինչ-որր ժամանակ Թայշան լեռան արարողությունը դարձել է պաշտոնական, լեռը դարձել է այն հիմնական վայրը, որտեղ կայսրը դիմել է Երկրին ու Երկնքին (ֆենշան արարողություն 封禪)։ Ֆեն (封) արարողության ժամանակ, որն արվում էր լեռան գագաթին, կայսրը Երկնքին հայտնել է իր երախտագիտությունը իրեն տրված իշխանության մանդատի համար։ Իսկ շան (禪) արարողության ժամանակ, որը արվել է լեռան ստորոտում, կայսրը Երկրին է երատագիտություն հայտնել ընծայած բերքի համար։ Մ․թ․ա․ 219 թվականին Ցին Շիխուանը Թայշան լեռան գագաթին կատարել է արարողություն և հռչակել ամբողջ Կայսրության միավորումը։ Նրանից հետո շատ չինացի կայսրեր հանդիսավոր արարողություններ են կատարել լեռան գագաթին՝ հատկապես կարևոր իրադարձությունների կապակցությամբ։

Հան կայսր Ու-դին բազմիցս բարձրացել է Թայշան լեռը և կանոնավոր զոհաբերություններ կատարել:Դրա համար նա կառուցել է հենց լեռան վրա և նրա ստորոտին պալատներ և աշտարակներ։

1987 թվականից Թայշան լեռը գրանցվել է ՅՈւՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում։ 2003 թվականին Թայշան այցելել են 6 միլիոն ուխտագնացներ և զբոսաշրջիկներ։ Նոր նախագծի համաձայն՝ 2005 թվականից կրոնական շենքերը վերականգնվել են, իսկ լանդշաֆտը վնասող ժամանակակից շենքերը հեռացվել են։

Բնություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկրաբանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անմահների կամուրջ, բնական լանդշաֆտ

Թայշան լեռն ապարների թափոնների թեքված զանգված է, որի բարձրությունը հյուսիսից հարավ աճում Չինաստանի արևելքում Կամբրիայի ժամանակաշրջանի պալեո-մետամորֆ ձևավորման հնագույն օրինակն է։ Թայշանի համալիրը կազմված է մագնիսացված, մետամորֆ ապարներից՝ շերտատված Արխեյան դարաշրջանին պատկանող այլ ծագման նստվածքային ապարներով։ Այս տարածաշրջանում ռելիեֆի վերելքը սկսվել է Պրոտերոզոյան դարաշրջանում, իսկ Պրոտերոզոյան դարաշրջանի վերջում Թայշանի ներկայիս շրջակայքը դարձել է մայր ցամաքի մաս։

Բացի Նեֆրիտե Կայսեր Գագաթից, հետաքրքրություն են ներկայացնում նաև այլ գոյացումներ, ինչպիսիք են Երկնային Մոմի Գագաթը, Հովհարի ժայռը, Հետին Լեռան Ավազանը կամ Անմահների Կամուրջը։

Բուսականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լեռնային համակարգի 80% -ը ծածկված է սաղարթախիտ անտառներով, որոնք պետական հսկողության տակ են գտնվում։ Լեռան բուսական աշխարհը շատ հարուստ է, կան ավելի քան 1000 բուսատեսակներ։ Որոշ ծառեր հայտնի են դեռ հնուց և ունեն մշակութային մեծ նշանակություն։ Մասնավորապես Հան դինաստիայի կիպարիսը, որը տնկել է կայսր Ու-դին, Թանի գիտնականների ծառը (ծառն ավելի քան 1300 տարեկան է), հյուրերին ընդունող Սոճին (500 տարեկան) և հինգերորդ աստիճանի Սոճին, որն այսպես է կոչվել կայսր Ցին Շի Հուանդի կողմից։

Մշակութային հուշարձաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրություններ ժայռերի վրա

