Թաղ (ճարտարապետություն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
HS Disambig.svg Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Թաղ (այլ կիրառումներ)

Թաղ, (ճարտարապետության մեջ), տարածական կառուցվածք, կորընթարդ մակերեսով ծածկ: Կիրառվում է հիմնականում գոգավորությամբ դեպի վեր: Ինչպես և կամարը, առավելապես աշխատում է սեղմման, ուղղահայաց և հրման հորիզոնական ճիգերը հաղորդելով հենարաններին (վերջինը որոշ կառուցվածքներում կարող է բացակայել կամ մարվել իր իսկ մարմնի մեջ):

Կառուցման համաչափական տարրերը[խմբագրել | խմբագրել կոդը]

Թաղի համաչափական հիմնական տարրերն են՝ թռիչքը (երկու հենարանների միջև եղած հեռավորությունը), վերելքի սլաքը (առավել բարձր կետի ուղղահայաց հեռավորությունը հենման մակերեսից):

Ըստ համաչափության ստորաբաժանվում են՝

  1. բարձրասլաք (սլաքի հարաբերությունը թռիքին մեծ է 1/2-ից),
  2. ցածրասլաք (նույն հարաբերությունը տատանվում է 1/4 – 1/2-ի միջև),
  3. տափարակ (հարաբերությունը փոքր է 1/4-ից) թաղերի:

Հիմնականում լինում են՝

Գլանաձև
Խաչային
Հայելային
Առագաստային
  • գլանային (ընդլայնական կտրվածքում ներկայացնում է շրջանագծի, էլիպսի կամ կոնագծի մաս, հենվում է զուգահեռադիր պատերին՝ հեծանակապ կամ կամարակապ սյունաշարերին, որոնք և իրենց վրա են կրում հրման և ծանրության ուժերը),
  • գոցված և խաչային (առաջինը ստացվում է կիսաշրջանաձև կտրվածքի երկու գլանային թաղերի ուղղահայաց փոխհատումից առաջացած մարմնի ներքին մակերեսներից, մյուսը՝ արտաքին մակերեսներից),
  • հայելային (ստացվում է գոցված թաղից՝ նրա վերին մասը հարթությամբ հատելու միջոցով),
  • առագաստային (ստացվում է գմբեթի երկու զույգ հակադիր մասերը հարթ մակերեսով հատելու միջոցով):

Հիմնական ձևերի բազմաթիվ տարատեսակները պայմանավորված են դրանց կտրվածքների կորերի տարբերությամբ և թաղակագմ առանձին տարրերի զանազան, համակցությամբ (սլաքային, սահող, խարսխաթաղ ևն): Առանձնահատուկ են ջլաղեղային թաղերը (տես Գոթական ոճ): Հնագույնները, այսպես կոչված, «կեղծ» թաղերն են, որ ստացվում են հորիզոնական շարքերի դեպի վեր հետզհետե առաջ բերելու միջոցով: Դրանցում հրման ուժերը բացակայում են: Թաղ կիրառվել է հնագույն ժամանակներից և սկզբում գլխավորապես կառուցվել աղյուսից ու քարից: Այնքանով, որքանով քարի ծռման աշխատելու հնարավորությունները սահմանափակ են, թաղի (որտեղ քարն աշխատում է սեղմման) կիրառումը հնարավոր դարձրեց առանց հենարանների ավելի մեծ թռիչքներ ծածկել: XIX դ. 2-րդ կեսից թաղեր ստեղծվում էին մետաղական կառուցվածքներից: XX դ. ստեղծվեցին միաձույլ, հավաքովի երկաթբետոնե, նրբապատ թաղանթատիպ և այլ կառուցվածքների թաղեր:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 127 CC-BY-SA-icon-80x15.png