Լեռան տարածքում կան 22 տաճարներ, 97 ավերակներ, 819 քարե սալեր, 1018 գծանկար և արձանագրություններ ժայռերի վրա։ Լեռան վրա ստորոտից մինչև գագաթը փորագրված և կառուցված է եղել 7200 աստիճան, կան 11 դարպասներ, 14 պատկերասրահ, 14 կրպակ և 4 տաղավար։ Թայ լեռան Աստվածության տաճարը (Dai Miao) լեռան ամենամեծ և ամենահին համալիրն է, այն զբաղեցնում է 96 հազար քառակուսի մետր տարածք։ Տաճարը կառուցվել է Ցին դինաստիայի օրոք։ Հան դինաստիայի օրոք (մ.թ.ա. 206 - մ.թ. 220), տաճարը սկսել է կրկնել կայսերական պալատի և Ցույֆուի Կոնֆուցիուսի տաճարի ճարտարապետությունը։ Տաճարն ունի հինգ հիմնական սրահ և բազմաթիվ լրացուցիչ սենյակներ:Կենտրոնում գտնվում է Երկնային Օրհնությունների Պալատը (Tian Zhu), որը կառուցվել է 1008 թվականին Հյուսիսային Սունի ժամանակներում։ Պալատում կա «Թայ լեռան աստվածության ճանապարհորդությունը» որմնանկարը, որը թվագրվում է 1009 թվականին։ Որմնանկարը ծածկում է դահլիճի արևելյան, հյուսիսային և արևմտյան պատերը և ունի 3,3 մետր բարձրություն և 62 մետր երկարություն:.Պատկերի թեման Լեռան ստուգումն է Երկնային աստվածության կողմից։ Տաճարը շրջապատված է նոճի ծառերով, որոնք տնկվել են Հան դինաստիայի օրոք՝ մոտ 2100 տարի առաջ։

Կարևոր տաճարներ են նաև Կապույտ Ամպի Տաճարը՝ նվիրված Լաոմու լեռան աստվածուհուն և Սուրբ Ժայռի Տաճարը, որտեղ գտնվում է Հազար Բուդդաների դահլիճը։

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեռնակիրներ Թայշան լեռան վրա

Այցելուները կարող են ավտոբուսով հասնել լեռ, իսկ Երկնքի Միջին Դարպասի կանգառից վերելակով կարող են բարձրանալ մինչև գագաթ։ Ոտքով բարձրանալու համար կպահանջվի երկու ժամ։ Ամբողջ ճանապարհի երկայնքով կան կրպակներ, ինչպես նաև կարելի է բեռնակիրներ վարձել։

Վերելքը սկսվում է Թայշան Կամարից։ 7200 քարե աստիճանների արահետով ուխտավորը նախ անցնում է Տասը Հազար Անմահների աշտարակը (Wanxianlou), քայլում է Արհաթսի (Luohanya) լեռնաշղթայով և գալիս է Դոումու աստվածության պալատ (Doumugong):

Այնուամենայնիվ, քաղաքից հաշված, լեռան ստորոտից մինչև գագաթ բարձրանալը տևում է յոթ ժամ։ Դոումու պալատից հյուսիս-արևելք գտնվում է Սուտրա Ժայռի Հովիտները, որտեղ ժայռի մեջ 50 սմ նիշերով փորագրված է Ալմաստե Սուտրան, ենթադրվում է Հյուսիսային Վեյ դինաստիայի ժամանակաշրջանում։ Ըստ հնագույն սնահավատության՝ Թայշան լեռան գագաթից ցած նետվելով կարելի է «Երկինք գտնել»։ Ուստի, պարբերաբար շատ մահապարտ ուխտագնացներ են հայտնվել, որոնք փորձել են իրենց ցած նետել լեռան գագաթից։ Այժմ միջոցներ են ձեռնարկվում՝ գագաթից նման արարքի հնարավորությունները բացառելու ուղղությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. М. В. Крюков и др. Этническая история китайцев на рубеже Средневековья и Нового времени. М., 1987. С. 154.
  2. «IAU Names Landing Site of Chinese Chang’e-4 Probe on Far Side of the Moon»։ IAU։ 15 февраля 2019 
  3. См. словарную статью [稳如泰山] wěn rú tài shān в источнике: 新华成语词典 :缩印本 (Синьхуа чэнъюй цыдянь: соиньбэнь). — 2-е изд. (2015). — Пекин: Шану иньшугуань, 2019. — С. 839. — ISBN 978-7-100-12250-4

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Chavannes, Édouard. Le Tai chan: essai du monographie d’un culte chinois. 1910.
  • Jahn, B. M. et al. Archean crustal evolution in China: the Taishan Complex, and evidence for juvenile crustal addition from long-term depleted mantle // Precambrian Research, 1988, Vol. 38, no4, pp. 381–403.

Հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]